ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 8 » Շուշիի ազատագրումն անխուսափելի էր /Մայիսի 8—ից սկսվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի հաղթարշավը/
11:31
Շուշիի ազատագրումն անխուսափելի էր /Մայիսի 8—ից սկսվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի հաղթարշավը/

Մայիսի 9—ը Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի հաղթանակի օրն է, իսկ մեր սերունդը մայիսյան տոնամատյանում գրանցեց եւս մեկ փառավոր հաղթանակ՝ Շուշիի ազատագրումը։ Այն միաժամանակ հիմք դրեց կազմակերպված պաշտպանության բանակին։ Սա իրավամբ հաղթանակի տոն է, համազգային միասնության ու համախմբվածության, հայի ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակի տոն։
Հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբվելով Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ եւ դառնալով մեկ բռունցք, մի մարմին ու հոգի, այդ օրը ոտքի ելան՝ հանուն հայոց բերդաքաղաքի ազատագրման, հանուն հայ ժողովրդի դարավոր նպատակների իրագործման եւ Արցախի հարատեւման ու նրա լուսավոր ապագայի։
Շուշիի ռազմագործողությունների մշակումը հատկապես հրատապ եւ անխուսափելի դարձավ, երբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելով Ադրբեջանում տեղակայված նախկին խորհրդային բանակի մարդկային ու տեխնիկական ներուժը եւ անցնելով լայնածավալ հարձակման, գրավեց ողջ Հյուսիսային Արցախը, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների զգալի մասը։ Ու հարվածի սպառնալիք ստեղծվեց Ստեփանակերտի ուղղությամբ։ 
Արցախի համար ստեղծված ռազմաքաղաքական ծայրահեղ դժվարին պայմաններում հայկական կողմին վիճակված էր պաշտպանական գործողություններին զուգահեռ անցնել բանակաշինության ծանր ու պատասխանատու գործընթացի իրականացմանը։ Կատարվեց առկա ուժերի եւ միջոցների վերակենտրոնացում՝ մեկ միասնական հրամանատարության ներքո, ձեւավորվեց բանակի շտաբ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։ Ողջ հանրապետության տարածքը բաժանվեց պաշտպանական գոտիների։
Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործողությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտը ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահվում։ Քաղաքն ավերվում, բնակչության շրջանում զոհերի թիվն անվերջ աճում էր։ Չնայած խուճապ չկար, սակայն լարվածության ուժգնացման պատճառով ցանկացած պահի իրադրությունը կարող էր անկառավարելի դառնալ։
«Պահանջվում էր անհապաղ վերացնել Շուշիի կրակակետերը, ինչը հնարավորություն կտար խուսափել հետագա ավերածություններից եւ զոհերից ու ամենակարեւորը՝ բերդաքաղաքն ազատագրել թշնամուց ու Լաչինի միջանցքով ճանապարհ բացելով դեպի Հայաստան, Արցախը դուրս բերել երկարամյա դաժան շրջափակումից»,–ստեղծված ծանր կացությունից դուրս գալու, Շուշիի ռազմագործողությունը ծրագրելու եւ կազմակերպելու անհրաժեշտությունն այսպես է կարեւորում գեներալ—մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր—Թադեւոսյանը (Կոմանդոս), ով ստանձնել էր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող «Հարսանիք լեռներում» ռազմական գաղտնի գործողության համակարգման պատասխանատվությունը։
«Թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում շատ լավ հասկանում էին, որ հայկական ուժերն ակնհայտորեն բավարար չեն այն իրականացնելու համար,–հիշում է Կոմանդոսը։– Մարտական տեխնիկայի, հրետանու եւ ռազմամթերքի քանակով հայկական կողմն անհամեմատ զիջում էր հակառակորդին։ Այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին 4 «Տ—72» տանկ, 9 ՀՄՄ, 12 միավոր այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 2 միավոր «ԲՄ»–21 (գրադ) համակարգ, մի քանի հրետանային կայանք եւ երկու տասնյակից ավելի ականանետ։ Մինչդեռ այդ ամենի դեմ մենք դուրս էինք բերել ընդամենը 2 «Տ—72» տանկ, 8 ՀՄՄ, 6 հրետանային կայանք եւ 9 ականանետ»։
Շուշիի վրա գրոհը ձեռնարկվել է չորս ուղղությամբ, որին մասնակցում էր շուրջ 3 հազար մարտիկ։ «Համաձայն ծրագրի, Քյոսալարի ուղղությամբ հարված է հասցվում եւ հաջողության հասնելու դեպքում՝ գրավվում են Քյոսալար եւ Կարագյավ կետերը։ Միաժամանակ վերահսկողության տակ են առնվում Շուշիի մերձակա բարձունքները։ Ապա գրավվում է բերդաքաղաքի արեւելյան արվարձանը, եւ մեր ուժերն ամրանում են բանտ—հիվանդանոց բնագծում։ Նախատեսվում էր Լաչինի ուղղությամբ հարձակում իրականացնել Զառուսլու եւ Լիսագոր կրակակետերի վրա եւ տիրել գերիշխող բարձունքներին, որպեսզի հետագայում հնարավոր լինի սպառնալիք ստեղծել Շուշի—Լաչին ճանապարհին եւ բացառել հակառակորդի կողմից նոր ուժերի կուտակումը»,–Շուշիի ռազմագործողությունը գաղտնազերծում է Կոմանդոսը՝ չմոռանալով ընդգծել, որ բերդաքաղաքն անմիջականորեն գրոհել են «26—րդի», Շուշիի եւ մյուս ուղղությունների մարտիկները։
Մայիսի 9—ի առավոտյան Շուշին արդեն լիովին ազատագրված էր։
Ըստ ծրագրի, Շուշիի ռազմագործողությունը տեւել է շուրջ 26 ժամ։ Հակառակորդը պարտությունից կատաղած որոշել էր «համարժեք քայլերի» դիմել։ Ադրբեջանական բանակի զորամիավորումները Շուշիի կայազորին օգնելու նպատակով փորձեցին հայկական ուժերի ուղղությունը շեղել Շուշի—Լաչին միջանցքով ընթացող մարտական գործողություններից։ Մայիսի 8—ին նրանք սկսեցին ուժեղ հրետակոծության ենթարկել Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն, Ասկերանի շրջանի Շոշ եւ Քռասնի գյուղերը։ Ադրբեջանական «Սու—25» գրոհային ինքնաթիռները եւ «Մի—24» մարտական ուղղաթիռները միաժամանակ ռմբահարման ենթարկեցին հայկական դիրքերը՝ Շուշիում։ Սակայն թշնամին մեծ դիմադրության ենթարկվելով մեր զինվորների կողմից, ստիպված էր հետ քաշվել Զառուսլուի ուղղությամբ։ Մինչդեռ, հայկական ուժերի հաղթարշավը ձգվեց դեպի Լաչին՝ ընդհուպ հասնելով Գորիսի շրջանի մատույցներին։ Լաչինի միջանցքի ազատագրմամբ, փաստորեն, բացվեցին դռները դեպի Հայաստան, ինչն օդ ու ջրի պես այնքան պետք էր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին...
Արկադի Տեր—Թադեւոսյանի կարծիքով. «Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ չնայած «իսլամական պետության հանգով» էր թշնամին հարձակման ելել հայկական կողմի վրա, հայ զինվորը չընկրկեց ու աչքի ընկավ բացառիկ սխրանքներով եւ համագործակցությամբ։ Մարտական գործողությունների ընթացքում իրենց դերն ունեցան եւ կամավորականները, որոնց հայրենասիրական ոգին ու ձգտումներն ավելի քաջալերեցին եւ հավատ ներշնչեցին երիտասարդ զինվորներին»։
ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության խորհրդի նախագահ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանի համոզմամբ, հայ ժողովրդի մայիսյան մեծագործությունները բազմաթիվ ընդհանրություններ ունեն. «Մայիսյան եռատոնի խորհուրդը հենց այն է, որ երիտասարդները դաստիարակվելով հայրերի ու պապերի հարուստ փորձով եւ օրինակով, 1992—ի մայիսի 9—ին անչափ ծանր քննություն բռնեցին՝ հերոսական նոր էջ բացելով հայ ժողովրդի տարեգրության մեջ։ Մեծ հայրենականի վետերաններից ոչ քչերը, չնայած պատկառելի տարիքին, Արցախի համար օրհասական պահերին չվարանեցին վերստին զինվորական համազգեստ հագնել ու հայտնվել ռազմական գործողությունների հորձանուտում։ Պատերազմի տարիներին նրանք իրենց խորհուրդներով եւ հորդորներով երիտասարդների կողքին էին, ու, բնականաբար, նրանցից առած հայրենասիրության դասերն էին, որ մեր ազատամարտիկներին հաղթանակների էին ոգեշնչում։ Այդպես էր ինչպես Շուշիի ազատագրման, այնպես էլ հետագա ռազմագործողությունների ծավալման ժամանակ»։
Ըստ Սամվել Կարապետյանի, Շուշիի ռազմագործողությունը թե՛ մտահղացման, թե՛ իրականացման առումով փայլուն էջ բացեց հայ ռազմարվեստի պատմության մեջ։ «Բերդաքաղաքի անառիկ դիրքը, այնտեղ կենտրոնացված թշնամու մեծաքանակ սպառազինությունն ու կենդանի ուժը ռազմական գործի որոշ տեսաբանների իրավունք ընձեռեցին ռազմագործողությունը համարել վտանգավոր արկածախնդրություն, եթե չլիներ հայ զինվորի հաղթական ոգին»,–իր տեսակետն է հայտնում գեներալը։ Շուշիի ազատագրումը, ըստ փոխնախարարի, փաստորեն առաջին խիզախ քայլը դարձավ փառավոր հաղթանակների այն ճանապարհին, որը պիտի նախապատրաստեր Արցախի շրջափակման ճեղքումն ու մայր Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացումը։ Իսկ հայոց բերդաքաղաքի ռազմագործողության ծրագրման ու փայլուն իրագործման գործում անուրանալի է հայ զորապետների ու հրամանատարների, ԼՂՀ պաշտպանության կոմիտեի ղեկավարների դերակատարությունը։ Անուններ, որ վաղուց են մտել արցախյան ազգային—ազատագրական պայքարի պատմության մեջ։
«Շուշիի ազատագրման հետ մեկտեղ մեր ժողովուրդը մայիսի 9—ը նշում է նաեւ որպես Պաշտպանության բանակի օր։ Ու հետադարձ հայացք նետելով մեր ազատամարտի պատմությանը՝ դժվար չէ համոզվել այն իրողության մեջ, որ հենց Շուշիի ռազմագործողության ժամանակ էր, երբ առաջին անգամ ինքնապաշտպանական ջոկատները գործեցին կանոնավոր բանակի պես,–ասում է ՊԲ հրամանատարի տեղակալը։–Արձակվում էր մարտական հրամանը, եւ բոլոր գործողություններն իրականացվում էին զորահրամանատարության միասնական ղեկավարությամբ։ Հայ զինվորի կարգապահությունը, նրա անկոտրում կամքն ու հաղթական ոգին նույնպես իրենց դերակատարությունն ունեցան։ Ու կարծում եմ, սխալված չեմ լինի ասել, որ հազիվ թե հնարավոր լիներ նման կարճ ժամանակահատվածում մարտունակ բանակ ստեղծել եւ ակնառու հաջողությունների հասնել, եթե չլիներ մեր ժողովրդին բնորոշ պատասխանատվության զգացումը հայրենիքի, Արցախի ճակատագրի նկատմամբ»։
Զրույցի ժամանակ Ս. Կարապետյանը զուգահեռներ անցկացնելով նորածնունդ պաշտպանության բանակի, կամավորական ստորաբաժանումների առաքելության եւ թշնամու կողմից ապրիլին սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ 18—20 տարեկան զինվորների կատարած սխրագործությունների միջեւ, նշեց. «Նրանք հանուն հայրենիքի չխնայեցին իրենց կյանքը եւ ինչ—որ տեղ գերազանցեցին ավագներին, իրենց ծնողներին՝ ցուցադրելով հայ մարտիկի ոգու անպարտելի ուժը»։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

Դիտումներ: 373 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024