«Իհարկե, որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, թեեւ չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի այդ լիազորությունը։ Խնդիրը սահմաններն են։ Այդ լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց ինչ սահմաններում՝ առանձին քննարկման հարց է։ Այս հարցն արդեն քննարկման առարկա դարձել է»,–Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ մարմիններում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալուն, մասնավորապես, ընդդիմությունը կարեւորում է Վերահսկիչ պալատը, Դ. Հարությունյանը նշեց, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ, բայց պետք է քննարկեն՝ այս փուլում իրենք պատրաստ են դրան թե ոչ. «Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, հարկավոր է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում։ Եվ շարժվենք ըստ այդմ»։ Նա նաեւ նկատեց, որ խնդիրը ոչ միայն ընդդիմության մեջ է, եւ իր խոսքում հաստատ մեղադրանք ընդդիմության հասցեին չկար. «Ցանկացած «չկայացած» բառակապակցություն, որ ես օգտագործում եմ, վերաբերում է քաղաքական դաշտին եւ հավասարապես բոլոր կուսակցություններին։ Մենք դեռեւս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը. դա գաղտնիք չէ եւ նախագահի ելույթում էլ է հնչել այդ մասին»։
Ինչ վերաբերում է ՀՀԿ 15—րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարեւորած երկբեւեռ քաղաքական դաշտի կայացմանը, Դ.Հարությունյանն ասաց, որ դա միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ, եւ այստեղ խոսքը թերեւս երկու տարբեր ուղղությունների մասին է, որոնք ներկայացված կլինեն կոալիցիայով, մի խումբ կուսակցություններով, բայց ակնհայտորեն կերեւա, թե այդ որ երկու կուսակցական խմբերն են։ Թեեւ ավելացրեց, որ դա չի նշանակում, թե որեւէ կուսակցություն չի կարող մի բեւեռից մյուսն անցում կատարել։
|