ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 4 » Տնտեսական ինտեգրման սերտացումը՝ նպատակ /Բացվել է հայ—ռուսական միջտարածաշրջանային 4—րդ համաժողովը/
14:53
Տնտեսական ինտեգրման սերտացումը՝ նպատակ /Բացվել է հայ—ռուսական միջտարածաշրջանային 4—րդ համաժողովը/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ «Երեւան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մասնակցել է հայ–ռուսական միջտարածաշրջանային 4–րդ համաժողովի պաշտոնական բացմանը, հայտնումե ն ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
 Համաժողովն անցկացվում է «Հայաստան–Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո։
Մինչ աշխատանքներն սկսելը համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 31–ին Շարմ Էլ–Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորված ինքնաթիռի վթարի եւ նոյեմբերի 3–ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի մոտ Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսի վթարի պատճառով զոհվածների հիշատակին։
Հայ–ռուսական միջտարածաշրջանային 4–րդ համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՀՀ նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. «Սրտանց ողջունում եմ արդեն բարի ավանդույթ դարձած եւ մեր երկրների ու տարածաշրջանների միջեւ համագործակցության ամուր հիմք դրած հերթական՝ Հայ—ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին։
Հայ—ռուսական դաշնակցային հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, ներառելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ՝ քաղաքական, ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական եւ մարդասիրական։ Մեր երկրների ապակենտրոնացված փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում է այս երկկողմ ռազմավարական գործընկերության հարուստ ներկապնակը, որի հիմքում ընկած են մեր ժողովուրդներին դարեր շարունակ միավորող բարեկամական կապերը։
Հիմնվելով արդեն անցկացված համաժողովների արդյունքների վրա, որոնց ընթացքում ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր, մենք կարող ենք արձանագրել, որ այս ոլորտում համագործակցությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Համաժողովի աշխատանքի տեսանելի արդյունքներից են միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը, համատեղ գործնական նախագծերի իրականացումը եւ համագործակցության հեռանկարային ուղղություններում ներդրումների ներգրավումը։
Հայ—ռուսական համաժողովները դարձել են կարեւոր հարթակ, որը հավաքում է մեր երկրների պետական իշխանության, գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներին, նրանց հնարավորություն ընձեռելով մշակել գործուն մեխանիզմների եւ համագործակցության նոր ուղղություններ՝ ուղղված մեր տարածաշրջանների ռեսուրսային ներուժի բացահայտմանը։
ԵԱՏՄ մտնելով՝ մեր երկրները բարձրացան փոխշահավետ գործընկերության որակական նոր մակարդակի, եւ մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի օգտագործենք ԵԱՏՄ—ի ընձեռած լայն հնարավորությունները, մասնավորապես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման։ Մեր աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի առեւտրային եւ ներդրումային հոսքերի մեծացմանը, գործնական կապերի ամրապնդմանը եւ, ի վերջո, մեր տնտեսությունների ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի հասնելուն։
Անկասկած, միջտարածաշրջանային համագործակցության կարեւոր բաղկացուցիչներից է հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, որը հետեւողականորեն զարգանում է։
Այս տարի Երեւանում բացվեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ—ի մասնաճյուղը։ Բառացիորեն օրեր առաջ Երեւանում անցկացվեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը, որի անցկացման վայրը պայմանավորված էր հայ ազնվական դինաստիայի՝ Լազարյանների կողմից Արեւելյան լեզուների ճեմարանի հիմնադրման 200—ամյակի նշմամբ, որը ՄՄՀՊԻ ձեւավորման հիմք դարձավ։ Մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված մշակութային կապերի պահպանումն ու ընդլայնումը պետք է դառնա միջտարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջնային ուղղություններից մեկը։
Համոզված եմ, որ ձեր բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք նշանակալի արդյունքներ կարձանագրենք հայ—ռուսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։
Մաղթում եմ հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ»։ 
Իր հերթին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն համաժողովի մասնակիցներին փոխանցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Համաժողովի օրակարգում ընդգրկված են երկու երկրների առեւտրա—արդյունաբերական, մշակութային, կրթական, սպորտային եւ զբոսաշրջության ոլորտներին վերաբերող հարցեր։ Այս ոլորտներում ձեռք բերված առաջընթացը կարեւոր նախադրյալ է հանդիսանում մեր երկրների ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության ամրապնդման համար։ Ես հույս ունեմ, որ քննարկումների ընթացքում ծնված գաղափարները եւ առաջարկությունները ամուր հիմք կծառայեն հայ—ռուսական փոխշահավետ համատեղ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաեւ կնպաստեն հայ—ռուսական երկխոսության հետագա զարգացմանը»։ 
Ապա ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Ողջունելով հայ–ռուսական միջտարածաշրջանային 4–րդ համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Համաժողովի պարբերական անցկացումն արդեն լավ ավանդույթ է դարձել։ Տարածաշրջանների ղեկավարներին, գործարար աշխարհի, հասարակական, գիտական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին համախմբող այս ֆորումը դարձել է արդյունավետ հարթակ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության միջտարածաշրջանային մակարդակով հարցերի ամենալայն շրջանակի բաց քննարկումների համար։
Կցանկանայի ընդգծել, որ այս միջոցառումները ոչ թե ֆորմալ, այլ գործնական բնույթ են կրում։ Միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը նպաստում է գործնական հարցերի լուծմանը, խթանում ներդրումների ներգրավումը եւ նորարարությունների աճը։ Կարող ենք փաստել, որ մեր համագործակցությունն այս ձեւաչափով կայացել է։
Արդիական է նաեւ համաժողովի առանցքային թեմայի ընտրությունը՝ «Հայաստան–Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»։ Տնտեսական միությունը բազմապատկեց մեր երկրների ընդհանուր ներուժը, եւ նրա աշխատանքը հնարավորություն է տալիս վերացնել շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար։ Գրեթե մեկ տարի գործող Եվրասիական տնտեսական միությունն իրեն դրսեւորել է որպես խոստումնալից ինտեգրացիոն միավորում, որն ունի աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման մեծ ներուժ։ Մեր ինտեգրացիոն կառույցներն անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում առեւտրատնտեսական կապերի հետագա ակտիվացման եւ ամրապնդման համար, բայց մենք եւս պետք է խթանենք ոչ միայն շրջանակային համաձայնագրերը, այլեւ կոնկրետ նախաձեռնությունները։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ ուշադրություն է դարձնում միջտարածաշրջանային կապերի զարգացմանը, հատկապես փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտների միջեւ շփումների հաստատմանը։ Այսօր մեր առջեւ ծառացել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ազգային տնտեսությունների արդիականացումն ու մրցունակության բարձրացումը, մարդկանց կյանքի որակի բարելավումը։ Վստահ եմ, որ միջտարածաշրջանային մակարդակով արդյունաբերական գործակցության եւ առեւտրի ակտիվացումը, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության զարգացման ոլորտներում կապերի ընդլայնումը հետագայում նույնպես կնպաստեն մեր պետությունների ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ 
Այս տարի ավելացել է գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Ռուսաստան, ինչը վկայում է ռուսաստանյան շուկայում մեր արտադրանքի պահանջված լինելու մասին։ Այս միտումը պահպանելու համար պետք է ամեն կերպ զարգացնենք լոգիստիկան եւ փոխադարձ ներդրումները, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք բիզնեսի համար։ Հենց այդ նպատակով էլ հանդես եկանք ԱԱՀ վերադարձման պարզեցված մեխանիզմների ներդրման նախաձեռնությամբ։
Համաժողովի օրակարգում հատուկ ուշադրության է արժանացել նաեւ էներգետիկ համագործակցությունը։ Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը եւ զարգացնել այլընտրանքային աղբյուրները, ինչպես նաեւ մտածել ազգային փոխարժեքով էներգետիկ ռեսուրսների առեւտրի շուրջ, ինչը զգալիորեն կնվազեցնի անկայունությունը մեր երկրների ներքին շուկաներում։
Համաժողովը պատշաճ ուշադրություն է դարձնում նաեւ հումանիտար ոլորտում համագործակցությանը, որը հատկապես կարեւոր է մեր եղբայրական երկրների համար։ Կարծում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում բավական բարձր է շարունակում մնալ զբոսաշրջության ոլորտում չիրացված ներուժի մասնաբաժինը։ Այդ նպատակով մենք արդեն հանդես ենք եկել առաջարկությամբ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարողանան Հայաստան այցելել։
Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք, իսկ տարածաշրջաններին՝ հետագա հաջողություններ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների։ Վստահ եմ՝ ինչպես եւ նախորդ համաժողովները, այս համաժողովը եւս կոնկրետ արդյունքներ կարձանագրի ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների»։
Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ներկայությամբ ստորագրվել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ ՀՀ Վայոց ձորի մարզի եւ ՌԴ Արխանգելսկի նահանգի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության 2012 թ. համաձայնագրի իրագործման 2015–2017 թթ. միջոցառումների ծրագիրը, «Զարգացման միջպետական կորպորացիա» ԲԲԸ եւ Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի միջեւ համատեղ գործունեության համաձայնագիրը, ՀՀ եւ ՌԴ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ձեւավորման մտադրությունների մասին հուշագիրը եւ «Մոսկվորեցկի առեւտրի տուն» ՍՊԸ եւ «Հայաստանի ջերմոցային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ միջեւ համագործակցության մասին հուշագիրը։
Հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է 2011 թվականից ՀՀ եւ ՌԴ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ՝ հնարավորություն տալով որակական նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունների միջտարածաշրջանային ձեւաչափը։ Ֆորումի նպատակն է քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, նպաստել ՀՀ մարզերի եւ ՌԴ տարածաշրջանների միջեւ համագործակցության ներուժի բացահայտմանը եւ նոր կապերի հաստատմանը։ Միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են ՀՀ բոլոր մարզերը, ՌԴ ավելի քան 70 դաշնային միավորներ։ Նախկին համաժողովներից հետո կապեր են հաստատվել ՀՀ Վայոց ձորի մարզի ու ՌԴ Արխանգելսկի նահանգի, ՀՀ Լոռու մարզի ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջեւ, քննարկվում են ՀՀ Սյունիքի մարզի եւ ՌԴ Վոլգոգրադի նահանգի, ՀՀ Արարատի մարզի եւ ՌԴ Ռոստովի նահանգի միջեւ համագործակցության հնարավորությունները։ Համաժողովին մասնակցում են պետական կառույցների, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 420 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024