ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 27 » Թուրքիան կարող է կրկին վերադառնալ «ֆուտբոլային դիվանագիտությանը» /Բայց այս անգամ Հայաստանը պետք է առավել պահանջկոտ լինի/
17:17
Թուրքիան կարող է կրկին վերադառնալ «ֆուտբոլային դիվանագիտությանը» /Բայց այս անգամ Հայաստանը պետք է առավել պահանջկոտ լինի/

ՀՀ դիվանագիտությունը ավելի է ամրապնդվել եւ հզորացել։ Հայաստանը դառնում է ռազմավարական առումով առավել նշանակալի։ Երեկ այս մասին հայտարարեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ վերլուծելով ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նա նշեց, որ թե Ղարաբաղի հարցում եւ թե հայ—թուրքական հարաբերություններում Հայաստանն ունի նշանակալի հաղթանակներ։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ մասնավորապես ցեղասպանության ընդունմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ միջազգային հանրության կողմից դրա ընդունումը, իհարկե, կարեւոր է, բայց առավել կարեւոր է այն, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում։ Իսկ այն, որ Թուրքիայի ներսում շարժում է նկատվում, եւ առաջադեմ մարդիկ խոսում են ցեղասպանության մասին, դա փաստ է։ Դա է վկայում Հրանտ Դինքի գործով դատավարության վճռից դժգոհ ավելի քան քսան հազար թուրքերի բողոքի ակցիան, որոնք երթով անցան Ստամբուլի փողոցներով։ Մեզ անհրաժեշտ է շահադրդել այս առաջադեմ թուրքերին։
Հաջորդ կարեւոր հարցը, որն առանձնացրեց Ռ. Կիրակոսյանը, վերաբերում է Թուրքիա—ԵՄ հարաբերություններին։ Այստեղ նշանակալի է այն փաստը, որ ֆրանսիական Սենատի որոշումը ուղղված էր Թուրքիայի մուտքը ԵՄ խոչընդոտելուն։ Սրա արդյունքում Թուրքիան իր հայացքը կարող է տեղափոխել Արեւմուտքից դեպի Արեւելք։ Այս համատեքստում, համաձայն Թուրքիայի ԱԳՆ—ի տեղեկատվության, Թուրքիան կարող է վերադառնալ «ֆուտբոլային դիվանագիտությանը» ավելի շուտ, քան սպասելի էր։
Այն, որ Սենատի որոշումը կարող է Թուրքիային ստիպել լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ, երկու պատճառ ունի, որոնցից առաջինը ոչ այնքան դրական է։ Նախ՝ Թուրքիան կարող է վերադառնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններին՝ միջազգային ճնշումները թուլացնելու եւ ցեղասպանության համընդհանուր ճանաչումը կանխելու համար, սակայն այս նպատակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերադառնալը ավելի ուժեղ վնաս կհասցնի Թուրքիային, որովհետեւ միջազգային հանրության արձագանքը շատ ավելի բացասական կլինի։ Պետք չէ մոռանալ, որ հայ —թուրքական հարաբերությունների հարցում Բրյուսելը, Մոսկվան եւ Վաշինգտոնը լիովին համամիտ են։ Երկրորդ պատճառը, որը ավելի դրական է, այն է, որ եթե մենք նայում ենք Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ապա տեսնում ենք, որ այն գերծանրաբեռնված է։ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ խնդիրների է հանդիպում սկսած Սիրիայից, Լիբիայից, Իսրայելից, Իրանից, վերջացրած ԱՄՆ—ով։ Սրանք երկարաժամկետ խնդիրներ են, որտեղ Թուրքիան չի տեսնում որեւէ դիվանագիտական հաղթանակ։ Այս դեպքում հայացքը թեքելով դեպի Արեւելք, ավելի կոնկրետ՝ դեպի Հայաստան, վերջինիս հետ կարգավորված հարաբերությունները կարող է դիտարկել որպես դիվանագիտական հաղթանակ տանելու հեշտ միջոց։
Սակայն Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան պետք է անկեղծ լինի եւ հիշի, որ մեր համբերությունն էլ սահման ունի։ Եւ երբ այդ սահմանը հատվի, Հայաստանը կարող է չհամաձայնել առանց նախապայմանների հարաբերություններին եւ առավել պահանջկոտ դառնալ Թուրքիայի նկատմամբ, քանի որ միջազգային հանրության բոլոր սպասելիքները արդեն Թուրքիայից են. Հայաստանը արել է այն, ինչ սպասում են իրենից եւ դեռ մի բան էլ ավելի։ Այս ամենով հանդերձ՝ Թուրքիան ի տարբերություն Հայաստանի, վերջին շրջանում այնպիսի քաղաքականություն է վարում, որը վնասում է հենց իրեն։ Նա փորձում է փախչել անձրեւից, բայց ջուրն է ընկնում։ Սրա վառ օրինակ է հակաժխտողական օրինագծի շուրջ բարձրացրած աղմուկը։
Թուրքական կողմի բուռն արձագանքը խնդիրը առավել լրջացրեց, եւ քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ ֆրանսիական Սենատի քվեարկությունը ուղիղ եթերով հեռարձակվեց միջազգային տարբեր լրատվամիջոցներով, մասնավորապես՝ «CNN»—ով։ Այստեղ են Թուրքիայի ռազմավարական սխալները։ Թուրքական իշխանությունը մերժում է ցեղասպանության փաստը, բայց այնպես է արձագանքում դրան վերաբերող յուրաքանչյուր մանրուքի, որ այն շատ ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում։
Թուրքիան այս սխալներով չի սահմանափակվում։ Նա պնդում է թե հայ—թուրքական դիվանագիտության մեջ չպետք է լինի երրորդ երկիր։ Այս դեպքում բերելով Ֆրանսիայի օրինակը, մոռանում է, որ ինքն էր առաջ քաշում Ղարաբաղի խնդիրը ցյուրիխյան արձանագրություններում։
Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանից եկող վտանգը նվազել է

Տեղափոխվելով Փարիզից Սոչի, որտեղ ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջորդությամբ տեղի ունեցավ կարեւոր հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ՝ քաղաքագետը առանձնացրեց մի քանի կարեւոր առանձնահատկություններ։
Նախ՝ Սոչիում Ադրբեջանը ավելի քիչ էր հակված պատերազմի սպառնալիքն օգտագործելու։ Միջազգային հանրությունը եւ Մինսկի խումբը գիտակցեցին, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգը ապակառուցողական բնույթ է կրում։ Վերջին շրջանում ի հայտ են գալիս Ադրբեջանի բանակում առկա խնդիրները, որոնցից էր միջադեպը, երբ ադրբեջանցի սերժանտը անցավ սահմանը եւ հանձնվեց հայկական կողմին։ «Մենք լուրջ էինք վերաբերվում եւ մեծ խնդրի էինք վերածում Հայաստանի բանակում զոհերի խնդիրը։ Բայց պետք է հասկանանք այս վերջին իրադարձության կարեւորությունը։ Որովհետեւ նշված ադրբեջանցին ոչ թե հասարակ զինակոչիկ է, այլ պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայող»,–սա թույլ է տալիս տեսնել վտանգ թույլ եւ ոչ կայուն Ադրբեջանից։ Պակաս կարեւոր չէ Բաքվից եկող մյուս նորությունը։ Այն է, որ ադրբեջանական անվտանգության ծառայությունները ձերբակալել են մի խումբ ադրբեջանցիների, որոնք պատրաստվում էին սպանել Ադրբեջանում Իսրայելի դեսպանին։ Այն, որ տարիներ առաջ Ադրբեջանը կապված էր «Ալ քաիդա» ահաբեկչական խմբի հետ, առիթ է տալիս մտածելու, որ Ադրբեջանը շատ վտանգավոր է, ի տարբերություն Հայաստանի եւ Ղարաբաղի, որոնք տարածաշրջանում հանդես են գալիս որպես անվտագության երաշխավորներ։
Սոչիի հանդիպման ժամանակ ընդգծվեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Սոչիի հանդիպումից հետո վերջին հայտարարությունը արտահայտում էր Ռուսաստանի հուսախաբությունը՝ կապված ադրբեջանական դիվանագիտական ռազմավարության հետ, որովհետեւ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ՝ ռազմավարական։ Այն մաքսիմալիստական է։ «Նրանք ուզում են ամեն ինչ եւ դեռ ավելին։ Դա դիվանագիտական բանակցային դիրք չէ»։ Ադրբեջանը սակայն իր մաքսիմալիստական նպատակներին հասնելու համար իրեն թույլ չի տա գնալ պատերազմի, եթե, իհարկե, տեղի չունենա սխալ հաշվարկների վրա հիմնված պատահական պատերազմ, քանի որ հասկանալի է, որ պատերազմ նախաձեռնելով՝ Ադրբեջանը կպարտվի։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 463 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024