ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 29 » Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/
12:38
Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/

Թուրքիայի տարածքային նոր զավթումները եւ դիվանագիտական աճող ճնշումը Տրապիզոնում գտնվող անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությանը հարկադրեցին վերանայելու նաեւ սեյմի 1918թ. փետրվարի 16—ի (մարտի 1—ի) հաստատած 3—րդ հիմնադրույթը, որում ամրագրված էր՝ կնքվելիք հաշտության դաշնագրում պետք է դրվի ռուս—թուրքական պետական այն սահմանների վերահաստատումը, որոնք գոյություն ունեին մինչեւ Առաջին աշխարհամարտը։ Սակայն ստեղծված ծանր եւ աննպաստ պայմաններում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը դիվանագիտական փակուղուց դուրս գալու համար հարկադրված էր Թուրքիային տարածքային որոշ զիջումներ անել։
1918թ. մարտի 19—ին (ապրիլի 1) անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նույն օրվա երկու ընդհանուր նիստերում քննարկվեց սեյմի 3—րդ հիմնադրույթը վերանայելու եւ Թուրքիային տարածքային զիջումներ անելու հարցը։ Այստեղ բախվում էին երկրամասի երեք գլխավոր ազգությունների պատվիրակության անդամների շահերը. վրացիները չէին ուզում Թուրքիային զիջել Բաթումը, իսկ հայերը՝ Կարսը։ Վրաց եւ թաթար պատվիրակության անդամները ընդհանուր նիստերում դնում էին ոչ թե տարածքների փոխզիջումների հարցը, այլ ընդամենը փորձում էին իրենց տարածքները պահպանելու հաշվին միակողմանիորեն թուրքերին զիջել հայկական հողերը։ «Վրացիների համար,–գրում է Լեոն,–շատ պարզ եր խնդիրը, պետք եր տալ Կարսը եւ պահել Բաթումը։ Թուրքերն ել (կովկասյան թաթարներ–Գ. Պ.) միացան այդ առաջարկության։ Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությունը, ինչպե՞ս պաշտպանել Յերեւանի նահանգը եւ մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը, յերկաթուղին, վոր բավական յերկար տեղ քերում ե Արփաչայի ափը եւ այսպիսով կընկներ թյուրքերի վոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի տակ, այլ ատրճանակների գնդակների տակ։ Այս նկատառումները, վորոնց պաշտպանողը յես եյի խորհրդակցական ժողովներում, բերին այն եզրակացության, վոր, յեթե կարելի յե սակարկություններ անել, պետք ե ընդունվի դրա համար այն սկզբունքը, վոր Թյուրքիային զիջվեն միայն թուրքաբնակ յերկրները։ Բաթումը եւ Կարսը վորոշվում եր չզիջել»։ 
Այդ առաջարկությունների հիման վրա սահմանային տեղագրություն կազմելու նպատակով անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը ստեղծեց երեք անձից բաղկացած հանձնախումբ, որի մեջ մտան Հայկական հարցի գծով պատվիրակության խորհրդական Լեոն, վրացի պատմագետ Յ. Ինգորավան եւ կովկասյան ռազմաճակատի շտաբի մի ռուս սպա, որը լավատեղյակ էր սահմանների տեղագրությանը։ «Սկսեցինք աշխատել,–գրում է Լեոն,–բայց առաջին իսկ քայլերից դժվարություններ հարուցանում եր վրացական տենդենցիան որքան կարել յե շատ բան տալ Կարսի շրջանից՝ Արդահանի եւ Բաթումի շրջաններում զիջողություն քիչ անելու համար։ …Բայց եւ այնպես, «իմ ու քո»—ի խիստ հարցեր եյին բարձրանում։ Այսպե՞ս պիտի յերեք ազգերն ընդհանուր ույժերով յերկիրը պաշտպանեյին։ Յես չեյի ծածկում իմ զարմանքն ու դիմադրում եյի չափազանց անդեն մանր—մունր ազգայնական սակարկություններին։ Այս մասին, ի հարկե, իմաց տրվեց Չխենկելիին, վոր ինձանից բացատրություն պահանջեց եւ ստացավ սպանիչ մանրամասնություններով»։
Ինչպես վերը նշվեց, Թուրքիային տարածքային զիջումների հարցը դարձավ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության անդամների տարաձայնությունների ու բուռն վիճաբանությունների թեման։ 
Պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին, հիմք ընդունելով պատվիրակության ընդհանուր նիստերում հնչած կարծիքները, կազմեց Թուրքիային տարածքային զիջումների իր նախագիծը, որն էլ հրապարակեց մարտի 21—ի (ապրիլի 3) ընդհանուր նիստում։ Ըստ Ա. Չխենկելու ներկայացրած նախագծի՝ Թուրքիային էր հանձնվելու Օլթիի ամբողջ գավառը, Արդահանի գավառի կեսից ավելին եւ Կարսի ու Կաղզվանի շրջանների զգալի մասը։ Նախագծին դեմ արտահայտվեցին խաղաղարար պատվիրակության հայ անդամներ Հ. Քաջազնունին եւ Ալ. Խատիսյանը։ Վերջինս գրում է. «Սա մեր բողոքի պատճառն է դառնում։ Երեկոյան կողմ կազմվում է վերջնական նախագիծը, ըստ որի 34 հազար վերստից հանձնվում է 8 հազարը։ Մենք դժգոհ ենք մնում, որովհետեւ այն ամենը, ինչ տրվում է (Թուրքիային–Գ. Պ.), տրվում է մեր (հայերի–Գ. Պ.) հաշվին եւ ոչինչ՝ Բաթումի շրջանի հաշվին»։
Մարտի 23—ին (ապրիլի 5) Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի 6—րդ նիստում Ա. Չխենկելին հրապարակեց Թուրքիային տարածքային զիջումների ծրագիրը, որն էլ ուղարկվեց Կոստանդնուպոլիս։ Մինչեւ այնտեղից պատասխան ստանալը հայտարարվեց ընդմիջում, սակայն շարունակվեցին թուրք—անդրկովկասյան պատվիրակությունների փոխայցելությունները եւ մասնավոր զրույցները վիճելի մի քանի հարցերի շուրջ։ Այդ հանդիպումների ժամանակ թուրքական պատվիրակության նախագահ Հուսեյն Ռաուֆ—բեյը, անդրադառնալով Հայկական հարցին, հայտնել է. «Եթե Անդրկովկասի կառավարությունը ցանկանում է Թուրքիայի հետ բարեկամություն հաստատել եւ խաղաղություն կնքել, նա պետք է տարածքներ զոհաբերի եւ մի կողմ դնի Հայկական հարցը։ …Ճիշտ է, հայերը խոսում են Թուրքիայի սահմաններում Հայաստանի ինքնավարության մասին, բայց դա ինքնիշխանության վաղուց հայտնի նախաբանն է. այդպես եղավ Բալկաններում թուրքական գավառների հետ։ Այժմ էլ Թուրքիայում կա արքայազն Սաբահ Էդդինի (Աբդուլ Համիդի քրոջ որդին)՝ «Թուրքիայի այդ դավաճանի» կուսակցությունը։ Այդ պատճառով կարծում եմ, որ Անդրկովկասի հայերը պետք է ընդհանրապես հանեն 4—րդ կետը» (խոսքը Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի այն հոդվածի մասին է, որի համաձայն՝ Կարսի մարզում պետք է կայանար հանրաքվե)։ 
Հաջորդ օրը՝ մարտի 24—ի (ապրիլի 6) ուշ երեկոյան, անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության տարածքային զիջումների ծրագրի պատասխանը տրվեց Ռաուֆ—բեյի վերջնագրով. «Պարո՛ն նախագահ, օսմանյան կայսրության կառավարությունը պնդում է 1918թ. մարտի 21—ի իր արած հայտարարությունը եւ խնդրում է Անդրկովկասի հարգելի պատվիրակությանը վերջնական պատասխան տալ իրեն այդ մասին 48 ժամվա ընթացքում»։ Վերջնագրից երեւում է, որ թուրքական կողմին չէր բավարարել անդրկովկասյան պատվիրակության տարածքային զիջումների ծրագիրը։
Փաստորեն թուրքերը վերջնագրով պահանջում էին անվերապահորեն ճանաչել Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը եւ անհապաղ ազատել Թուրքիային տրվելիք բոլոր շրջանները։ Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության թաթար անդամները պահանջեցին ընդունել թուրքական վերջնագիրը եւ կատարել նրանց բոլոր պահանջները։ Այդ առնչությամբ պատվիրակության Հայկական հարցի գծով խորհրդական Լեոն գրում է. «Մեր թուրք (կովկասյան թաթարներ–Գ. Պ.) ընկերակիցները, վորոնք փրփուրը բերանին ապացուցում եյին, թե Թյուրքիան հենց այժմ իսկ իրավունք ունի գրավել ստացած յերկրները, թե չպետք ե առհասարակ անհաճո բան անել նրան, այլ խոսել հաշտ ու քաղցր լեզվով»։
Վրաց պատվիրակության անդամներն Ա. Չխենկելիի գլխավորությամբ հայ պատվիրակներից գաղտնի դիվանագիտական բանակցություններ էին վարում թուրքերի հետ Բաթումը չհանձնելու համար։ Ռաուֆ—բեյը Ալ. Խատիսյանի հետ մասնավոր զրույցի ժամանակ հայտնել էր, որ վրացիները վեց անգամ խնդրել են Բաթումը զիջել վրացիներին, սակայն իրենք չեն համաձայնվել, իսկ աջարներն էլ ուղղակի հայտարարել են, որ Բաթումի խնդիրը իրենց գործն է, եւ իրենք չեն թույլատրի տնօրինել իրենց քաղաքը։ Սակայն Ռաուֆ—բեյը Ալ. Խատիսյանին հայտնեց նաեւ, որ իրենք ոչ մի զիջում չեն անի եւ Բաթումից ոչ մի պայմանով չեն հրաժարվի։
Թուրքական վերջնագիրը ծանր իրավիճակ էր ստեղծել. այն չընդունելու պարագայում պատերազմական գործողությունները ավելի էին սաստկանալու, եւ Թուրքիան զավթելու էր Անդրկովկասը։ Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը իր ընդհանուր նիստում որոշեց առավելագույն տարածքներ զիջել Թուրքիային։ Մարտի 25—ին (ապրիլի 7) Ա. Չխենկելին հեռագիր հղեց Թիֆլիս իր կառավարությանը՝ նշելով, որ անհրաժեշտ է առավելագույն տարածքային զիջումներ անել Թուրքիային։ Պետք է թուրքերին հանձնել ամբողջ Կարսի նահանգը, Արդահանի շրջանի հյուսիսային մասերը եւ Բաթումի նահանգի Արդվինի շրջանը։ Ա. Չխենկելին, եզրափակելով հեռագիրը, նշում էր. «Ես համոզւած եմ, որ թուրքերը չեն զիջիր ե՛ւ Պաթումը։ Վէհիպ փաշան որոշապէս ըսաւ այդ, բայց տարբերութիւնը այն է, որ անոնք գոնէ կը սակարկեն անոր շուրջ։ Գալով Կարսին՝ զայն պահպանել դիւանագիտական ճամբով բացարձակապէս անկարելի է։ Կարսի մասին թուրքերը խօսիլ անգամ չեն ուզեր։ Ես գիտեմ, որ հարցին այս կերպ դրւիլը կը սպառնայ Անդրկովկասի եւ Սէյմի միութեան, բայց դժբախտաբար, ուրիշ ելք չկայ։ Թուրքերը շատ լուրջ կերպով սկսած են պատերազմ մղել»։
Թուրքերն իրենց վերջնագիրն ամրագրեցին Անդրկովկասյան ռազմաճակատում իրենց զորքերի տարածքային նոր զավթումներով։ Դեռ մարտի 23—ին (ապրիլի 5), խախտելով Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը, նրանք ներխուժել էին Անդրկովկասի սահմանները, գրավել Սարիղամիշը, Արդահանը եւ Բաթումի գավառի որոշ մասեր։ Փաստորեն թուրքական զորքերը գրավել էին այն տարածքների մի մասը, որոնք անդրկովկասյան կառավարությունը համաձայնել էր զիջել Թուրքիային։ Նրանք, շարունակելով իրենց որդեգրած ռազմաքաղաքական մարտավարությունը, մի կողմից բանակցում էին անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հետ, իսկ մյուս կողմից կովկասյան ռազմաճակատի թուրքական բանակի գլխավոր հրամանատար Վեհիբ փաշայի գլխավորած զորաբանակով նոր տարածքներ զավթելով՝ ճնշում էին գործադրում դիվանագիտական բանակցային գործընթացների վրա եւ պարտադրում իրենց անարդար պահանջները վերջնագրի լեզվով։ Ա. Չխենկելիի հետ մասնավոր զրույցի ժամանակ Վեհիբ փաշան սպառնացել էր, որ ամենակարճ ժամանակահատվածում պետք է ավարտվեն թուրք—անդրկովկասյան բանակցությունները, այլապես թուրքական զորքերն արյունոտ բախումներ կունենան Անդրկովկասում, եւ այդ ժամանակ դժվար կլինի որեւէ բանակցություն վարել։ Այս իրավիճակում անդրկովկասյան կառավարությունը խաղաղարար պատվիրակությանը հեռագրով հրահանգեց, որ «պէտք է յայտնել թուրք պատուիրակութեան, թէ քանի որ թուրք զօրքերը մտած են Անդրկովկասի սահմանները, հաշտութեան բանակցութիւնները պէտք է դադրին եւ այս մասին պիտի հաղորդւի Անդրկովկասի ժողովուրդներուն»։ 
Նույն օրը երեկոյան անդրկովկասյան կառավարությունը երկրորդ հրահանգը հղեց խաղաղարար պատվիրակությանը, որ համաձայն է զիջելու Կարսի նահանգը եւ Արդվինի շրջանը, սակայն հայերը դիմադրում են եւ չեն ուզում Կարս քաղաքը հանձնել թուրքերին։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 
դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018