ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 12:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 27 » Յուրաքանչյուրը՝ իր կարգախոսով /Հայաստանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը/
10:35
Յուրաքանչյուրը՝ իր կարգախոսով /Հայաստանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը/

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնաց երկու շաբաթ։ Երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտեւի 12 օր եւ կավարտվի դեկտեմբերի 7—ին։ Ընտրություններին մասնակցում են երկու դաշինք եւ 9 կուսակցություն։ Դրանք են «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, ինչպես նաեւ՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական, «Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները։


«Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ—ին»
 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարել է համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արփինե Հովհաննիսյանի ու հինգերորդ հորիզոնականում գտնվող Արմեն Աշոտյանի համատեղ ասուլիսում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը։
Հանրապետական կուսակցությունը մինչ քարոզարշավի մեկնարկը երեկ մատաղ է արել Մուղնու եկեղեցում։
«Ուզում եմ շնորհավորել բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին քարոզարշավի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Ուզում ենք մաղթել հաջողություն բոլոր ուժերին ու թեկնածուներին։ Քարոզարշավի մեկնարկին կոչ ենք անում հետեւել գրված ու չգրված օրենքներին, հատկապես չգրված օրենքներին»,—հայտարարել է կուսակցության փոխնախագահ Աշոտյանը։
Նա նշել է, սովորաբար հասարակությունը մասերի էր բաժանվում քվեարկության արդյունքներից հետո, այսօր իրավիճակն այլ է, տրոհված հասարակությամբ ենք գնում ընտրությունների. «Հուսամ, ընտրություններից հետո կունենանք համախմբված հասարակություն, միաժամանակ բազմաշերտ ու բազմակարծիք»։
ՀՀԿ—ում կարեւորում են, որ քարոզարշավը լինի հնարավորինս բովանդակային, քաղաքական, ոլորտային։
«Չասեք, թե մենք միամիտ ենք, բայց կարծում ենք, որ քաղաքական հաջողության թիվ մեկ գրավականը պետք է դառնա քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը։ Մենք պատկանում ենք այն եզակի քաղաքական ուժերի թվին, որոնք ունակ են ստեղծել քաղաքական բովանդակություն, եւ մենք հպարտ ենք մեր ծրագրով»,—նշել է նա։
Անդրադառնալով նախընտրական ծրագրին, ՀՀԿ—ականն ասել է՝ այն ունի «Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ—ին» խորագիրը, բաղկացուցիչ մասն է կազմում ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը, որոշ բաներ վերցված են կուսակցության՝ 2017—ի նախընտրական ծրագրից։
«Ինչո՞վ պետք է մտահոգ լինի ՀՀ քաղաքացին. Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելով, ավանդական արժեքների այլասերմամբ»,—թվարկել է նա։
Արփինե Հովհաննիսյանն էլ անդրադարձել է իրենց ուղղված քննադատություններին՝ նշելով, որ լավի մասին լռում են, թերությունները չափազանցնում են, խոստումներ են տալիս ու չեն կատարում։
«Ապագայի մասին շենշող խոստումներ են տվել. լավ եք ապրելու, աշխատավարձեր են բարձրացվելու, թոշակներ են բարձրացվելու։ Խոստումները երկու մասի կարելի է բաժանել, որոնք տրվել են ու չեն կատարվել, չեն էլ կատարվելու։ Պոպուլիզմ չհամարեք՝ կարմիր գծեր, արագաչափեր, կուտակային կենսաթոշակներ եւ այլն։ Կարելի էր ինչ—որ մի փուլում ասել՝ ճիշտ չենք արել, որ քննադատել ենք, ճիշտը պահելն էր։ Բայց չեն արել։ Խոստումների հաջորդ խումբը հնչում է ցանկության պես. կբարձրանա աշխատավարձ, բայց չկա ուղին, թե ինչպես պետք է կատարվեն։ Երբեմն երբ ուղին բացահայտում են, ավելի մտահոգիչ է դառնում»,—ասել է Հովհաննիսյանը։


«Ապագան ՔՈնն է»
 

«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը «Ապագան ՔՈնն է» կարգախոսով կշրջի ընտրատարածքներով՝ քաղաքացիներին բաժանելով ծրագրային թռուցիկներ եւ կուսակցության խորհրդանիշ հանդիսացող մանդարիններ։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի պարզաբանմամբ՝ մանդարինը խորհրդանշում է համանմանների հավասարության միասնության եւ արդարության արժեքներ։
Հարցին, թե ինչու են քարոզարշավը սկսում Մաշտոցի պուրակից, Նահապետյանը պատասխանել է, որ իրենք վերադարձել են այնտեղ, որտեղից սկսել են։ «Մաշտոցի պուրակը մի վայր է, որտեղ ձեւավորվել են այսօր արդեն ֆորմալ քաղաքական գործընթացներում մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Այստեղից է մեկնարկել 2012 թվականին հանրային տարածքի համար պայքարը»,–նշել է նա։
Միքայել Նահապետյանն ասել է, որ իրենց առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրելու են ՀՀ քաղաքացիներ, ում համար հանրային համերաշխության եւ սոցիալական արդարության հարցերը կարեւոր են, այն մարդիկ, ում քաղաքացիական գործունեությունը եղել է այդ արդարության հաստատումը. «Հայաստանի սոցիալ—տնտեսական վիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանում հարյուր հազարավոր են այն մարդիկ, ովքեր սոցիալական արդարության խնդիր պետք է բարձրացնեն»։ Նրա խոսքով, եթե չհաղթահարեն անցողիկ շեմը, շարունակելու են զբաղվել ակտիվ գործունեությամբ. «Մեզ համար խորհրդարանում հայտնվելը կարգավիճակի խնդիր չէ։ Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգացել տարիներ շարունակ փողոցում մեր օրակարգերը բարձրացնելիս՝ տարբեր սոցիալական շարժումներում։ Մեզ համար խնդիր չէ աշխատել խորհրդարանից դուրս, խորհրդարանը մեզ համար լրացուցիչ գործիքակազմ է։ Եթե Հայաստանի քաղաքացիները նպատակահարմար գտնեն, որ այդ գործիքակազմին մենք տիրապետենք, մենք կգնանք այդ գործիքակազմն օգտագործելու ճանապարհով, եթե ոչ, մենք մեր գաղափարների համար կպայքարենք արտախորհրդարանական ճանապարհով»։


«Հավատարիմ՝ հողին ու հային»
 

ՀՅԴ—ն իր քարոզարշավը սկսել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից։
ՀՅԴ 152 հոգանոց ցուցակի առաջին եռյակում են ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի խոսքով՝ առաջին հավաքի տեղը պատահական չէ։
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի հերթական անգամ մեր պետականության հիմնադիրներին նորից ասենք՝ մեր մեծեր, ձեր գործը շարունակվում է։ Շարունակվում է գաղափարական, ծրագրային...»,–նշել է նա։
Մեկնարկային ելույթին հետեւել է ՀՀ օրհներգի եւ ՀՅԴ նախընտրական երգի կենդանի կատարումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ—ն գնում է «Հավատարիմ՝ հային ու հողին» կարգախոսով։
Այնուհետեւ իր խոսքում Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՀ—ն այսօր գտնվում է անցումային շրջանում, եւ այս ընթացքում առաջացել են շատ լուրջ մարտահրավերներ եւ վտանգներ։
«Դաշնակցությունը գալիս է այս ընտրություններին մասնակցելու, որպեսզի այդ վտանգների եւ մարտահրավերների մասին խոսելով՝ դրանց չեզոքացման ճանապարհներն ու լուծումներն առաջարկի։ Ամենակարեւոր վտանգը, որը տեսնում ենք, այն է, որ նորը հանկարծ չդառնա լավ մոռացված հին կամ նախկինների նոր փաթեթավորումը լինի։ Մենք տեսել ենք, որ բոլոր իշխանությունները միշտ ունեցել են գայթակղություն՝ գալով իշխանության առաջին հերթին զբաղվել այդ իշխանության ամրապնդմամբ։ Եվ դա կատարել են նույն ձեռագրով։ Արդյունքում մենք հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները փոխարինել ենք նորերով։
Այսօր դժբախտաբար, դրա նշանները կան»,–ասել է Ա. Ռուստամյանը։
Առաջին նշանը, ըստ ՀՅԴ ցուցակի առաջին համարի, չի ամրապնդվում խորհրդարանական համակարգը, որն ավելի ու ավելի հավասարակշռված կդարձնի իշխանական վարչակազմի գործունեությունը։
«100 տոկոսով խոստումները կատարված են, բայց մենք ունենք մի կարեւոր չլուծված հարց։ Մենք մինչեւ հիմա սուպերվարչապետական համակարգից չենք հրաժարվել։ Մենք չունենք նաեւ երաշխիք, որ եթե փորձեն ամրապնդել իշխանությունը, դա չբերի նրան, որ մենք սուպերվարչապետականը փոխարինենք սուպերնախագահականով»,–նկատել է Ա. Ռուստամյանը։
Մյուս վտանգը, որը ՀՅԴ—ն տեսնում է ներկայիս իշխանությունների գործելաոճում, հետեւյալն է՝ նույն օլիգարխները դարձել են սեփականատերեր։
Իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ—ում այլեւս մենաշնորհներ չկան, բայց, Արմեն Ռուստամյանի կարծիքով, տնտեսական դաշտում պահպանվել են բոլոր նույն սուբյեկտներն իրենց գերակա դիրքերով։
«Դաշնակցության անելիքը, պարտականությունն այն է, որ մենք նույն սխալները չկրկնենք, մենք չպետք է մեր ժողովրդին նույն փորձություններին տանենք։ Սա է, որ մեզ ստիպում է այսօր գալ եւ այս ընտրություններին մասնակցել»,–հայտարարել է Ա. Ռուստամյանը։
Դաշնակցության ծրագրային մոտեցումների մասին խոսել են նաեւ նախընտրական ցուցակում ընդգրկված այլ գործիչներ։


«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն»
 

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական հանդիպումները սկսել է Արագածոտնի եւ Շիրակի մարզերի բնակավայրերից՝ հանդիպումներ ունենալով Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում։ Հիմնական բանախոսը եղել է վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որ Հայաստանը կրկին դառնա արդյունաբերական երկիր։ Դեկտեմբերին մեր նորանկախ պատմության մեջ կբացվի կենցաղային տեխնիկա արտադրող առաջին գործարանը, որն, օրինակ, հեռուստացույց կարտադրի։ Երեք օր առաջ հանդիպեցի հայազգի ներդրողի հետ, ով աշխարհում երեք տեղ շատ հայտնի գործարաններ ունի։ Նա ասաց, որ գալու է եւ իր հայրենիքում գործարան է ստեղծելու։ Առաջիկայում Սեւանում շաքարի նոր գործարան է ստեղծվելու։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, 2019 թվականին մեր երկրի տնտեսության կերպարն է փոխվելու»,–ասել է Փաշինյանը Թալին քաղաքում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց նպատակը ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումն է. «Մեր նպատակը հետեւյալն է, որ ՀՀ—ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթողը լինի մի սուբյեկտ՝ՀՀ քաղաքացին, որովհետեւ նրա քվեով է որոշվելու՝ ով է առաջինը, երկրորդը, երրորդը։ Ոչ թե սպառնալիքներով, լցոնումներով, այլ քաղաքացու ազատ կամարտահայտմամբ։ Մեր հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ, ըստ էության, մենք Հայաստանից վերացրինք հեղափոխությունների անհրաժեշտությունը, որովհետեւ դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել ձեր մեկ քվեաթերթիկի միջոցով։ Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետեւ դուք ընտրում էիք մեկին, ընտրվում էր մեկ ուրիշը։ Հեղափոխության ամենամեծ արդյունքը պետք է լինի այն, որ դուք ամեն ընտրության ժամանակ այդ հեղափոխությունն անեք ձեր քվեով։ Ես դարձել եմ վարչապետ, որովհետեւ դուք եք այդպես որոշել, որ պահին որոշեք, որ ես այլեւս չպետք է լինեմ, ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ, սա է հեղափոխության ամենամեծ արդյունքը։ Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ժողովրդի իշխանական տեղապահն ենք»։
Շիրակի մարզի Անի համայնքում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ԼՂ խնդրի լուծմանը՝ նշել է. «Ղարաբաղյան կողմը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Չի կարող լինել Ղարաբաղի հարցի կարգավորում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի ու կառավարության ցանկությունների ու մտադրությունների միջեւ անգամ միլիմետրի տարբերություն չկա։ Սա համազգային պատասխանատվության հարց է»։
Նիկոլ Փաշինյանը Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն հայտարարությանը, թե այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու. «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»։
Գյումրիում հանդիպման ժամանակ Փաշինյանը շեշտել է վերջին երեք տասնամյակում Հայաստանի գլխավոր ձեռքբերումները։ Նրա խոսքով, առաջինը անկախության հռչակումն է, երկրորդը՝ հաղթանակը արցախյան պատերազմում եւ երրորդը՝ քաղաքացիների ապրիլ—մայիսյան թավշյա հեղափոխությունը։


«Լուսավորիր Հայաստանը»
 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնում է երեք մակարդակով՝ մարզային, երեւանյան եւ ռեյտինգային։
Կուսակցությունը հանրապետական քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքից։ «Ագարակը, Մեղրին ինձ համար երկրորդ տան պես են՝ ծառայությանս երկու տարիներն այստեղ եմ անցկացրել»,–ասել է կուսակցության նախագահ, ԼՀԿ ցուցակը գլխավորող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Դեկտեմբերի 9—ին տեղի են ունենալու պատմական ընտրություններ, որի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը վերջնական դուրս է գալու ճգնաժամի տարիներից, եւ երկրում սկսվելու են կառուցելու, համակարգ ստեղծելու, մարդկանց կյանքը փոխելու տարիները»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ իրենք քաղաքականությամբ են զբաղվում, որովհետեւ դա մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է. «Եվ այդ միջոցը ամբողջությամբ ներդրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության երեւանյան քարոզարշավը մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտակայքից։
Երեւանյան քարոզարշավը գլխավորում են ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը եւ չորրորդ համար Գեւորգ Գորգիսյանը։ Նրանք վարչական շրջանի կենտրոնական եւ հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով քայլել եւ քաղաքացիներին ներկայացրել են կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները։
Մանե Թանդիլյանը նշել է, որ «Լուսավոր Հայաստանը» իր պատմության կարճ ժամանակահատվածում կարողացել է իրողություն դարձնել երազանքների պետություն կերտելու իրենց տեսլականը։
«Այն ճանապարհը, որ անցել է մեր կուսակցությունը, կարճ է, բայց բովանդակալից։ Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան, Գեւորգ Գորգիսյան՝ այս գործիչների ազնիվ եւ շիտակ պայքարը բերել է այսօրվա նոր Հայաստանի իրողության։
Ազգային ժողովի ընտրությունը կարեւորագույնն է։ Սա հետհեղափոխական առաջին համապետական ընտրությունն է, որտեղ որոշվելու է, թե ինչ Հայաստանում ենք մենք ապրելու»,–ընդգծել է Թանդիլյանը։
Նա հորդորել է քաղաքացիներին իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որն իր առաքելությունն է համարում ապահովել մարդու բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե իրենց կուսակցությունը ընդդիմություն է, թե իշխանություն, Մանե Թանդիլյանն ասել է, որ քաղաքական ուժի ընդդիմություն, թե իշխանություն լինելը պարզ է դառնում Ազգային ժողովի ընտրություններից հետո։
«Ընտրություններից հետո պարզ է դառնալու՝ ով ինչքան ձայն է հավաքել եւ դրանով է որոշվելու ընդդիմություն է, թե իշխանություն»,–ասել է Թանդիլյանը։


«Արարչագործական Հայաստան՝ հայուհուն վայել»
 

«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը նախընտրական շրջանում չի ունենալու շտաբներ, լինելու են շտաբների դեր կատարող մեքենաներ։
«Այս ընտրություններով մեր պետականությունը 1996—ի նախագահական ընտրություններից հետո նորից հուն կմտնի։ Քարոզարշավը, մեր պատկերացմամբ, լինելու է արդար եւ արդյունավետ։ Մենք ավանդական շտաբներ չունենք, ունենք տեղերում մեքենաներ։ Շեշտը դրել ենք ԶԼՄ—ների միջոցով ներկայանալու, մեր ծրագիրը ներկայացնելու վրա»,–ասել է կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը։
Նրա խոսքով՝ իրենք նպատակ են դրել ընտրարշավը քաղաքականացնել եւ դարձնել գաղափարական։ Շիրինյանի կարծիքով՝ իրենց կուսակցության հիմնական առանձնահատկությունն այն է, որ գաղափարախոսության հենքը եկեղեցին, դավանանքի փիլիսոփայությունն են։ Այս կուսակցությունը բացարձակության մեջ մերժում է նաեւ լիբերալիզմը։
Անդրադառնալով կուսակցության ծրագրին՝ Շիրինյանը նշել է, որ շեշտը պետք է դնեն սոցիալապես անապահով անձանց օգնություն տալու վրա։ «Սակայն բյուջեի միջոցները բավարար չեն։ Եթե Հայաստանն արդյունաբերական երկիր չդառնա, ապա շատ հարցերի լուծումներ պետք է մոռանալ։ Եթե արդյունաբերական Հայաստան չունենանք, ներգաղթ եւս չի լինելու։ Ազգագրական առումով վատ վիճակում ենք, պետք է շտկենք»,—նշել է կուսակցության նախագահը։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական կարգախոսն է «Արարչագործական Հայաստան՝ հայուհուն վայել»։
Ընդհանրացնելով հեղափոխության արդյունքը՝ Շիրինյանը համոզմունք է հայտնել, որ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ գործող շատ կեղծարարություններ այլեւս չեն լինելու։ Շիրինյանը նշել է, որ իրենք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին՝ որպես հեղափոխության առաջնորդի։ «Մեզ համար նա այդպիսին է մնում։ Ակնկալում ենք, որ նա պետք է լինի կենտրոնամետ։ Սակայն կառավարությունը ստրատեգիական պլանավորում, ռազմավարություն չունի։ Կպաշտպանենք այնքանով, ինչքանով որ պաշտպանելու բաներ կանեն, եւ կքննադատենք, եթե քննադատելու ինչ—որ բան լինի»,–ասել է Շիրինյանն ու նշել, որ բացառում են ցանկացած համագործակցություն հանրապետականների հետ։
Իրենց կուսակցությունը, Շիրինյանի համոզմամբ. այլընտրանք է լինելու հեղափոխությանը պաշտպանող ուժերի միջեւ։


«Նոր իրավիճակ, նոր լուծումներ»
 

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության եւ սոցիալական ոլորտներում։ Նախատեսում են ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարեւորում են միջին խավի ձեւավորումը։
Կուսակցության թեկնածուներն իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրել են լրագրողների հետ հանդիպմանը։
«Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»։ Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը։ Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք։ Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,—ասել է կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը։
Ռեյտինգային ընտրակարգով կուսակցության թեկնածու Հայկ Փայտյանը շեշտել է, որ մեծ փոփոխություններ են նախատեսում կրթության ոլորտում. «Առաջին հերթին ապակուսակցականացնելու ենք դպրոցները։ Դպրոցների ղեկավարման խորհուրդները պետք է ապակուսակցականացվեն։ Բուհերը կդառնան ինքնաֆինանսավորվող, ինչը մրցակցային նոր իրավիճակ կստեղծի։ Կրթությունը տեսնում ենք որպես տնտեսության գերակա ճյուղ»։
Նրա կարծիքով՝ բուհերը պետք է դառնան այնպիսին, որ արտերկրից շատ մարդիկ գան այստեղ ուսանելու։ Դա կուսակցության անդամների համոզմամբ՝ խթանելու է տնտեսության զարգացումը։
Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ իրենք սոցիալական ոլորտում թիրախավորում են միջին խավը. «Կայուն ժողովրդավարական պետություն ունենալու համար պետք է ունենալ միջին խավ, որը խոցելի չէ։ Մեր ծրագրում միջին խավի ձեւավորումն առաջնային է։ Մենք առաջարկում ենք, որ եկամտային հարկի սանդղակը լինի ավելի ճկուն։ Մինչ 200 հազար աշխատավարձը պետք է հարկվի 10 տոկոսով։ Նախատեսում ենք կենսաթոշակային կուտակային վճարը դարձնել կամավոր»։
Համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Լուսինե Հարոյանի խոսքով՝ առաջին բարեփոխումների շարքում իրենք կարեւոր են համարում նաեւ պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը։ Հետամուտ են լինելու, որ վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը. «Հետամուտ ենք լինելու, որ պատգամավորի հետկանչի ինստիտուտը եւս գործի։ Մենք նախատեսել ենք, որ նստաշրջանի ընթացքում 25 տոկոս անհարգելի բացակայությունների արդյունքում պատգամավորը հետ կանչվի»։
Արտաքին քաղաքականության ոլորտի համար եւս առաջարկներ ունեն։ Կարեւոր են համարում գազի գնի իջեցումը։ «Արցախի որոշ շրջանների վերաբնակեցման ուղղությամբ եւս պետք է աշխատանքներ տարվեն»,—եզրափակել է Փայտյանը։


«Առաջինը Հայաստանն է»
 

«Մենք» դաշինքն առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին։ Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել։
«Ազատ դեմոկրատները» դաշտում միակ ընդգծված արեւմտամետ, եվրոպական հայացքներ կրող կուսակցությունն է, երբեւէ իր գծից չի շեղվել, դրա համար դաշինք ենք կազմել հենց այս կուսակցության հետ։ Այլընտրանք ենք բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին, սակայն առաջին հերթին՝ վարչապետի պաշտոնակատարի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին։ Մենք կայուն այլընտրանք ենք գործող իշխանություններին։ Ներկայիս իշխանությունն արտաքին քաղաքականության մասով վարում է նախկին իշխանության բռնած ուղին։ Սակայն ՀԱՊԿ—ն, ԵԱՏՄ—ն ոչինչ չտվեցին Հայաստանին։ Կարծում ենք, որ այդ կառույցներից Հայաստանը պետք է դուրս գա։ Ըստ էության, որեւէ շոշափելի արդյունք չկա դրանցից։ Սակայն դուրս գալը պետք է լինի անցնցում»,–ասել է պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանն ու հավելել, որ իրենց ծրագիրը ներկայացնելու համար թակելու են բոլորի դռները թե մայրաքաղաքում, թե մարզերում։
Թեկնածու Մանվել Ղազարյանը ներկայացրել է հիմնավորումներ, թե ինչու են արեւմտամետ։ «Առավել զարգացած ավանդույթներն արեւմտյան պետություններն են կառուցել։ Մենք պետք է վերցնենք լավագույնը։ Մարդը մեզ համար բացարձակ եւ բարձրագույն արժեք է։ Այդ երկրներից պետք է վերցնենք մարդու իրավունքների պաշտպանության մոդելը»,–նշել է նա։
Ղազարյանն ասել է, որ խնդիր է ապացուցել, թե որքան ՀԱՊԿ—ն է Հայաստանին անհրաժեշտ, նույնքան էլ Հայաստանն է անհրաժեշտ ՀԱՊԿ—ին։ Անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը՝ նա նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելով միայն պետք է հարցը լուծվի։
Թեհմինա Վարդանյանը տեղեկացրել է, որ կուսակցության կարգախոսն է «Առաջինը Հայաստանն է»։ Նա կարեւորել է, որ ժողովուրդն իսկապես կարդա, ծանոթանա դաշինքների, կուսակցությունների ծրագրերին։
Իսկ «Մենք» դաշինքի մարզային նախընտրական քարոզարշավի թիմը մեկնել էր Տավուշի մարզից։ Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Տավուշից է սկսվում ու շարունակվում Հայաստանը, սահմանամերձ համայնքի խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում։
Արամ Սարգսյանը իրենց ծրագրերը ներկայացնելիս հատկապես կարեւորել է առողջության ապահովագրության հարցը, նա ընդգծել է, որ մեքենաների պարտադիր ապահովագրություն, կենսաթոշակային համակարգ ներդնելու փոխարեն առաջինը պիտի պետությունը մտածեր մարդկանց առողջության պարտադիր ապահովագրության մասին։
Արամ Սարգսյանը կարեւորել է նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերը։
«Ինչպե՞ս ապահովել անվտանգությունը, որ ջահելները չզոհվեն, բազմաթիվ անգամ ասել եմ, որ շփման գծին չպիտի կանգնեն ժամկետային զինծառյողները, այլ պայմանագրային, պրոֆեսիոնալ զինծառայողները»,–նշել է նա։


«Օրինականություն, արդարություն եւ ապահովություն»
 

«Օրինաց երկիր» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մոմ վառելով։ ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նախ կոչ է արել բոլորին վառել «հաջողության» մոմեր։
«Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակն ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,—ասել է նա։ Ապա նկատել է, որ Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք առաջացնում են մտահոգություն։
«Մենք տեսնում ենք նաեւ ոտնձգություն հայ ազգային արժեքների նկատմամբ, հայոց եկեղեցու նկատմամբ, ու մենք՝ որպես բազմադարյա քրիստոնեական ազգ, ժողովուրդ, հասարակություն, մշտապես պետք է ամուր կառչած մնանք մեր արժեքներից։ Այսօրվա խորհուրդը հենց դա է. մենք ուզում ենք սկսել մեր քարոզարշավը՝ ասելով, որ ՕԵԿ—ն ամուր կառչած է մեր ազգային արժեքներից»,—ասել է նա։
Արթուր Բաղդասարյանը կոչ է արել՝ թույլ չտալ, որ օտար, անընդունելի բարքերը սողոսկեն հայ ընտանիքներ, եւ սա մարտահրավեր է համարել, որոնց ազգովի պետք է դիմագրավել։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ իրենք ոչ սեւ, ոչ սպիտակ են։ «Մենք ՕԵԿ ենք, աշխարհում կան շատ գույներ, սիրեք աշխարհը»,—ասել է նա։
Կուսակցության ղեկավարը նշել է, որ բոլորս պետք է հասկանանք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, եւ ներկայումս ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ «Ութ ամիս անցել է, ութ ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանը ինչպես պետք է զարգանա»,—ասել է նա եւ նշել, որ իրենք դա չեն տեսնում։
Ինչ վերաբերում է քարոզարշավի չափանիշների խախտմանը, նա ասել է, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը։
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ նշել է, որ իրենք բոլոր սոցիալական խավերում ունեն աջակիցներ։ Ըստ նրա՝ միջին խավը հարվածի տակ է եւ պաշտպանության կարիք ունի։ «Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր ուզում են հեղափոխությունից հետո բարեփոխումներ եւ փոփոխություններ»,—հավելեց նա։ 


«Ժամանակն է»
 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկել է Ազգային ժողովի բակից։
«Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատուկ խորհուրդ կա ԱԺ—ի բակից սկսելու հանգամանքում։
«Վերջապես, մեր երկար տարիների պայքարից հետո, մենք կարող ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Այս ընտրությունները շատ հուսադրող են եւ խոստանում են լինել շատ լեգիտիմ ու զգալի չափով արտացոլել հայ ժողովրդի կամքը»,– նշել է Ավետիսյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ ժողովուրդը կլինի ակտիվ, եւ այս ընտրություններին կբացառվեն բոլոր տեսակի կեղծիքները։
Կուսակցության կարգախոսն է՝ «Ժամանակն է», եւ ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր կետից առաջ կա այդ կարգախոսը։
«Այսպիսի կարգախոս ընտրելով նկատի ենք ունեցել, որ արդեն ժամանակն է անելու այս կամ այն քայլերը։ Մեր ծրագրում տեղ է գտել 5 հիմնական ուղղություն՝ իրավունք եւ արդարություն, պետական կառավարում եւ կադրային քաղաքականություն, սոցիալ—տնտեսական զարգացում, անվտանգություն եւ պաշտպանություն, Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, հայրենիք—սփյուռք»,–ասել է Վարուժան Ավետիսյանը։
Հարցին ի պատասխան, թե սոցիալական ինչ խնդիրներ են համարում օրակարգային, վերջինս թվարկել է սակագների նվազեցումը, նվազագույն սպառողական զամբյուղի իրական հաշվարկը, որոնք տնտեսության համակարգաստեղծ բաղադրիչներ են։
«Այս երկու քայլերը բավական են, որ ներքին տնտեսության կառուցվածքը բարելավվի, եւ սկսենք շնչել։ Այս խնդիրները լուծելու համար պետք է խորհրդարանական ձեւաչափով համապատասխան որոշում լինի, որպեսզի պետական մարմինները սկսեն հաշվարկներ անել։ Այս ամենից հետո հնարավոր կլինի ներկայացնել համապատասխան ռազմավարություն, թե ինչպես պետք է լուծվեն այդ հարցերը»,–ասել է Վարուժան Ավետիսյանը։
Միջոցառմանը ներկա էր նաեւ կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, որը քաղաքացիություն չունենալու պատճառով տեղ չի գտել կուսակցության նախընտրական ցուցակում։


«Մեր խոսքը գործ է»
 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագրով։ Այն լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Ըստ նրա՝ ծրագրի հիմքում երկու հիմնական սկզբունք կա. «Առաջինը՝ նախորդ մեր բոլոր ծրագրերի նկատմամբ հետեւողական ենք լինելու։ Երկրորդ՝ հետհեղափոխական շրջանում, երբ հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծվել, պետք է համարժեք արձագանք»։
ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԲՀԿ—ի նախընտրական ծրագրում ներառված կոնկրետ գերակայությունները. «Երբեւիցե երկրի տնտեսական զարգացման հիմնախնդիրները չպետք է հակադրել մարդկանց արդիական սոցիալական խնդիրների լուծմանը, երբ ասում ենք՝ թոշակ, աշխատավարձ բարձրանա, երբեք չպետք է հակադրենք այն մոտեցմանը, թե դե ցույց տվեք՝ որտեղից այդ գումարները, դրանք պետք է հայթայթվեն, եւ հասցեները գիտենք։ Մենք գիտենք, թե երկիրը ինչպես պետք է այս ծանր սոցիալ—տնտեսական վիճակից դուրս բերել»։
Նախընտրական ծրագրի հաջորդ կետն այն է, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխություն. պետք է կտրուկ բեկում մտցնել. «Ոչ թե պետք է խոսել 3—4 տոկոս աճի մասին, այլ պետք է երկնիշ տնտեսական աճ ունենանք։ Տարվա կտրվածքով Հայաստան պետք է մտնի 2—3 մլրդ դոլար»։
Հաջորդ սկզբունքը տեխնոլոգիական հեղափոխության ապահովումն է. Միքայել Մելքումյանի խոսքով՝ իրենք համոզված են, որ տնտեսական բեկում չի լինի, եթե տնտեսությունը նոր տեխնոլոգիական մակարդակի չբերվի. «Պետք է ապահովենք ճյուղային կառուցվածքի կտրուկ փոփոխություն տնտեսությունում։ Այսինքն՝ ավանդական արդյունաբերության ճյուղերը մնան իրենց տեղում, բայց կարողանանք տեխնոլոգիական կառուցվածքը փոխել»։
Կուսակցության նախընտրական ծրագրի հաջորդ կետը թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումն է. «Նվազագույն թոշակի եւ աշխատավարձի չափ չենք գրել, միայն նշել ենք, որ արժանապատիվ կենսապահովման չափ պետք է ապահովվի»։ 
Հաջորդ կետը ՓՄՁ—ների զարգացման հիմնախնդիրն է։ «Այն ձեռնարկությունները, որոնք տարեկան ունեն մինչեւ 30 մլն դրամի շրջանառություն, պետք է հարկերից ազատվեն»,—ասել է նա եւ շարունակել, որ գյուղական փոքրիկ խանութների տեղը պետությունը պետք է մոռանա, ՀԴՄ—ից բացի, այլ հարկեր չդրվեն նրանց վրա։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024