ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 18:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Վերջին զանգը՝ մայիսի 25—ին /Այն տոն է հազարավոր պատանիների եւ աղջիկների համար/
11:31
Վերջին զանգը՝ մայիսի 25—ին /Այն տոն է հազարավոր պատանիների եւ աղջիկների համար/

Հանրակրթական դպրոցների մի շրջանավարտ էլ մոտեցավ կյանքի նոր փուլի մուտքին։ Շուտով՝ մայիսի 25—ին խորհրդանշական վերջին զանգը կազդարարի նրանց համար հանրակրթական շրջանի ավարտը եւ նոր, որակապես այլ շրջանի սկիզբը։ Դա իսկական տոն է հազարավոր պատանիների ու աղջիկների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների համար։ Ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանը կազմակերպելու այդ բացառիկ օրը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, տեղեկացվեց, որ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում վերջին զանգի արարողությունը (վերջին դասը) կանցկացվի ժամը 10—14—ը։ «Սակայն ամբողջ օրը լինելու է տոնական, եւ տարբեր դպրոցներ տարբեր ծրագրեր են նախատեսել։ Մենք պիտի օգնենք, որ երեխաների տոնը իսկապես որպես տոն անցնի... Մայիսի 25—ին, ժամը 18—ից մինչեւ ժամը 23—ը Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, տոնը կավարտվի հրավառությամբ»,–տեղեկացրեց Գայանե Սողոմոնյանը։ 
Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ Ազատության հրապարակն այդ օրը կունենա տոնական ձեւավորում։ Զանգվածային միջոցառման ամբողջ ընթացքում հրապարակն ապահովված է լինելու հասարակական կարգի պահպանությամբ, շտապ բուժօգնության ծառայությամբ եւ հրշեջ անվտանգությամբ։ «Այն, ինչ կախված է Երեւանի քաղաքապետարանից, ամենայն պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ մենք կատարելու ենք, որ օրն սկսվի որպես տոն եւ որպես տոն ավարտվի։ Դպրոցների բոլոր տնօրենները սկզբից մինչեւ վերջ լինելու են իրենց դպրոցների կողքին։ Շատ ենք կարեւորում այն, որ ծնողները լինեն դպրոցի, ուսուցիչների կողքին։ Հորդորում ենք ծնողներին լինել աչալուրջ... եւ սահմանափակել անիմաստ հաճույքները, որոնք կարող են վատ ավարտ ունենալ։ Վստահ ենք, որ ամեն ինչ կանցնի լավ, եւ բոլորս կուրախանանք միասին»,–ասաց նա։
Մինչ հարցերին պատասխանելը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը անհրաժեշտ համարեց անդրադառնալ այն աշխատանքներին, որոնք կատարվել են անցնող ուսումնական տարվա ընթացքում։ Նախ նշեց նախադպրոցական հաստատություններում տեղի ունեցած փոփոխությունները։ Նորություն է մանկապարտեզների տնօրենների նշանակման մրցութային կարգի կիրառումը։ Եթե նախկինում տնօրենները պարզապես նշանակվում էին ըստ հայեցողության, ապա այժմ նրանք անցնում են համապատասխան կանոնակարգով։ Մանկապարտեզներ երեխաների անվճար ընդունելությունը, որը քաղաքապետարանի նախաձեռնությունն է, կտրուկ մեծացրել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը՝ 22 հազարից հասնելով շուրջ 30 հազարի։ Այս նորույթը սկզբում առաջացրել է խմբասենյակների պակաս, սակայն ընթացքում մասամբ լուծվել է հարցը այն տարածքների հաշվին, որոնք մինչ այդ վարձավճարով տրամադրված են եղել այլ կազմակերպությունների եւ պայմանագրերի ժամկետների լրանալու հիմքերով վերցվել եւ տրամադրվել են խմբասենյակների կազմակերպմանը։ Այսօր հերթի է սպասում 6,5—7 հազար երեխա։ Քաղաքապետարանը մտահոգված է եւ մնացած տարածքների վերադարձման միջոցով որոշ չափով լուծելու է հերթի սպասող երեխաների հարցը։ Քաղաքապետարանը կանոնակարգել է նաեւ մանկապարտեզ ընդունելու կարգը։ Ստեղծվել է մանկապարտեզ ընդունելության օրինակելի ցանկ, ինչը կազմակերպվածություն է հաղորդում գործընթացին։ Ինը մանկապարտեզներում երկարացվել է աշխատանքային օրը, ստեղծվել են խառը խմբեր, որպեսզի աշխատող մայրերը ստիպված չլինեն ընդհատել աշխատանքը եւ գնալ երեխաներին վերցնելու։
Մայրաքաղաքում հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար վեց կենտրոն է ստեղծվել (տարբեր վարչական շրջաններում)՝ հաշմանդամ երեխաների պահման անհրաժեշտ պայմաններով։ Դա կատարվել է այդպիսի երեխաներ ունեցող ծնողների խնդրանքով։ Վարչության պետը կարեւոր համարեց նաեւ երեխաների սննդի հարցը։ Ստուգումների արդյունքում մանկապարտեզների հինգ տնօրեններ հեռացվել են աշխատանքից, ութը խիստ կարգապահական տույժի են ենթարկվել։ Առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների մասնագետների, քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների համատեղ ստուգումների եւ քննարկումների արդյունքում հնարավոր է եղել ստեղծել օրինակելի ճաշացանկ, որում կարեւորվել են նորմատիվ պահանջները։ Այսօր երեխաները սնվում են շուրջ 350 դրամ արժողությամբ սննդով։
Զգալի աշխատանք է կատարվել նաեւ նախադպրոցական հաստատությունների գույքի բարելավման առումով։ Ծրագիրը դեռեւս շարունակվում է։ Այսօր մայրաքաղաքում այլեւս չկա չջեռուցվող մանկապարտեզ։ 2011թ. դեկտեմբերի սկզբին արդեն վերջին տասներկու մանկապարտեզներն էլ դարձել են ջեռուցվող։ Իսկ Երեւանում այժմ գործում է 161 մանկապարտեզ։ Լուրջ խնդիր է մանկապարտեզների շենքերի հիմնանորոգումը։ 2012թ. տարեկան ծրագրում ներառված են տասներկու մանկապարտեզի հիմնանորոգման, հինգ մանկապարտեզներում կահույքի նորոգման եւ չորս մանկապարտեզներում՝ սանհանգույցների նորոգման աշխատանքներ։ 
«Մանկապարտեզներում, իհարկե, անելիքներ դեռ շատ ունենք։ Մեր առջեւ այսօր դրված է կոշտ եւ փափուկ գույքի ձեռքբերման անհրաժեշտություն։ ԿԳ նախարարության հետ պարբերաբար քննարկում ենք աշխատանքները, եւ գործընթացը Երեւանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է»,–ասաց Գայանե Սողոմոնյանը։
Հանրակրթական դպրոցի համակարգում 2011—12 թթ. ԿԳ նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի արդյունքում ներդրվել է դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգ։ Այն ավելի թափանցիկ է դարձրել դպրոցի կառավարումը, ինչպես նաեւ նպաստել է դպրոց–ծնող–ուսուցիչ–աշակերտ կապի ապահովմանը։ Այս նորամուծության շնորհիվ, ինչպես նշվեց, դպրոցում կատարվող աշխատանքը տնօրինության ուշադրության կենտրոնում է։ Բացի այդ, դպրոցներում ներդրվել է նաեւ համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագիր։
Գայանե Սողոմոնյանը կարեւորեց նաեւ դպրոցական ծրագրում շախմատ առարկայի դասավանդումը եւ դրա հետ կապված տեխնիկական հնարավորությունների ստեղծումը։
Այս տարի դպրոցական օլիմպիադայի համայնքային փուլին մասնակցել է 7845, քաղաքային փուլին՝ 1570 երեխա։ Առաջին կարգի դիպլոմներ են ստացել 63 մասնակիցներ։ Դպրոցներն ակտիվորեն եւ պատասխանատվությամբ մասնակցել են նաեւ «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» փառատոնին։ Տարին հայտարարված է Չարենցի տարի։ Մեկնարկը տրվել է մարտի 13—ին եւ կավարտվի նոյեմբերի 27—ին, Չարենցի մահվան օրը։ Բոլոր դպրոցներում կազմակերպվում են չարենցյան ընթերցումներ, դպրոցներում դասեր են անցկացնում նաեւ պրոֆեսորները եւ դասախոսները։
Քաղաքապետարանը դպրոցներին է տրամադրել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի նրանք իրենց շրջակայքը դարձնեն բարեկարգ եւ հրապուրիչ։
Հարցին, թե նախարարության եւ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունների պետերը ինչպե՞ս են գնահատում օրերս սոցցանցերից մեկում հայտնված ծեծկռտուքի դեպքը թիվ 102 հիմնական դպրոցում, բանախոսներն ափսոսանքով նշեցին, որ դա տագնապալի հարց է, եւ անպայման կլինեն հանդիպումներ դեպքի մասնակից աշակերտների, նրանց ծնողների, դպրոցի մանկավարժական կազմի հետ, եւ կատարվածն անպայման կարժանանա համապատասխան վերաբերմունքի։
Ավարտական զանգի օրվա կապակցությամբ դրամահավաքի փաստին վերաբերող հարցին ի պատասխան՝ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ անցած տարիների համեմատությամբ այս տարի վիճակը լավ է. «Ընդամենը երեք–չորս զանգ ենք ունեցել, ընդ որում՝ անանուն։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կապված են խնջույքների համար հավաքվող մեծ գումարների հետ։ Հասկանալի է, որ երեխաներն ուզում են տոնը նշել ոչ թե տանը, այլ ռեստորանում, այն էլ՝ շքեղ։ Մենք հրահանգել ենք, որ ծնողները զերծ մնան եւ այդ գումարները չկապեն դպրոցների դրամառության հետ։ ԿԳ նախարարի կողմից նույնպես շրջաբերական է եղել բոլոր դպրոցներին՝ արգելել պարտադրված դրամահավաքը եւ զգոն ու ուշադիր լինեն վերջին զանգի հետ կապված բոլոր միջոցառումներին»։ Տիկին Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ որքան էլ իրենք արգելեն, դա ծնողների եւ երեխաների ցանկությունն է եւ դժվար է հավատալ, որ արգելքը գոհացնող արդյունք կտա։ 
Դրանից ելնելով՝ ասաց, որ իրենք ճշտում են խնջույքների անցկացման վայրերը եւ ոստիկանության ուշադրությունը կհրավիրեն դրանց վրա, որպեսզի անկարգություններ չլինեն։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 522 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024