ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 03:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 13 » Ստեղծված համագործակցությունը պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր հայրենակիցների համար
14:41
Ստեղծված համագործակցությունը պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր հայրենակիցների համար

 

Նախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան

Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հանրապետության նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը։
Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին եւ նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն։
Հանրապետության նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն եւ հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը եւ վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը։
«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա։ Ոչ միայն Արգենտինայում, այլեւ աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում՝ շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ։ Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաեւ եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների եւ պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում։
Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց եւ որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաեւ մայր Հայաստանում եւ ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ։ Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաեւ բարեհամբույր բարերար է, եւ չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեեւ դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ։
Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան եւ իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։ Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին։ Շատ կարեւոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից եւ ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց։ Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաեւ նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը։ Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, եւ օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր։
Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, եւ պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր եւս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, եւ ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետեւ գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, եւ շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու։ Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում եւ գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաեւ բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար։
Պարո՛ն Էռնեկյան,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում։ Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է։ Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի եւ Հայաստանի պետության միջեւ կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, եւ այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է։ Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, եւ այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար։
Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետեւից։ Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել։ Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռեւս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը։
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար։ Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի եւ մեր ժողովրդի համար էլ է շատ կարեւոր իրադարձություն։ Վստահ եմ, որ նաեւ անձնապես Ձեզ համար է կարեւոր իրադարձություն, որովհետեւ ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը։ Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետեւ մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ։
Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին, եւ փա՛ռք մեր հերոսներին»,–ասել է հանրապետության նախագահը։
Էդուարդո Էռնեկյանն իր համար մեծ պատիվ է համարել հայրենիքի բարձրագույն պարգեւին արժանանալը, երախտագիտություն հայտնել հանրապետության նախագահին եւ ընդգծել, որ այն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով եւ խոնարհությամբ։
«Պարո՛ն նախագահ, շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար։ Իրոք, մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, ստանալ Ազգային հերոսի շքանշանը, որը Դուք ինձ շնորհել եք։
Ես այն ընդունում եմ անչափ մեծ խոնարհությամբ եւ պատասխանատվության զգացումով։
Իմ սիրելի ծնողների եւ ավագ եղբոր մասին հուշերը ինձ համար կենդանանում են այսօր։
Ինչպես գիտեք, Անդրանիկը՝ իմ եղբայրը, ով բժիշկ էր, միավորեց իր խիզախ հայրենակիցներին, մեր նախնիների հողը՝ Արցախը, պաշտպանելու նպատակով, ինչպես արեցիք Դուք, պարո՛ն նախագահ։
Ես կիսում եմ այս պատիվը նրանց հետ, որովհետեւ ես ժառանգել եմ հայրենասիրության, զոհաբերության եւ ծառայության ոգի, որն ինձ պարտավորեցնում է կանգնել Հայաստանի՝ մի երկրի կողքին, որը շատ բան է տվել դարերի ընթացքում։
Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը եւ կերտում այսօրվա ու վաղվա երկիրը։ Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին եւ իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար։
Թող այս մեդալը լինի մեծարանք բոլոր վերոհիշյալների համար եւ ժառանգություն՝ գալիք սերունդներին։ Նրանց բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Ես վայելում եմ ժողովրդի հարգանքը։ Հայաստանի ապագայի համար ամեն օր աշխատող մարդիկ են այս պահի իրական հերոսները։
Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ։ Բոլորիդ շատ շնորհակալ եմ»,–ասել է Էդուարդո Էռնեկյանը։
Նախագահի նստավայրում Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն իր ջերմագին շնորհավորանքները եւ հայրապետական օրհնությունն է բերել երախտավոր հայորդուն պետական բարձր պարգեւի արժանացնելու կապակցությամբ։
«Գոհունակ սրտով ենք մասնակցում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից մեր ժողովրդի ու մեր Սուրբ Եկեղեցու մեծազնիվ զավակ տիար Էդուարդո Էօրնեկյանին «Հայաստանի ազգային հերոսի» կոչման ու պարգեւի հանձնման այս հանդիսավոր արարողությանը։ Պարգեւը արժանի գնահատանք է ազգային կյանքում մեծ բարերարի ավանդի ու ծառայությունների, որոնք առատ արգասիքներն են նրա բարեպաշտ հոգու եւ ջերմ ազգասիրության ու հայրենասիրության։
Փառք եւ գոհություն Ամենակալ Աստծուն, որ մեր ժողովրդին շնորհում է զավակներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են դարձնում հարազատ ժողովրդին ու հայրենիքին ծառայությունը։
Սփյուռքում ծնված շատ հայորդիների նման տիար Էդուարդո Էօրնեկյանը չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի առջեւ ծառացած խնդիրների ու մարտահրավերների հանդեպ եւ անկախ պետականության առաջին իսկ օրից ազնիվ հանձնառությամբ իր զորակցությունը բերեց Հայաստանին ու Արցախին։ Նրա բարերարությամբ կյանքի կոչված մեծածավալ ծրագրերը կարեւոր նպաստ են մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչպես եւ՝ նշանակալի աջակցություն կրթությանն ու մշակույթին։ Սրտի գոհունակությամբ ենք անդրադառնում նաեւ, որ տիար Էդուարդո Էօրնեկյանը սատարում է մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ իր մեծ ավանդը բերելով հոգեւոր մեր կյանքի պայծառացմանը։ Այսպիսի օրհնաբեր իրագործումներով, որոնք զորացնում ու բարօր են դարձնում մեր հայրենիքը, շենացնում ազգային—եկեղեցական կյանքը, գրվում են մեր ժողովրդի նորօրյա պատմության փառքի էջերը։
Այս պահին կցանկանայինք առանձնացնել նաեւ, որ մեր ժողովրդի բարերար զավակների նվիրումը, իրագործվող ազգանվեր ու հայրենաշեն ծրագրերը, բոլորիս համար մեծ քաջալերություն լինելով, միաժամանակ վառ օրինակ են պատանի եւ երիտասարդ հայորդիների եւ գալիք սերունդների համար։ Թող այսպես լինի միշտ, թող Բարձրյալ Տերը մեր զավակներին հանապազ շնորհի բարեպաշտության, հայրենյաց սիրո, պատասխանատվության ու նախանձախնդրության ոգի, եւ մեր կյանքից անպակաս լինի պարծանքը ազնիվ գործերի։
Այս ուրախալի առիթով Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, սիրելի՛ պարոն Էօրնեկյան, եւ մաղթում արեւշատ կյանք ու նոր հաջողություններ Ձեր եւ Էօրնեկյան բարեգործ գերդաստանի ազնիվ նախաձեռնություններին ու գործերին։
Հայրապետական մեր օրհնությունը, գնահատանքը եւ շնորհավորանքն ենք բերում Ձեզ, մեծարգո՛ նախագահ, ազգային անդաստանում բացառիկ ծառայություններ մատուցած երախտավոր հայորդիներին պետական բարձր պարգեւների արժանացնելու համար։
Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ խաղաղ պահի մեր հայրենիքը եւ օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն աշխարհասփյուռ հայ կյանքի շենացման ու պայծառության»,–ասել է Վեհափառ հայրապետը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017