ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 13:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 20 » Ստեղծվում են նոր հնարավորություններ /Հայ—ամերիկյան տնտեսական կապերը խորանում են/
15:59
Ստեղծվում են նոր հնարավորություններ /Հայ—ամերիկյան տնտեսական կապերը խորանում են/

Անցնող շաբաթը նշանավորվեց հայ—ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումներով, որոնց օրակարգում երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումն է։ Երեկ Երեւանում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպումը, իսկ մինչ այդ, նոյեմբերի 17—ին տեղի էր ունեցել առեւտրի ու ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը։
Նորաստեղծ խորհրդի գործունեությունն ուղղված է բացառապես առեւտրային կապերի ընդլայնմանը, մինչդեռ տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը դիտարկում է երկու երկրների տնտեսական հարաբերություններն ավելի լայն համապատկերում։ Այս տարի աշխատանքային խումբը քննության առավ փոխհամագործակցությունը միասնական հարկային օրենսգրքի ընդունման շուրջ եւ մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերում։ Քննարկվեց նաեւ Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, այդ թվում՝ առավել խորը տարածաշրջանային ինտեգրման հարցը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ատոմակայանի արդիականացման հարցում։
Միջկառավարական աշխատանքային խմբի օրակարգում էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների՝ «բաց երկնքի» քաղաքականության շուրջ քննարկումները, Հայաստանի հնարավոր անդամակցությունը արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։
16 տարի առաջ ձեւավորված տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն իր ամենամյա հանդիպումներով ձգտում է ամրապնդել տնտեսական հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ։ ԱՄՆ կառավարության պատվիրակության կազմում էին ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը, Եվրոպային եւ Եվրասիային ուղղվող ԱՄՆ օժանդակության համակարգող Ալինա Ռոմանովսկին, ԱՄՆ ՄԶԳ վաշինգթոնյան գրասենյակի փոխտնօրեն Ջոնաթան Քաթցը։ Նիստին մասնակցություն ունեցան նաեւ ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլարդը։ Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Նիստի մեկնարկին ողջունելով հյուրերին՝ նա հույս հայտնեց, որ հայկական կողմի հյուրընկալությունը եւ աշխատանքային ուղղվածությունը կտան իրենց դրական արդյունքները։ Շեշտեց, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ—ի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը եւ անելու է հնարավորը, որպեսզի ընդլայնվեն փոխադարձ առեւտրի եւ ներդրումների հնարավորությունները երկու երկրների միջեւ։
«Այս հանձնաժողովի մեխանիզմը դրան հասնելու ճանապարհներից մեկն է։ Տարիների ընթացքում այստեղ քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք ստացել են իրենց լուծումները։ Այս տարի, մասնավորապես, մենք կարողացել ենք բարձր մակարդակի հանդիպումներում նախանշել մի քանի արդյունքներ, որոնք արդեն իսկ փաստ են։ Կարեւորագույնը վիզաների դյուրացման համաձայնագիրն էր, որը հանձնաժողովում ներգրավված թեմաների քննարկման արդյունք էր։ Շատ կարեւոր արդյունք է նաեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որի հետեւանքով երկու օր առաջ արդեն իսկ ունեցանք առաջին հանդիպումը։ Դրա ընթացքում մանրամասն քննարկվեցին առեւտրին վերաբերող կարեւորագույն, մասնավորապես՝ մտավոր սեփականության, տեխնոլոգիական կանոնակարգերի եւ շատ այլ հարցեր, որոնք, հուսով եմ, կընդլայնեն առեւտրատնտեսական համագործակցությունը մեր երկրների միջեւ»,— ասաց փոխվարչապետը։
Վ. Գաբրիելյանը հիշեցրեց, որ 2013թ. նիստում առաջին անգամ քննարկվեց «Որոտան» ՀԷԿ—ի հարցը։ «Որոտան»—ի գործարքը, որը խոշորագույն ներդրում է Հայաստանում, արդեն իսկ իրականություն է. «Մենք շարունակելու ենք աշխատանքները այս ոգով եւ հուսով ենք, որ 2015թ. մեր հանդիպումը եւս կտա գործնական արդյունքներ։ Մենք տրամադրված ենք շատ գործնականորեն աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ եւ նոր հարցեր առաջադրել, որպեսզի հընթացս լուծենք բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են ծագել առեւտրատնտեսական հարաբերություններում։ Ընդ որում՝ ոչ միայն վերացնելով այդ խոչընդոտները, այլեւ ստեղծելով նոր հնարավորություններ այդ հարաբերությունների զարգացման համար»։
ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի համոզմամբ՝ աշխատանքային խմբի 23—րդ հանդիպումը հնարավորություն կտա երկու երկրներին նախանշելու խոշոր տնտեսական քաղաքականությունն այն կարեւոր հարցերի շուրջ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության եւ ԱՄՆ հետ առեւտրի ծավալների աճին գալիք տարիների ընթացքում։
«Մենք Հայաստան ենք ժամանել ընդգծելու այն կարեւորությունը, որ մեզ համար ունեն ԱՄՆ—ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերն ընդլայնելն ու խորացնելը։ ԱՄՆ—ը շատ հպարտ է, որ կարող է օժանդակել Հայաստանին այս ջանքերում՝ 1992–ից սկսած ընդհանուր առմամբ 2 մլրդ ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելով։ Մենք հավատում ենք, որ այս օժանդակությունն օգնել է Հայաստանն ավելի բարեկեցիկ երկիր դառնալուն»,–ասաց ամերիկյան պաշտոնյան։
Այսօր արդեն, նրա խոսքով, երկու երկրների միջեւ երկխոսության շեշտադրումն անցել է զուտ տնտեսական օժանդակության գերակայություններից դեպի երկկողմանի իրական ներդրումներ՝ խորացնելու եւ ընդլայնելու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը՝ արտաքին ուղիղ ներդրումների համար Հայաստանն առավել գրավիչ տեղ դարձնելով։ Սա է տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների շարժիչ ուժը, ինչը նաեւ կօժանդակի Հայաստանի բնակչության բարեկեցությանը. «Սրանք բոլորը ԱՄՆ հիմնարար նպատակներն են։ 2015թ. հունվարին տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի շրջանակներում բանակցված վիզաների դյուրացման համաձայնագիրը թույլ տվեց ՀՀ քաղաքացիներին ստանալ 10—ամյա մուտքի թույլտվություն, իսկ Հայաստանի վիզայի պահանջը ԱՄՆ քաղաքացիների համար վերացվեց։ Ինչն ավելի նշանակալի է, աշխատանքային խմբի քննարկումները հնարավորություն տվեցին ամերիկյան կողմին 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնելու Հայաստանում՝ գնելով «Որոտան» ՀԷԿ—երի կասկադը։ Մենք շնորհակալ ենք ՀՀ կառավարությանն այս գործարքն ավարտին հասցնելու հարցում իր կարեւոր դերի համար։ Հույս ունենք Հայաստանում ավելի շատ նման ներդրումներ տեսնել։ ՀՀ կառավարության հետ միասին մենք կաշխատենք անել ամեն ինչ դա խրախուսելու համար»։
Բ. Բրինքը հիշեցրեց, որ վերջերս երկու երկրները գումարեցին նաեւ առեւտրի ու ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը՝ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս խորհրդի ստեղծումը, ըստ նրա, կնպաստի առեւտրի շուրջ ավելի մանրամասն քննարկումների՝ թույլ տալով սեւեռել դրանք հիմնական տնտեսական քաղաքականության հարցերին, որոնք նպաստում են երկկողմ տնտեսական կապերին. «ԱՄՆ—ն կարող է եւ շարունակելու է խորհուրդներ եւ օժանդակություն տրամադրել Հայաստանին։ ՀՀ կառավարությունը եւս կարող է շատ բաներ անել երկիրն ուղղակի արտաքին ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու ճանապարհին։ Ընկերությունները ներդրում են իրականացնում այնտեղ, որտեղ կան կանխատեսելիություն, հրապարակայնություն եւ խաղի հավասար պայմաններ՝ սկսած հարկային ու մաքսային քաղաքականությունից մինչեւ մնացյալ բոլոր կանոնակարգերը։ Սա նշանակում է, որ պետք է առաջին հերթին լուծել կոռուպցիայի խնդիրը եւ վերացնել նման այլ խոչընդոտները։ Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության որոշումը՝ միանալու հանքարդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը։ Նաեւ պատրաստ ենք խթանել մեր համագործակցությունը հակակոռուպցիոն խորհրդի շրջանակներում, հարկային եւ ավիացիոն բարեփոխումների, տարածաշրջանային ինտեգրման, բնական ռեսուրսների կառավարման, միջուկային անվտանգության եւ այլ ոլորտներում։ Դրանք այն ոլորտներն են, որոնց շուրջ մենք համատեղ աշխատելու ենք»։


Ներդրումներ կատարելու համար պետք է դիտարկվեն բոլոր ոլորտները
 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրին, որի վերաբերյալ քննարկումները նախատեսվում են տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակներում։ Նա նշեց, որ այն հայկական կողմի բարձրացրած հարցերի ցանկում է։
«Ամերիկյան կողմն առաջարկում է առավել կոնկրետ մակարդակով քննարկել այս հարցը՝ կոնկրետ հոդվածներով, դեպքերով, ինչը հնարավորություն կտա ավելի առաջ տանելու այդ թեման։ Նիստի ընթացքում մենք դրա վերաբերյալ կունենանք ավելի դետալացված խոսակցություն։ Ամերիկյան կողմը նաեւ առաջարկում է քննարկել արդեն գործող մի քանի առավել լայն համաձայնագրերի շրջանակներում այդ հարցը կարգավորելու խնդիրը։ Ներկայումս անցկացվում են տեխնիկական մակարդակի քննարկումներ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք իրական ներդրումներին խանգարող այդ հանգամանքները կան, որպեսզի արագացված տեմպերով դրան գնանք, թե՞ կարելի է իրական ներդրումներին խոչընդոտող հանգամանքներ այդտեղ չտեսնել եւ կարգավորել այլ իրավական ռեժիմներով։ Այսինքն, խոսքը ներդրումները խաթարելու մասին չէ, այլ այն մասին է, թե ներդրումների խոչընդոտները վերացնելու ինչպիսի լուծումներ կարող ենք գտնել»,–ասաց փոխվարչապետը։     Վ. Գաբրիելյանի խոսքով՝ կրկնակի հարկումը երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության վրա այնքան մեծ ազդեցություն չի ունենա, որքան այն կազդի ուղղակի ներդրումների վրա։ Որոշ դեպքերում կրկնակի հարկումը բացառելը կարող է հեշտացնել ներդրումների ներգրավումը, սակայն դա, ըստ փոխվարչապետի, վճռորոշ գործոնը չէ. «Այսինքն, այս պահին մեր խնդիրն այն չէ, որ կրկնակի հարկման բացառման բացակայությունը կանգնեցրել է Հայաստանում որեւիցե խոշոր ներդրում։ Այս տեսակետից մինչեւ հիմա դրա, այսպես ասած, հետաձգման հիմնական պատճառը դրա՝ էական գործոն չլինելն էր։ Մենք ցանկանում ենք, սակայն, անգամ փոքր գործոնները վերացնել. այս է մեր խնդիրը»։
Վ. Գաբրիելյանը շեշտեց, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների։ Ներմուծման տեսակետից այն կազմել է մինչեւ 130 մլն ԱՄՆ դոլար, արտահանման տեսակետից, բնականաբար, ավելի քիչ։ Փոխվարչապետը հույս հայտնեց, որ առեւտրաշրջանառությունը կավելանա, մասնավորապես, «Կոնտուր Գլոբալի» ՀՀ մուտքի արդյունքում, ինչի շնորհիվ որոշակի տեխնոլոգիական սարքավորումներ եւս կսկսեն ներմուծվել. «Մեր կարծիքով՝ դա որոշակիորեն կավելացնի առեւտրաշրջանառության ծավալները։ Պետք է հասկանալ, որ ներդրումների փոքր ծավալն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի շուկայի փոքրությամբ, սակայն, միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս պահին Հայաստանում խոշորագույն ներդրումը «Կոնտուր Գլոբալն» է իրականացրել, որը կրկին ամերիկյան ներդրումն է։ ԱՄՆ—ն նաեւ խիստ կարեւորում է, որպեսզի մենք առեւտուր անենք հարեւանների հետ։ Մասնավորապես նրանք ողջունում են բարձր լարման էլեկտրական հոսքագծերի կառուցումը հարեւանների հետ՝ միանալու համար տարածաշրջանային էներգահամակարգերին»։
Փոխվարչապետը հիշեցրեց, որ առեւտրի ու ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ երկու օր առաջ, եւ այն ժամանակ արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության ղեկավարությամբ ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են այդ խնդիրներով։ Վ. Գաբրիելյանի խոսքով՝ առաջին նիստով հնարավոր չէ շոշափելի արդյունքներ գրանցել, քանի որ այն ուղղակի ընդգծում է այն շրջանակները, որոնց ներքո հետագայում աշխատելու է խորհուրդը։ Սակայն առեւտրային բոլոր ուղղություններով՝ մտավոր սեփականության, ստանդարտների, սանիտարական եւ այլն, ստեղծվել են ուղղություններ, որոնցով աշխատանք է տարվում մասնագետների հետ։
2016թ. ՀՀ բյուջեի՝ իրատեսական լինելու մասին լրագրողի հարցին ի պատասխան Վ. Գաբրիելյանը նշեց. «Կան եկամուտներ, որոնք արտացոլում են տնտեսությունը, եւ դրան ի պատասխան առկա է քաղաքականություն, որն աշխատում է խթանել տնտեսությունն ավելի շատ կամ ավելի քիչ ծախսերի միջոցով։ Դրա հետեւանքով այն ռեակցիան, որ կա կառավարության կողմից, բնական է»։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական հանդիպումն ավելի լայն համապատկերում է դիտարկելու տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմավարական տեսանկյունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է նպաստել տնտեսական աճին եւ զարգացմանը։
«Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի ռազմավարությունն իր էներգետիկ անվտանգության առումով, ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, նաեւ՝ թե ինչ է հնարավոր անել աջակցելու Հայաստանի կառավարությանը եւ ժողովրդին կոռուպցիոն չարիքի դեմ պայքարելու հարցում։ Օրակարգում ներառված հարցերից մեկն այն է, թե արդյոք կրկնակի հարկման բացառման համաձայնագիրն այս պահին անհրաժեշտ եւ նպատակահարմա՞ր է։ Մենք մեր հայ գործընկերների հետ կքննարկենք այդ հարցը, որոշելու համար, թե արդյոք դա մի խնդիր է, որի ուղղությամբ մենք պետք է առաջ շարժվենք։ Որոշում դեռեւս կայացված չէ»,–ասաց դեսպանը։
Ռ. Միլսը շեշտեց, որ իրենք խրախուսում են, որպեսզի ամերիկյան բիզնեսը Հայաստանում ներդրումներ կատարելու համար դիտարկի բոլոր ոլորտները։ Ամերիկացիների համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային ոլորտները. «Մենք այստեղ աջակցում ենք նաեւ գյուղատնտեսության ոլորտին, քանի որ համարում ենք այն տնտեսության աճի շարժիչ ուժերից մեկը։ Այդ հարցերն այսօր եւս օրակարգում են։ Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ հայաստանյան զբոսաշրջության ոլորտը։ Այս պահին դեռեւս շատ բան չեմ կարող ասել, սակայն վաղը մենք սկսում ենք զբոսաշրջության զարգացման մի ծրագիր, որի ուղղվածությունը Երեւանից դուրս՝ գյուղական բնակավայրերում եւ ընդհանրապես՝ մարզերում զբոսաշրջության զարգացումն է»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 478 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024