ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 2 » Վարչապետի թեկնածուն չընտրվեց ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ թվով ձայներ չըստացավ/
14:03
Վարչապետի թեկնածուն չընտրվեց ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ թվով ձայներ չըստացավ/

ՀՀ Ազգային ժողովը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով մայիսի 1—ին գումարել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Այլ թեկնածություններ չեն առաջադրվել։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ նիստը տեղի է ունենում յուրահատուկ իրավիճակում։ «Խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել եւ քննարկում ենք փոքրամասնության առաջարկած թեկնածուի հարցը։ Սա աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ։ Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք կամ դիրքորոշում կունենա մեզանից յուրաքանչյուրը՝ որպես պատգամավոր եւ որպես խմբակցություն, բոլորիս հիմնական նպատակը երկրի կայունությունը, անվտանգությունը եւ ժողովրդի բարօրությունն է։ Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների նույնիսկ ամենալարված պահերին մենք ցուցաբերել ենք առավելագույն զսպվածություն եւ հանդուրժողականություն միմյանց հանդեպ, ինչը զարմացնում է ողջ աշխարհին։ Հորդորում եմ այսօրվա քննարկումների ժամանակ նույնպես զուսպ եւ բարեկիրթ լինենք միմյանց հանդեպ, լսենք միմյանց, հարգենք դիմացինի խոսքը եւ կարծիք հայտնելու իրավունքը։ Մենք կարող ենք եւ պարտավոր ենք քննարկումներն անցկացնել հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես ավանդաբար ընդունված է մեր Ազգային ժողովում»,– ասել է Արա Բաբլոյանը։
Վարչապետի թեկնածուին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ առաջադրված թեկնածուին սատարում են ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները եւ, առնվազն, չխոչընդոտելու մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցությունը։
Վարչապետի թեկնածուի կենսագրությունը ներկայացնելուց հետո պատգամավորը մատնանշել է Նիկոլ Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր անցումային կառավարության հիմնական գործառույթները։ Ըստ նրա՝ առաջինը համազգային քաղաքական համերաշխությունն է։ Երկրորդն այն, որ այս կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը, սկսած սահմանների պաշտպանությունից եւ ֆինանսական համակարգի կայունությունից, վերջացրած ընթացիկ առաջացող խնդիրների օպերատիվ լուծումով։ Երրորդ կարեւոր գործառույթը՝ ընտրական համակարգի բարեփոխումներն են, իսկ չորրորդը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։
Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը. «Տիկնայք եւ պարոնայք,
Ուղիղ մեկ ամիս առաջ Գյումրիից մեկնարկած,Իմ քայլըե շարժումը դրամատիկ եւ շրջադարձային կերպով փոխեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Գյումրիից Երեւան 215 կիլոմետրանոց այդ քայլարշավը, որն ի սկզբանե ներառում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի տասնյակ անդամների ու համակիրների, 14 օր հետո հասավ մայրաքաղաք Երեւան, վերածվեց հանրահավաքային գործընթացի, ներգրավեց հարյուր հազարավոր քաղաքացիների՝ դառնալով երրորդ հանրապետության պատմության ամենազանգվածային քաղաքական շարժումը։
Հայաստանի Հանրապետության առանց բացառության բոլոր քաղաքներում, գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունում բազմամարդ հավաքներ էին տեղի ունենում, որոնց հիմնական կարգախոսն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Շարժման հիմնական նպատակը 2008 թվականից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետը կանխելն էր, որը կբերի իշխանափոխության։
Նրանք, ովքեր լավ գիտեն Հայաստանը, համոզված էին, որ Հայաստանի քաղաքացիները չեն հանդուրժի մեր երկրի էությունը գենետիկ մակարդակում խաթարող այդ գործընթացը, երբ 10 տարվա իշխանավարումից հետո Սերժ Սարգսյանը եւ նրա նեղ շրջապատը փորձում են արեւելյան տիպի անձնիշխանություն, ընտանեկան իշխանություն ձեւավորել Հայաստանի Հանրապետությունում։
Ու չնայած բազմահազարանոց ցույցերին՝ 2018 թվականի ապրիլի 17—ին Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետ ընտրվեց՝ ոստիկանական մի քանի շարքերով, փշալարերով ու զրահատեխնիկայով շրջափակված Ազգային ժողովում։ Իշխող վերնախավի հույսն այն էր, թե ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելով՝ հնարավոր կլինի նրանց ստիպել համակերպվել այդ փաստի հետ։ Բայց Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ էլ ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Հանրահավաքները, բողոքի գործողությունները դարձան էլ ավելի զանգվածային, բողոքի հսկայական ալիք բարձրացավ հայկական սփյուռքում եւ «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը դարձավ համահայկական օրակարգ։
Այս պայմաններում 2018 թվականի ապրիլի 22—ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցան իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները։ Բանակցությունների մեր օրակարգը Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականն էր եւ իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցումը ժողովրդին։ Բայց Սերժ Սարգսյանն իրավիճակից բխող այդ օրակարգը քննարկելու եւ լուծումների հանգելու փոխարեն ուղիղ եթերում, ըստ էության, սեփական ժողովրդին սպառնաց նոր մարտի 1—ով եւ լքեց բանակցությունների վայրը։
Դրանից ընդամենը մեկ ժամ անց Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համատեղ օպերատիվ խումբը ինձ՝ անձեռնմխելի անձ հանդիսացող ԱԺ պատգամավորիս, խաղաղ երթի միջից առեւանգելու եւ ձերբակալելու օպերացիա իրականացրեց։ Ձերբակալվեցին նաեւ,Իմ քայլըե շարժման առաջնորդության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը։ Դրանից առաջ մտացածին պատճառներով ձերբակալվել էին շարժման մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։
Ոչ խելամիտ եւ ապօրինի այս գործողությունները բառիս բուն իմաստով պայթեցրին ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Հայաստանում եւ սփյուռքում բողոքի ակցիաներն ալիքաձեւ ծավալվում էին։ Ամբողջ հանրապետությունը, առանց չափազանցության, դուրս էր եկել գործող իշխանության եւ կառավարության վերահսկողությունից եւ 2018 թվականի ապրիլի 23—ին առերեսվելով ստեղծված իրավիճակին՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։
Թվում էր, թե ահա եկել է հանգուցալուծումը եւ իրավիճակի սթափ գնահատականի վրա հիմնվելով՝ իշխող վերնախավը պետք է անհապաղ ճանաչի համաժողովրդական շարժման հաղթանակը եւ անմիջապես ձեռնամուխ լինի իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցման գործընթացին։
Բայց ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ սեփական իշխանությունը պահպանելու հնարավորություն էր փնտրում։ ՀՀԿ—ն մտադիր էր վարչապետի նոր թեկնածու առաջադրել եւ նրան հանձնել իշխանությունը։ Այս դիրքորոշման հիմքում դրված էր այն մտայնությունը, թե քանի որ «Մերժիր Սերժին» կարգախոսն իրականացված է, Հայաստանի եւ սփյուռքի ժողովուրդը կբավարարվեն այդ իրողությամբ եւ կհանդուրժնեն ՀՀԿ—ական նոր վարչապետի գոյությունը։
Նման կերպ մտածողները հաշվի չէին առել մի կարեւոր հանգամանք. «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսն ուղղված էր ոչ թե մի անձի դեմ (քավ լիցի՝ մենք որեւէ անձի դեմ չենք պայքարել ու չենք պայքարելու), այլ այն համակարգի դեմ, որը Սերժ Սարգսյանը մարմնավորում է։ Եւ ուրեմն ժողովրդի նպատակը ոչ թե որեւէ անձին որեւէ անձով փոխարինելն է, այլ Հայաստանում հաստատված կոռումպացված, հակաժողովրդական, բիրտ համակարգը արմատախիլ անելը։ Այս է պատճառը, որ ՀՀ իշխանությունը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին փոխանցելու Հանրապետականի փորձերն էլ ավելի սրեցին ներքաղաքական իրավիճակը։ «Մերժիր Սերժին» կարգախոսին զուգահեռ ժողովուրդը որդեգրեց «ՀՀԿ հեռացիր» կարգախոսը։
Հանրապետության նույնիսկ ամենահեռավոր գյուղերն ընդգրկող աննախադեպ ժողովրդական ալիքն ի վերջո ՀՀԿ—ին օգնեց կայացնել կարեւոր որոշում՝ թեկնածու չառաջադրել այսօր՝ 2018 թվականի մայիսի 1—ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրություններում, եւ իրադարձությունները զարգացան այնպես, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի քան տասն օր ալիքող Համաժողովրդական շարժումը ինքը վարչապետի թեկնածու առաջադրեց եւ ձեւակերպեց միահամուռ եւ աներկբա ժողովրդական պահանջ՝ այդ թեկնածուին առանց նախապայմանների ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Թվում էր, թե գոնե այս իրավիճակում ՀՀԿ—ն սթափ կգնահատի իրավիճակը եւ կառաջնորդվի Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահերով, կլսի ժողովրդի ձայնը, իր նպաստը կբերի համազգային այս աննախադեպ զարթոնքի դե յուրե արձանագրմանը։ Բայց Հանրապետական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է մուկնուկատու խաղալ սեփական ժողովրդի հետ եւ մինչեւ այս պահն էլ չի հայտարարել, թե քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին, չնայած հասկանում են, որ դա է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու միակ ճանապարհը։
Ընդ որում, հատուկ ուզում եմ ընդգծել, որ հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով սիրո եւ հանդուրժողականության, ազգային համախմբման եւ համերաշխության մեր գաղափարաբանությունից՝ մենք մեր քայլերով ստեղծել ենք բոլոր հնարավորությունները Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռացման համար։
Բայց երկար տարիներ սեփական ժողովրդին շղթաների մեջ պահած այս մարդիկ նման պահվածը թերեւս հակված են ընկալել որպես թուլություն։ Երեկ երեկոյից սկսած, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանն անձամբ սկսել են ճնշումներ գործադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որեւէ կերպ չքվեարկել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին։
Հայտնի տանդեմը, պատկերացնու?մ եք, Համաժողովրդական ալիքը կասեցնելու եւ կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումները, կոմպրոմատները։
Եվ ես ուզում եմ այս բարձր ամբիոնից շատ հստակ արձանագրել՝ պարոնայք, դուք չէիք հասկանում եւ շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը եւ ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի եւ անցանկալի հետեւանքների։ Սթափվեք, քանի դեռ ուշ չէ, որովհետեւ ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով։
Եւ այս պահին Ազգային ժողովի ամբիոնից դիմում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ։ Մի մնացեք տանը եւ այս պահին դուրս եկեք փողոց, եթե դա չեք արել դեռեւս եւ ուղղություն վերցրեք դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ, հեղեղեք Երեւանի ու հանրապետության մյուս քաղաքների փողոցներն ու հրապարակները։
Եվ այս պահին դիմում եմ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին. սիրելի հայրենակիցներ, ձեր հույսն ու հաղթանակը ցանկանում են գողանալ եւ այս պահին որտեղ էլ լինեք դուրս եկեք փողոց եւ ի ցույց դրեք ազատ եւ երջանիկ Հայաստան ունենալու եւ կառուցելու ձեր կամքը, ձեր վճռականությունը։ Սա օրհասական պահ է եւ երկար դարերի տառապանքի ու ավերի, ցեղասպանության ու գաղթի միջով անցած մեր ժողովուրդն այսօր չի կարող տանուլ տալ իր փառապանծ հաղթանակը, իր հզոր ապագան։
Ես այս պահին դիմում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին։ Եղբայրներ եւ քույրեր, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում ձեր ազատագրման ժամն է։ Ձեզնից շատերի հետ մենք անընդհատ եղել ենք քաղաքական բարիկադների տարբեր կողմերում, սուր բանավեճեր ու նույնիսկ լեզվակռիվների մեջ մտել։ Բայց այստեղ եւ հիմա չի լուծվում որեւէ մեկի անձնական հարաբերությունների հարց։ Այստեղ լուծվում է հազարամյա ցնցումներ ու տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի ու ապագայի հարցը։ Այստեղ լուծվում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթական ապագայի հարցը։ Եվ հայ ժողովրդի հաղթանակին ձեր նպաստը բերելու համար ձեզնից չի պահանջվում ոչ մի, բացարձակապես ոչ մի զոհողություն։ Ձեզնից պահանջվում է անել ընդամենը մի գործողություն, կողմ քվեարկել Հայաստանի վարչապետի ժողովրդական թեկնածուին եւ սրանով, ի վերջո, քանդել օտարվածության այն պատնեշը, որը, ցավոք սրտի, գոյություն ունի ձեր ու ժողովրդի միջեւ։
Հասկացեք ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է նոր իշխանություն եւ պաշտոնաթող անձանց սպառնալիքները որեւէ նշանակություն չունեն ու չեն կարող ունենալ։ Արեք ձեր քայլը եւ դրանով ծառայություն մատուցած կլինեք հայրենիքին ու ժողովրդին՝ նրան օգնելով րոպե առաջ դուրս գալ տասնյակ տարիներ շարունակվող ներքաղաքական խորը ճգնաժամից, նրան օգնելով վերջնականապես արմատախիլ անել հուսահատությունը Հայաստանից։
Տիկնայք եւ պարոնայք,
Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ մի քանի կարեւոր հարցերի եւ թյուրիմացությունների։ Շատերին զարմանալի եւ տարօրինակ է թվում, որ մենք հայտարարում ենք, թե Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու։ ՀՀ վարչապետի պաշտոնում իմ ընտրության պարագայում Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Այս դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ—որ անձի ճաշակից, ոչ թե ինչ—որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ Հայաստանի ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից։
Մենք ասել ենք, որ այս շարժման արդյունքում իշխանության եկել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, եւ ժողովուրդը, շարժման ընթացքում բազմաթիվ փոփոխություններ պահանջելով, ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բնագավառում, որեւէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում, եւ մենք՝ որպես ժողովրդի հլու ծառաներ, պարտավոր ենք հաշվի առնել այս ուղերձը, հաշվի նստել այս ուղերձի հետ։
Մենք Ռուսաստանին համարել եւ համարում ենք Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ համաժողովրդական այս շարժումը հայ—ռուսական հարաբերությունների համար որեւէ սպառնալիք չի ստեղծում։
Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս Հայաստան—Իրան եւ Հայաստան—Վրաստան հարաբերություններին եւ որեւէ կասկած չկա, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ ու էներգիա է տալու մեր անմիջական հարեւանների հետ մեր հարաբերություններին։
Մենք խորացնելու ենք հարաբերությունները Եվրամիության հետ եւ Եվրամիության անդամ երկրների հետ։ Մենք ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ։ Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը եւ ամբողջական կիրարկումը բխում է մեր շահերից։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանի կարիք ունեն։ Մենք նպատակադրված ենք հստակ գործնական քայլեր ձեռնարկել ԱՄՆ հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար։
Մենք խորացնելու ենք հարաբերությունները Չինաստանի հետ եւ արտաքին քաղաքական այս ուղղությունը համարում ենք շատ կարեւոր։
Մենք մեծ կարեւորություն ենք տալիս աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչն անկասկած կկազմակերվի բարձր մակարդակով։ Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է ստանձնել միջազգային այս հեղինակավոր կազմակերպության նախագահությունը։
Մենք հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, քանզի համոզված ենք, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։ Մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ՝ միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի եւ դրա իրացման միջազգային ճանաչումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը։ Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որն աշխարհասփյուռ հայության գործունեության կարեւորագույն ուղղություններից պետք է դառնա։
Տիկնայք եւ պարոնայք,
Համաժողովրդական այս շարժման ներհայաստանյան կյանքին վերաբերվող ամենակարեւոր եւ ուժեղ ուղերձն Արդարության եւ Ազատության պահանջն է, եւ մեր կառավարությունը մտադիր է լիարժեքորեն իրագործել այս պահանջը։ Անարդարության, կողմնակալության, վախի ու կաշկանդվածության մթնոլորտը մարդկանց ուղեկցում էր ամենուր (նկատի ունեմ մինչեւ թավշա հեղափոխության մեկնարկը)՝ հանրային—քաղաքական կյանքում, տնտեսական գործունեության մեջ, կրթություն ստանալիս, զինվորական ու պետական ծառայության ընթացքում, աշխատանք փնտրելիս եւ իրավունքները պաշտպանելիս, ամենուր մարդիկ բախվում էին այդ խնդրի հետ։ Այս քայքայիչ մթնոլորտին պետք է վերջ դրվի արագ եւ աներբայորեն։ Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի այլեւս երբեք իրեն չպետք է նսեմացած կամ թույլ զգա,ուժեղ մեջքե կամ անհրաժեշտ կապեր չունենալու պատճառով։
Հայաստանի Հանրապետությունը, Սահմանադրությունն ու օրինականությունը պիտի դառնան այն ուժեղ մեջքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Բոլոր մարդիկ անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ, եւ սա առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին։ Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոփոխվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի՝ ի^նչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա եւ ինչպես է փոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ։
Բնականաբար, պաշտոնավարմանը զուգահեռ ապօրինի հարստացումը պետք է իր հետ բերի կոնկրետ հետեւանքների։
Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որեւէ մեկի առաջ չի գործի որեւէ բան ներկրելու արգելք։ Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որեւէ մեկին ճնշելով, հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքներն անառարկելիորեն հանելով եւ վերացնելով, ինչպես նաեւ տնտեսական մրցակցությունն ապահովելով, գերիշխող դիրքի չարաշահումները բացառելով։
Տնտեսության հիմքում պետք է լինի գիտելիքն ու նորարարությունը։ Ոլորտային դիվերսիֆիկացիան լինելու է մեր առաջնահերթությունների ցանկում, եւ մեր տնտեսական քաղաքականությամբ հավասար ուշադրություն է դարձվելու տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ ապահովելով հնարավոր արտաքին եւ ներքին ցնցումներից։
Սփյուռքի հետ հարաբերությունների հիմքում չպետք է լինի միայն Սփյուռքից ակնկալվող նյութական աջակցությունը։ Պետք է առավելագույնս ներգրավենք Սփյուռքի հսկայական մարդկային եւ մասնագիտական ներուժը պետականաշինության գործում։
Տիկնայք եւ պարոնայք,
Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, հատկապես գյուղական համայնքներում պարզապես տառապում են վարկային աներեւակայելի բեռի տակ, ինչը բազմաթիվ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով մարդկանց չիմացությունից եւ նրանց նեղ վիճակից, աներեւակայելի վարկային բեռներ են բեռնել քաղաքացիների վրա։ Մարդկանց ոչ միայն վարկեր են տրվում աներեւակայելի բարձր տոկոսներով, այլեւ դրանց գումարվում է տխրահռչակ,վերխերիե ինստիտուտը, երբ անելանելի վիճակում հայտնված քաղաքացին, գյուղացին ստիպված է ստացած վարկի 20—25 տոկոսը նվիրել վարկ տվող պաշտոնյային կամ կազմակերպությանը, հակառակ դեպքում ոչինչ չի ստանա։
Մենք պիտի շուտափույթ լուծենք բոլոր վարկային տույժ տուգանքների խնդիրը, եւ սա պետք է անենք այնպես, որ չտուժեն նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները։ Այս գործընթացը պետք է կազմակերպվի մտածված, անցնցում, քննարկումների եւ բանակցությունների, փոխադարձ համաձայնության ճանապարհով։
Մենք ընդհանրապես պետք է փոխենք քաղաքացու նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Մինչեւ ոչ հեռավոր անցյալը իշխանությունները ՀՀ քաղաքացուն մի գործառույթ էին վերապահում։ Քաղաքացին նրա համար էր, որ խախտում անի ու տուգանվի՝ այսպիսով ապահովելով որոշ շրջանակների կայուն եկամուտները։ Կործանարար այս փիլիսոփայությանը պետք է անմիջապես վերջ տրվի։ Հայաստանի քաղաքացու կյանքի իմաստը ոչ թե տուգանվելն ու պատժվելն է, այլ ապրելն ու ստեղծագործելը, սեփական հայրենիքում ազատ եւ երջանիկ լինելը եւ սրա համար երբեմն պակասում են ոչ այնքան նյութական արժեքները, որքան համապատասխան մթնոլորտը։
Եվ հիմա, այս ամբիոնից, որպես ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու՝ կարող եմ վստահ ու աներկբա հայտարարել, որ համաժողովրդական այս շարժումը Հայաստանում եւ Սփյուռքում գեներացրել է մի այնպիսի հսկայածավալ էներգիա, որը հնարավորություն կտա ոչ միայն կանգնեցնել արտագաղթը Հայաստանից, այլեւ ի վերջո սկսել մեր ամենամեծ երազանքի՝ մեծ հայրենադարձության իրականացումը։
Այս օրերին սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ։
Եվ սա այն վճռական գործոնն է, որ ոչ միայն բարձրացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը, այլեւ պայմաններ է ստեղծելու Ղարաբաղի հարցի հայանպաստ կարգավորման համար։ Ի վերջո, մարդկանց ու ներդրումների հոսքերը նշանակում է ռազմարդյունաբերական համալիրի թռիչքաձեւ զարգացում, մարդկային ռեսուրսի շարունակական ճգնաժամի հաղթահարում, ինչը մի քանի անգամ բարձրացնելու է Հայաստանի ազգային բանակի մարտունակությունը։
Այս գործընթացների արդյունքում Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից։ Հայաստանում մերժվածներ ու լքվածներ չպետք է լինեն, բայց այս իրավիճակին մենք պետք է հասնենք ոչ այնքան բարեգործության ճանապարհով, որքան մարդկանց ստեղծարար ընդունակություններն ու աշխատասիրությունը խթանելով։
Մեր ձեռնարկած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը արդեն իսկ լրջագույն խթան է տվել այս նպատակի իրագործման համար։ Մարդիկ Հայաստանում իրենց տեր են զգում այլեւս, իսկ տիրոջ զգացման ամենակարեւոր էֆեկտը գործողություն ձեռնարկելու, թեւերը ծալած չնստելու, սեփական խնդիրները սեփական ձեռքերով լուծելն է։
Տիկնայք եւ պարոնայք,
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ,Իմ քայլըե շարժման ամենակարեւոր առաքելությունը Քաղաքացու հաղթանակի ապահովումն է։ Հայաստանի քաղաքացին պետք է համակվի հաղթողի, հաղթածի զգացողությամբ եւ որեւէ բան չպետք է նսեմացնի այդ զգացողությունը։ 90—ականների սկզբին Հայաստանի քաղաքացուն համակած այդ զգացողությունը հետեւողականորեն ջախջախվել է բոլոր մակարդակի ընտրությունների արդյունքների հետեւողական կեղծման պատճառով։ Եւ իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի պրոբլեմները խորացել են ընտրությունների կեղծման, այսինքն՝ ժողովրդի կամարտահայտումը աղավաղելու արատավոր եւ շարունակական պրակտիկայի ներդրումից հետ։
Մեր կառավարության ամենամեծ առաքելությունը, ըստ այդմ, համարում եմ ազատ, արդար, թափանցիկ, անառարկելի ընտրությունների ինստիտուտի վերականգնումը, ինչի համար պետք է գոյություն ունենա ոչ միայն ուժեղ քաղաքական կամք, այլեւ օրենսդրական հստակ երաշխիքներ։ Սրա համար անհրաժեշտ է բացառել կրկնաքվեարկությունների որեւէ հնարավորություն, ինչի երաշխիքը պետք է ստեղծել քվեարկողների մատնահետքերի միասնական բազայի ստեղծման եւ Հայաստանից բացակա անձանց ակտիվ ընտրական ցուցակներից հանելու միջոցով։
Պիտի ի սպառ բացառվի ընտրակաշառքի բաժանումը եւ առաջիկայում կստեղծվի մասնագիտացված իրավապահ մարմին, որը պրոֆեսիոնալ կերպով կզբաղվի ընտրակաշառքները բացառելու եւ ընտրական այլ հանցագործությունները հետաքննելու կարեւորագույն գործով։
Ամեն դեպքում, մեզ համար ակնհայտ է, որ ընթացիկ քաղաքական գործընթացը պետք է պսակվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Թե կոնկրետ ինչ մեխանիզմներով պետք է իրականացնել արտահերթ ընտրությունների անցկացումը, առանձին քննարկման թեմա է։ Բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս կարճ ժամկետներում անխուսափելի են՝ որպես Հայաստանում ժողովրդի անշրջելի իշխանության հաստատման եզրափակիչ փուլ։
Տիկնայք եւ պարոնայք,
Սիրելի հայրենակիցներ,
Այս ելույթում ես չանդրադարձա բազմաթիվ կարեւոր ոլորտների եւ առաջնահերթությունների, որոնք իսկապես չափազանց կարեւոր են։ Ես դա կանեմ կառավարության գործունեության առաջիկա քննարկումների ժամանակ։ Ուզում եմ ելույթս ավարտել այս պահի ամենակարեւոր արձանագրմամբ։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը վերածնունդ են ապրում, ազգային եւ պետական զարթոնքի մի երազային ժամանակաշրջան։ Այս զարթոնքն անկասելի է ու անշրջելի։ Եվ այսօրվա քննարկումն այն մասին չէ, թե ով ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս քննարկումն այն մասին է, թե ո՞վ է կիսում սեփական ժողովրդի ցնծությունը, բերկրանքն ու երջանկությունը եւ ո՞վ է, որ իրեն չի կարող երջանիկ զգալ, քանի դեռ չի դժբախտացրել սեփական ժողովրդին։
Վիճակը նետված է, ժողովուրդը հաղթանակած է, եւ ժողովրդի հաղթանակն ու ցնծությունը պետք է արձանագրվի հենց այսօր տեղի ունենալիք քվեարկության արդյունքներով։ Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել են հարցերով (տե՛ս էջ 4), որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, հանրապետությունում առկա սոցիալ—տնտեսական, իրավական խնդիրներին, տնտեսության զարգացման հեռանկարներին։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ նա նշել է, որ իշխանությունն այս օրերին չի գնացել մերժողական ճանապարհով, ընդհակառակը՝ ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն եւ հասարակությանը տարբեր թեւերի չբաժանելու գործելաոճ։ Նա ընդգծել է, որ իշխանությունը պատրաստ է եղել եւ այսօր էլ պատրաստ է ընթանալ երկխոսության ճանապարհով, բայց ոչ երբեք՝ վերջնագրերի։ «Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան։ Ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Բոլորս պարտավոր ենք հարգել բազմակարծությունը, այլակարծությունը, եւ ինձ համար անընդունելի է ճնշման միջոցով փորձել ազդել որեւէ պատգամավորի կարծիքի վրա։ Մենք բոլորս հանրության ընտրյալներն ենք եւ յուրաքանչյուրս կընտրենք վարչապետին մեր խղճի մտոք՝ քվեարկելով կողմ կամ դեմ»,—շեշտել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրային դրույթներին, անհասկանալի համարել այն, նշել գաղափարախոսության բացակայությունը։
Ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները։
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է այն պատճառներին, որոնք դրդել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինքին՝ միանալու համաժողովրդական շարժմանը։ Պատգամավորի խոսքով՝ այս շարժումն արժանապատիվ հնարավորություն է՝ դուրս գալու արատավոր համակարգային ճահճից, որը վերածվել է բնապահպանական աղետի։ Նա նշել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի թեկնածուի օգտին։
Միհրան Հակոբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հանդիպման արդյունքներին, երկրի կառավարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին։ Ըստ նրա՝ արժանահավատ չեն վարչապետի թեկնածուի հավաստիացումները հայ—ռուսական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ, քանի որ հարթակում՝ նրա կողքին, երեւում են հակառուսական հայացքներ ունեցող գործիչներ։
Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին եւ նշել, որ խորհրդարանականները խոսում են ամեն ինչից, սակայն չեն փորձում ելքեր գտնել ստեղծված իրադրությունից։ Ըստ նրա՝ պատգամավորները պարփակվել են դահլիճում՝ մոռանալով, որ խնդրի հանգուցալուծումը փողոցում է։
Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական արտահերթ արդար ընտրությունների անցկացումը՝ այն համարելով ստեղծված բարդ իրավիճակի միակ հանգուցալուծում։
Արմենուհի Կյուրեղյանը պատմական է գնահատել ՀՀ ապագա վարչապետի ընտրության քննարկումը, բարձր գնահատել երիտասարդ սերնդի ակտիվ մասնակցությունը շարժմանը։ Նա կարեւորել է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումն ու քաղաքացիական շարժումը՝ ընդգծելով, որ պատգամավորներն իրավունք չունեն հուսախաբ անելու ժողովրդին։ «Մեր ժողովուրդը կոտրել է այն արատավոր կարծրատիպը, թե իրենք ոչինչ չեն կարող փոխել իրենց ընտրությամբ, եւ թե ամեն ինչ նախապես կանխորոշված է»,—շեշտել է նա։
Մանե Թանդիլյանն իր ելույթում նշել է, որ պետք է գա նոր իշխանություն, որը պետք է ամրապնդի անբեկանելին. իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պատգամավորի խոսքով՝ ժողովրդական ճնշման ներքո տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ձեւավորվելու է նոր, ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանություն։ Մանե Թանդիլյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ պատգամավորների՝ վարչապետի թեկնածուին ուղղված հարցադրումներին։ Նա կարեւորել է ազատ, անկախ ընտրությունների կազմակերպումը։
Կարեն Բեքարյանը, խոսելով ժողովրդական շարժման էներգիայի մասին, կասկածելի է համարել դրա կառուցողական լինելը։ Պատգամավորի խոսքով՝ խոսվում է սիրո եւ համերաշխության մասին, սակայն այսօր սոցիալական ցանցերում տիրում է ատելության եւ թշնամանքի մթնոլորտ։ Նա անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամի տարրերին, որոնք վտանգավոր են մեր երկրի համար։ Պատգամավորի խոսքով՝ կորել է վստահությունը, խախտվել է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։
Արման Սաղաթելյանը նշել է, որ կառավարման յուրաքանչյուր համակարգ ունի իր փիլիսոփայությունը, գործունեության մեխանիզմները։ Ըստ պատգամավորի՝ հարկադրանքը, սպառնալիքը հակահամակարգային են եւ կեղծ։ Արման Սաղաթելյանի հավաստմամբ՝ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, որը կրում է պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ ասել թե, քաղաքական պատասխանատվություն կրողը շարժումն է, կեղծ կատեգորիա է։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ քաղաքական ուժերի կողմից կոալիցիա ձեւավորելու, համատեղ պատասխանատվություն կրելու մշակույթին։
Սեդրակ Սարոյանը գործընկերներին համերաշխության կոչ է արել՝ հորդորելով չտրվել զգացմունքներին, չփնտրել մեղավորներ։ Նրա խոսքով՝ պետք չէ ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի անվան հետ. չկա մարդ, որն աշխատում է ու չի սխալվում։ Պատգամավորը նշել է, որ ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, քանի որ ցուցարարներն էլ են մերը, ոստիկաններն էլ։ Սեդրակ Սարոյանը կոչ է արել լինել միասնական եւ հանդուրժող, խնդրել է բոլոր խմբակցություններին չշտապել, հանգիստ կերպով լուծում տալ հարցերին։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հանդես է եկել արտահերթ ելույթով՝ հակադարձելով Կարեն Բեքարյանի ելույթին, որում նա անդրադարձել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության համաժողովրդական շարժմանը միանալուն։ Միքայել Մելքումյանը հորդորել է գործընկերոջն անդրադառնալ երկրում տիրող իրավիճակին։ ԱԺ փոխնախագահը կոչ է արել դրսեւորել քաղաքական ինքնագիտակցություն, որպեսզի լուծում տրվի ժողովրդի խնդիրներին։
Գագիկ Մելիքյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած որոշ դիտարկումների՝ դրանք համարելով սին պատրանքներ։ Դրանք վերաբերում էին տնտեսության զարգացման Նիկոլ Փաշինյանի տեսլականին, «Նաիրիտ» գործարանի գործարկմանը, քաղաքացիների՝ երջանիկ ապրելու վերաբերյալ ծրագրերին։ «Մենք շատ երկար չենք կարող ապրել նման լարվածության մեջ,—հավելել է խմբակցության քարտուղարը՝ նկատի ունենալով մեր երկրի կիսապատերազմական վիճակը։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում առկա է քաղաքական նոր իրողություն եւ քաղաքական ճգնաժամ, որից պետք է հետեւություններ անել։ Ըստ նրա՝ ճգնաժամի հանգուցալուծումը 105 պատգամավորների ձեռքերում է, այն Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու մեջ է, ուստի հարցը պետք է լուծվի նրա օգտին քվեարկելով։ «Մենք հնարավորություն ունենք զարթոնքը վերածելու ներդրումների ներգրավման, ինչպես նաեւ պայքարել մենաշնորհների, կոռուպցիայի դեմ»,—հավելել է նա։
Արարատ Զուրաբյանի գնահատմամբ՝ խնդրով մտահոգ են բոլորը, սակայն խնդրահարույց են պատգամավոր գործընկերների որոշ արարքներ։ Նա անարժանահավատ է համարել Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ հնչած որոշ տեսակետներ, թե նա հակառուսական տրամադրություններ ունի։ «Ինչի է հանգեցնելու այս լարումը»,–հարց է տվել պատգամավորը եւ առաջարկել միասնական որոշմամբ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանին դիմելով, նշել է, որ նրան հաջողվել է ոգեւորել մարդկանց, տալ հույս, ինչպես նաեւ վեր հանել երկար տարիների ընթացքում երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ։ Նա անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ այն համարելով ասպետական քայլ։ Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը պատգամավորը համարել է արժանապատիվ, սակայն դիմադրողական։ Նրա կարծիքով՝ այն բավարարող եւ համարժեք չէր այն խնդիրների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանում. կոռուպցիա, աղքատություն, անվտանգություն, արտագաղթ եւ այլն։ «Պարզ չէ, թե նա ինչպես է պայքարելու այդ ամենի դեմ»,–ասել է Արմեն Աշոտյանը։
Աղվան Վարդանյանն անդրադարձել է շարժմանը եւ փաստել, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի ձգտումների ազնվությանը։ Նա նաեւ նշել է, որ վտանգ է կանխազգում։ Բանախոսն իրազեկել է, որ հաշվի առնելով առկա վտանգները՝ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Պատգամավորը հավաստիացրել է, որ պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը, եթե դա պահանջի ՀՅԴ կուսակցությունը։
Գեւորգ Կոստանյանը նշել է, որ վարչապետի ընտրության հարցն արդեն դադարել է կուսակցական կամ քաղաքական լինելուց։ Նա նշել է, որ ինքը կուսակցական չէ եւ որպես հիմք ընդունում է իրավական չափանիշները։ Պատգամավորը ցուցարարների կողմից ճանապարհները փակելն ապօրինի է որակել։ Նա փաստել է, որ Նիկոլ Փաշինյանին հարգում է, սակայն վարչապետի թեկնածուի կենսագրության մեջ կարեւորում է պետական կառավարման փորձը, որը նա չունի։ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ պետության ղեկավարման համար քաղաքական նպատակահարմարությունը պետության կառավարումից գերադասելը կարող է կործանարար լինել։
Կարինե Աճեմյանն իր ելույթում նշել է, որ մենք, իրոք, ապրում ենք նոր իրողության մեջ, սակայն երբեւէ որեւէ երկրի խորհրդարանում չի եղել, որ փոքրամասնությունը մեծամասնությանը թելադրի իր կամքը։ Կարինե Աճեմյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես քաղաքական, հեղափոխական գործչի, իսկ այժմ որպես վարչապետի թեկնածուի, սակայն խոսքը սովորական վարչապետի թեկնածության մասին չէ, այլ քաղաքական պաշտոնի։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ հավաքներին երեխաների մասնակցությանը, առաջարկել ողջախոհ լինել, ձեւավորել համերաշխության կառավարություն։
Խոսրով Հարությունյանը նշել է, որ հանրության առջեւ ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական գործիչները։ Իշխանությունների կողմից իրականացված բարեփոխումներն էական տեղաշարժեր են արձանագրել, սակայն մենք այսօր կանգնած ենք մեր հանրային օրգանիզմը բուժելու խնդրի առջեւ։ Նա առաջարկել է խոր, համապարփակ բարեփոխումների իրականացում, ներքին կայունության ապահովում՝ սպառնալիքներին դիմակայելու նպատակով։ Պատգամավորը մտահոգություն է հայտնել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է կրել ծանր պատասխանատվությունը, որի իրականացման համար պետք են հմտություններ, գիտելիք, փորձառություն. հատկանիշներ, որոնք նա չունի։ Խոսրով Հարությունյանը հորդորել է վարչապետի թեկնածուին դադար տալ։
Արտակ Զեյնալյանն ադրադարձել է ներքաղաքական իրավիճակին եւ նշել, որ հրապարակում երբեւէ այդքան մարդ չի եղել։ Ըստ պատգամավորի՝ եթե երկրում չկա խախտված իրավունքների իրավական պաշտպանություն, մարդն ինքն է գտնում լեգիտիմ պաշտպանության միջոց։ Արտակ Զեյնալյանը ժողովրդի պայքարը համեմատել է վահանի եւ սրի պայքարի հետ՝ նշելով, որ սուրն, ի վերջո, հաղթում է։
Կորյուն Նահապետյանն իր խոսքում շեշտել է, որ վարչապետի ընտրությունը խղճի, ոգու, համոզմունքների հարց է եւ տեղեկացրել, որ իր ընտրությունը կատարելու է այդ սկզբունքով։ Նա հորդորել է համախմբվել, սթափվել եւ քննարկել խնդրի լուծման այլ տարբերակներ։
Արարատ Միրզոյանը հորդորել է սթափ գնահատել իրավիճակը եւ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր չընտրվի վարչապետ՝ կընտրվի 7 օրից, իսկ եթե անգամ 7 օրից մեկ ուրիշ թեկնածու առաջադրվի, միեւնույն է կհաղթեն իրենք, քանի որ գիտեն հաղթելու ուղիները։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ 7—ամյա գործընկերային հարաբերություններին՝ ընդգծելով, որ փոխգործակցությունն իրականում եղել է համերաշխության, կառուցողական մթնոլորտում։
«Ես շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի Հանրապետության ճակատագրով»,—ասել է Արփինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների սթափության կոչերին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ դրանք սպառնալիքով չեն արվում։ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դիրքորոշումն արտահայտելու է իր սկզբունքներին, համոզմունքներին ու կամքին համահունչ։
Մարգարիտ Եսայանը, ներկա իրավիճակը համարելով պայթյունավտանգ, խոսքն ուղղել է հրապարակում հավաքվածներին եւ նշել, որ Ազգային ժողով էր եկել Աստվածաշնչով։ «Ես Նիկոլ Փաշինյանին հարգում եմ, նա կարողացավ անել այն, ինչ չհաջողվեց Վազգեն Մանուկյանին ու մյուսներին»,–ասել է պատգամավորն ու առաջարկել միասին փորձել գտնել լուծումներ։
Սասուն Միքայելյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու ժողովրդական շարժմանը։ Ըստ նրա՝ ժողովուրդը պայքարում է ոչ թե պետության դեմ, այլ իր ազատության համար։ Պատգամավորը, քննադատելով իշխանությունների գործունեությունը, հորդորել է կրակի հետ խաղ չանել։ Նա նշել է, որ ժողովուրդն այսօր իր ճակատագիրը կապել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը.
«Հարգելի գործընկերներ,
նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել չնայած բավականին էմոցիոնալ, բայց մյուս կողմից շահագրգիռ եւ կառուցողական քննարկումների համար։
Վերստին ուզում եմ կրկնել, որ ակնհայտ է մի բան՝ մենք մեր տեսակետներում ու կարծիքներում ելնում ենք երկրի կայունությունից եւ անվտանգությունից։
Վստահ եմ՝ բոլորիս ցանկությունն է, որ այն փոփոխությունները, որոնք միանշանակ անհրաժեշտ են, տեղի ունենան սահուն եւ անցնցում։
Քաղաքական ուժերի թեÕ երեկվա եւ թեÕ այսօրվա քննարկումների ժամանակ ի հայտ եկան երկրում առկա ինչպես դրական իրողությունները, այնպես էլ բացասական երեւույթները։
Միեւնույն ժամանակ այն բոլոր քննադատությունները, որոնք հնչեցին ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաեւ հենց իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից, վկայում են, որ անհնար է առանց այդ թերությունները վերացնելու իրավիճակը բարելավել եւ երկրի առաջընթացն ապահովել։
Հարգելի գործընկերներ,
փաստ է, որ այս պահին գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ, եւ այն հարկավոր է հանգուցալուծել խաղաղ եւ բոլորի համար ընդունելի ճանապարհով։
Հարգելի պարոն Փաշինյան, թեպետ մենք այժմ մեր երկրի ապագային վերաբերող հարց ենք քննարկում, այդուհանդերձ, ես ուզում եմ մի քանի օր հետ գնալ։
Երբ Դուք կարճատեւ անազատության մեջ էիք, ես, Հայաստան վերադառնալով օդանավակայանից գիշերը միանգամից այցելեցի Ձեզ։ Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, որի ընթացքում Դուք ներկայացրեցիք իրավիճակի հանգուցալուծման շուրջ Ձեր մոտեցումները, ես՝ իմ պատկերացումները։
Վստահ եմ՝ հիշում եք, որ ես ասացի, որ առնվազն հասկանալի չէ խոսել ժողովրդավարության մասին եւ միեւնույն ժամանակ վերջնագիր ներկայացնել ընդդիմախոսին։ Ես առաջարկեցի երկխոսել, ինչին պատասխանեցիք, թե ազատազրկված վիճակով չեք կարող երկխոսել։ Դուք ազատ արձակվեցիք առավոտյան, սակայն մինչ օրս այդպես էլ չեք ցանկանում երկխոսել։
Երկխոսելու փոխարեն Դուք ցանկանում եք պարզապես նշել ու պարտության մատնել խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին։ Մինչդեռ մեր հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե կողմերից մեկին պարտության մատնել, այլ սահուն եւ անցնցում փոփոխություններ իրականացնելը համատեղ ուժերով։
Որպես հմուտ քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ առանց երկխոսության, առավել եւս՝ ժամանակավոր կառավարություն ձեւավորել եւ գործողություն ծավալել, երբ Ձեր ընտրվելու պարագայում Ազգային ժողովում ունենալու եք մեծամասնություն կազմող ընդդիմություն։
Իմ համոզմամբ՝ մենք պետք է շարունակենք առաջ գնալ քաղաքական խորհրդակցությունների, բանակցությունների ճանապարհով՝ ուրվագծելով մեր վաղվա օրը առանց ցնցումների եւ ինչպես Դուք ասում եք՝ ցունամիների։
Հարգելի գործընկերներ,
հարգելի հայրենակիցներ,
սիրելի իմ բարեկամներ,
որպես մարդ, ով ողջ կյանքը նվիրել է երեխաների առողջության պահպանմանը՝ առանձնահատուկ ցանկանում եմ դիմել հավաքների մասնակից անչափահասների եւ դեռահասների ծնողներին. չէի ցանկանա, որ այն խնդիրների լուծմանը, որոնք պարտավոր են կարգավորել քաղաքական ուժերն ու մեծերը, ներգրավվեին երեխաները, ընդ որում, ցավոք, երբեմն նաեւ ոչ սեփական կամքով։
Հիշեցնում եմ ծնողներին, որ ձեր դժգոհություններն արտահայտելիս զերծ մնացեք երեխաների՝ դպրոց գնալու, կրթություն ստանալու իրավունքի ոտնահարումից։
Հարգելի գործընկերներ,
անկախ այսօրվա քվեարկությունից, անկախ այսօրվա քվեարկության արդյունքներից, մենք պարտավոր ենք շարժվել ողջամտության ճանապարհով։
Սիրելի Նիկոլ, այդքան քայլեր ես կատարել, ամբողջ Հայաստանն ես անցել, քեզ հարկավոր է եւս մեկ քայլ անել եւ հարցի հանգուցալուծումը տալ։
Շնորհակալություն»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Նա նշել է, որ այդպիսով փորձելու են կասեցնել վտանգավոր այն տեսանելի ալիքը, որը արագորեն կծնվի մեր երկրում։
«Այս դահլիճում հավաքված է ՀՀ քաղաքական էլիտան, քաղաքական գործչի ամենամեծ առավելությունն է, որ ամենածանր իրավիճակներում լինի զգոն եւ համբերատար։ Այսօր մեր դատին են ներկայացված մեր բանակի, անվտանգության խնդիրները, մեր պետության ճակատագիրը, ես հավատացնում եմ, որ ուլտիմատումների, շանտաժների, հայհոյանքների միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացվելու»,–ասել է նա։
Բաղդասարյանը հիշեցրել է, որ երբ նախօրեին ՀՀԿ խմբակցությունը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք հարցեր են ուղղել՝ պարզելու նրա պատկերացումները Հայաստանի զարգացման եւ անվտանգության մի շարք ասպարեզներում։ Նա ասել է, որ գոհունակություն են հայտնում մի շարք հարցերում գործընկերային մթնոլորտում քննարկումներ անցկացնելու համար եւ քննարկման ընթացքում ամբողջացրին իրենց կարծիքը։
«Հաշվի առնելով ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետեւանքները, որոնք կարող են լինել, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշիռ այն իրավիճակից, որին հասել ենք տարիների ընթացքում, այն վտանգները, ՀՀԿ—ն որոշել է հայտարարել հետեւյալը՝ մենք ընդունում եւ ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը՝ Հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին, համաձայն ենք հնչող քննադատությունների եւ դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի անհրաժեշտության վերաբերյալ»,–ասել է նա։
Բաղդասարյանը նշել է, որ իրենք դա հաշվի են առել, դրան պատասխանել են իրենց կուսակցության ղեկավարի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականով, ընդունել են, որ շարժումը կարող է սատարել վարչապետի որեւէ թեկնածուի։ Նա տեղեկացրել է, որ համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլինեն միասնաբար քվեարկելու այդ թեկնածուի օգտին։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանում իրենց խմբակցության անունից ելույթ ունենալով, անդրադարձել է իր գործընկեր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե քվեարկությանը չի մասնակցելու։ Այդ հայտարարությունը, ըստ Ռուստամյանի, անակնկալ էր նաեւ իրենց խմբակցության համար։
«Մենք հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով եւ համոզումով, բայց սա Հայ հեղափոխական դաշնակցությունն է եւ ունի իր ավանդույթները, նրա կատարած քայլը այդ ավանդույթին դեմ էր, մենք այդ պահվածքին համապատասխան գնահատական կտանք»,– ասել է նա։
Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը որոշել է եւ քվեարկելու է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, նպատակը մեկն է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի ողջ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում։
Նա հիշեցրել է՝ իրենք նախկինում էլ պնդում էին, որ նոր կառավարման համակարգով երկրում բան է փոխվելու, եւ արատավոր բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախ փոխել կարգերը, օր առաջ հաստատել նոր կարգեր։
«Մենք պնդում էինք, որ հնից ազատվելու համար երկրում պետք է նոր կարգեր հաստատել։ Աստվաշածունչն ասում է՝ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, որովհետեւ կպատռի հին տիկերը, այդպես էլ եղավ, բայց ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ունենք նոր ֆորսմաժորային իրավիճակ, որ անհապաղ լուծումներ է պահանջում։ Սերժ Սարգսյանը իր հրաժարականով դրա համար դուռ բացեց եւ ապացուցեց, որ վարչապետի պաշտոնի ստանձնումը նեղ հատվածական շահ չէր հետապնդում, հիմա հանրապետականի հերթն է՝ ապացուցել, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում եւ պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով»,–ասել է նա։
Համաժողովրդական շարժման պայքարի առաջին փուլը, ըստ Ռուստամյանի, կարելի է բնորոշել որպես «հինը մերժելու փուլ», եւ դա որոշ չափով իրագործված է, այժմ արարման փուլն է, եւ պարտավոր են անցյալի սխալները չկրկնել, թույլ չտալ, որ համաժողովրդական զարթոնքի ուժը մսխվի, ժողովուրդը հիասթափվի։ Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ այս փուլը հաջողելու գրավականը նախ արտաքին ուժերի միջամտությունը բացառելն է, հասարակությունը օտարների եւ յուրայինների չբաժանելը, միասնաբար առաջ ընթանալը, սա պետք է լինի հաղթանակ, որի մեջ իրենց դերակատարությունն են բերում բոլորը։
Ռուստամյանը տեղեկացրել է, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ խոսել եւ համաձայնեցրել են այս փուլի սկզբունքային ու առաջնային նշանակություն ունեցող մի շարք կարեւորագույն հարցեր, խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական այնպիսի գործընթաց, որը չի վտանգի մեր դիրքերն ու պաշտպանունակությունը ղարաբաղյան ճակատում։
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի այն սկզբունքներով, որոնցում ընկած է Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով արդեն իսկ արտահայտած կամքը, ընտրական համակարգը պետք է բարեփոխվի՝ ռեյտինգային ընտրակարգի վերացումով, հաջորդ հարցերն են՝ խորհրդարանական կառավարման համակարգի հետագա զարգացում՝ ուղղված իշխանության լիարժեք ապակենտրոնացմանը, համազգային շահերից բխող հայ—թուրքական հարաբերությունների կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւողական գործընթացի շարունակություն, ԵՄ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային հարաբերությունների շարունակում։
«Ոչ ոք դեմ չի կարող լինել ժողովրդի իշխանությունը հաստատելու նպատակին, բայց դա խաղաղ եւ անցնցում կատարելը պահանջում է, որ այն իրականացվի մտածված, բոլոր կողմերի ընդգրկմամբ եւ համախոհությամբ։ Մենք ունենք բացառիկ հնարավորություն՝ չհակադրել ժողովրդավարությունն ու անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը՝ ամրապնդել թե մեկը, թե մյուսը»,–ասել է նա։
«Այսօր մեր պետությունը կանգնած է կարեւորագույն բեկումնային շրջադարձի մի պահի»,–ասել է «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Նա նշել է, որ ցավ է ապրել՝ տեսնելով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մարդկանց ցնծությունը Մոսկվայի օդանավակայանում, ապա նաեւ ինքնաթիռում։ Առկա խնդիրները, Մելքումյանի խոսքով, քաղաքական մենաշնորհի հետեւանք են։
«Քաղաքական մենաշնորհը բերել է տնտեսական մենաշնորհի, ստեղծված արդյունքը բաշխվում էր մատների վրա հաշված մարդկանց միջեւ, դրա համար աճը էֆեկտ չուներ։ Այդ աճը կամ գների աճի հաշվին է, կամ 60—70 ձեռնարկությունների շնորհիվ»,–ասել է նա։
«Ծառուկյան» խմբակցության անդամն ասել է՝ կանգնած են ջրբաժանի առաջ, եթե սխալվեն, ապա 10—15 տարի հետ են շպրտվելու։
«Ծառուկյան» դաշինքը հստակ գծի մեջ է, մեր առաջարկած 15 կետերին այլընտրանք չկա։ Ասում ենք, ձեւը, ոճը, թե ինչպես պետք է անել։ Մենք՝ Գագիկ Ծառուկյանը, «Ծառուկյան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել ենք, որ մեր թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է ու մենք մեր ձայնը տալու ենք նրան»,–ասել է նա։
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ խոսքում ողջունել է շարժման մասնակիցներին՝ նշելով, որ նրանց հաղթանակը չի կարող կասկածի տակ դրվել։ Նա խորհրդարանին շնորհակալություն է հայտնել շահագրիգիռ քննարկումների համար։ Անդրադառնալով հանրապետությունում պայթունավտանգ իրավիճակի մասին պնդումներին՝ նա նշել է, որ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ կա ուժերի որոշակի հարաբերակցություն, ինչն ըստ նրա այսօր բացակայում է։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել չխոսել բախումների, ցնցումների մասին, որոնք տեղի չեն ունենալու, քանի որ ժողովրդի առջեւ կանգնած ուժ չկա։
Վարչապետի թեկնածուն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը սպառնացող վտանգի դեպքում համաժողովրդական շարժումը լծվելու է հայրենիքի պաշտպանությանը, ծառայելու է այդ գործին։
Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ Հայաստանի տնտեսությամբ, կայունությամբ, ճգնաժամը լուծելու հարցերով մտահոգված մարդիկ կարող են խնդիրը հեշտությամբ հաղթահարել՝ քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին։ Նա դիմել է ՀՀԿ պատգամավորներին՝ ընդգծելով, որ նրանք ունեն հնարավորություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տարբերակ չկա, որ համաժողովրդական շարժումը չհաղթի առանց նախապայմանների։
Վարչապետի թեկնածուն անդրադարձել է նաեւ իր մասին հնչած կարծիքներին եւ վերահաստատել ազգային համաձայնության ժամանակավոր, անցումային կառավարություն ձեւավորելու մտադրությունը։ Առաջարկել է միասին ձեռնամուխ լինել անցումային շրջանում հարցերի լուծմանը՝ նշելով, որ սկսվում է նոր փուլ, շարժումը փակել է ատելության շրջանը։ Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ ժողովրդի հաղթանակը տեղի է ունենալու ամեն դեպքում եւ կոչ արել միանալ համաժողովրդական շարժմանը։ Արձանագրել է, որ ինքը չի մերժել բանակցությունները, սակայն դրանք չեն կարող լինել գոյություն չունեցող թեմաների շուրջ։ Վարչապետի թեկնածուն հույս է հայտնել, որ քվեարկության արդյունքները միտված կլինեն ապագային, ոչ թե անցյալին։
45 կողմ, 56 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել ՀՀ վարչապետ։

***
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155—րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

***
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ազգային ժողովի կայքում նիստերի արձանագրության բաժնում հրապարակվել են անհատական քվեարկության արդյունքները, որից պարզ է դառնում, որ Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ «Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Ցոլակյանը։

***
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է եւ չի համապատասխանում ՀՅԴ պաշտոնական դիրքորոշմանը։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի տարածած հաղորդագրության համաձայն, կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ։ Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ—ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը։

***
Երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, ովքեր օրվա ընթացքում հետեւել են Ազգային ժողովի հատուկ նիստին։ ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ է արել է կրկին վերադառնալ գործադուլի եւ դասադուլի կազմակերպման, փողոցների փակման գործելաոճին։ Հանրապետության հրապարակում հանրահավաքն ավարտվել է առանց երթի։ 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024