ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 8 » Սերտ կապեր բոլոր ոլորտներում /Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը Մոսկվա/
15:29
Սերտ կապեր բոլոր ոլորտներում /Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը Մոսկվա/

Երեկ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով նախարար Մնացականյանին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը նշեց. «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ այժմ արդեն անձամբ շնորհավորելու Ձեզ ԱԳ նախարարի բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ, եւ հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք, ի շարունակություն բարձր մակարդակով վերջերս տեղի ունեցած հանդիպման, քննարկել մեր դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կառույցներում մեր ներգրավվածության շրջանակներում»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ սա իր առաջին օտարերկրյա այցելությունն է ԱԳ նախարարի պաշտոնում, եւ բնական է, որ այն տեղի է ունենում Մոսկվայում։ «Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ, այս քաղաքում՝ հաշվի առնելով այն ջերմ զգացողությունը, որ ես անձամբ տածում եմ Ռուսաստանի, Մոսկվայի հանդեպ։ Լինելով ՄԳԻՄՕ—ի շրջանավարտ՝ պետք է ասեմ, որ դրանք իմ կյանքի ամենահրաշալի տարիներից էին։ Ես երախտապարտ եմ այն մեծ, մասնագիտական ուսուցման համար, որը ստացել եմ այդ կառույցում։
Մեր փոխհարաբերություններն, իսկապես, բավականին ամուր հիմք ունեն։ Հայաստանի կառավարության հանձնառությունը խորացնելու եւ ամրապնդելու մեր դաշնակցային փոխհարաբերությունները, մեր համագործակցությունը փոխադարձ ըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա եղել եւ մնում են մեր առաջնահերթությունների հիմքում։ Այն արտահայտված է նաեւ կառավարության ծրագրում, որն, ի դեպ, այսօր ներկայացվում է խորհրդարանի հաստատմանը։ Եվ հենց այդ ոգով, այդ տրամադրությամբ եմ ես Մոսկվայում»,–նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
Նախարարները շեշտեցին երկկողմ պատրաստակամությունը ոչ միայն ապահովելու դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը, այլեւ տարբեր ձեւաչափերում ամենօրյա գործունեություն ծավալելու, դրանց նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց մայիսի 14—ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես նաեւ առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցին։
Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան հայ—ռուսաստանյան հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով առեւտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, կրթամշակութային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերին։ Այս համատեքստում ԱԳ նախարարները ընդգծեցին միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարեւորությունը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ եւ միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության եւ գործունեության համադրմանն առնչվող հարցերի շուրջ՝ այս համատեքստում արձանագրելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կարեւոր դերակատարումը։ Առանձնահատուկ ընդգծվեց ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում սերտ համագործակցության կարեւորությունը։
ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաեւ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներին առնչվող մի շարք հարցերը, առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները։ Երկուստեք ընդգծվեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անխափան հաղորդակցության կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների եւ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։
Հանգամանալից անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին եւ դրա շուրջ զարգացումներին։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարեւորեց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար ընդգծելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայության անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին երկու երկրների արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
«Շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության, չափազանց բովանդակալից զրույցի համար։ Դուք բավականին ընդգրկուն ներկայացրեցիք մեր երկխոսության, մեր բանակցությունների ողջ թեմատիկան։
Սերգեյ Վիկտորիի հետ հանդիպմանը ես վերահաստատեցի Ռուսաստանի Դաշնության հետ բազմաբովանդակ դաշնակցային փոխգործակցությունը կայուն զարգացնելու մեր հաստատակամությունը եւ ընդգծեցի այն կարեւորությունը, որ հայկական կողմը տալիս է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը։ Մենք մտադիր ենք հետայսու եւս առաջ մղել այդ համագործակցությունը 1997թ. բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։
Մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ մեր դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման եւ ընդարձակման նպատակով։ Մեր հարաբերությունների ինտենսիվությունը, խորությունն ու ընդգրկունությունը, իրապես, պարտավորեցնում են նոր ջանքեր գործադրել դրանց շարունակականությունն ապահովելու համար։
Մեր ժողովուրդների միջեւ փոխադարձ կապերը մշտապես հանդիսացել են բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ եւ անկեղծ հարգանքի, փոխադարձ աջակցության օրինակ եւ իրենց էությամբ արժեքավոր են։ Հիմնական շեշտադրումն արվելու է երկկողմ ձեւաչափում հարաբերությունների զարգացման համար պայմանների ապահովմանը, փոխադարձ աջակցության եւ գործընկերության հարցերին։ Բազմակողմ հարթակներում համադրումը նույնպես շատ կարեւոր օրակարգ է, որը կոչված է աջակցելու երկկողմ փոխգործակցությանը։ Մենք մտադիր ենք առավել խորացնել ու ընդարձակել մեր սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում։ Այս մտադրություններն արդեն իսկ բարձրաձայնվել են Սոչիում ՀՀ վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի միջեւ կայացած բարձր մակարդակի հանդիպմանը։ Մենք շատ ուրախ ենք, որ այս հանդիպումների դինամիկան պահպանվում է, եւ մոտ ապագայում ակնկալում ենք նոր հանդիպումներ։
Այդ սկզբունքները ներդրված են նաեւ կառավարության ծրագրում, որոնք այսօր բարձրաձայնվել են խորհրդարանում. մենք հավատարիմ ենք մնում մեր արտաքին քաղաքական ուղղվածության շարունակականությանը, որում Ռուսաստանի հետ հարաբերությունները հատուկ կարեւոր նշանակություն ունեն։
Քննարկել ենք մեր գործողությունների համակարգման հարցը նաեւ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, Եվրոպայի խորհրդի, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եւ այլ հարթակներում։
Իմ գործընկերոջ հետ գոհունակությամբ անդրադարձանք տնտեսական ոլորտում փոխգործակցության շարունակական ակտիվացմանը, երկկողմ ապրանքաշրջանառության աճին։ Ընդգծվել է շահագրգռվածությունը բարձրացնելու երկկողմ փոխգործակցության կարեւոր մեխանիզմների գործադրման արդյունավետությունն ինչպես միջխորհրդարանական եւ միջկառավարական հանձնաժողովների, այնպես էլ՝ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։
Մենք ունենք ամուր իրավապայմանագրային դաշտ, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համադրման ոլորտում, ինչպես նաեւ պաշտպանության, ռազմական եւ ռազմա—տեխնիկական համագործակցության հարցերը։
Մենք, բնականաբար, անդրադարձել ենք տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ներդրումը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում։ Պատրաստ ենք շարունակելու համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջմղման համար պայմաններ ստեղծելուն։
Ներկա փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացում ներգրավման եւ դրա շարունակականության ապահովման ուղղությամբ։ Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ ժողովրդի անվտանգությունը։ Բանակցություններն ուղղված են հենց այդ խնդիրների լուծմանը։
Սերգեյ Վիկտորի, եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության, կառուցողական եւ բաց երկխոսության համար։ Սպասում ենք Ձեզ Երեւանում»,–նախքան հարցերին պատասխանելն ասաց Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան լրագրողի հարցադրման, թե վերջերս ռուսական մի շարք հեռուստաընկերություններով փորձագետները հնչեցրել են տեսակետներ այն մասին, որ Հայաստանի նոր իշխանություններն ունեն արեւմտամետ տրամադրվածություն, եւ արդյոք այդ տեսակետը կիսում են նաեւ Ռուսաստանի իշխանությունները, ասաց. «Մենք՝ որպես ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, մեր դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում, չնայած փորձագետների վերլուծություններին, ելնում ենք տվյալ դեպքում այն դիրքորոշումներից, որոնք պաշտոնապես ներկայացվել են Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, եւ այն դիրքերից, որոնք այժմ պաշտոնապես հաստատեց արտաքին գործերի նախարարը։ Վստահեցնում եմ, որ մեր խոսակցությունները, որոնք այսօր տեղի են ունեցել, բխել են հենց այդ դաշնակցային ու ռազմավարական գործընկերային հարաբերություններից»։
Ռուսական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ։ Սերգեյ Լավրովը նման դիտարկում արեց՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է «ռեզոնանսային հայտարարություն»՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ, մասնավորապես, ՌԴ—ն ներկայացնող Ալեքսանդր Պոպովը ժամանակին հայտարարել էր, որ որոշակի մի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Լրագրողը նաեւ հետաքրքրվել է Լավրովից, թե արդյոք մո՞տ է այդ «որոշակի ժամանակահատվածը»։
«Ռուսաստանը կողմ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հիմնախնդրի, որի կողմերից են ինչպես Ադրբեջանը եւ այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը։
Մենք վստահ ենք, որ դա օպտիմալ ձեւաչափ է։ Եվ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, մեր գործընկերների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ—ի հետ, տանում ենք ընդհանուր շահերի, առանց հակասությունների մի գիծ, որը հնարավորություն կստեղծի Բաքվի եւ Երեւանի միջեւ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Դա տարիներ շարունակ արվել է»,–ասաց նա։
Սերգեյ Լավրովը հիշատակեց, որ եղել են ժամանակներ, երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին, հետո է ձեւաչափը փոխվել։ Նա նաեւ ուղղեց իրեն հարց տվող լրագրողին՝ նշելով, որ Պոպովը չի հայտարարել, որ Արցախը «պետք է» վերադառնա։
«Նա ասել է, որ եթե կողմերն ինչ—որ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, ապա դա իրենց որոշումը կլինի, եւ մենք պետք է հարգենք դա»,–ասաց նա։
Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ «Ռուսաստանը ինչպես Երեւանի ու Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ—ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,–հայտարարեց Լավրովը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում խոսվել է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցերից։ «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին։ Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա։ Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում։ Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը։ Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,–հայտարարեց Մնացականյանը։
«Որո՞նք են արդեն հարյուրամյակներ շարունակվող հայ—ռուսաստանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները, եւ որքանո՞վ է այժմ կիրառվում հարաբերությունների ներուժը» հարցին Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.  «Ես իմ կողմից կցանկանայի հավելել, որ բացարձակապես ճիշտ ներկայացվեց այն ահռելի հիմքը, որի վրա կառուցվում են հայ—ռուսաստանյան հարաբերությունները։ Որոշ չափով, անդրադառնալով նախորդ հարցին, կան տարբեր տեսակետներ, եւ դրանք անհանգստացնում են, քանի որ զգացվում է, որ փորձ է արվում հայ—ռուսաստանյան հարաբերություններում որեւէ սխալ բան գտնել։ Շատ դժվար է դա անել, բայց չի նշանակում, որ պետք է անտեսել այդ փաստը. մենք խոսել ենք հայ—ռուսաստանյան հարաբերություններից նաեւ այսօր, այդ մասին խոսել է մեր վարչապետը, եւ ես կրկնում եմ, որ կա կառավարության ծրագիր, որտեղ ամեն ինչ հստակ եւ պարզ գրված է։
Առաջիկա ամիսները միայն կհաստատեն այն, ինչի մասին մենք խոսում ենք եւ ինչը շարունակում ենք անել։ Իսկ հայ—ռուսաստանյան հարաբերությունների օրակարգն այնքան ընդգրկուն է, որ վերաբերում է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին, որտեղ մենք ունենք համագործակցության բավական ամուր հիմքեր, փոխադարձ հարգանք, այստեղ առկա է ե՛ւ ժողովուրդների միջեւ պատմական, մշակութային, քաղաքակրթական փոխըմբռնում, ե՛ւ փոխադարձ կապի բավական խորը ընկալում, ե՛ւ փոխգործակցություն, որը բխում է այն առաջնահերթություններից, որոնց վրա մենք կառուցում ենք մեր համակարգերը, մեր անվտանգության եւ զարգացման քաղաքականությունը։ Մեր արտաքին քաղաքական առաջնահերությունները կառուցվում են հենց այն համատեքստում, թե որքան ճիշտ են դրանք ծառայում անվտանգության ամրապնդման եւ զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելու մեր ներքին նպատակներին։ Այս համատեքստում հայ—ռուսաստանյան հարաբերությունները բավական տրամաբանական բացատրություն ունեն եւ հետեւողականություն, իսկ արտաքին քաղաքական կուրսի կայունությունը բավականին տրամաբանական է եւ հասկանալի մեզ համար, եւ մենք կշարունակենք այս քաղաքականությունը»։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 307 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024