ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 06:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 19 » Յուրաքանչյուր գործընթացում կան բարոյական եւ իրավական սահմաններ, որոնք խախտելն անթույլատրելի է
09:41
Յուրաքանչյուր գործընթացում կան բարոյական եւ իրավական սահմաններ, որոնք խախտելն անթույլատրելի է

Եթե օրենքի սահմաններում է, ապա ողջունելի է 

Խաղաղ ցույցերով իրավունքի իրացումը բնորոշ են ժողովրդավարական երկրներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ հանրահավաքներ եւ երթեր են իրականացնում Երեւանում։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար։ Նա կարծում է, որ օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է։ «Մեր քաղաքացիների մի մասը, առաջնորդվելով «Ելք» խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը։ Պետք է ասեմ, որ դա նորմալ երեւութ է ժողովրդավարական երկրներում, որովհետեւ նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլերը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»,–ասել է նա։
Մինասյանը նշել է, որ այս վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում. «Երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում իր խոսքում նշած «հանգած հրաբուխներին»։ Նա «Tert.am»—ին ասել է, որ եթե Ս. Սարգսյանը նպատակահարմար գտներ անուններ տալ, թե ովքեր են, կաներ դա։ «Սերժ Սարգսյանը հատուկ անուններ չհնչեցրեց, բայց բոլորն էլ հասկացան, այդ թվում՝ հանգած հրաբուխները, որ իրենք ուշադրության կենտրոնում են։ Նրանք հասկացան, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններին թաքուն մասնակցել ու աննկատ մնալ չեն կարող։ Նրանց մասնակցությունը նկատվում է, բոլորն էլ տեսնում են»,–ասաց Միհրան Հակոբյանը։
Ըստ պատգամավորի՝ վարչապետի մեսիջը «տեղ է հասել»։ Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերն են ստվերային աջակցում փողոցային գործողություններին, Միհրան Հակոբյանն ասաց, որ կան նման ուժեր, անհատներ՝ «հանգած հրաբուխների տեսքով», որոնք պղտոր ջրում ձուկ որսալու ցանկություն ունեն. «Փողոցային ակցիաներ կազմակերպողները պետք է ամեն ինչ անեն, որ հանգած հրաբուխները չգայթակղվեն այդ ակցիաներով ու չօգտագործեն դրանք՝ իրենց շահերից ելնելով»։
Ըստ նրա՝ տեսականորեն հնարավոր է, որ ներկայումս տարվող գործողություներից էլ օգտվեն ոչ բարեկամական հարեւանները։ Այնուամենայնիվ, պատգամավորը հույս է հայտնել, որ «նրանք ունեն քաղաքական հասունություն, որպեսզի զերծ մնան հակասահմանադրական ցնցումներից»։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ արդեն մի քանի օր անցկացվող հավաքները ոչ մի արդյունքի չեն հանգեցնելու։ «Այս ակցիաները դրսում ցույց են տալիս, որ մենք դեմոկրատական երկիր ենք։ Միջազգային լրատվամիջոցներն իրենց հրապարակումները եւս այդ շրջանակներում են կատարել»,–նշել է նա։
Ադիբեկյանի խոսքով, քանի որ Հայաստանում որոշումներ կայացնում է խորհրդարանը, ապա «Ելք» քաղաքական ուժը եթե ցանկանում է երկրում որեւէ բան փոխել, պետք է խորհրդարանում մեծամասնություն կազմի։
Նա նշել է, որ երկրում բողոքի ալիքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ կազմակերպիչները չձանձրանան. «Քաղաքական գործողությունները պետք է հաշվենկատ լինեն, ընդունված կանոնների համաձայն։ Այդ քաղաքական ուժը որեւէ կարգախոսով հանդես չի գալիս, որ մարդիկ հասկանան՝ ինչ նպատակով գնան պայքարելու»
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, սա ավելի երկարաժամկետ նպատակներ ունեցող շարժում է, որի նախնական նպատակը զանգվածներ հավաքելն ու Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ թույլ չտալն էր, իսկ սրանից բացի՝ կար նաեւ «պլան Բ», որ եթե ի սկզբանե հայտարարված նպատակը չհաջողվի, ապա պետք է անցնել այլ գործողությունների։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ի տարբերություն վերջին տարիների քիչ թե շատ հաջողված կամ անհաջող զանգվածային միջոցառումների մասնակիցների՝ այսօրվա շարժումը բավականին երիտասարդացված է։ 
«Նախորդ զանգվածային միջոցառումներից սա տարբերվում է նրանով, որ նախորդ կազմակերպիչները մարդկանց զուտ հրավիրում էին միտինգների, որի ընթացքում երկար—բարակ ելույթներ էին ունենում, ստանդարտ ճառեր էին ասում, եւ որեւէ կերպ մարդկանց մոտ հետաքրքրություն չկար դրանց նկատմամբ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրեց կոնկրետ գործողությունների, եւ հրապարակում հավաքված յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստացել մասնակցելու այդ գործողություններին, ինչն իր հերթին մեծ հետաքրքրություն եւ էներգետիկա է առաջացնում»,–նկատել է Վիգեն Հակոբյանը։
Վերջինիս խոսքերով՝ ստրատեգիական առումով Նիկոլ Փաշինյանի խնդիրներից մեկն էլ նաեւ այն էր, որ ցույց տա, թե ով է լիդերը, եւ այս գործողություններով նա արձանագրել է իր լիդերությունը։
Հարցին՝ այս օրերի ընթացքում Երեւանում տիրող իրավիճակը, այս զանգվածային գործողություններն անհանգստացնում կամ մտահոգո՞ւմ են իշխանություններին, Վիգեն Հակոբյանը պատասխանել է. «Այս բոլոր գործողություններով ներքաղաքական իրավիճակի փոփոխություն է նկատվում, եւ հիմա վստահորեն կարող ենք ասել, որ սա նշանակում է նաեւ այն, որ տիրող իրավիճակն իշխանություններին բավականին մտահոգում է, որովհետեւ հիմա իրենք էլ իսկապես հասկացան, որ իրականում այնպես չէ, որ ընդդիմադիր դաշտն ամբողջովին ամայացած վիճակում է»։

Չի կարելի դեռահասներին քաղաքականացնել

Յուրաքանչյուր գործընթացում կան բարոյական եւ իրավական սահմաններ, որոնք խախտելն անթույլատրելի է

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրապետության հրապարակում անցկացրած հանրահավաքում իր կողմնակիցներին ուղարկել էր տուն հանգստանալու եւ հաջորդ օրը թարմ ուժերով շարունակելու բողոքի ակցիաները։ Առավոտյան Ֆրանսիայի հրապարակում ՀՀ ոստիկանությունը վերականգնել է երթեւեկությունը։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել է, որ հավաքի մասնակիցները խախտում են այլոց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, հետեւաբար ոստիկանությունն իր գործողություններով վերականգնել է քաղաքացիների սահմանադրական իրավունքը։
Մասնակիցները քայլերթը սկսել են Մաշտոցի պողոտայից եւ հասել մինչեւ Երեւանի պետական համալսարան։ Նրանք մտել են մայր բուհի տարածք եւ դասադուլի ու անհնազանդության կոչեր հնչեցրել։ Շարունակելով երթը՝ մասնակիցները հասել են Արշակունյաց—Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ, որը որոշ ժամանակով շրջափակելուց եւ նստացույցից հետո հասել են Երեւանի քաղաքապետարան։
Հավաքի մասնակիցները քաղաքապետարանի մոտ նստացույց են արել, ապա շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող կառավարության մասնաշենքը, որտեղ գտնվում են ՀՀ սփյուռքի, կրթության եւ գիտության, արդարադատության, արտաքին գործերի նախարարությունները։
Վաղ առավոտից ոստիկանությունը շարունակել է հայտարարություններ տարածել՝ ուղղված հավաքների մասնակիցներին եւ լրագրողներին։
Մասնավորապես լրագրողներին խնդրել է հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն, քանի որ իրականացվում են հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ։
Ոստիկանությունը կրկին կոչ է արել հավաքի կազմակերպիչներին՝ «դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա»։
Ոստիկանության Երեւան քաղաքի տարբեր ստորաբաժանումներ ժամը 16—ի դրությամբ բերման է ենթարկվել 84 անձ, տեղեկացրել են ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից. «30 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, եւ նրանք բաց են թողնվել։ 54 անձ հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել է նախաքննական մարմին»։
ՄԻՊ—ը ոստիկանությանը ներկայացրել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության եւ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ։
ՄԻՊ—ի հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք—Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել Մաշտոց—Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն եւ Նորք—Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ—ից։ Նշվել է, որ ուշ երեկոյան հավաքի մի խումբ մասնակիցներ Մաշտոց—Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսացույցները եւ ճանապարհային նշանները, այնուհետեւ քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս։
Հավաքներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։
Գյումրիում հավաքի մասնակիցները մի քանի ուսումնական հաստատություններում պահանջել են չարգելել աշակերտներին ու ուսանողներին միանալ երթին, ապա, փակելով կենտրոնական ճանապարհները, շարժվել են Վարդանանց հրապարակ։
Իսկ Վանաձորում ակտիվ է եղել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով մասնավորապես քաղաքի ավագ դպրոցներում դպրոցականներին կոչ է արել դասադուլ անել։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում եւ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225—րդ հոդվածի 1—ին եւ 2—րդ մասերով, 2251—րդ հոդվածի 1—ին մասով հարուցված եւս երեք քրեական գործ, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների եւ դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը, հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին եւ անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից։
«Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին՝ հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը եւ տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսեւորել հետեւողականություն եւ, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»,–ասվել է ԿԳՆ հայտարարության մեջ։
Դեռահասներին քաղաքական ակցիաների մեջ ներգրավելու անթույլատրելիության մասին հայտարարություն է տարածել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Նշվել է, որ վերջին օրերին «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ, այցելում են հանրակրթական դպրոցներ եւ դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար։ Ընդ որում, դպրոցներ իրականացվող այցերի հրապարակված տեսանյութերից երեւում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների ներգրավելու մտադրությամբ դպրոց այցելած անձինք վեճի են բռնվում տնօրինության կամ ուսուցչական կազմերի հետ՝ առաջացնելով լարվածություն։ Իրականացվում են նաեւ բարձրախոսներով վանկարկումներ ու կոչեր»։
Նշենք, որ որպես ամփոփում օրվա երթերի՝ Հանրապետության հրապարակում հրավիրվել է հանրահավաք։


Միջազգային ԶԼՄ—ների անդրադարձը
 

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։
AFP լրատվական գործակալությունը գրել է, որ չորեքշաբթի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ՀՀ իշխանությունների դեմ։
Գործակալությունը նաեւ հայտնում է, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «խաղաղ թավշյա հեղափոխություն» է հայտարարել եւ կոչ է արել իր աջակիցներին երկրով մեկ «հեղափոխական կոմիտեներ» ստեղծել։
BBC—ն հայտնում է, որ ընդդիմադիր ցուցարարները շարունակում են փակ պահել Երեւանի հիմնական փողոցները՝ օգտագործելով նստարաններ եւ աղբամաններ երթեւեկությունը կանգնեցնելու համար։ Շատ հայեր ցանկանում են իրական փոփոխություն տեսնել իրենց երկրում, գրում է BBC—ն։ 
Վրացական լրատվամիջոցներն արդեն երրորդ օրն է, ինչ ակտիվորեն հետեւում են Երեւանում ընթացող իրադարձություններին։
«Ռուսթավի 2»—ը վերջին օրերին բավական մանրամասնորեն էր ներկայացնում Հայաստանի մայրաքաղաքում ծավալված իրադարձությունները։
Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում են նաեւ մյուս առաջատար վրացական հեռուստաընկերությունները։ Վրաստանի հանրային ալիքը երեքշաբթի օրը եւս նկարահանող խումբ ուղարկեց Հայաստան։ Վրացական առաջին ալիքի թղթակիցն ուղիղ միացումների միջոցով վրացական հանրությանն է ներկայացրել Հայաստանում ծավալվող բողոքի ակցիաների եւ Սերժ Սարգսյանի ընտրության մասին վերջին տեղեկատվությունը։
Վրաստանի փորձագիտական շրջանակներում եւս հետեւում են հարեւան Հայաստանում ծավալվող իրադարձություններին։


Երկուստեք զսպվածության կոչեր 
 

ԱՄՆ—ի պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Պետքարտուղարության արձագանքի մեջ մասնավորապես նշված է. «Մենք նկատել ենք, որ Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամարտահայտման եւ հավաքներ իրականացնելու իրավունքը։ Մենք մոտիկից հետեւում ենք Երեւանի կենտրոնում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին։
Մեզ ոգեւորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից եւ պատասխանատու վարքի դրսեւորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում։ Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ։
Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»։
Կրեմլում եւս հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ հույս ունեն, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
«Մենք հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, եւ ամենագլխավորը՝ հուսով ենք, որ ամեն ինչ տեղի կունենա օրինականության շրջանակում»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետեւո՞ւմ է երեւանյան իրադարձություններին։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանին։
«Երեկոյան՝ բավականին ուշ, Վլադիմիր Պուտինը զանգահարել եւ շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Անկասկած, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում»,–հավելել է Պեսկովը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ կարեւորելով, որ «ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսեւորել զսպվածություն եւ պատասխանատվություն»։
Ի դեպ, երեկ անցկացված հանրահավաքում նշվել են այսօր նախատեսվելիք ծրագրերը։ Հանրահավաքն ավարտվել է երթով։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 372 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024