ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14 » Ռազմարդյունաբերական ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի /Բացվել է «ArmHiTec—2016» առաջին միջազգային ցուցահանդեսը/
14:16
Ռազմարդյունաբերական ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի /Բացվել է «ArmHiTec—2016» առաջին միջազգային ցուցահանդեսը/

Երեկ «Երեւանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացել է սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec—2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, բարձրաստիճան հյուրեր, ՀՀ—ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները։
Ցուցահանդեսի մեկնարկն ազդարարվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական ելույթներով։
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «ArmHiTec—2016» միջազգային ցուցահանդեսը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական, գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառմանն ու ներդրումների խթանմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած ու մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության ու ռազմական տեխնիկայի կողքին պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ տեղ են զբաղեցնում նորարարական մշակումները, որոնք թույլ են տալիս փոխել մարտական գործողությունների վարման ձեւերը, առավել բարձրացնել զինծառայողների անվտանգությունը։ Ըստ այդմ՝ ցուցահանդեսի շրջանակում հիմնական շեշտադրումը դրված է բարձր տեխնոլոգիական լուծումների վրա։ «Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցրել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբեռնետիկայի, ինֆորմատիկայի եւ ռադիոֆիզիկայի բնագավառներում։ Այսօր նույնպես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունենք բավարար ներուժ՝ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու եւ ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Լիահույս եմ, որ ցուցահանդեսը կնպաստի նաեւ միջազգային ռազմատեխնիկական համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը եւ միջոցառմանը մասնակցող պետությունների ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը։
Հայաստանի ռազմարդյունաբերությունն ունի համապետական մասշտաբով նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության կատալիզատոր դառնալու բոլոր հնարավորությունները։ Այս համատեքստում բոլոր տեղական արտադրողներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին եւ առաջատար բուհերի ուսանողներին կոչ եմ անում ջանք ու եռանդ չխնայել ազգ—բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակները ուրվագծելու համար»,–նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացվող սպառազինությունների ցուցահանդեսը եւ դրա շրջանակում մասնակից պետությունների ու ձեռնարկությունների կուտակած փորձի փոխանակման հնարավորությունները նոր խթան կհանդիսանան հեռանկարային սպառազինությունների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար, կնպաստեն ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ ազգային ռազմարդյունաբերական համալիրների արտահանման ներուժի ընդլայնմանը։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծանոթացել է ցուցահանդեսին մասնակցող հայրենական եւ արտասահմանյան մի քանի տասնյակ ընկերությունների տաղավարներում ներկայացված սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ցուցանմուշներին։ Քննարկվել են փոխշահավետ ծրագրային մի շարք առաջարկություններ։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին է ներկայացվել նաեւ ռազմական նշանակության հայրենական արտադրատեսակների փակ ցուցադրությունը։ «Երեւանէքսպո» ցուցահանդեսային համալիր կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաեւ հայկական պլանշետների արտադրության մասնաշենքում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին։
Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec—2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում երեկ մեկնարկել է նաեւ «21—րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ, ՌԴ ԶՈւ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչները։
Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն «ArmHiTec—2016»—ի գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ եւս. գիտագործնական քննարկումներ, նիստեր եւ կլոր սեղաններ։


Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքը
 

«65 ռազմական գործարան» հայկական ընկերությունն արտադրում է ոչ կառավարվող հրթիռներ, որոնց խոցման հեռավորությունը 70—90 կիլոմետր է։ «ArmHitec—2016» սպառազինության եւ զենքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում «Արմենպրեսի» հետ զրույցում ընկերության աշխատակից Ռաֆիկ Սողոմոնյանը ներկայացրել է իրենց արտադրանքը։
«Մենք արտադրում ենք նաեւ ոչ կառավարվող հրթիռ, որի խոցման հեռավորությունը 10 կիլոմետր է։ Այն հնարավոր է բաց թողնել ինչպես մարտական ինքնաթիռից, այնպես էլ գետնից։ Ինքնաթիռի վրա մեկ թռիչքի համար հնարավոր է տեղադրել 20 հրթիռ»,–նշել է Սողոմոնյանը։
Ընկերությունն արտադրում է նաեւ ուսումնական ավիառումբ, որը նախատեսված է կուրսանտների պարապմունքների համար. «Արտադրում ենք նաեւ տարբեր դետալներ, որոնք նախատեսված են հրետանու, նռնականետների, ավտոմատների, ատրճանակների համար»։ Նա հավելել է, որ գործարանը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ արտադրանքն իրականացվում է նախարարության պատվերով։
Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել եւ պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան եւ խոցել այն։ «Արագած» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղարիբյանն ընդգծել է, որ սարքը արդեն 5500 մետրի վրա ցույց է տալիս հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա սարքը ցույց է տալիս, որ զրահատեխնիկա է տեղաշարժվում։
«1800—2000 մետրի վրա սարքը իդենտիֆիկացիայի է ենթարկում հակառակորդի զրահատեխնիկան եւ հետեւակի մարտական մեքենաները։ Սարքը մեզ մոտ ենք նախագծել, մեզ մոտ էլ պատրաստել ենք։ Դրսից միայն որոշ դետալներ ենք ներմուծել։ Սարքն ամբողջությամբ մեզ մոտ է պատրաստվել»,–ասել է Ղարիբյանը։
Նա հավելել է, որ անցած տարվա հոկտեմբերին սարքը փորձարկվել է, մեկ անգամ էլ փորձարկվել է այս տարվա ապրիլին. «Մենք արդեն ունենք պատվերներ պաշտպանության նախարարությունից։ Աշխատում ենք բանակի հետ»։
Տնօրենն ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, սակայն հայկականը իր որակով չի զիջում դրանց, իսկ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է։
Հայկական «Գառնի—Լեռ» ընկերությունն արտադրում է դիպուկահար զենքեր, որոնցից մի քանիսն օգտագործվում են հայկական բանակում։ Ընկերության աշխատակից Վաչիկ Սաղաթելյանն ընդգծել է, որ, բացի օպտիկական սարքերից, արտադրված դիպուկահարների բոլոր դետալները պատրաստվում են Հայաստանում. «Մեր դիպուկահարների նշանառության հեռավորությունը մինչեւ հազար մետր է, իսկ 100 տոկոս խոցելիության հեռավորությունը՝ կախված զենքի տեսակից՝ 400—800 մետր»։
Ընկերությունն արտադրում է նաեւ տարբեր զինատեսակների համար նախատեսված դետալներ, որոնք հիմնականում պետք են գալիս բանակի զենքերի վերանորոգման համար. «Մեր ընկերությունը նաեւ վերանորոգում է տարբեր զենքեր։ Երբ բանակը որեւէ զենք վերանորոգելու կարիք է ունենում, մենք իրականացնում ենք, դրա համար էլ արտադրում ենք տարբեր դետալներ, որոնք անհրաժեշտ են լինում վերանորոգում իրականացնելու համար»։
Հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերը (ԱԹԱ) ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության տարբերակներին։ «Panorama. am»—ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի գիտահետազոտական եւ փորձարարական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Միքայելյանը. «Հայկական կողմը արտադրում եւ օգտագործում է հիմնականում հետախուզական ԱԹՍ—ներ։ Այս սարքերը, մասնավորապես, իրականացնում են հակառակորդի տարածքի լուսանկարահանում, տեսանկարահանում, ինչպես նաեւ կիրառվում են հրետանու կրակի ղեկավարման համար»։
Նրա խոսքով՝ հայրենական արտադրության հետախուզական ԱԹՍ—ները ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության սարքերին եւ ունեն բոլոր ԱԹՍ—ներին բնորոշ առանձնահատկություններ։
«Սարքերն առանձնանում են իրենց անտեսանելիությամբ, մանեւրելու, ինչպես նաեւ տարբեր բարձրութունների վրա ընթանալու հատկությամբ։ Որակի տեսանկյունից մեր սարքերը ոչնչով չեն զիջում այլ երկրներում արտադրված սարքերին, պատրաստվում են ամենաժամանակակից նյութերով եւ հագեցած են նորագույն սարքավորումներով»,– նշել է գնդապետ Միքայելյանը։
Դրա հետ մեկտեղ, ըստ զրուցակցի, ինքնարժեքով հայրենի արտադրության ԱԹՍ—ները մոտ 10 անգամ ավելի էժան են Ադրբեջանի կողմից ձեռք բերվող իսրայելական արտադրության սարքերից։
Գնդապետի խոսքով՝ ներկայումս իրենք չեն արտադրում հարձակողական ուղղվածության ԱԹՍ—ներ, սակայն եթե պաշտպանական գերատեսչության կողմից նման խնդիր դրվի, ապա ռազմական ավիացիոն ինստիտուտի գիտական ներուժը լիովին բավարար է այն իրագործելու համար։
Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024