ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 12:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 27 » Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/
16:01
Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/

Մինչ այդ Հուսեյն Ռաուֆ—բեյի հանձնարարությամբ երկու պատվիրակությունների փոխայցելությունների եւ մասնավոր զրույցների ժամանակ շոշափվեց Անդրկովկասի սեյմի փետրվարի 16—ի (մարտի 1) հաստատած 4—րդ հիմնադրույթը, որում ամրագրված էր. պատվիրակությունը կողմ է Արեւելյան Անատոլիայի ինքնորոշմանը, մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանի ինքնավարությանը թուրքական պետության շրջանակներում։ Ռաուֆ—բեյը եւ թուրքական պատվիրակության առաջին քարտուղար Իսմայիլ Համի—բեյը Ալ. Խատիսյանի եւ Հ. Քաջազնունու հետ մասնավոր զրույցների ժամանակ ներկայացրին Հայկական հարցի «լուծման» իրենց առաջարկը։ 
Հուսեյն Ռաուֆ—բեյը առաջարկում էր Թուրքիայի եւ Անդրկովկասի բնակչության փոխանակություն։ Թուրքական կողմը պնդում էր, որ Արեւմտյան Հայաստանի 300 հազար հայ փախստականներին հարկ է թողնել Արեւելյան Հայաստանում, իսկ նրանց փոխարեն Արեւմտյան Հայաստան մշտական բնակության տեղափոխել նույնքան մահմեդական բնակչություն։ Դա նշանակում էր, որ թուրքական կողմը մերժում էր Հայկական հարցի լուծման պահանջը։ Բնականաբար, Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության հայ անդամներ Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին կտրուկ մերժեցին. «որովհետեւ ան,–գրում է Ալ. Խատիսյանը,–կը զրկէր մեզ իրաւունքէ պահանջել Թրքահայաստանը, որ թուրքերը կուզէին տեղաւորել Անդրկովկասէն տարւած մահմեդական տարրեր»։ Հուսեյն Ռաուֆ—բեյը հայ պատվիրակների առարկության առիթով պաշտոնապես հայտարարեց. «Հայերը չհամաձայնեցին իրենց (թուրքերի–Գ. Պ.) պահանջներին, նրանք՝ ռուսահայերը (արեւելահայերը–Գ. Պ.), նույնպես կարող են ենթարկվել կոտորածի, ինչպես տաճկահայերը (արեւմտահայերը–Գ. Պ.)»։ 
Ի դեպ, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվիրակության նախագահի այդ պաշտոնական հայտարարությունը մեկ անգամ եւս փաստում է, որ Արեւմտյան Հայաստանում եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն եւ հայրենազրկում է կատարվել։ Օսմանյան կառավարությունը դեռ 19—րդ դարի կեսերից սկսած Արեւմտյան Հայաստանի բնակչության ժողովրդագրական (էթնիկական) կազմը հիմնովին փոխելու հեռահար նպատակով պարբերաբար հետեւողականորեն իրականացնում էր իր որդեգրած ավանդական քաղաքականությունը, այն է՝ բացառել ոչ միայն ցեղասպանության պատճառով հայրենազրկված արեւմտահայ փախստականների վերադարձն իրենց հայրենի օջախներ, այլեւ Արեւմտյան Հայաստանում բնակեցնել Անդրկովկասի եւ այլ երկրամասերի մահմեդական բնակչությանը եւ միջազգային հանրությանը հրամցնել, թե Արեւմտյան Հայաստանում չկա մի տարածք, որտեղ հայերը մեծամասնություն են։ 
Թուրքիայի ղեկավարությունը հուսադրում էր քրդերին, որ Արեւմտյան Հայաստանը հայկական տարրերից իսպառ մաքրելուց հետո իրական պայմաններ կստեղծվեն քրդական ինքավարություն ստեղծելու համար։ Քրդերը, հրապուրված պետականություն ունենալու հեռանկարով, Արեւմտյան Հայաստանում եւ հայաշատ այլ վայրերում դարձան հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման ամենագործուն մեղսակիցները։ Թուրքերի հետ միասին նրանք տիրեցին Արեւմտյան Հայաստանի տարածքում ապրող հայության ողջ ունեցվածքին։ «Ցեղասպանության եւ հայրենազրկության հետեւանքով,–գրում է պրոֆեսոր Վ. Բայբուրդյանը,–Արեւմտյան Հայաստանի տարածքում քրդական էթնիկական տարրը ձեռք բերեց գերակշիռ դիրք եւ կազմեց մեծամասնություն։ Կարծես թե իրականանում էր երիտթուրքերի կողմից քրդերին խոստացած ինքնավար Քրդստան ստեղծելու գաղափարը։ Սակայն իրականում հենց այդ ժամանակվանից սկսած թուրքական պետության համար օրակարգի անհետաձգելի հարց էր դառնում նաեւ «քրդական պրոբլեմի» լուծումը։ Նկատի ունենալով Օսմանյան կայսրության մեջ բնակվող քրդական տարրը, «Միասնություն եւ առաջադիմություն» կոմիտեի ղեկավարներից մեկը գրել է, որ «մեր երկիրը պետք է մաքրել ոչ թուրք տարրերից»։
Այսօր, ինչպես բումերանգ, ցեղասպանության սպառնալիքը ուղղվել է մասնավորապես Արեւմտյան Հայաստանում բնակվող քրդերի դեմ (Արեւմտյան Հայաստանը քրդերը համարում էին իրենց «հայրենիքը»), որոնք ձգտում են հասնել ինքնավարության։
Տրապիզոնում երկու պատվիրակությունների փոխադարձ այցելությունների եւ մասնավոր զրույցների ժամանակ թուրքական կողմը չէր թաքցնում օսմանյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը. «Այլեւս թույլ չեն տա հայերին վերադառնալ Թուրքահայաստան»։ Նրանք հայտարարեցին նաեւ, որ Հայկական հարցը «Թուրքիայի համար բացարձակապես ընդունելի չէ եւ նույնիսկ ավելորդ է Թուրքահայաստանի ինքնավարության մասին խոսելը. այնտեղ (Արեւմտյան Հայաստանում–Գ. Պ.) հայեր չկան եւ չեն լինի, քանզի որտեղով անցնում է թուրք զինվորը, այնտեղ այլեւս հայ չի մնա»։ Դրա համար էլ թուրքերը խորհուրդ էին տալիս վրաց եւ թաթար Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության անդամներին, այլեւս չբարձրացնեն Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցը, այլ «լեզու գտնեն եւ գործեն համերաշխ առանց հայերի»։
Ռաուֆ—բեյը եւ նրա պատվիրակության անդամներն անզիջում եւ վճռական էին իրենց բոլոր անարդար եւ անօրինական պահանջներում։ 
Տրապիզոնի մարտի 8—ի (21) հաշտության խորհրդաժողովի 5—րդ նիստում նա կտրուկ մերժեց եւ անթույլատրելի համարեց Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության առաջարկը՝ Անդրկովկասի սեյմի հաստատած 4—րդ գլխավոր հիմնադրույթը՝ Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցը օրակարգ մտցնելու եւ այն պաշտոնապես որակեց «միջամտություն Թուրքիայի ներքին գործերին»։ Նա զայրույթով հայտարարեց, որ «վերջին դարերի թուրքական պատմության ամբողջ ընթացքում մեծ պետությունները Թուրքիային խեղդել են այդ հարցով (Հայկական–Գ. Պ.)»։ Այնուհետեւ գրավոր վերջնագիր ներկայացրեց Ա. Չխենկելուն՝ պահանջելով պատասխանել ամենակարճ ժամկետում՝ 3—4 օրվա ընթացքում։ Այդ առիթով Ալ. Խատիսյանը գրում է. «Այս հայտարարությունը ուժեղ ազդեցություն գործեց պատվիրակության վրա։ Հարցի լրջության պատճառով հայտարարվեց, որ անհրաժեշտ է մեծ ընդմիջում՝ հետագա քայլերի մասին սեփական կառավարություններին հարցում անելու համար»։
Տրապիզոնում ժամանակավորապես ընդհատվեցին հաշտության խորհրդաժողովի դիվանագիտական բանակցությունները, սակայն շարունակվեցին Հայկական հարցի շուրջ երկու պատվիրակությունների փոխադարձ այցելությունները եւ մասնավոր զրույցները, որի ընթացքում թուրքական կողմը դարձյալ շարունակում էր համառորեն մերժել Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցը եւ վճռականորեն պնդել իրենց գլխավոր պահանջները։ 
Փաստորեն, Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցը շարունակեց մնալ երկու պատվիրակությունների մասնավոր զրույցների շրջանակներում։ Հ. Քաջազնունու հարցադրմանն Ա. Չխենկելին պատասխանեց. «…մասնավոր զրույցների (Հուսեյն Ռաուֆ—բեյ–Գ. Պ.) ժամանակ ամեն անգամ ստանում եմ նույն ձեւական պատասխանը. «Դա Թուրքիայի գործն է»»։ Ալ. Խատիսյանի հետ զրույցի ժամանակ Ռաուֆ—բեյը վրդովված հիշեցնում է, որ «ամեն մի հայի մեջ նստած է եղել մի ռուս լրտես», «հայերը դավաճանել են Թուրքիային, որ մինչեւ պատերազմը (Առաջին աշխարհամարտ–Գ. Պ.) թուրքերն առաջարկել են իրենց հետ միության մեջ լինել ռուսների դեմ, այնքան էին նրանց (հայերին–Գ. Պ.) վստահում։ Բայց հայերը փախչում էին բանակից, գնում էին Ռուսաստան եւ կռվում էին թուրքերի դեմ։ Նրանց (հայերի–Գ. Պ.) մոտ գտնում էին ռումբեր, արկեր, թնդանոթներ եւ ծածկագրեր Անգլիայից ու Ֆրանսիայից, որ դարձյալ բերվում էին Ուրֆայով (Կիլիկիա)։ Եթե թուրքերը հայերի դեմ միջոցներ չձեռնարկեին, ապա ռուսներն արդեն Կոստանդնուպոլսում եւ Ալեքսանդրեթում կլինեին»։
Նույն օրը՝ մարտի 8—ի (21) երեկոյան, կայացան Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության մի քանի ընդհանուր նիստեր, որտեղ Ա. Չխենկելու առաջարկությամբ ստեղծվեց հատուկ հանձնախումբ՝ կազմված պատվիրակության 17 անդամներից՝ Հ. Քաջազնունու, Գ. Լասխիշվիլիի եւ Ի. Հայդարովի գլխավորությամբ, նրանց Թիֆլիս գործուղելու՝ սեյմին եւ կառավարությանը զեկուցելու հաշտության խորհրդաժողովում ստեղծված երկու պատվիրակությունների առճակատումների, անհամաձայնությունների մասին եւ նրանցից նոր լիազորություններ եւ հանձնարարականներ ստանալու՝ ընդհատված թուրք—անդրկովկասյան բանակցությունները շարունակելու համար։ Սակայն հատուկ հանձնախումբը «իր կողմից ոչ մի հանձնարարական կամ գաղափար չի ուղարկում, այլ միայն ներկայացնում է գործի սեփական միակ կողմը» (Ալ. Խատիսյան)։
Հաջորդ օրը՝ մարտի 9—ին (22), հատուկ հանձնախումբը մեկնեց Թիֆլիս։ 
Մարտի 12—ին (25) Թիֆլիսում հրավիրված Անդրկովկասի սեյմի նախագահության, կառավարության եւ խմբակցությունների ներկայացուցիչների միացյալ ժողովում հատուկ հանձնախմբի ղեկավարներ Հ. Քաջազնունին, Գ. Լասխիշվիլին եւ Ի. Հայդարովը ներկայացրին Տրապիզոնում կայացած հաշտության խորհրդաժողովի հինգ նիստերի արձանագրությունները, դիվանագիտական բանակցային գործընթացներում ստեղծված անհամաձայնությունները եւ հակամարտությունների ամբողջ պատկերը։ Նրանք հաղորդեցին նաեւ, որ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը իր հանձնախմբի անդամներին «հանձնարարել է սեյմին տեղեկացնել բանակցությունների իրավիճակի մասին, իսկ պատվիրակությունն ինքը (հատուկ հանձնախումբ–Գ. Պ.) չունի ընդհանուր կարծիք այն մասին, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել սեյմի հաստատած դրույթներում»։ Իրազեկումից հետո միացյալ ժողովում ծավալվեցին մտքերի փոխանակություն երկու հարցերի շուրջ. առաջին՝ Անդրկովկասի անկախության հռչակման եւ երկրորդ՝ սեյմի փետրվարի 16—ի (մարտի 1) հաստատած 3—րդ եւ 4—րդ հաշտության գլխավոր հիմնադրույթները վերանայելու եւ Թուրքիային որոշ զիջումներ անելու մասին։
Առաջին հարցի քննարկման ժամանակ սեյմի բոլոր խմբակցությունները, բացառությամբ «Մուսավաթի», մահմեդական սոցիալիստական դաշինքի (բլոկի) եւ Ռուսաստանի մահմեդականների կուսակցության, արտահայտվեցին Անդրկովկասն անհապաղ անկախ հռչակելու դեմ՝ առաջարկելով, որ այն առանձին հատուկ կետով պետք է ամրագրել ապագա հաշտության դաշնագրում։ Մահմեդական խմբակցության ներկայացուցիչ Մ. Մեհտիեւը, պաշտպանելով Թուրքիայի պահանջը, հայտարարում է, որ եթե Անդրկովկասն անկախ չհռչակվի, ապա իրենց խմբակցությունը կհրաժարվի սատարելու Տրապիզոնի հաշտության բանակցություններին։
Միացյալ ժողովում հնչեցին սեյմի նախագահության, կառավարության անդամների՝ Ի. Ծերեթելիի, Խ. Կարճիկյանի, հատուկ հանձնախմբի ղեկավարներ Հ. Քաջազնունու, Գ. Լասխիշվիլիի եւ այլոց կարծիքներն Անդրկովկասի անկախության անհապաղ հռչակման պարագայում երկրամասում սպասվող տարածքային սահմանների, քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ առճակատումների ու դժվարությունների լրջագույն հետեւանքների մասին։ Ի. Ծերեթելին, դեմ արտահայտվելով Անդրկովկասի անկախության անհապաղ հռչակմանը, նշեց, որ «անկախություն հռչակելու ժամանակ ստիպված կլինենք որոշել Անդրկովկասի պետության տարածքային սահմանները, եւ քանի որ այդ սահմաններում կներառվեն վեճի առարկա երեք մարզերը (Բաթում, Արդահան, Կարս–Գ. Պ.), ո՛չ Թուրքիան, ո՛չ դաշնակցային այլ տերություններ չեն ճանաչի մեր անկախությունը եւ մեր առաջարկությունը կդիտեն որպես վերջնագիր»։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 
դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 351 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024