ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 03:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 13 » Տարածաշրջանային նոր իրողությունները եւ Հայաստանը
09:40
Տարածաշրջանային նոր իրողությունները եւ Հայաստանը

Արտաքին քաղաքական կանխատեսումներ ընթացիկ տարվա համար

Ինչպիսի՞ն կարող է լինել 2016 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության համար։ Թե՛ տարածաշրջանային եւ թե՛ համաշխարհային տնտեսաքաղաքական զարգացումները օրախնդիր են դարձնում վերլուծելու առկա եղելությունները եւ դրանց հնարավոր ծավալման կանխատեսման հիման վրա ուրվագծելու մեր երկրի արտաքին քաղաքական կացությունն ու անելիքները։
Վերատարածաշրջայնացում։ Հայաստանի սահմաններից հարավ ընկած մերձավորարեւելյան տարածաշրջանում նախընթաց տարիների զարգացումները ստիպում են վերագնահատել հայկական անվտանգային միջավայրի վրա ազդող գործոնները։ Մերձավորարեւելյան զարգացումների հետեւանքները Հայաստանի համար աստիճանաբար ավելի զգալի են դառնալու՝ պայմանավորված երկու հիմնական գործոնով։
Առաջինը Թուրքիայի շուրջ ընթացող զարգացումներն են, այդ թվում՝ Թուրքիայի մերձավորարեւելյան «պարտիայում» պարտությամբ եւ ռուս—թուրքական դիմակայությամբ։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանակալության տարիներին Թուրքիան սկզբնապես հետեւողականորեն իրականացնում էր նախկին Օսմանյան կայսրության տարածքներում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում համագործակցության միջոցով տնտեսական ազդեցությունը մեծացնելու քաղաքականություն։ «Արաբական գարնան» շարժումները թուրքական վերնախավի կողմից դիտարկվեցին որպես տարածաշրջանում հետայսու նաեւ ռազմաքաղաքական ներկայությունը բազմապատկելու բարեպատեհ առիթ։ Եգիպտոսում 2013 թ. հուլիսյան հակահեղաշրջումից եւ Թուրքիայի օժանդակությունը վայելող «Մահմեդական եղբայրների» տապալումից հետո պարզ դարձավ, սակայն, որ եգիպտական ճակատում Թուրքիայի պլանը ձախողվեց։ Չնայած սրան՝ Թուրքիան հակաիշխանական ուժերին սատարելու նույն քաղաքականությունը վարեց նաեւ Սիրիայի պարագայում։ Այս հարցում Անկարայի քաղաքականությունը մեծապես տուժեց 2013 թ. եւ 2015 թ. աշնանը՝ կապված սիրիական հարցում համաշխարհային ուժային դերակատարների, այդ թվում՝ Ռուսաստանի դերի կտրուկ մեծացմամբ, ինչն էապես սահմանափակում եւ արգելակում էր տարածաշրջանային մակարդակի խաղացող Թուրքիայի դերը։
Ինչ վերաբերում է բուն ռուս—թուրքական հարաբերություններին, ապա դեռ 2014թ. վերջին դրանք Թուրքիայի կողմից դիտարկվում էին որպես այլընտրանք սիրիական պատերազմի հետեւանքով անկատար մնացած էներգետիկ ձեռնարկումներին, որոնք Թուրքիային դարձնելու էին միջտարածաշրջանային էներգետիկ հանգույց։ Սիրիական հարցում ռուսական միջամտությունը եւ ահաբեկչական խմբավորումներին թիրախավորելը, սակայն, հակասում էին Թուրքիայի գերակա շահերին, ինչը եւ հանգեցրեց ռազմական ինքնաթիռի խոցման հայտնի միջադեպին եւ հարաբերությունների բացահայտ սրմանը։
Բանն այն է, որ սիրիական հարցում Թուրքիայի անզիջում դիրքորոշումը պայմանավորված էր այն ահռելի ազդեցությամբ, որ տվյալ հակամարտությունը թողնում է թուրքական ներքին կյանքի վրա։ Խոսքն առաջին հերթին, իհարկե, վերաբերում է քրդական զարթոնքին։ Մերձավորարեւելյան ընդհանուր, ի մասնավորի՝ սիրիական եւ քրդական դեպքերի հետեւանքով առաջ եկած ուժային վակուումի մի մասը 2003թ. հետո առաջին անգամ թերեւս լրացվեց տարածաշրջանային տեղական ուժի՝ քրդական ռազմական եւ քաղաքական միավորների կողմից։ Քրդերի վերելքը շոշափելի եղավ նաեւ Թուրքիայում, հատկապես անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների երկու փուլերում, երբ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» երկրի կյանքում օրենսդրական դերակատարման եւ քաղաքական ներկայության լուրջ հայտ ներկայացրեց։ Արդյունքում մեզ հարող տարածաշրջանի մերձակա կետերից մեկում ստեղծվեց լարվածության ու բռնության հերթական օջախը՝ թուրքական կանոնավոր ուժերի եւ քրդական աշխարհազորայինների միջեւ ռազմական բախումների տեսքով, որ շարունակվում է 2015թ. հուլիսից առ այսօր։
Այսպիսով, ձախողելով իր մերձավորարեւելյան եւ հյուսիսային՝ ռուսական քաղաքականությունները՝ Թուրքիան այսօր վերստին փորձում է ակտիվացնել նախկինում այս կամ այն չափով թերագնահատած ուղղությունները։ Այսպես, 2015թ. դեկտեմբերի 15—ին, առաջին անգամ 2010թ.—ից հետո, Թուրքիա—ԵՄ գործընթացում ապասառեցվեց եւ բացվեց հերթական՝ 17—րդ բանակցային զամբյուղը (գլուխը), որ վերաբերում է տնտեսական եւ դրամավարկային հարցերին։ Վերոբերյալ գործոններով պայմանավորված՝ չի բացառվում, որ Թուրքիան ակտիվացնի իր քաղաքականությունը նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում՝ հանդես գալով քաղաքական կամ տնտեսական նոր ձեռնարկումներով կամ որակապես ամրապնդելով հները։ Այս հարցում Հայաստանին անհրաժեշտ նվազագույնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Թուրքիայի միջամտությունները կանխելն է, իսկ առավելագույն ցանկալին՝ Թուրքիայի հետ երկուստեք առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսումը, ինչի հնարավորությունը, ցավոք, սահմանափակ է՝ պայմանավորված Թուրքիայի ներկայիս դիրքորոշմամբ։
Տարածաշրջանային թնջուկի հաջորդ բաղադրիչը կազմում է Իրանը, որի շուրջ ընթացող իրադարձությունները կարող են ստիպել վերջինիս նույնպես կողմնորոշվել դեպի հյուսիս եւ ակտիվացնել քաղաքականությունն այս ուղղությամբ։ Իրանի դիվանագիտական եւ տնտեսական ապաշրջափակումը եւ սիրիական հարցում վստահ քաղաքականությունը ստիպեցին վերջինիս տարածաշրջանային հակառակորդ Սաուդյան Արաբիային՝ միասնական ճակատ հարդարելու այդ երկրի դեմ։ Յուրատեսակ մերձավորարեւելյան «սառը պատերազմի» նմանվող այս դիմակայության «տաք օջախներ» ներկայումս կան Եմենում, Իրաքում եւ, իհարկե՝ Սիրիայում։ Դեռ նախորդ տարեվերջին Սաուդյան Արաբիայի ջանքերով ստեղծված «իսլամական երկրների կոալիցիան», որի հռչակված նպատակը ահաբեկչության դեմ պայքարն էր, թվում է՝ սկսել է արդեն իսկ կիրարկվել՝ որպես իրանական ազդեցության դուրսմղման միջոց։ Այնուամենայնիվ, Իրան—Սաուդյան Արաբիա դիմակայության հնարավոր ելքը կանխատեսելը դեռեւս անհնար է, մանավանդ որ դա մեծապես կախված է վերոնշյալ երկրներում ընթացող զինված հակամարտություններից յուրաքանչյուրի ռազմական իրավիճակից եւ այս կամ այն կողմի հաջողությունից։
Համաշխարհային զարգացումների շարքում Հայաստանի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործող գործոններից են Չինաստանի համաշխարհային ակտիվացումը, մետաղահումքային եւ ածխաջրածնային ռեսուրսների համաշխարհային գները եւ Ռուսաստան—Արեւմուտք լարվածության հետագա ճակատագիրը։ 
Ինչպես հետխորհրդային որոշ երկրների պարագայում նավթի, այնպես էլ մեր պարագայում՝ պղնձի համաշխարհային գների անկումը հրամայական են դարձնում տնտեսության այսպես կոչված ոչ հումքային ճյուղերի համաչափ զարգացումը՝ շեշտը դնելով լրացուցիչ արժեքով հագեցած արտադրանքի (այդ թվում՝ գիտատար) տեղական արտադրության, սպառման եւ արտահանման վրա։ Մյուս կողմից, արտաքին շուկաների եւ արտաքին տնտեսական գործընկերների ընտրության հարցում ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի համար հարկ է առավելագույն շրջահայացություն ցուցաբերել՝ հաշվի առնելով, որ ժամանակակից անկայուն աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, քաղաքական հանկարծահաս գործոնները կարող են նախկինում հարմար տնտեսական գործընկերոջը դուրս մղել միջպետական գործընկերային ցուցակից։ Այսպիսով, հարկ է տնտեսական ձեռնարկումները խստորեն զուգադրել քաղաքական իրողությունների հետ։
Ինչ վերաբերում է բուն քաղաքական եւ անվտանգային միջոցառումներին, ապա կարող ենք համարել, որ Հայաստանի ներկայիս ուղեգիծը թույլ է տալիս՝ գտնվելով կոնֆլիկտով բռնված տարածաշրջանների հարեւանությամբ, ապահովել անվտանգության առավելագույն հնարավոր մակարդակ։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անկայուն վիճակը եւ միմյանց հաջորդող զարգացումները ստիպում են նաեւ հայաստանյան գիտավերլուծական շրջանակներին՝ տարատեսակ սցենարների իրագործման համար մշակել գործողությունների հավանական ծրագիր։ Որպես ասվածի եւ առաջին հայացքից այսօր անհավանական թվացող զարգացումներին ադեկվատ կերպով պատրաստվելու օրինակ կարող ենք նշել «Շանթ—2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ հարեւան Թուրքիայից դեպի Հայաստան փախստականական, այդ թվում՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման մարտիկների ներհոսքի մոդելավորման փաստը։
Որպես ամփոփում՝ նշենք, որ ընդհանուր ճգնաժամայնությամբ եւ դրա համապատկերում՝ «ազդեցության գոտիների» նոր վերաբաժանմամբ բնութագրվող ժամանակակից աշխարհում, այդ թվում՝ մեզ հարող մերձավորարեւելյան տարածաշրջանում ընթացող գործոնները կասկած չեն թողնում, որ միջազգային քաղաքականության մեջ բացվում է նոր դարագլուխ, որի կենտրոնադիր առանցքը պտտվում է մարդու շուրջ՝ որպես հիմնական արտադրող եւ սպառող, հետեւաբար հաջողության կհասնեն եւ դիրքերը կպահպանեն այն պետությունները, որոնք նվազագույն անհրաժեշտ ռազմական եւ վարչարարական ծախսերից զատ՝ էական ներդրումներ կուղղեն մարդկային զագացմանն ու նախաձեռնողականության մեծացմանը։ hhpress.am
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 27 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017