ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 21:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 23 » Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/
15:27
Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/


Սկիզբը՝ նախորդիվ

Թուրքական պատվիրակության ժամանումից հետո Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին այցելեց Հուսեյն Ռաուֆ—բեյին։ Վերջինիս կեղծ ու երեսպաշտ հաճոյախոսությունից հետո Ա. Չխենկելուն առաջարկեց քննարկել հաշտության բանակցությունների տեխնիկական եւ կազմակերպչական ձեւաչափի հարցերը։ 
Թուրքական պատվիրակության նախագահը նախ կտրուկ բացառեց ռուսերենի օգտագործումը որպես բանակցային ընդհանուր լեզու, իսկ այնուհետեւ պահանջեց բացատրություն, թե ինչու է ռուս գեներալ Ե. Լեբեդինսկին (Կովկասյան ռազմաճակատի հրամանատար) ընդգրկված Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության կազմում։ Ա. Չխենկելին հակադարձեց՝ ասելով, որ «գեներալ Ե. Լեբեդինսկին ենթարկվում է միայն Անդրկովկասյան սեյմին։ Թուրքերը դրանով բավարարվեցին»։ Հուսեյն Ռաուֆ—բեյն առաջարկեց նաեւ, որ հաշտության խորհրդաժողովի նախագահողը պետք է լինի իրենց պատվիրակությունից, քանի որ խորհրդաժողովը տեղի է ունենալու թուրքական տարածքում, իսկ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը ընդամենն իրենց հյուրերն են։ Իրականում նրանք խստիվ բացառեցին հաշտության խորհրդաժողովի աշխատանքները հերթով նախագահելու Ա. Չխենկելու առաջարկը։ Հարցը չսրելու նպատակով պատվիրակությունը ընդունեց թուրքերի առաջարկը, սակայն գրավոր հայտնեց իր բողոքը։
Նույն օրը կայացան երկու պատվիրակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները եւ մասնավոր զրույցները, որոնց ընթացքում, ինչպես գրում է Ալ. Խատիսյանը, «…այնուամենայնիվ միշտ զգացվում էր թուրքերի հետ մեր հարաբերությունների անորոշությունը»։ Այդ ժամանակ էլ թուրքական կողմը հասկացնել տվեց, որ լուրջ մտադրություն չունի դիվանագիտական բանակցություններ վարելու Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության հետ։ Հայտնի դարձավ նաեւ, որ նրանք Տրապիզոն են եկել ոչ թե հաշտություն կնքելու, այլ ընդամենը տնտեսական, առեւտրական ու այլ դաշնագրեր կնքելու համար։ 
Թուրքական պատվիրակությունը Տրապիզոնի հանդիպումը ներկայացնում էր որպես հաշտության խորհրդաժողով եւ ոչ թե դիվանագիտական բանակցություններ։ Նրանք պնդում էին, որ հարցի լուծումը ամրագրվել է Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրում, եւ բոլորովին անհրաժեշտություն չկա դիվանագիտական բանակցություններ վարել։ Փոխարենը Անդրկովկասի պատվիրակությունը պետք է անվերապահորեն ճանաչի եւ անհապաղ հանձնի Արդահանը, Բաթումը, Կարսը՝ իրենց գավառներով, հակառակ պարագայում թուրքական բանակը հարկադրված կլինի դաշնագրով համաձայնեցված սահմաններին հասնելուց հետո ռազմական ուժով շարունակել առաջխաղացումը դեպի Անդրկովկաս։ Այդ առիթով Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության քարտուղար Մ. Թումանյանը գրում է. «Թուրքերը բնաւ չեն ուզեր մեր ժողովն անուանել «հաշտութեան կոնֆերանս», այնպէս, որ մեզի համար հաշտութիւն՝ անոնց համար կռիւ է, այս պատճառով ալ անոնք միշտ կաշխատեն անուանել պարզաբար «Տրապիզոնի կոնֆերանս»։
1918թ. մարտի 1—ին (14) տեղի ունեցավ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ 
Նիստը նախագահող Հուսեյն Ռաուֆ—բեյը քաղաքավարական ձեւերի տակ թաքնված երկդիմի, կեղծ, առերես սիրալիրությամբ ողջունեց Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությանը՝ հայտարարելով, որ թուրքական կառավարությունն անկեղծ ցանկություն ունի բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Անդրկովկասի՝ ձեւավորվելիք հանրապետության հետ։ Նենգափոխելով ողջ պատմական իրողությունը եւ ճշմարտությունը՝ Հուսեյն Ռաուֆ—բեյը հայտարարեց. «Թուրքիայի եւ Անդրկովկասի ժողովուրդների բոլոր ռազմական գործողությունները ցարիզմի դեմ երկու հարյուր տարվա ընդհանուր փառապանծ պատմության ընթացքում ավելի են կապել այդ ժողովուրդներին։ Այդ ժողովուրդները կապող շղթա են ոչ միայն պատմական եւ աշխարհաքաղաքական հարաբերությունները, այլ ավելի շատ ազգակցական կապերը, որոնք բխում են մեր ընդհանուր անցյալից։ Հենց այդ պատճառով անդրկովկասյան եւ թուրք ժողովուրդները կազմված են այժմ նույն կրոնից ու ազգություններից եւ ունեն գրեթե միանման պատմություն»։ Փաստորեն թուրքական պատվիրակության նախագահը նենգափոխելով ամբողջ պատմական ճշմարտությունը, վիրավորում էր Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության ոչ կրոնակից եւ ոչ ցեղակից հայերի ու վրացիների ազգային արժանապատվությունը, որը «բնականաբար, շփոթութիւն եւ տհաճութիւն պատճառեցին մեզ» (Ալ. Խատիսյան)։ Նա փորձում էր իբր ապացուցել անցյալում անդրկովկասյան ու Օսմանյան կայսրության ժողովուրդների ճակատագրերի պատմական ընդհանրությունը։
Այնուհետեւ մարտի 2—ի (15), 3—ի (16) եւ 4—ի (17) հաշտության խորհրդաժողովի նիստերում Հուսեյն Ռաուֆ—բեյը արեց այնպիսի հայտարարություններ, որոնք այլեւս անհնարին էին դարձնում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հետ դիվանագիտական բանակցություններ վարելու հնարավորությունը։ Նա, խորամանկորեն շրջանցելով հաշտության դաշնագիր կնքելու լիազորությունների եւ պայմանների մասին, պատվիրակության անդամներին հայտարարել է, որ դիմում է նրանց ոչ թե պետության պատվիրակների, այլ ընդամենը Օսմանյան կայսրության՝ մայր երկրի գիրկը վերադարձող անջատված տարածքների ժողովուրդների ներկայացուցիչների (նկատի ուներ Բաթումի, Արդահանի եւ Կարսի հանձնումը Թուրքիային)։
Հուսեյն Ռաուֆ—բեյը հաշտության խորհրդաժողովի նիստում հրապարակայնորեն հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Անդրկովկասը որպես ինքնուրույն պետություն եւ առաջարկեց Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությանն անել որոշակի հայտարարություն առ այն, թե որն է իրենց հանրապետության էությունը, արդյոք առկա՞ են այն բոլոր պայմանները, որոնք պահանջում է միջազգային իրավունքը պետություն կազմելու համար։ 
Անշուշտ միամտություն կլինի կարծել, թե թուրքական պատվիրակությունն իրազեկ չէր, որ միջազգային իրավունքի չափանիշներին համաձայն՝ Անդրկովկասն իր անկախության մասին դեռ հայտարարություն չէր արել։ Սակայն թուրքական կողմը, խախտելով նույն միջազգային իրավունքի նորմերը, առաջարկել էր հաշտություն կնքել Անդրկովկասի հետ։ Եվ այդ ամենն այն պայմաններում, երբ Անդրկովկասը թեեւ ձեւականորեն, սակայն իրավական առումով դեռեւս Խորհրդային Ռուսաստանի մաս էր կազմում, եւ թուրքական կառավարությունը Գերմանիայի հետ միասին Բրեստ—Լիտովսկում հաշտության բանակցություններ էր վարում Խորհրդային Ռուսաստանի հետ։
Մարտի 7—ին (20) Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի 4—րդ նիստում Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին, ի պատասխան թուրքական կողմի հայտարարությունների, նշեց, որ Ռուսաստանում բոլշեւիկյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում ստեղծվել է ինքնուրույն նոր կառավարություն, որն այժմ պատասխանատու է սեյմի առաջ, եւ Անդրկովկասը փաստորեն մի պետություն է, որն արդեն մտել է միջազգային հարաբերությունների ոլորտ։ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահը շեշտեց, որ Թուրքիայի կառավարությունն ինքն է առաջարկել առանձին բանակցություններ վարել եւ կնքել հաշտության դաշնագիր, հետեւաբար նա ճանաչել է Անդրկովկասյան ինքնուրույն իշխանության գոյությունը, որը ներկայացնում է պետություն։ 
Այնուհետեւ Ա. Չխենկելին հաշտության խորհրդաժողովի նիստում, ի պատասխան Ռաուֆ—բեյի, պաշտոնապես հայտարարեց, որ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը չի ճանաչում բոլշեւիկյան Ռուսաստանի իշխանությունը եւ մարտի 3—ին նրա ստորագրած Բրեստ—Լիտովսկի դաշնագրի՝ Կովկասին վերաբերող դրույթները, քանի որ այն իրավական ոչ մի հիմք չունի եւ կնքվել է առանց իրենց գիտության եւ համաձայնության, ուստի ոչ մի պարտավորեցնող ուժ չունի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ա. Չխենկելին նաեւ հայտարարեց, որ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը նույնպես միջազգային—իրավական բնույթի ակտ է, չնայած Անդրկովկասը պաշտոնապես չի հռչակել իր անկախությունը, դեռեւս տերություններին նոտաներ չի հղել այդ մասին, սակայն պետականության կարգավիճակ է ձեռք բերել, եւ այդ գործընթացը սկսված է։
Առարկելով Ա. Չխենկելուն՝ Ռաուֆ—բեյը հանդես եկավ պաշտոնական նոր հայտարարությամբ. կտրուկ պահանջեց, որ մինչեւ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի ավարտն Անդրկովկասի կառավարությունը հրապարակայնորեն հռչակի իր անկախությունը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան եւ միջոցներ ձեռնարկի, որպեսզի մյուս պետությունները ճանաչեն իրեն։ «Մենք էլ ձեզ կճանաչենք սուվերեն պետություն,–հայտարարում է Հուսեյն Ռաուֆ—բեյը։–Մենք մեծ ուրախությամբ կաջակցենք ձեզ սեփական պետություն կազմելու, որը մեր շահն է ընդդեմ Ռուսաստանի։ Դրա փոխարեն մենք ձեզ կօգնենք ինչպես կամենաք, օրինակ՝ զորքեր ուղարկենք ձեզ համար ընդդեմ բոլշեւիկների։ Դա պետք է նաեւ Հայկական հարցի համար. կօգնենք հայկական տերիտորիայի կազմումին (իմա՝ պետություն Գ. Պ.) Կովկասի սահմանում»։ Ավելի ուշ՝ ապրիլի 1—ին (14), Տրապիզոնում Հուսեյն Ռաուֆ—բեյը Ալ. Խատիսյանի հետ մասնավոր զրույցի ժամանակ հայտնում է. «Մենք չենք ուզում հայկական շահերը լրիվ անտեսել։ Մենք ուզում ենք Կովկասը բաժանել ոչ թե երկու, այլ երեք մասի։ Սրան դուք կարող եք վստահել միանգամայն»։
Այնուհետեւ Հուսեյն Ռաուֆ—բեյը մարտի 7—ի հաշտության խորհրդաժողովի 4—րդ նիստում վերապահում է անում՝ հայտարարելով, որ երբ կնքվում էր Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը, Անդրկովկասը Խորհրդային Ռուսաստանից չէր անջատվել, եւ այդ իսկ պատճառով այդ հաշտության դաշնագիրը պարտադիր է Անդրկովկասի համար, եւ եթե վերջինս այսօր հռչակի իր անկախությունը, ապա այդ փաստը հետադարձ ուժ չի ունենա, ուստի Անդրկովկասն իրավունք չունի վիճարկելու նրա օրինականությունը։ Դրանով թուրքական կողմը պարզորոշ հասկացնել տվեց, որ անգամ Անդրկովկասն անկախ հռչակելու դեպքում, Բաթումը, Արդահանը եւ Կարսը իրենց գավառներով իրավականորեն չեն կարող երկրամասի մաս կազմել։ 
Փաստորեն Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը հայտնվեց դիվանագիտական փակուղու առջեւ. թուրքական կողմը կտրուկ մերժեց Բրեստ—Լիտովսկի դաշնագրի՝ Կովկասին վերաբերող դրույթները չճանաչելու՝ Ա. Չխենկելու մարտի 7—ի հայտարարությունը։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 470 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024