ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 28 » Քվեաթերթիկներ՝ փամփուշտների փոխարեն /Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 71—րդ նստաշրջանում/
11:04
Քվեաթերթիկներ՝ փամփուշտների փոխարեն /Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 71—րդ նստաշրջանում/

Կցանկանայի շնորհավորել եւ հաջողություն մաղթել Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի նախագահ Փիթըր Թոմսոնին եւ շնորհակալություն հայտնել իր նախորդին՝ Մոգենս Լիքեթոֆթին։
Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաեւ մեր բարձր գնահատանքն արտահայտել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ իր հմուտ առաջնորդության համար։
Պարո՛ն նախագահ,
Երկու օր առաջ Հայաստանը տոնեց իր անկախության 25—րդ տարեդարձը։ Այս կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարական հաստատությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ տնտեսական բարեփոխումների առաջ մղման ուղղությամբ։
Հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաեւ սոցիալ—տնտեսական զարգացման առումով։ Այնուամենայնիվ, դեռեւս առկա են մարտահրավերներ։ Սոցիալապես առավել խոցելի խմբերի կարիքները դրվել են 2014—2025 թվականների համար Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարության հիմքում։ Միաժամանակ, մեր կառավարության կողմից տրվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը։ Այս առումով Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ—ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ։
Անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր եւ կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ եւ հաշվետվողականությամբ։ Այն ողջունվեց միջազգային համապատասխան կառույցների կողմից։
Պարո՛ն նախագահ,
ՄԱԿ—ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն եւ ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում։
Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ—ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջեւ են կանգնած ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով։
Բռնությունները չեն շրջանցել նաեւ սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ եւ մշակութային կառույցներ։ Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետեւանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում։ Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը։ Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում։ Ուստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական եւ ապաստան տալ փախստականներին։ 
Հայաստանի կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու եւ նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ։ Համոզված ենք, որ հարկավոր է առավել լայն միջազգային համագործակցություն ծավալել զանգվածային տեղահանմամբ պայմանավորված մարտահրավերին համարժեքորեն արձագանքելու համար։ Այս առումով կարեւոր է մի քանի օր առաջ այս բարձր մարմնի կողմից ընդունված փախստականների եւ միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի դրույթների լիարժեք իրականացումը։
Ցանկանում ենք ընդգծել ժողովուրդների խոշոր տեղահանությունների հիմնապատճառներին արձագանքելու անհրաժեշտութունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ տեւական քաղաքական հանգուցալուծումների միջոցով։
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը շարունակաբար աջակցել եւ իր ներդրումն է ունեցել կանխարգելման մեխանիզմների մշակման գործում՝ մասնավորապես, մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար նախաձեռնելով ցեղասպանության կանխարգելման բանաձեւեր։
Որպես 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը՝ պայքարելու ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ։ 2016 թվականին լրանում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձեւի առաջին տարին, որով դեկտեմբերի 9—ը հռչակվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության միջազգային օր։ 
Քանի դեռ բռնության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր ծայրերում, հույժ կարեւոր է առավել արդյունավետ դարձնել անվտանգության ու խաղաղության հաստատման մեր միասնական ջանքերը։ Եվ այս ընկալմամբ է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ—ի եւ նրա կողմից լիազորված խաղաղարար գործողություններին՝ այդպիսով իր անմիջական ակտիվ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում։ Ինչպես նշել է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի օգնականը, «Հայաստանի աջակցությունը կարեւոր է ոչ միայն իր ներդրման, այլեւ հայոց պատմության եւ դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Անշուշտ, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է մյուսների անվտանգության հետ։
Պարո՛ն նախագահ,
Այս տարի լրանում է մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի 50—ամյակը եւ զարգացման իրավունքի հռչակագրի 30—ամյակը։ Այս հիմնարար փաստաթղթերը ամրագրում են, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Ըստ այդմ, նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը»։ Ինչպես հայտնի է՝ ՄԱԿ—ի կանոնադրությունն ընդգծում է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքը՝ որպես այս կազմակերպության նպատակ։ 
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խաղաղ իրացնելու ձգտմանն ագրեսիվ ռազմական արձագանքը միայն ապացուցում է նման ձգտումների իրավացիությունը եւ ագրեսորին զրկում է տվյալ ժողովուրդների վրա իշխելու նկրտումներից։ Ինչպես իրավացիորեն նշում է ՄԱԿ—ի՝ ժողովրդավարական եւ միջազգային արդար աշխարհակարգի աջակցման հարցերով փորձագետը՝ ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության աղբյուր ընկալելու փոխարեն, ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտարկել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետեւանք։
Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների եւ սանձազերծած ագրեսիայի հետեւանքով 1980—ականների վերջից եւ 1990—ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին եւ արտաքսվեցին իրենց բնակավայրերից։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ։
Այս տարի եւս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները եւ բնակչությանը։ Զոհերի թվում էին 12—ամյա մի տղա եւ 92—ամյա կին։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ—ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում եւ գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգեւատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների եւ խոշտանգումների անհերքելի նշաններ։ Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում։
Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին։ Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը եւ խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն։ Սա էր մայիսին Վիեննայում եւ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների գլխավոր նպատակը։ Նախեւառաջ, հրամայական է այս գագաթնաժողովների ընթացքում արձանագրված եւ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին, 1994—1995 թթ. հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում եւ, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում։ 
Ի հեճուկս այս ամենին, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել եւ ստեղծել ազատ եւ ժողովրդավար հասարակություն։
Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ—ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։
Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձեւը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն։ Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով։ Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսեւորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները։ 
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը ողջունում է «2030 օրակարգ»—ում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը՝ որպես կարեւոր քայլ կայուն եւ ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ։ Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու եւ մեր աշխատանքների առանցքում դնելու համար Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն։ Մենք դատապարտում ենք միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը։
«2030 օրակարգ»—ը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ նման գործելաոճը վնասակար է կայուն զարգացման համար։ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը եւ ինտեգրումը։
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը ողջունում է ՄԱԿ—ի առանցքային դերը նոր եւ համընդգրկուն օրակարգի իրականացման գործում։ Մենք չենք թերագնահատում մեր առջեւ կանգնած մարտահրավերները. միաժամանակ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր հնարավորությունները։ Ավելի քան յոթ տասնամյակ անց պետք է դրսեւորվի այնպիսի տեսլական եւ մոտեցում, որը հնարավոր լավագույն ապագա կերաշխավորի կազմակերպության եւ դրա շուրջ համախմբված ժողովուրդների համար։ 
Հայաստանը լիովին հանձնառու է այդ նպատակներին։

Շնորհակալություն։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 361 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024