ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 20:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 24 » Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը 3 /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/
15:27
Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը 3 /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/


Սկիզբը՝ նախորդիվ

Ակնհայտ է, Անդրկովկասն անկախ հռչակելու թուրքական պատվիրակության ակնհայտ պնդումները եւ ճնշումներն ունեին Թուրքիայի շահերից բխող՝ զավթողական նկրտումներով պայմանավորված, լուրջ դրդապատճառներ։ Երկու պատվիրակությունների նախագահների մասնավոր զրույցների ժամանակ Ռաուֆ—բեյը Ա. Չխենկելուց չթաքցրեց, թե ինչով է պայմանավորված Անդրկովկասի անկախության հռչակման՝ Թուրքիայի վճռականությունը։ «Թուրքիան,–ասում է Հուսեյն Ռաուֆ—բեյը,–ատելի է Ռուսաստանի համար, եւ նրան (Թուրքիային Գ. Պ.) անհրաժեշտ է Կովկասի անկախությունը որպես բուֆեր Ռուսաստանի դեմ։ Եթե Կովկասը կարող է այդ դերը կատարել, ապա կարելի է խոսել ամրոցները (Բաթում, Կարս Գ.Պ.) նրան վերադարձնելու մասին։ Սակայն հարց է, թե արդյո՞ք կարող է Կովկասը դառնալ ամուր ինքնուրույն միասնություն (իմա՝ պետություն Գ. Պ.), եւ երկրորդ՝ կարելի՞ է վստահ լինել, որ հավատարմորեն կպաշտպանի Թուրքիայի շահերը։
…Կովկասն անկախ պետք է լինի, որովհետեւ երկյուղում ենք, թե հարմար առիթի դեպքում Կովկասը դարձյալ կշրջվի Ռուսաստանի կողմը։ Չէ՞ որ Ռուսաստանը մի 20 տարի հետո նորից կհառնի։ Եվ մի՞թե Ռուսաստանը կարող է հրաժարվել ողջ երկիրը վառելիքով ապահովող Բաքվից»։
Ինչպես երեւում է, թուրքերն ունեին մտավախություն, թե արդյո՞ք անկախության հռչակումից հետո կարող էր ստեղծվել Անդրկովկասի ինքնուրույն միասնական ամուր պետություն, արդյո՞ք նա կարող է ծառայել որպես բուֆեր—պետություն՝ պատնեշ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վերջինից պաշտպանվելու համար։ 
Սակայն այդպիսի հավանականությունները քիչ իրատեսական էին, որովհետեւ պայմանավորված էին մի շարք լուրջ հանգամանքներով եւ խոչընդոտներով։ Օսմանյան կայսրությանը քաջ հայտնի էին այդ երկրամասի երեք գլխավոր ազգերի միջեւ առկա խոր հակասությունները եւ հակամարտությունները, որի գլխավոր պատճառը նրանց քաղաքական տարբեր կողմնորոշումներն էին ու ազգային—տարածքային սահմանների վեճերը, որոնք երբեմն վերածվում էին ազգամիջյան արյունալի բախումների։ Թուրքերին հայտնի էր նաեւ վրացիների եւ կովկասյան թաթարների բացահայտ հակառուսական դիրքորոշումը (անվիճելի էր կովկասյան թաթարների թուրքական կողմնորոշումը), սակայն նրանք վստահ չէին, թե արդյո՞ք վրացիները կարող են թուրքական կողմնորոշում որդեգրել։ Թուրքերին հայտնի էր նաեւ հայերի ավանդական ռուսական կողմնորոշումը, եւ նրանք մտավախություն ունեին, որ Արեւելյան Հայաստանը կարող է Ռուսաստանի մաս կազմել, որը լիովին հակասում էր իրենց շահերին։ Վերջապես, նման իրադրության պայմաններում թուրքերը վստահ չէին, որ վրաց—թաթարական հակառուսական կողմնորոշումը կարող էր բավարար չափով նպաստել Անդրկովկասին սեփական ուժերով պաշտպանվելու Ռուսաստանից։ 
Հետեւաբար, առկա խոչընդոտները չէին կարող երաշխիք լինել Թուրքիայի անվտանգությանը հարեւան հյուսիսից (Ռուսաստան)։ Այդ ամենը կանխելու համար թուրքերը վճռական էին տրամադրված Բաթումը, Արդահանը եւ Կարսը որպես ռուսներից պաշտպանվելու ամրոցներ պահելու հարցում։ Ավելի ուշ Հուսեյն Ռաուֆ—բեյը Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահի հետ մասնավոր զրույցի ժամանակ դարձյալ կրկնում է նույն միտքը. «10—20 տարի հետո Ռուսաստանը ամրապնդվելուց հետո վերադառնալու է Կովկաս, հետեւաբար Անդրկովկասը պետք է հասկանա Թուրքիային եւ նրան ընդառաջ գնա»։ Թուրքիան, օգտվելով նման նպաստավոր պահից, ձգտում էր տարածքային զավթումներով վերջնականապես ապահովել իրեն Ռուսաստանից սպասվող վտանգից, որը ոչ հեռավոր ապագայում կարող էր իրական սպառնալիք դառնալ իր սահմանների համար։ Եվ դրա համար էլ հայտարարում է, որ Կարսը, Արդահանը եւ Բաթումը պետք է մնան իր տիրույթում իբրեւ ռազմական ամրոցներ։ Թուրքերը հենց դրանով էլ պատճառաբանում էին Կարսը եւ Բաթումը զավթելու անհրաժեշտությունը. Կարսը՝ Էրզրումի պաշտպանության համար, իսկ Բաթումը՝ որպես ռազմական ուժեղ բազա Սեւ ծովում Ռուսաստանի եւ Բուլղարիայի դեմ, որը սպառնալիք էր Կոսնադնուպոլսին։ Խ. Կարճիկյանը գրում է. «Կովկասի գրավումը քաղաքական մի ծրագիր է եւ անհրաժեշտություն Տաճկաստանի համար։ Բաթումի ու Կարսի գրավումն առաջին փուլն է՝ դյուրացնելու այդ»։
Այսպիսով, Թուրքիայի ակնհայտ նպատակն էր Անդրկովկասն անկախ հռչակելով, վերջնականապես փաստացի եւ իրավականորեն կտրել Ռուսաստանից եւ թույլ, անօգնական այդ երկրամասը զավթելով՝ այն ներառել իր ազդեցության ոլորտը եւ այսպիսով ապահովել իրենց անվտանգությունը հյուսիսային հարեւանից (Ռուսաստան)։
Եվ պատահական չէր, որ մարտի 7—ի (20) Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի 4—րդ նիստում թուրքական պատվիրակությունը պաշտոնապես մերժեց նաեւ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության պահանջները Արդահանի, Բաթումի եւ Կարսի գավառների նկատմամբ։ Ռաուֆ—բեյը հայտարարեց, որ հաշտության դաշնագիր կնքելու համար դիվանագիտական բանակցությունները կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը կհրաժարվի Բաթումի, Արդահանի եւ Կարսի գավառների նկատմամբ հավակնություններից։ Պատվիրակության թաթար ներկայացուցիչ Մ. Հաջինսկին, պաշտպանելով թուրքական կողմի պնդումները, հայտարարում է. «Ինձ համար մի բան պարզ է, որ թուրքերի համար կարեւորը մեր անկախության հռչակումն է, միայն մեր անկախությունը կտա հնարավորություն բանակցությունների համար։ Բրեստի հաշտությունը նրանց համար անխախտելի է. հաշտություն կնքելու համար հարկավոր է անկախության հռչակումը (Անդրկովկասի Գ. Պ.) եւ Կարսից, Արդահանից, Բաթումից հրաժարվելը։ Եվ ուրիշ ոչինչ»։
Չուշացան Տրապիզոնում թուրքերի հետ դիվանագիտական բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի շուրջ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության (բացառությամբ պատվիրակության կովկասյան թաթարների ներկայացուցիչների) հակադարձումների ու անհամաձայնությունների ծանր հետեւանքները։ Անդրկովկասի կառավարությունը իր պատվիրակությանը հղած հեռագրում տեղեկացնում է. «Թուրք զօրքերը մտան Կովկասի սահմանները, հաշտութեան բանակցութիւն չի կարելի այսպիսի պայմաններում. երկդիմի դրութիւն մը կստեղծուի, պէտք է կեցնել զօրքի առաջ խաղացումը»։
Այդպիսին էր թուրքական դիվանագիտության երկդիմի մարտավարությունը Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովում։ Այդ առիթով Ալ. Խատիսյանը գրում է. «Ես գտնում եմ, որ նման պայմաններում այլեւս անհնար է շարունակել բանակցությունները, եւ անհրաժեշտ է դուրս գալ դժոխային պայմաններից»։ Իսկ պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության համար ստեղծված դրությունը բնութագրեց որպես բանտի պայմաններ։
Ստեղծված աննպաստ եւ փոխադարձ անվստահության պայմաններում Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը Տրապիզոնում ձգտում էր ուղիներ որոնել՝ շարունակելու դիվանագիտական բանակցությունները թուրքերի հետ։ «Նախ որովհետեւ,–գրում է Ա. Խաչատրյանը,–Չխենկելին եւ իր ընկերները գիտէին, որ «Ճակատի դրութիւնը շատ գէշ է։ Մեր զօրքն ու հրամանատարներն իրենց պարտականութեան բարձրութեան վրայ չեն։ Երկիրն անիշխանութեան մատնուած է, կռուել չեն կարող»։ Երկրորդ՝ Չխենկելին կը խոստովանէ. «Հոս եկանք շատ անպատրաստ կերպով։ Մեր տկարութիւնը մեր մեջէն միութեան բացակայութիւնն է»։
Այսպիսով, Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովում դիվանագիտական աճող ճնշմամբ եւ տարածքային ռազմական զավթումներով թուրքական պատվիրակությունը շարունակում էր պարտադրել իր ամենագլխավոր պահանջները՝ Անդրկովկասը հանդիսավորությամբ հռչակել անկախ, անվերապահորեն ընդունել Բրետս—Լիտովսկի հաշտության դաշնագիրը, անհապաղ Օսմանյան կայսրությանը հանձնել Բաթումը, Արդահանը, Կարսը իրենց գավառներով։
Այնուհանդերձ, Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը ստեղծված հակամարտ տրամադրությունների եւ ձգտումների պայմաններում փորձում էր դուրս գալ դիվանագիտական փակուղուց ու շարունակել բանակցությունները՝ հաշտության խոհրդաժողովի օրակարգ մտցնելու Անդրկովկասյան սեյմի հաստատած Թուրքիայի հետ հաշտության 3—րդ եւ 4—րդ գլխավոր հիմնադրույթները։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 313 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024