ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 20 » Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա /Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը/
11:18
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա /Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը/

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման հետ կապված լավատեսական ակնկալիքներն իրականություն չեն դառնում. Ադրբեջանը շարունակում է ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը չի ձգտում։
«Ցավոք, Ժնեւում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, եւ զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով զինվոր է զոհվել»,–Երեւանում Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։
«Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,–ասաց Նալբանդյանը։


2017—ը՝ հայ—լեհական հարաբերությունների համար կարեւոր տարի
 

Անդրադառնալով հայ—լեհական հարաբերություններին՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Այս տարի մենք հայ—լեհական հարաբերությունների համար մեծ կարեւորություն ունեցող երկու իրադարձություն ենք նշում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը եւ Լեհաստանում հայկական համայնքի ձեւավորման 650—ամյակը։ Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է հանդիսանում մեր երկու բարեկամ պետությունների միջեւ»։ Նա նկատեց, որ անցած դարերի ընթացքում հայերը հանդիսացել են Լեհաստանի արժանի քաղաքացիներ՝ որպես տաղանդավոր պետական ու ռազմական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ։ Նախարարը նաեւ շեշտեց, որ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նվիրված լեհահայությանը՝ ցուցահանդեսներ, համերգներ, գիտաժողովներ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական պալատում հատուկ ընդունելություն է կազմակերպել այդ կապակցությամբ։
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության եւ ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով մեր երկրներին հաջողվեց կայուն հիմք կառուցել հայ—լեհական հարաբերությունների համապարփակ եւ բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում»,–ասաց Նալբանդյանը։
«Այս օրերին Լեհաստանում պաշտոնական այցելությամբ է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Լեհաստանի նախագահի եւ Սենատի մարշալեկի հետ։ Երեկ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ներկայությամբ Լեհաստանի Սենատը բանաձեւ է ընդունել հայ համայնքի կազմավորման 650—ամյակի կապակցությամբ, որտեղ կարեւորում է հայերի դերակատարությունը լեհական պատմության մեջ եւ շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ստեղծարար ներդրման համար։ Նույն օրը Սենատում բացվել է «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը։ Այս ամենն առավել քան խորհրդանշում է հայ—լեհական դարավոր բարեկամությունը»,–ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։
Նա նաեւ հիշեցրեց, որ 2005թ. Լեհաստանի Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը, իսկ 2015թ. Լեհաստանը համահեղինակել է Հայաստանի կողմից ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձեւը։
«Մենք մեծ ներուժ ունենք տնտեսական ոլորտում, ինչի լիարժեք օգտագործման համար հատկապես կարեւոր են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին»,—ասաց նա՝ հավելելով, որ վերջին շրջանում զարգացել է համագործակցությունն ապակենտրոնացված, գիտակրթական, մշակութային բնագավառներում։
«Մենք համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում։ Այս համատեքստում ցանկանում եմ շնորհավորել Լեհաստանին ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչին իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ Հայաստանը»,—նշեց Էդ. Նալբանդյանը։
«Սա իմ առաջին այցն է Երեւան որպես արտգործնախարար»,—ասաց Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։ Նրա խոսքով, լեհ արտգործնախարարի այցելություն Երեւան վերջին անգամ եղել է 7 տարի առաջ, եւ այժմ ժամանակն է, որ իր այցը կայանա։ 
«Պարոն Նալբանդյանը 4 տարի առաջ էր այցելել Լեհաստան, եւ կրկին հրավիրում ենք Ձեզ այցելելու Վարշավա,–ասաց Վաշչիկովսկին։–Ես շատ ուրախ եմ, որ անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում մեր նախագահները հնարավորություն ունեցան հանդիպելու, եւ հույս ունեմ, որ կշարունակենք այս համագործակցությունը ամենաբարձր մակարդակում»։ Նա ընդգծեց նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական մակարդակում համագործակցության կարեւորությունը. «Ինչպես նշեց Հայաստանի ԱԳ նախարարը, այդ համագործակցությունը ընդարձակելու մեծ ներուժ կա»։ Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, լեհական ընկերությունները շահագրգռվածություն են հայտնել համագործակցելու հայկական ընկերությունների հետ։ 
Նա շեշտեց, որ Նալբանդյանի հետ քննարկումները չեն սահմանափակվել միայն երկկողմ հարաբերություններով. «Ես այստեղ եմ, որպես ՆԱՏՕ—ի անդամ պետության ներկայացուցիչ, եւ, իհարկե, մենք քննարկեցինք անվտանգության խնդիրներ»։ Նա հիշեցրեց, որ ՆԱՏՕ—ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա հաջորդ տարվա մայիս ամսին. «ՆԱՏՕ—ն այժմ բոլոր ուղղություններով դիտարկում է առկա մարտահրավերները, եւ ես այստեղ եմ, որպեսզի լսեմ Կովկասի անվտանգության հետ կապված հայ քաղաքական գործիչների մտահոգությունները»։ 
Քննարկվել են նաեւ ԵՄ—ին առնչվող հարցեր։ «Մենք այժմ պատրաստվում ենք հաջորդ ամիս կայանալիք ԱլԳ երկրների գագաթնաժողովին։ Մեր առաջարկով այն կկայանա Բրյուսելում, որպեսզի կարողանանք կենտրոնացնել եվրոպական բոլոր երկրների ուշադրությունը։ Նախարարի հետ քննարկել ենք Արեւելյան գործընկերության ծրագրերի բարելավման հարցը, որը բխում է երկու երկրների շահերից»,–եզրափակեց նա։

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


***

Նախքան մամուլի ասուլիսը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վիտոլդ Վաշչիկովսկու հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ այս տարի լրանում են հայ—լեհական հարաբերությունների համար մեծ կարեւորություն ունեցող երկու իրադարձություններ՝ հայ—լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը եւ Լեհաստանում հայկական համայնքի ձեւավորման 650—ամյակը։
Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են լեհահայ համայնքի կարեւոր դերակատարությունը հայ—լեհական հարաբերություններում՝ նշելով, որ այն հաստատուն կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ պետությունների միջեւ։
Նախարար Նալբանդյանը կարեւորել է նաեւ այս օրերին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, ինչպես նաեւ հայ համայնքի կազմավորման 650–ամյակի կապակցությամբ Լեհաստանի Սենատի կողմից ընդունված բանաձեւը՝ ի գնահատանք Լեհաստանի պատմության մեջ եւ մշակույթում ունեցած ներդրման։
Արտգործնախարարները գոհունակությամբ նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության եւ ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով երկու երկրների միջեւ ձեւավորվել է կայուն հիմք հայ—լեհական հարաբերությունների համապարփակ եւ բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակող մակարդակներում։
Անդրադառնալով երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է հայ—լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջխորհրդարանական, ապակենտրոնացված, գիտակրթական եւ մշակութային ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբադյանն ու Վիտոլդ Վաշչիկովսկին մտքեր են փոխանակել հաջորդ ամիս Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ։
Արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակել միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Նախարարները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 373 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024