ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 18:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 17 » Սյունիքի ժայռապատկերները՝ առաջին գրային համակարգ /Եգիպտական եւ շումերական քաղաքակրթությունների հիմնադիրները հիքսոսներն են/
18:34
Սյունիքի ժայռապատկերները՝ առաջին գրային համակարգ /Եգիպտական եւ շումերական քաղաքակրթությունների հիմնադիրները հիքսոսներն են/

Վաղնջական ժամանակների մասին պատկերացում կազմելու համար անփոխարինելի պատմական նյութ են տալիս աշխարհի տարբեր վայրերում գտնված ժայռապատկերները։ Դրանցով հարուստ հնավայրեր կան Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Աֆրիկայում, Միջին Ասիայում։ Հայաստանի Հանրապետության տարածքում ժայռապատկերներ են գտնվել Արագածում, Գեղամա լեռներում, իսկ հիմնական կուտակումները Սյունյաց աշխարհում են։ Դրանց ճշգրիտ թիվը դժվար է որոշել, ըստ որոշ գնահատականների, ժայռապատկերներ կրող քարերի թիվն անցնում է 10 հազարի սահմանը։
Առայսօր էլ ժայռապատկերներն ուսումնասիրող գիտնականների մոտ տարբեր մոտեցումներ կան դրանց մեկնաբանման եւ ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ընդունված է ժայռաբեկորների վրա արված պատկերները համարել տվյալ վայրի բնիկների հոգեւոր եւ նյութական կյանքը, կենցաղային, պաշտամունքային արարողությունները ներկայացնող տեսարաններ։
Սակայն բոլորովին այլ համոզմունքի է ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է նաեւ հայագիտությամբ, հնագիտությամբ եւ մասնավորապես Սյունիքի ժայռապատկերների ուսումնասիրությամբ։
Նրա խոսքով՝ ժայռապատկերներում ավելի հաճախ կարելի է հանդիպել այծի պատկերների, որոնք կազմում են ընդհանուր պատկերների մոտ 50 տոկոսը։ Այդ առումով պատահական չէ, որ ժողովուրդը դրանք անվանում է իծագրեր։ Ամենահաճախ հանդիպող մյուս պատկերներն այն կենդանիներն են, որոնց պաշտամունքը եղել է մեր նախնիների հին դիցարաններում՝ առյուծ, ցուլ, խոյ, եղջերու եւ այլն։ Մյուս խումբը մարդապատկերներն են, ինչպես նաեւ թվով ավելի քան 200 վերացական նշանները՝ շրջան, կետ, եռանկյունի, ալիքաձեւ գիծ եւ այլն։ Ահա այդ նշանների առկայությունը եւս, ըստ Հ. Մարտիրոսյանի, հուշում է, որ ժայռապատկերները պետք է գիր լինեն՝ գաղափարագիր գրություններ, այլ ոչ թե զուտ կենցաղային կամ ծիսակրոնական բնույթի տեսարաններ։
«Գաղափարագիրն այն է, երբ մի առարկայի պատկերով հնչեցվում է այդ առարկային համանուն մեկ այլ բառ, որն ունի վերացական իմաստ եւ հնարավոր չէ այն նկարել, այսինքն՝ խնդիրը պատկերված առարկայի անվանումով վերացական իմաստ արտահայտող բառ հնչեցնելն է»,— բացատրում է հետազոտողը՝ բերելով մի շարք օրինակներ։ Այսպես՝ «տոն» բառը հնչեցնելու համար կարելի է նկարել տուն, ի դեպ հայերենի շատ բարբառներում տուն բառը տոն է հնչում։ Ժայռապատկերներում բավական հաճախ հանդիպող այծը, որն ունի 20—ից ավելի պատկերման ձեւեր, խորհրդանշել է աստծուն եւ նրա տարբեր անվանումները։ Այծի հայերեն անվանումներից ամեն մեկով, որոնք 30—ից ավելին են, այծի համապատասխան պատկեր ընտրելով հնչեցվում էր որեւէ վերացական բառ։ Օրինակ՝ այծի հայերեն անվանումներից է «դիգ»—ը, որից ծագել է հայերեն տիկ, այն է՝ «այծի մորթ» բառը, դրան հայերենում համանուն է «դիք» (աստված) բառը, որը համանուն է գրաբարյան բառին։ Հետեւաբար պատկերելով այծ, համանունությամբ այն կարող ենք ընթերցել եւ հնչեցնել դիք՝ «աստված» բառը։ Ժայռապատկերներում հանդիպում են այծի պատկերներ, իսկ դրանց շուրջը նաեւ այլ նշաններ, որոնցով գաղափարագրվել ու հնչեցվել են տվյալ աստծո անունը, բնութագրերն ու մականունները։
Սյունիքի ժայռապատկերներում այծից հետո ամենատարածվածը առյուծի պատկերն է, որը հին աշխարհի դիցարաններում խորհրդանշել է արեւը։ Արեւի եւ առյուծի միջեւ կապը եւս հիմնված է նրանց անվանումների համանունության վրա, որն առկա է միայն հայերենում։ Աշխարհի որեւէ այլ լեզու հնարավորություն չի տալիս առյուծի պատկերով գաղափարագրել եւ հնչեցնել «արեւ» բառը։ Ինչո՞ւ է այդպես. հայերենում «առյուծ» բառի հին գրաբարյան ձեւերն են «առեւծ»—ը, «առիւծ»—ը, որտեղ «ծ»—ն հետագա աճական է, իսկ բուն արմատը «արեւ» բառին համանուն «առեւ»—ն է։
Խոսելով Սյունիքի ժայռապատկերների ստեղծողների մասին՝ Հ. Մարտիրոսյանը նշում է, որ նրանք մեր նախնիներն են։ Դա են ապացուցում բոլոր վերոնշյալ եւ այլ բազմաթիվ լեզվական օրինակներ։ «Այծի հայերեն անվանումը հնարավորություն է տալիս հնչեցնել «աստված» իմաստը կրող բառը, առյուծի պատկերը թույլ է տալիս միայն հայերենում առկա համանունների միջոցով գաղափարագրել «արեւ» բառը, իսկ հայերենում «ցուլ» անվանումը համանուն է «ցոլ» բառին։ Հայտնի է նաեւ, որ հին աշխարհի դիցարաններում ցուլը լուսնի աստվածուհու եւ ամպրոպի աստծո խորհրդանիշն էր։ Հայերենն է հնարավորություն տալիս բացատրել, թե ինչու ցուլը կարող է խորհրդանշել այդ երկու աստվածություններին էլ. «ցոլալ» նշանակում է փայլել, լույս արձակել, որը վերաբերում է լուսնի աստվածուհուն, իսկ «ցոլել» նշանակում է՝ կրակ ժայթքել, դա էլ ամպրոպի աստծուն է վերաբերում, ով շանթարձակ է։ Այս ամենը ցույց է տալիս, որ հայերենն է դրված եղել այդ գաղափարագրության հիմքում, իսկ դրանից էլ կարելի է հետեւություն անել, որ ժայռապատկեր փորագրողը պետք է ունենար հայերեն լեզվամտածողություն»,— ասում է նա։
Այսօր ակադեմիական գիտական շրջանակներում ամենահին գաղափարագիր գիրը շումերականն է համարվում, իսկ այբուբենը՝ փյունիկյանը։ Հայագետը վստահ է՝ երբ հիմնավորվի Սյունիքի ժայռապատկերների գիր լինելը, ապա պարզ կդառնա, որ աշխարհի հնագույն գիրը հենց Սյունիքինն է, քանի որ այդտեղ պատկերված նշաններից մոտ 250—ն առկա են եգիպտական հիերոգլիֆներում, մոտ 200—ը՝ շումերական պատկերագրության մեջ, ինչպես նաեւ փյունիկյան բոլոր գրանշաններն առկա են Սյունիքի ժայռապատկերներում։ «Առայսօր Սյունիքի ժայռապատկերներն ըստ արժանվույն եւ կարեւորության ուսումնասիրված չեն։ Դրանք մինչ օրս գիր չեն համարվել, այնինչ առնվազն 10 հազար տարով ավելի հին են, քան շումերական, եգիպտական պատկերագրերը, իսկ մյուսներից առավել եւս հին են։ Սյունիքի ժայռապատկերների փորագրման ստորին սահմանը մ.թ.ա. 13—14 հազարամյակներն են»,–նշեց Հ. Մարտիրոսյանը։

Երբ այսօրվա Սյունիքն ու Արցախը կղզի էին…

Թեեւ այսօր ժայռապատկերների վերաբերյալ գիտականորեն մշակված ժամանակագրություն չկա, սակայն փորագրության տեխնիկայի կոպտությունը գիտնականներին հիմք է տալիս ժայռապատկերները վերագրել վերին պալեոլիթի մշակույթին՝ 30—40 հազար տարվա շրջակայքում։ Հայկական լեռնաշխարհում գտնված ժայռապատկերները եւս լույս են սփռում ստեղծման ժամանակաշրջանի հարցում։ Սյունիքի ժայռապատկերներում առկա տվյալները, որպես հնագիտական նյութ, Հ. Մարտիրոսյանի կողմից օգտագործվել են ժայռապատկերների թվագրման համար՝ մշակելով թվագրման մի քանի մեթոդներ։
Այդ առումով հետաքրքիր հնագիտական փաստ է Հայաստանի պատմության թանգարանում պահվող Շիրակի ավազահանքերից գտնված նախափղի՝ թրանգոնթերյան փղի ժանիքը, որի վրա մարդու ձեռքով փորագրված են երկու նշանագրեր։ Վերջիններն առկա են ինչպես Սյունիքի ժայռապատկերներում, այնպես էլ՝ շումերական պատկերագրության մեջ։ «Այդ ավազահանքերը տասնյակ հազարավոր տարիներ առաջ գոյություն ունեցած լճերի նստվածքներ են։ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրերը, ինչպես նաեւ Նախիջեւանի տարածքն ամբողջությամբ ծով է եղել, որն ըստ երկրաբանների՝ առաջացել է մոտավորապես 70 հազար տարի առաջ եւ վերացել մոտ 8—10 հազար տարի առաջ։ Բնականաբար, այդ ժանիքի վրա մարդը կարող էր փորագրել, երբ կենդանին արդեն ողջ չէր. փիղը պիտի սատկեր, ժանիքը վերցնեին եւ փորագրեին։ Այնուհետեւ այդ ժանիքը հեղեղների միջոցով կամ այլ կերպ ծովն է ընկել, ապա նստվածքների տակ մնալով պահպանվել մինչեւ մեր օրերը։ Փղի ամբողջական կմախք եւ այլ մասեր են գտնվել Հայաստանի տարբեր շրջաններում։ Գտնված փղի ժանիքը եւս հիմք է տալիս ենթադրել, որ ժայռապատկերները պետք է փորագրվեին առնվազն 15—20 հազար տարի առաջ»,–մանրամասնում է Հ. Մարտիրոսյանը։
Ժայռապատկերների նյութերը, օրինակ՝ կենդանիները եւ մյուս պատկերները նույնպես լրացուցիչ փաստեր են տալիս դրանց թվագրման համար։ Հայտնի է, որ 12—14 հազար տարի առաջ Երկիր մոլորակի վրա մեծ աղետ է եղել, որի արդյունքում կենդանական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ՝ մամոնտը, հսկա եղջերուն եւ այլն, վերացել են։ Սակայն այդ կենդանիների պատկերները կան Սյունիքի ժայռապատկերներում, իսկ դա նշանակում է՝ նրանց պատկերելու համար մարդը պետք է տեսած լիներ այդ կենդանիներին։ Հետեւությունն այն է, որ ժայռապատկերները 14 հազար տարուց ավելի հին են եւ արվել են մինչեւ այդ կենդանիների վերանալը։
Թվագրման մյուս մեթոդը խեցեղենն է. հայտնի է, որ բոլոր հին պատկերագիր գրային համակարգերում՝ շումերական, եգիպտական, խեթական, ուրարտական եւ այլն, խեցեղենի տասնյակ պատկերն կան, որոնք գործածվել են որպես գաղափարագրեր։ Մինչդեռ ժայռապատկերներում խեցեղենի պատկերներ չկան, հետեւաբար դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ դեռ չկար խեցեղեն, եւ ամանները փայտից եւ քարից էին։ Հնագետները տարածաշրջանի հնագույն խեցեղենի նմուշները թվագրում են մ.թ.ա. 6—րդ հազարամյակին, հետեւաբար ժայռապատկերները դրանցից ավելի հին պետք է լինեն։
Թվագրման մյուս մեթոդը 2500—3500 մետր բարձրությունների վրա գտնվող ժայռապատկերներում առկա բազմաթիվ նավերի պատկերներն են։ Եթե կան նավի պատկերներ, նշանակում է պատկերողները պետք է կառուցած լինեն այն։ Սյունիքի եւ շրջակա տարածքների այսօրվա աշխարհագրական պատկերը հնարավորություն չի տալիս հիմնավորելու, որ նման բարձրությունների վրա հնարավոր է նավ պատրաստել ու նավարկել։ Սակայն երկրաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ հազարավոր տարիներ առաջ այսօրվա Սյունիքի եւ ԼՂՀ—ի տարածքը գործնականում կղզի է եղել, քանի որ նրա արեւմտյան եւ հարավային հատվածները ողողել են Արարատյան եւ Շիրակի ծովերը (ըստ երկրաբանների բնորոշման), իսկ արեւելքից՝ Կասպից ծովի բարձրացած ջրերը։ Այս պարագայում արդեն հնարավոր է դառնում այն, որ Սյունիքի հայալեզու բնիկները կարող էին նավ պատրաստել եւ նավարկել միայն այդ ծովերի գոյության ժամանակ (վերին պալեոլիթյան ժամանակաշրջանում), հետեւաբար նավ պատկերել ժայռերի վրա։ Այդ ծովերն ըստ երկրաբանների հաշվարկների՝ վերացել են 10—12 հազար տարի առաջ։ Նշանակում է ժայռապատկերները ստեղծվել են դրանից ավելի վաղ։ Այդ բոլորն, ըստ Հ. Մարտիրոսյանի, հիմք են տալիս Սյունիքի ժայռապատկերների ստեղծման ամենաստորին ժամանակային շեմը համարել 13—14 հազար տարի եւ ավելի հին։

Հայ—շումերա—եգիպտական առնչություններն ու հիքսոսները

Եգիպտոսում, ինչպես նաեւ Շումերում քաղաքակրթության զարգացման նախնական փուլերը հնագետներն առայսօր չեն գտնում։ Ենթադրվում է, որ այդ քաղաքակրթությունների ստեղծողները պետք է հայտնվեին մեկ այլ՝ երրորդ երկրից, արդեն զարգացած քաղաքակրթական արժեքներով՝ ներմուծելով իրենց գիրը, մշակութային արժեքները, դիցարանը, արհեստները եւ այլն։
«Թե որտեղից, ինչպես եւ երբ են եգիպտական քաղաքակրթությունը ստեղծողները հայտնվել Եգիպտոսում, ցույց են տալիս հնագիտական փաստերը։ Դա Եգիպտոսում այծի եւ նրա պատկերի հայտնվելու ճանապարհն է։ Մինչ նորեկների հայտնվելը Եգիպտոսում չեն եղել խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ։ Աշխարհում ընտանի այծերի նախնին բեզոարյան այծն է, որը Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ կենդանին է, որտեղ էլ այն ընտելացվել է։ Հայկական լեռնաշխարհից Եգիպտոս տանող ճանապարհին մենք տեսնում ենք Սյունիքի ժայռապատկերների համեմատաբար փոքրաթիվ կրկնակները՝ այծապատկերները եւ նրան ուղեկցող վերացական նշանները։ Հնագիտական տվյալները փաստում են, որ ընտանի այծը Եգիպտոս է հասել մ.թ.ա. 7—րդ հազարամյակի վերջում։ Այդ հանգամանքը մյուս փաստերի հետ (եգիպտական գիր, դիցարան եւ այլն) համադրելու դեպքում երրորդ երկիրը միանշանակ հանդիսանում է պատմական Հայաստանը։ Փաստորեն, մեր նախնիներն իրենց հետ տարել են թե այծը, թե այն նշանները, որ կան Սյունիքի ժայռապատկերներում։ Նրանք Եգիպտոսում իրենց հետագա գրերը ստեղծել են այդ նշանների հիման վրա»,–ասում է Հ. Մարտիրոսյանը։ Նշենք, որ հնագետները աշխարհի տարբեր մասերից գտնված ընտանի այծի պեղածո ոսկորների հետազոտման արդյունքում եկել են այն եզրակացության, որ ընտանի այծը Հայաստանից դուրս է բերվել մոտ 11 հազար տարի առաջ։
Հայաստան—Եգիպտոս տնտեսական, մշակութային ու կրոնական սերտ կապերը պահպանվել են նաեւ հետագա ժամանակներում։ Դրա մի դրվագն է հիքսոսյան տիրապետության շրջանը Եգիպտոսում։ Եթե չլիներ եգիպտական պատմիչ Մանեթոնը (մ.թ.ա. 3—րդ դար), որի Եգիպտոսի պատմությանը նվիրված հունարեն մատյաններից միայն առանձին դրվագներ են պահպանվել, ապա այսօր աշխարհին անհայտ կմնար հիքսոս անվանումն ու Եգիպտոսում նրանց մի քանի դար տեւած տիրապետության փաստը։ «Հիքսոս» անվանումը Մանեթոնի մեկնաբանությամբ նշանակում է «արքա—հովիվ», որտեղ «հիք» եգիպտերենում նշանակում է արքա, թագավոր, իսկ «սոս»՝ հովիվ։
Հայագետը նշում է, որ հիքսոս բառին սխալ մեկնություն է տալիս պատմիչ Հովսեփիոս Փլաբիոսը՝ հովիվ բառը մեկնաբանելով տառացի, այսինքն՝ խաշնարած։ Ժամանակակից որոշ գիտնականներ նույնպես հետեւել են նրա մեկնությանը, նշելով, թե դրանք պետք է լինեն բեդուիններ կամ սեմական այլ քոչվոր ցեղեր։ Սակայն այդ ժամանակի աղբյուրները նշում են, որ հիքսոսները առաջավոր Ասիայում ժամանակի ամենազարգացած էթնիկ տարրն էին եւ չէին կարող խաշնարած քոչվոր ցեղեր լինել։ Նրանք Եգիպտոս էին տարել գիտության եւ մշակույթի զարգացած տարրեր, սկսած ձիուց, մարտակառքից մինչեւ այբուբենային գիր։ «Միայն հզոր պետականություն ունենալու դեպքում կարող էին նման մասշտաբային քայլեր կատարել եւ մի քանի հարյուր տարի իշխել Եգիպտոսում»,— ասաց Հ. Մարտիրոսյանը՝ նշելով, որ «հիքսոս»—ը իրականում հանդես է գալիս ոչ թե «հովիվ—խաշնարած» իմաստով, այլ՝ «հովիվ—առաջնորդ, հոգեւոր հովիվ, քուրմ» իմաստով, այսինքն՝ հիքսոս նշանակել է արքա—քուրմ կամ ռազմիկ—քուրմ։
Հիքսոսների հայտնվելը Եգիպտոսում պատահական ալիք չէր, այլ նպատակաուղղված ծրագիր էր եւ ոչ առաջինը։ Եգիպտական քաղաքակրթության ստեղծման առաջին իսկ պահից Հայկական լեռնաշխարհի բնիկները հայտնվում են այդ պետության պատմական թատերաբեմում։ Դեպի Եգիպտոս հիքսոսների շարժը հիմնավորված է եղել նոր կենսատարածքներ յուրացնելու պահանջով, որի ընթացքում նրանք քայլ առ քայլ յուրացնում էին նոր տարածքներ, հիմնում բնակավայրեր եւ թողնում անջնջելի հետքեր։ Պատահական չէր, որ ամեն անգամ, երբ Հայաստանը կտրվում էր Շումերի եւ Եգիպտոսի հետ ունեցած անմիջական կապից, հայտնվում էր բավականին ծանր վիճակում։ Այդ ժամանակ էլ հայ զորականները գնում էին ազատելու դեպի Շումեր եւ Եգիպտոս տանող առեւտրային ճանապարհները եւ վերականգնելու Հայաստանի հետ կապը։
Թեեւ առայսօր հիքսոսների ծագման վերաբերյալ տարակարծությունները, հաճախ էլ սխալ մեկնաբանությունները շատ են, սակայն, ըստ Հ. Մարտիրոսյանի, ինչպես նրանց, այնպես էլ հին քաղաքակրթությունների ծագման վերաբերյալ գիտական տեսակետների մեծ մասի հիմքում ընկած են քաղաքական եւ քաղաքակրթական շահերը։ Զուտ գիտության եւ ճշմարտության շահերից ուսումնասիրություններ կատարելու դեպքում լույս կսփռվի բազմաթիվ վիճահարույց խնդիրների վրա։ hhpress.am
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 1201 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024