ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 16:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 19 » Թերացողների նկատմամբ խիստ վերաբերմունք է լինելու /Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն/
15:51
Թերացողների նկատմամբ խիստ վերաբերմունք է լինելու /Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն/

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15–ին ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները եւ ՀՀ ԳԱԱ նախագահը։
«Այս ձեւաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է, եւ ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել։ Մեր խնդիրները, մեր առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թեւերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում։ Այսօրվա հանդիպման առիթը նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին։ Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ—երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարեւոր թեմաներով։
1. Սաֆարովի գործով։
Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի եւ արդարության վիժեցում։ Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում։
Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը։ Դա շատ կարեւոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ։
Հանցագործին ներում շնորհումը, իսկ ըստ էության՝ արդարացումը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին։ Դա մենք չենք ասում, այլ այդ կազմակերպության անխտիր բոլոր ղեկավարները։
Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս։ Զգալով միջազգային ճնշումը՝ այդ երկրի ղեկավարն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը՝ հրապարակային սուտը։ Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ եւս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի՛ շնորհվել։
Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս։ Խղճուկ ստեր։ Ես կասեի ստերի շարք։ Շքերթ է, ստերի շքերթ։ Սեփական ժողովրդին տեղեկատվական տեւական բլոկադայի մեջ պահող հարեւան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի։ Ժամանակը ցույց կտա՝ դա հնարավոր է, թե ոչ։ Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում։
Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ։ Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը։ Ես ակնկալում եմ ակտիվ, հետեւողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում։ Ակնկալում եմ համակարգված եւ հեռահար աշխատանք։ Հաջորդը։ Դիվանագետների աշխատանքների ծրագիրը մեզ արդեն պարզ է եւ ընթացքի մեջ է։ Միեւնույն ժամանակ, կարծում եմ նաեւ, որ կառավարությունը, արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, պետք է մշակի ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի մեր բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաեւ աջակցել այս գործընթացին։
Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ եւ չենք հապաղելու։ Ստորությունը եւ սուտը չեն անցնելու։
2. Սիրիայի զարգացումների վերաբերյալ։
Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է։ Այս վիճակը մեր բաց վերքն է եւ մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը։ Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին եւ իր ունեցածը կիսեց մեզ հետ։ Մենք ապրում ենք կողք կողքի եւ միասին երկար ճանապարհ ենք անցել։ Սիրիայի ցավը մեր ցավն է։ Մերձավոր Արեւելքում եւ արաբական պետություններում տեղի ունեցողը մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի։ Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, եւ այլեւս մարդիկ չզոհվեն մեր հարեւան եւ բարեկամ Սիրիայում։
Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր։ Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, սփյուռքի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ եւ համակարգված, կարողանան համարժեք արձագանքել եւ որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում։
Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որ Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորեք ամենայն ուշադրություն եւ, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց։
Մեծապես կարեւորում եմ առավելագույնս դյուրացված ձեւով մեր հայրենակիցներին մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Այդ ուղղությամբ մենք ձեռնարկեցինք անհրաժեշտ հրատապ քայլեր իրավական դաշտում եւ պետք է հետամուտ լինենք այդ հեշտացված ընթացակարգերի հարթ կիրառմանը։
Սիրիահայերի անվտանգության հարցը մեր դիվանագիտական ջանքերի կիզակետում է։ Իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ մենք հետեւում ենք բոլոր զարգացումներին, գնահատում ենք նոր առաջացող ռիսկերը, փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել։ Հետագա զարգացումների համատեքստում մենք նաեւ պետք է պատրաստ լինենք մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել սիրիահայերին իրենց ցանկացած որոշման դեպքում։ Թե՛ Հայաստան եկողները, թե՛ Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում։ Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում։ Եվ այս ուղղությամբ եւս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում։
Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում։ Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն եւ նեցուկ դառնան նրանց»,–ասաց Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահի ներածական խոսքից հետո, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել է գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները։ Զեկույցում հանգամանորեն ներկայացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային եւ կազմակերպչական բնույթի խնդիրները։ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եզրակացությամբ՝ գնումների համակարգում մասնակիցների կողմից թույլ են տրվում մի շարք երեւույթներ, որոնք տարբերվում են գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջներից եւ սկզբունքներից։ Լիազոր մարմինները լիարժեքորեն չեն իրականացնում իրենց պարտականությունները, իսկ պատվիրատուները բացի իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարելուց, օգտվելով ենթաօրենսդրական բացերից, որոշ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ եւ թափանցիկ գնման ընթացակարգեր։
Նախագահն իր խիստ դժգոհությունն է արտահայտել բարձրացված խնդրում բոլոր պատասխանատուների աշխատանքից, ընդգծելով, որ արձանագրված երեւույթները ինչպես պատասխանատուների կողմից ժամանակին արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցում թերացման, այնպես էլ գնումների գործընթացում պատվիրատու գերատեսչությունների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն են։ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի տվյալ նախարարը կամ գերատեսչության ղեկավարը պատասխանատվություն վերցնի իր վրա, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով եւ լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը։
Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանդիպման մասնակիցներին՝ յուրաքանչյուրն իր նախարարությունում, գերատեսչությունում խորհրդակցություններ հրավիրի եւ աշխատակիցներին հստակ բացատրի, որ նման թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու։ «Եվ առաջին հերթին հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնություններ»,—դիմելով ներկաներին՝ ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն եւ այլն, խնդիրներ կան կապված ե՛ւ գնումների, ե՛ւ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ։ Նա խստորեն հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով։ «Ես ցանկանում եմ, որ բոլորդ ոչ ձեւական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում եւ շահագրգիռ լինեք բարձրացված խնդիրների լուծման հարցում»,—խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է հանրապետության նախագահին, որ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերը կառավարությունում հանգամանորեն կքննարկվեն, եւ նախագահին կներկայացվի նշված խնդիրների լուծման միջոցառումների ժամանակացույց։ «Այն բոլոր գնահատականները, որ Դուք տվեցիք, պարո՛ն նախագահ, սթափեցնող են եւ պարտադրում են մեզ բոլորիս՝ էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում, եւ մենք այդ ամենն անպայման կիրականացնենք»,—ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 438 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024