ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 07:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 15 » Տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ–2
12:54
Տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ–2

ԳՁՕ—ն դուրս է մղում բնական օրգանիզմին եւ զրկում նրան «ձայնի իրավունքից»
Անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին՝ «ՀՀ»—ն մտահոգություն էր հայտնել վերջերս շուկայում առկա սննդամթերքում հայտնաբերված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների՝ ԳՁՕ—ների առկայության հետ կապված՝ հակիրճ ներկայացնելով ընդհանրապես աշխարհում այդ բնագավառի իրավիճակը։ Փաստ է՝ մեր դռանն էլ այդ ուղտը չոքեց։ Դե եթե կա խնդիր, ուրեմն անհրաժեշտ է լուծում։ Մինչեւ սա քննարկելը, արծարծենք այն հարցը, թե ինչո՞ւ են ստեղծվում տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, ինչի՞ կարող է հանգեցնել ԳՁՕ—ով հարուստ սննդամթերք գործածելը եւ այլն։
Մասնագիտական հարթությունում փնտրտուքը մեզ համար պարզաբանեց, որ աշխարհում 70—ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ—ի տեխնոլոգիան, եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան։ Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանիների ստեղծումը։ Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին ց տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ։ Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ, ստեղծել նոր՝ ԳՁՕ—ներ, որոնք օժտված կլինեն նախօրոք տրված օգտակար հատկանիշներով։ Գենային ինժեներիայի աշխատանքները ընթանում են մի քանի փուլով։ Մոլեկուլյար գենետիկայի մեթոդների հիման վրա առաջացած տեխնոլոգիաները օգտագործվում են ամենատարբեր բնագավառներում՝ նախօրոք տրված հատկություններով գենետիկորեն ձեւափոխված բույսերի եւ կենդանիների ստացում, միկրոօրգանիզմների ստացում, առանձին օրգանների, ամբողջական օրգանիզմների եւ բջիջների կլոնավորում, մարդու եւ կենդանիների ժառանգական հիվանդությունների ախտորոշում։ Մի կողմից, գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին հաղթահարել բազմաթիվ խնդիրներ արդյունաբերության եւ բժշկության բնագավառներում, սակայն դրա հետ մեկտեղ ԴՆԹ—ի մոլեկուլների հետ գործողությունները առաջացնում են նաեւ լուրջ մտավախություններ։ Որպես հետեւանք, ի վերջո, կարող են առաջանալ պաթոգեն մանրէների եւ վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն ներկայումս օգտագործվող բոլոր անտիբիոտիկների նկատմամբ։
ԳՁՕ—ներին եւ կենսաանվտանգության խնդիրներին է անդրադարձել կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Ավագյանը։ Ըստ մասնագետի, մշակաբույսերի գենային ինժեներիայի (ԳԻ) մեթոդով տրանսգեն ձեւերի ստացման էությունը գենային կառուցվածքի ձեւափոխումն է՝ տնտեսապես արժեքավոր հատկանիշներով ձեւեր ստանալու նպատակով։ Խոսքը տրանսգեն բույսերի մասին է, որոնց սեփական գենետիկական նյութում մտցված են տարածին գեներ։ Սկզբունքորեն դրանք կարող են լինել ցանկացած ձեւի, սակայն, սովորաբար, դրանք բույսերին տալիս են դիմացկունություն՝ վնասատուների, հիվանդությունների եւ հերբիցիդների նկատմամբ։ Ըստ կանխատեսումների, երկրի բնակչությունը մոտ ապագայում կարող է հասնել 10 միլիարդի։ Ինչպես կերակրել այդքան մարդկանց, եթե 5 միլիարդի դեպքում որոշ տարածաշրջաններում բնակչությունն արդեն իսկ սովամահ է լինում։ «Այստեղից հետեւություն է արվում, եթե երկիրը չօգտագործի ԳՁՕ—ներից ստացված մթերք, ապա մարդկությունը, մասնագետների կարծիքով, կմատնվի սովամահության։ Հենց այդ հանգամանքն էլ պատճառ է հանդիսացել համաշխարհային շուկայում ԳՁ մթերքի ի հայտ գալուն»։ Գենային ինժեներիան հնարավորություն է տալիս հաղթահարել միջտեսակային պատնեշները եւ խառնել բացարձակորեն իրար հետ չկապված տեսակների ժառանգական հաղորդագիրը, օրինակ՝ լոլիկի բջջում բնակեցնել ձկան հյուսվածքների սառեցումն արգելակող սպիտակուցի կոդավորող գենը, իսկ կարտոֆիլի բույսի բջջում՝ վնասատու միջատի համար մահացու թույն կոդավորող բակտերիայի գենը։ Արհեստական ձեւափոխված առաջին մթերքը 80—ական թվականներին եղել է լոլիկը, որի հատկությունը չհասունացած վիճակում 12 ց —ում պահպանվելն է, իսկ այնուհետեւ, տաք պայմաններում, մի քանի ժամվա ընթացքում հասունանալը։ 1984թ. հանդես եկավ ԳՁ կարտոֆիլը, որը պաշտպանված էր կոլորադյան բզեզից։ Այնուհետեւ խանութներում երեւացին այլ ԳՁՄ—ներ՝ կաթ, պանիր, միս, միրգ եւ այլն։ Տրանսգեն բույսերի ցանքատարածություններն ամբողջ աշխարհում կազմում է մոտ 60 մլն հեկտար, որից 60%—ը բաժին է ընկնում ԱՄՆ—ին, որտեղ եգիպտացորենի՝ 25, սոյայի՝ 38 եւ հլածուկի՝ 10%—ը մշակվում է տրանսգեն ձեւերով։ ԱՄՆ—ում մթերքի 60%—ը, այդ թվում՝ եւ մանկական սնունդը, պարունակում է տրանսգեն բույսերից ստացված թեկուզ մեկ բաղադրիչ։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունում մոտ 70 ներկրվող տրանսգեն բույսեր գրանցված են օգտագործման, բայց ոչ մշակման համար թույլատրելի։ Ռուս գիտնականները հարց են բարձրացնում, արդյո՞ք Ռուսաստանին պետք է տրանսգենային տեխնոլոգիա։ Հարցը համարյա հռետորական է եւ չունի միանշանակ պատասխան։ Այդ երկիրը դաշտերի մոլախոտվածության եւ վնասատուների պատճառով ամեն տարի կորցնում է հացահատիկի՝ 34.6, շաքարի ճակնդեղի՝ 42, արեւածաղկի՝ 37, կարտոֆիլի՝ 46.2%—ը։ ՌԴ—ում գործում են հատուկ հավաստագրված պահպանվող տարածքներ, որտեղ փորձարկվում են տրանսգեն բույսերը։
Վ. Ավագյանը ժամանակին բացատրել էր, որ գիտնականները ԳՁՕ—ների լայն ներդրմանն իրենց կողմ կամ դեմ լինելը ընդգծված չեն արտահայտում։ Նրանք միայն պահանջում են խստացնել ԳՁՄ փորձաքննության նորմերը՝ գտնելով, որ գրանցված, ստուգված եւ հավաստագրված տրանսգեն մթերքը առողջության համար վտանգավոր չէ։ Գիտնականները պետք է մշտապես հետեւեն, որպեսզի տրանսգեն սորտերը չկորցնեն դիմացկունությունը հերբիցիդների նկատմամբ, իսկ մոլախոտերը այն ձեռք չբերեն։ «ԳՁ մթերքի առավելություններն ավելի քան ակնհայտ են։ Միայն լրիվ պարզ չեն վերջինիս արտադրությունում ներդնելու եւ օգտագործելու հետեւանքները։ Ուստի շատ երկրների գիտնականներ չեն շտապում գենային ինժեներիային մթերքի արտադրությունը ճանաչել որպես բարօրություն եւ զգուշացնում են, որ դրա տարածումը ամբողջ մարդկության համար կարող է ունենալ վնասակար հետեւանքներ»։ Մոսկվայում դեռ 2003թ. կենսատեխնոլոգիային նվիրված միջազգային գիտաժողովում գիտնականներն արձանագրել են, որ ներկայիս գիտելիքների մակարդակի չափանիշներով, գենային ինժեներիայի մեթոդներով ստացված մթերքն անվնաս է օգտագործման համար։ Բայց գիտնականների խումբ էլ կա, որ գենային ինժեներիայի վտանգավորության 10 գիտական հիմնավորումներ են բերում։ «Հարց է ծագում,—գրել է մասնագետը,— արդյո՞ք գիտելիքների մակարդակը բավարար է ԳՁ մթերքի անվտանգության մասին որոշում կայացնելու համար։ Մինչեւ այժմ գոյություն ունեցող պահանջները անվտանգության ստուգման համար խիստ անբավարար են։ Դրանք ակնհայտորեն չեն բխում սպառողների շահերից։ Գիտնականների մի մասը գերագնահատում է ԳԻ—ի ստացված արդյունքները եւ թերագնահատում վտանգը։ Ոմանք գտնում են, որ գենային ինժեներիայի աշխատանքները ոչնչով չեն տարբերվում բույսերի եւ կենդանիների ընտրասերման մեթոդներից, միայն արդյունքի կարելի է հասնել ավելի արագ»։ Մինչդեռ իրականում ԳԻ—ն փոխում է օրգանիզմի գենոտիպը, որը բնական պայմաններում տեղի չի ունենում։ Մարդը չի կարող արագացնել էվոլյուցիան։ Երբ բույսի մեջ ներմուծվում է բակտերիայի գեն, իսկ միջատի մեջ՝ ձկան, դրանք կարող են ունենալ անսպասելի ազդեցություն բջջի մնացած գեների վրա։ Առանձին դեպքերում դա նկատելի կլինի անմիջապես, այլ դեպքերում՝ միայն մի քանի սերունդ հետո։
ԳՁ բանջարեղենը, օրինակ, իր արտաքին տեսքով չի տարբերվում սովորականից։ Սակայն մի շարք հետազոտողների կարծիքով, ԳՁ մթերքը, մարդու համար որպես սննդի տարր ներդնելը, ինչպես նաեւ շրջակա միջավայրում դրանց տարածվելը, պոտենցիալ վտանգ է պարունակում։ Բանն այն է, որ «առաջին գենոձեւափոխված մթերքի օգտագործումից մինչեւ այսօր, ԳՁՕ—ի համալիր հետազոտություններ չեն կատարվել։ Հայտնի է միայն, որ ընկնելով շրջակա միջավայր, ԳՁՕ—ն կարող է տրամախաչվել բնական վայրի ցեղակից տեսակների հետ, եւ դուրս մղելով դրանց, նվազեցնել կենսաբազմազանությունը։ Հայտնի են նաեւ այլ բացասական հետեւանքներ։ Գենոտիպ ներմուծած նոր գենի գործելու ընթացքում սահմանափակվում է տեր բույսի «ձայնի իրավունքը»։ Շատ հաճախ, առանց տեսանելի պատճառների, նոր գենը ակտիվորեն գործում է միայն որոշ ժամանակ եւ հետո հանկարծ «լռում»։ Սակայն դրա կանխագուշակումը բացարձակ անհնար է»։ Հերբիցիդներին դիմացկուն ճակնդեղի եւ հլածուկի տրանսգեն ձեւերով մշակումը հանգեցնում է 20—30% վայրի ֆլորայի եւ անողնաշարավոր կենդանիների ցեղախմբերի կրճատմանը, այսինքն՝ կենսաբազմազանության աղքատացմանը։
Ներկայումս թե Եվրոպայում, թե ՌԴ—ում ԳՁՕ—ների նկատմամբ պահանջները խստացվել են։ ԵՄ—ն արգելել է 1%—ից ավելի ԳՁ պարունակող մթերքի ներկրումը։ Ի՞նչ է ենթադրում մեր երկրում համապատասխան օրինագիծը, կներկայացնենք առաջիկայում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2532 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024