ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 24 » Քննարկվել են կարեւոր օրինագծեր /Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ/
09:42
Քննարկվել են կարեւոր օրինագծեր /Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 23—ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր՝ ժամը 11։00—ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ։
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ նախագահի ներկայացրած 2015 թվականի հոկտեմբերի 16—ին Բուրաբայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը։ Սուրեն Կարայանը նշել է, որ արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների առանձին տեսակների ներմուծման եւ շրջանառության կարգավորման առանձնահատկությունները՝ կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցության հետ։ Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում, եւ որոնց դեպքում Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ—ի պարտավորություններին համապատասխան՝ կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքեր։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկման է ներկայացրել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորներից ստացվել է տասը առաջարկ, եւ օրենքում ավելացել են երկու նոր հոդվածներ, որոնք վերաբերում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգի պարզեցմանը։ Առաջարկվել էր նաեւ վերանայել որպես խնամքի իրավունք տրվող պայման սահմանող ծնողին եւ երեխային ՀՀ բնակչության պետական ռեգիստրում նույն վայրում հաշվառումը։ Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջարկները ընդունվել են, եւ փոփոխությամբ խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե ծնողը եւ երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկներ չեն եղել, եւ այն փոփոխության չի ենթարկվել։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նախագծով առաջարկվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հնարավորություն ընձեռել անհրաժեշտ պայմաններ ապահովելու դեպքում հարկման նպատակով ընտրելու ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակ։
Վախթանգ Միրումյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի նպատակը փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին աջակցելն է։ Մասնավորապես, մեկ տարով՝ մինչեւ 2017 թվականը, երկարացվում է հսկիչ—դրամարկղային նոր մեքենաների տեղադրման ժամկետը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխություններ չի կրել։ Նախատեսվում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների համար։ Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել եւ այն դրական գնահատել պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Հովհաննես Մարգարյանը։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է նաեւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի ներկայացմամբ։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել օրենքում առկա անհստակությունները։
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։ Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների մի մասն ընդունվել է։
Նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու բացասական տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Արծվիկ Մինասյանը, ովքեր անհամաձայնություն են հայտնել փաթեթում առկա մի շարք ձեւակերպումների վերաբերյալ։ Մասնավորապես, Արծվիկ Մինասյանի մտահոգությունը վերաբերում էր համայնքների խոշորացման գործընթացին եւ այդ համայնքներում անցկացված հանրաքվեներին ու դրանց ազդեցությանը։
Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ տվել պարզաբանումներ։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Նա պարզաբանել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2014 թվականի փետրվարի 14—ին ԱՄՀ—ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով ստանձնած պարտավորություններով եւ բխում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված «Գրավի ինստիտուտի բարեփոխումների եւ գրավի հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգից»։ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ նախագծերը նպատակ ունեն վերացնել գույքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկման իրավական խոչընդոտները եւ խրախուսել ազդագրի հիման վրա իրականացվող նման թողարկումները։ Ակնկալվում է, որ փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն գրավադրված գույքի նկատմամբ դիտավորությամբ իրականացվող արարքները, որի արդյունքում կպաշտպանվեն հանրության, ֆինանսական կազմակերպությունների եւ մյուս գրավառուների շահերը։
Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները։
Գագիկ Ջհանգիրյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը մտահոգություն են հայտնել փաթեթում կատարվող որոշ փոփոխությունների վերաբերյալ։ Կառավարությանն առաջարկվել է հետ վերցնել փաթեթը՝ այն նախեւառաջ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու եւ լրամշակելու նպատակով։ Արտակ Դավթյանի կարծիքով՝ փաթեթով առաջարկվում է բարելավել դաշտը, ավելացնել բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ մրցակցությունը, ինչը կարող է նպաստել վարկային տոկոսադրույքների իջեցմանը։ Հովհաննես Սահակյանն անհրաժեշտ է համարել, որ առաջինից երկրորդ ընթերցում փաթեթը քննարկվի հանձնաժողովում։
Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձել է ելույթներում հնչած մտահոգություններին եւ տվել է պարզաբանումներ։ Հիմնական զեկուցողը խոսել է վարկային պայմանների թուլացումից, գրավի փոխանցման ազատականացումից։ Նշվել է, որ փոփոխությունների արդյունքում բարձրանալու է քաղաքացիների վարկունակությունը, եւ համակարգում մրցունակության արդյունքում հնարավոր է, որ կնվազեն վարկերի տոկոսադրույքները։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության 2016—2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը։ Եռամյա ծրագիրը բաղկացած է 6 մասից եւ ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձեւավորման համար գործունեության ուղղությունները՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը։ Ըստ հիմնական զեկուցողի՝ ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաեւ նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից՝ միտված դրանց շարունակականության ապահովմանը։
Հարցի վերաբերյալ քննարկումը կշարունակվի այսօրվա արտահերթ նիստում։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 103 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017