ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 30 » Թշնամուն ծնկի է բերել «պատերազմի աստվածը» /Հայաստանում եւ Արցախում գրեթե միասին են ծնունդ առել պաշտպանական ջոկատները/
18:00
Թշնամուն ծնկի է բերել «պատերազմի աստվածը» /Հայաստանում եւ Արցախում գրեթե միասին են ծնունդ առել պաշտպանական ջոկատները/

«Եթե աշխարհազորայինների կամավորական ջոկատների սկզբնավորմամբ 1992—ին ծնունդ չառներ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած Հատուկ գունդը, որն անկախություն ձեռք բերած Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու խնդրում հզոր ուժ էր հակառակորդին հակազդելու եւ զանգվածային հարձակումները կասեցնելու համար, ապա հայկական կողմին հազիվ թե հաջողվեր համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ ու ձեռնամուխ լինել պաշտպանության բանակի ստեղծմանը»,–հայկական պաշտպանական ուժերի կայացման ու նրա անցած ճանապարհի շուրջ կիսելով սեփական նկատառումները, այս համոզմանն է իմ զրուցակիցը՝ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ազատամարտիկների միության Այգեստանի խորհրդի նախագահ Մհեր Վանեսյանը։
Հայաստանում եւ թե Արցախում գրեթե միաժամանակ են սաղմնավորվել ինքնապաշտպանական ջոկատները, որոնք զգալով պատերազմի վտանգը, ստիպված էին զենք ու զինամթերք հայթայթել, խրամատներ փորել եւ ամրանալ դիրքերում՝ ամեն քայլափոխի պատրաստ լինելով հակահարված հասցնել նախահարձակ թշնամուն եւ արյան գնով պաշտպանել երկրի սահմանները։ Ու, եթե հայ ազատամարտիկները կարողացան անհավասար պատերազմում հաղթանակներ նվաճել ռազմական սպառազենով ապահովված մեծաքանակ ազերի բանակի դեմ եւ ստիպել նրան ճողոպրել՝ պարտության արդյունքում «զիջելով» որոշ տարածքներ, ապա դա հաջողվեց միայն զոհողությունների շնորհիվ, ինչին ստիպված էին գնալ ԼՂՀ պաշտպանական ուժերը։
«Մեր գյուղը Ասկերանի շրջանի այն բնակավայրերից է, որը մոտիկ գտնվելով մայրաքաղաք Ստեփանակերտին, ռազմագործողությունների ժամանակ միշտ էլ հրետակոծությունների թիրախ է հանդիսացել։ Իսկ Արցախում կա՞ բնակավայր, որ պատերազմի «կողքով» լիներ անցած։ Ձորակի գյուղերը՝ Խնածախն ու Լուսաձորը, Դահրավն ու Այգեստանը, շարունակ հրթիռակոծվում էին ադբեջանական Քյոսալար, Ջանհասան, Ջամիլլու եւ Խոջալու կրակակետերի կողմից, որոնք պահեստավորված զինուժով, տեխնիկայով ու ռազմամթերքով բազավորված որջի էին վերածվել, ու սնվելով Բաքվից, նորանոր ծրագրեր էին մշակվում՝ զանգվածային հարձակումների համար,–պատմում է ազատամարտի զինվորը։–Բայց հայ շինականը մի՞թե այնքան միամիտ է, որ անպաշպան մնար ու չհամախմբեր իր ուժերը։ Եվ մյուս բնակավայրերի օրինակով Այգեստանում երկրապահների իրենց ջոկատը կազմավորեցին գյուղի քաջերը։ Սկզբնական շրջանում այն գլխավորում էր Գարիկ Դադայանը։ Ապա նա մեկ այլ գումարտակ տեղափոխվեց, եւ Այգեստանի կամավորականների վաշտի հրամանատարությունը ստանձնեց Սամվել Հակոբյանը։ Տղաները վճռորոշ դերակատարություն ունեցան ադրբեջանական հիշյալ զինված ուժերի ոչնչացման, հայկական գյուղերին մշտապես սպառնացող վտանգը կասեցնելու գործում։ Այդ ծանր մարտերի ժամանակ, որ համընկան Շուշիի ազատագրման ռազմագործողությունների հետ, վաշտը տվեց իր առաջին զոհերը։ Քաջաբար նահատակվեցին Վազգեն Սարգսյանը, Արմեն Պետրոսյաննն ու Վաչիկ Բարսեղյանը։ Հետագայում թշնամու դեմ ահեղ կռիվներում մենք կորցրեցինք մեր մարտական ընկերներից եւս 25—ին… Անասելի ծանր է գիտակցել, որ այսօր նրանք մեր կողքին չեն եւ հիշողություններով ենք միայն հաղորդակցվում»։
Ապա Մհերն ուշագրավ դրվագներ է պատմում մարտական ընկերների մասին, հպարտության հետ մեկտեղ ափսոսանքով ու ցավով վերհիշում նահատակված տղաներին։ «Վաշտի շունչն ու հոգին էր Ռուդիկ Պետրոսյանը, ում հերոսության ու խիզախության մասին բազմաթիվ լեգենդներ կարելի է պատմել»,–հուզմունքը չի թաքցնում Մ. Վանեսյանը։ Սումգայիթի եւ Բաքվի արյունալի դեպքերից հետո նրանց ընտանիքն էլ ստիպված էր տուն—տեղ լքել ու ապաստանել Արցախում։ Չնայած ուրիշ կողմեր տեղափոխվելու հնարավորություններ կային, բայց հայրը նախընտրեց իր ծննդավայրը, ինչը եւ Ռուդիկի սրտով էր…
«Վերադառնալով ծննդավայր, շուտով Ռուդիկը հայտնվեց «հատուկ նշանակության ջոկատի» կազմում։ Այն համարժեք գործողություններ էր իրականացնում՝ ի պատասխան թուրք ելուզակների ծրագրած «մարդաորսի», ինչն ուղեկցվում էր հայկական բնակավայրերի դեմ հարձակումներով, տնտեսությունների ունեցվածքի թալանով ու հրկիզումներով, մարդկանց ծաղր ու ծանակով եւ դաժան սպանություններով,—պատմում է Մհեր Վանեսյանը։—Հաճախ էին մարդիկ պատանդ վերցվում, եւ շատ քչերին էր բախտ վիճակվում մեծ փրկագնով ազատվել գերությունից։ Փարամաքիի տեղամասի անասնապահական համալիրը պաշպանելու ժամանկ էր, երբ Պետրոսյանը կալանավորվեց ազերի օմոնականների կողմից եւ ընկերոջ՝ Էդուարդ Խաչատրյանի հետ նետվեց Շուշիի բանտ։ Ամիսներ հետո պարզապես հրաշքով հաջողվեց նրանց ազատել գերությունից, այլապես թուրքերը մտադիր էին Բաքու տեղափոխել տղերքին ու այնտեղ տանջամահ անել»։
Կամավորների ջոկատին հայր ու տղա միասին էին անդամագրվել ու կռվում էին միեւնույն դասակում։ Ցանկացած ռազմագործողության ժամանակ Ռուդիկը միշտ առջեւից էր գնում՝իր հետեւից տանելով խիզախ տղաներին։ Ու, երբ հայրը որդուն խնդրում էր, որպեսզի շատ «ռիսկի չդիմի», խնայի իրեն եւ «երեխայություն չանի» (Ռուդիկը հոր միակ զավակն էր), նա պատասխանում է, որ ինքը մանուկ չէ եւ շատ լավ գիտի պատերազմում ինչպես վարվել։ «Պատահում էր զույգ ինքնաձիգները, ականանետն ու այլ պարագաներ մի քանի կիլոմետր ոտքով, մացառների միջով հասցնում էր բարձունքն ու երբեք ցույց չէր տալիս, որ հոգնած է։ Ասում էր՝ եթե շարունակ շարժման, լարվածության մեջ լինենք, քնելու, հոգնելու մասին բոլորովին չեն մտածի։ «Պատերազմում չեն հանգստանում, այլ կռվում են։ Հանցագործ է նա, ով դիրքերում քնում է»,— գտնում էր Ռուդիկը, ով իր ազնիվ ու շիտակ, արդար վճիռների համար վայելում էր բոլորի սերն ու հեղինակությունը»,–մարտական ընկերոջ մասին հպարտությամբ է խոսում Մհերը։
1992—ի սեպտեմբերի 26—ին էր։ Ազերիները, որերորդ անգամ նպատակ ունենալով իրենց ձեռքը գցել Խնապատը, Նորագյուղի ուղղությամբ, Փառուխ եւ Քարագլուխ գյուղերի մատույցներում մեծ ուժեր էին կենտրոնացրել եւ փորձում էին ճեղքել հայկական պաշտպանությունը։ Ռուդիկը համախմբած տանում էր տղաներին իր հետեւից՝ ոգեշնչելով նրանց։ Ռազմավարական նշանակության բարձունքի ազատագրումը գրեթե ապահովված էր, եւ հակառակորդը զոհեր տալով ստիպված էր նահանջել։ Սակայն անհավասար մարտում հայկական կողմն էլ ոչ քիչ կորուստներ կրեց։ Քարագլխի հայտնի բարձունքը նվաճված էր արդեն, երբ լուր ստացվեց, որ թշնամու գնդակից քաջաբար զոհվել է եւ Ռուդիկ Պետրոսյանը։ «Երբ մի խումբ վիրավորների հետ որդու դիակը կեսգիշերին մեքենայով տեղափոխում էր զինվորական հոսպիտալ, հոր մտքով չէր էլ անցնում, թե Ռուդիկը նահատակվել է։ Ո՞վ կարող էր այդ պահին խոսք բացել նման ծանր ողբերգության մասին… Մեզնից ոչ ոք չէր ուզում հավատալ այդ հրեշավոր իրողությանը։ Դասակի տղաների համար անչափ դժվար էր հոգեբանորեն հաղթահարել նրա բացակայությունը։ Եթե ոչ Ռուդիկը, ապա ո՞վ պիտի առաջնորդեր իրենց»,—ափսոսանքով նկատում է Մհեր Վանեսյանը։
Ապա, իմ խնդրանքով, ազատամարտի վետերանն անդրադառնում է հրետանային առաջին մարտկոցի ձեւավորման հետ կապված որոշ մանրամասների, որը համալրվելով ժամանակակից տեխնիկայով եւ ունենալով արժանի հերթափոխ, վճռորոշ նշանակություն ունեցավ թշնամու դեմ պայքարում լուրջ հաջողություններ արձանագրելու գործում։ Շուտով ծնունդ առավ հրետանավորների առաջին գումարտակը, որն ընդլայնելով եւ հստակեցնելով ռազմագործողությունների իր շրջանակը, պատվով քննություն բռնեց նշանակալի մի շարք մարտերում եւ հետագայում փաստացի Արցախի պաշպանության բանակի հրետանային ծառայության (գնդի) կորիզը հանդիսացավ։ Իսկ գոյամարտի տարիներին մարտադաշտում այնքան էր խտացել մարդկանց՝ ռազմական ինքնատիպ տեխնիկայի նկատմամբ ունեցած պատկերացումը, որ ծանր հրետանին «պատերազմի աստված» խորհրդավոր ձեւակերպումն էր ստացել։
Մհեր Վանեսյանի համոզմամբ, հաղթանակած երկրի յուրաքանչուր քաղաքացի պիտի ապրի արժանապատիվ կյանքով ու միաժամանակ գիտակցի մի պարզ ճշմարտություն, որ հայրենիքը վտանգվելու դեպքում պարտավոր է կանգնել նրա պաշտպանության դիրքերում։ Երիտասարդ սերնդի համար ուղենիշ պիտի դառնա արցախյան ազատամարտի նահատակների եւ հաշմանդամների ընտանիքներին նյութապես եւ բարոյապես աջակցելը։ «Ամենուր նրանց հոգատարությամբ պիտի շրջապատենք եւ փորձենք հնարավորինս ամոքել անդառնալի կորուստներ կրած ծնողների ու հարազատների վիշտը, ձգտենք թեթեւացնել նրանց հոգսերը,— գտնում է Մհեր Վանեսյանը։—Չ՞է որ ազատամարտում նահատակված տղաների արյան ու մեր պաշտպանության բանակի շնորհիվ է, որ այսօր խաղաղություն է պահպանվում Արցախում, ու անառիկ են մնում երկրի սահմանները»… hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 512 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024