ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 00:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Աջակցության գործիքակազմ. տնտեսության որ ճյուղին ինչ կհասնի /Հեռանկարայինը արտահանելի հատվածի ընդլայնումն է/
13:14
Աջակցության գործիքակազմ. տնտեսության որ ճյուղին ինչ կհասնի /Հեռանկարայինը արտահանելի հատվածի ընդլայնումն է/

Մեր երկրի արդյունաբերական քաղաքականությանն անդրադառնալիս նշել էինք, որ առաջիկա տարիների, իսկ ավելի ստույգ՝ մինչեւ 2020թ. կտրվածքով գործադիր իշխանությունն ընդունել է ճյուղային ռազմավարություններ՝ որոշ ոլորտներ զարգացնելու հստակ հեռանկարներով։ Համապատկերում անդրադարձել էինք ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ կենսատեխնոլոգիաների, կոնյակագործության ոլորտներին։ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, թե սա չի նշանակում, որ մյուս ոլորտների հետ կապված պետությունը աջակցության գործիքակազմ, մեխանիզմներ չունի։ Որո՞նք են դրանք։
Հայաստանը արդյունաբերական ներուժ ունի (խորհրդային տարիների ժառանգությունը հաշվի առած), ու դա չօգտագործելը, զարգացնելու ելքեր չմտածելը անխելամտություն է։ Զբոսաշրջության ապշեցուցիչ տեսլականի մասին, իհարկե, խորհել պետք է, բայց միայն դրանով երկիր չեն պահում։ Այս ոլորտում այլ երկրների հետ համեմատվել էլ պետք չէ, որովհետեւ ի տարբերություն մեծամասմաբ տուրիզմի բերած փողերով ապրող երկրների, մենք չունենք այդ առանձնահատկությունը, եւ լավ է, որ չունենք. այն է՝ ՀՀ—ն արտադրող երկրի համարում պիտի ունենա (այս ներուժի մասին է խոսքը), ոչ թե սպասարկող (ասածս չի ենթադրում, թե մեր երկրում զբոսաշրջության ոլորտը զարգացնել պետք չէ)։ Մեր կառավարությունն ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը եւ նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն, որի հիմքում արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումն է՝ շեշտադրելով վերամշակող արդյունաբերության զարգացումը։ Էկոնոմիկայի նախարարությունը հավաստիացնում է, թե հետեւողական քայլեր է ձեռնարկում արդի եւ մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես եւ մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով Հայաստանը դարձնելու զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր։ ՀՀ—ն բազմաճյուղ արդյունաբերական երկիր է, որտեղ ներկայացված են սննդարդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունը, հանքահումքային եւ մետաղագործական, քիմիական, բիոտեխնոլոգիական եւ դեղագործական, մեքենաշինական, սարքաշինական եւ էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ոսկերչությունն ու ակնագործությունը, շինանյութերի արտադրությունը։ Աճի մեծ տեմպեր ապահովող արդյունաբերության ճյուղերն են հանքարդյունաբերությունը, մետաղագործությունը (այս երկուսին այս նյութի շրջանակներում չենք անդրադառնա, քանզի այն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գործառույթում է), սննդարդյունաբերությունը, դեղագործությունը, հագուստի արտադրությունը, ոսկերչությունը։ Միջազգային տնտեսական ճգնաժամը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր տնտեսությունը տարատեսակացնելու անհրաժեշտություն է զգում։ Այդ տեսանկյունից նախարարությունը կարեւորում է արդյունաբերական ճյուղերի համալիր զարգացումը, առաջին հերթին՝ արտահանելի հատվածի։
Գանք ոլորտներին ցույց տրվող պետության աջակցության գործիքակազմին։ «Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կառավարության կողմից կիրառվում է պետական աջակցության համալիր գործիքակազմ՝ ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով արտահանման ծավալների ավելացմանը եւ ներմուծման փոխարինմանը»,—ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, նմանատիպ գործիքներից է 2009թ. ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումը, որով հնարավորություն է ընձեռվում ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամ եւ ավելի ներդրումներ կատարելու դեպքում կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվելիք ԱԱՀ—ի գումարների վճարման ժամկետները հետաձգել 3 տարով։ Այս փոփոխությունը նպաստեց հանրապետություն մեծաքանակ ներդրումների հոսքին, նոր ատադրությունների ու աշխատատեղերի ստեղծմանը։ Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի ընդհանուր կանխատեսվող ներդրումները կազմել են մոտ 74.25 մլրդ դրամ (հետաձգված ԱԱՀ—ն՝ 14.85 մլրդ դրամ)։ Ներդրումների շնորհիվ ստեղծվել է 1450 նոր աշխատատեղ, իսկ ծրագրերի իրագործման արդյունքում նոր բացված աշխատատեղերի քանակը կհասնի մինչեւ 1700—ի։ Կամ՝ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ ներկայիս շուկայական պահանջներին համապատասխան արտադրանքի թողարկման համար խթանող միջոց է լիզինգային (ֆինանսական վարձակալություն) համակարգը։ Այն կատարելագործելու նպատակով նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ քայլեր է ձեռնարկում հանրապետության լիզինգային օրենսդրությունը բարելավելու եւ միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Ներկայացնենք, թե ըստ պետական այս կառույցի, աջակցության ինչ գործիքակազմ է կիրառվում եւ կիրառվելու տնտեսության որոշակի ճյուղերում։

Ում ինչ կտա պետությունը

Քիմիական արդյունաբերության ճյուղը հիմնականում ներկայացված է քիմիական նյութերի, ներկերի եւ լաքերի, դեղագործական, ռետինե ու պլաստմասսայե լվացող ու մաքրող նյութերի արտադրություններով, որոնց մասնաբաժինները ընդհանուր ճյուղի կառուցվածքում կազմում են համապատասխանաբար՝ 37,4%, 18,3%, 29,4% եւ 4%։ 2010թ. քիմիական արդյունաբերության արտադրանքի մասնաբաժինը ամբողջ արդյունաբերության կառուցվածքում կազմել է 1,6%։ Այսպես ասած, մեծ քիմիայի ներկայացուցիչներն են «Նաիրիտ»—ը եւ Վանաձորի քիմհամալիրը։ Ոլորտում գործում են նաեւ մի շարք ընկերություններ, որոնք արտադրում են բարձրորակ շինանյութեր, այդ թվում՝ ներկեր, լաքեր, էմուլսիաներ, լուծիչներ, լվացող միջոցներ եւ այլն։ Իսկ քիմիական արդյունաբերության դեղագործական բնագավառը պատկանում է տնտեսական գործունեության յուրահատուկ բնագավառների թվին, որը ներառում է դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների արտադրությունը, դրանց մասնագիտացված պահպանման ու բաշխման մեխանիզմները։ Զարգացած երկրներում դեղագործական բնագավառը համարվում է ամենաշահութաբերներից, բայց քանի որ առանձնահատուկ բնագավառ է, կարգավորվում է պետական մարմինների եւ վերահսկվում՝ ապահովագրական բժշկության կողմից։ Մեր երկրում էլ այն կարեւոր տեղ է զբաղեցնում տնտեսությունում։ Ավելին, գիտատար է ու նվազ էներգատար։ Քիմիական արդյունաբերության դեղագործության ոլորտը Հայաստանի ամենաարագ զարգացող արտահանող ոլորտներից է։ Արտահանումը կազմում է ոլորտի թողարկման 57%—ը, իսկ արտահանման տարեկան միջին աճը կազմել է 24% (սկսած 2003 թ.—ից)։ 2009թ. ճգնաժամային տարում դեղագործական ոլորտը արձանագրել է 8% աճ։
Ոլորտի գլխավոր խնդիրներից է ՊԱԳ (GMP) հավաստագրման բացակայությունը։
Բնագավառի հետագա զարգացումն ապահովելու, բնագավառում ներդրումային դաշտը գրավիչ դարձնելու, ընկերությունների մրցունակությունն ու համակարգում մրցակցությունը բարձրացնելու նպատակով կատարելագործվում է բնագավառին առնչվող օրենսդրական դաշտը, ներդվում են որակի կառավարման համակարգեր։
Պետական աջակցության շրջանակներն այս ոլորտում ներառելու են որակի սերտիֆիկացման համակարգերի ներդրման գործում աջակցությունը, որակի վերահսկողությունը, ֆինանսական միջոցների մատչելիության ապահովումը, անդրազգային ընկերությունների ներգրավումը եւ այլ գործիքներ։
Թեթեւ արդյունաբերության ճյուղը Հայաստանում սոցիալական դերակատարում ունի։ Լինելով առավելապես աշխատատար ոլորտ՝ զարգացման դեպքում այն կարող է էապես նպաստել աշխատատեղերի ստեղծմանը։ Ոլորտի ընկերությունների հիմնական մասը գործում է կարի ծառայություններ մատուցելով օտարերկրյա պատվիրատուներին, մյուս մասն իրականացնում է սեփական արտադրանքի վաճառք ներքին եւ արտաքին շուկաներում։ Այս ճյուղը Խորհրդային Հայաստանում բավականին զարգացած էր, ներկայումս էլ պահպանում է զարգացման մեծ ներուժը եւ աճի իրատեսական հեռանկարները։ Ճյուղը ներկայացված է հիմնականում հետեւյալ ուղղություններով՝ հագուստի արտադրություն, մանածագործական արտադրատեսակների արտադրություն, կաշվի եւ կաշվե արտադրատեսակների արտադրություն։ Առաջին երկու ճյուղերի արտադրանքի մասնաբաժինները ընդհանուր ճյուղի կառուցվածքում կազմում են համապատասխանաբար՝ 62% եւ 23%։ Բավականին զարգացած հագուստի արտադրության ենթաճյուղը ներկայացված է շուրջ 70 մեծ ու փոքր կազմակերպություններով, որոնց կայուն գործունեության հիմքում ընկած է եվրոպական ու ամերիկյան գործընկերների պատվերների կատարումը։ Այս եղանակով աշխատող ձեռնարկությունների համար կիրառվող «ժամանակավոր ներմուծում» եւ «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմների հետ կապված ընթացակարգերը պարզեցնելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը փոփոխություններ է կատարել մաքսային օրենսգրքում։ Ներկայումս ոլորտի առջեւ ծառացած եւ լուծում պահանջող հիմնական խնդիրներն են հումքի ներմուծման եւ արտադրանքի արտահանման հետ կապված բարձր տրանսպորտային ծախսերը, տեղական արտադրողների համար ներքին շուկայի պաշտպանվածության ցածր մակարդակը, հարկային եւ մաքսային վարչարարությունը, ընկերությունների կողմից շուկայավարման ցածր մակարդակը, արտադրանքի որակը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, տեղական բրենդի բացակայությունը։
Պետության կողմից ոլորտին աջակցություն ցուցաբերելու հնարավոր գործիքների շրջանակը ներառում է շուկաների մատչելիության ապահովման աջակցությունը, արտահանման կարողությունների զարգացումը եւ ֆինանսական միջոցների մատչելիության ապահովումը։
Սննդամթերքի արտադությունը մեր երկրի ամենազարգացած ոլորտը լինելով՝ արտահանման ծավալների տեսանկյունից երկրորդն է (14% ընդհանուրի մեջ)։ Նաեւ սննդամթերքի արտադրությունը կարեւոր է գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման առումով։ Օրինակ, կոնյակագործությունը, մթերելով Հայաստանի խաղողի բերքի շուրջ 60%—ը, խաղողագործության ոլորտում ապահովում է ավելի քան 18.000 աշխատատեղ։ 2010թ. սննդամթերքի արդյունաբերության արտադրանքի մասնաբաժինը մեր երկրի ամբողջ արդյունաբերության կառուցվածքում կազմել է 32.5%, իսկ ՀՆԱ—ի կառուցվածքում՝ մոտ 1.6%։ Ոլորտում գործել են 918 ձեռնարկություններ, որոնցում ընդհանուր աշխատողների թիվը մոտ 19.8 հազ. է։ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են սպիրտային ըմպելիքները, ձկնեղենը, պանիրը, պահածոյացված մրգերը, ջեմերը, ջրերը եւն։ Ոլորտի հիմնական խնդիրներն են պատշաճ որակի ապահովումը եւ վերահսկողությունը, ինչպես նաեւ երկարաժամկետ հատվածում հումքային բազայի սահմանափակությունը, սերտիֆիկացման միջազգային ճանաչում ունեցող մարմնի կողմից ընդունված (ճանաչված) սննդամթերքի համապատասխան լաբորատորիայի բացակայությունը, շուկայավարման ցածր մակարդակը, տրանսպորտային հաղորդակցության անկայունությունը եւ ոգելից խմիչքների արտահանման պարագայում տրանսպորտային ուղիների սահմանափակությունը։ Հիշեցնենք, որ Իրանի տարածքով ոգելիցի տարանցումն արգելված է, իսկ Վերին Լարսի անցակետը չի սպասարկում ենթաակցիզային ապրանքների տարանցումը։
Ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են գյուղատնտեսական ռազմավարության արդյունավետ իրագործումը, որակի միջազգային սերտիֆիկացման ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ ազգային ստանդարտների եւ որակի վերահսկողության համակարգի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին), որակի վերահսկողության համակարգերի ներդրումը, նոր շուկաների մատչելիության ապահովման աջակցությունը։
Մեքենաշինական արդյունաբերությունը ներառում է հաստոցագործիքաշինությունը (հաստոցաշինական եւ գործիքաշինական, հատուկ մեքենաշինության ձեռնարկություններ (կոմպրեսորներ, պոմպեր, ավտոգենային սարքավորումներ, խողովակային ամրաններ եւ այլն)), էլեկտրատեխնիկական համալիրը (էլեկտրական մալուխների եւ լարերի, էլեկտրաշարժիչների եւ գեներատորների, տրանսֆորմատորների, էլ. մարտկոցների, լուսատեխնիկական սարքավորումների արտադրության ձեռնարկությունները), սարքաշինական եւ էլեկտրոնային արդյունաբերությունը (հսկիչ եւ չափիչ սարքերի, կապի միջոցների, փոխարկիչների, համակարգիչների եւ դրանց մասերի արտադրության ձեռնարկությունները)։ Մեքենաշինական ոլորտի արտահանվող հիմնական արտադրատեսակներն են ավտոգենային սարքավորումները, էլ. մարտկոցները, էլ. շարժիչները եւ գեներատորները, եռակցման սարքավորումները, խողովակային ամրանները, չափիչ եւ հսկիչ սարքերը, կոմպրեսորները, յուղի պոմպերը, ավտոմոբիլային ռելեները, միացուցիչները, կարծր համաձուլվածքների հիմքի վրա մետաղամշակման եւ քարի մշակման գործիքները եւ այլն։ Չնայած խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ներուժ ունենք (այդ ժամանակների համար առաջադեմ տեխնոլոգիաներ ու դրանց տիրապետող փորձառու մասնագետներ), բայց այսօր այն էական արդիականացման կարիք ունի։ Ոլորտի առջեւ ծառացած լրջագույն հիմնախնդիրներից են ճարտարագիտական կրթության ենթակառուցվածքների քայքայվածությունը, նոր տեխնոլոգիաների անմատչելիությունը, գիտաշխատողների եւ այլ տեխնիկական աշխատողների միջին բարձր տարիքը, միջազգային շուկաների թույլ տիրապետումը եւ սերտիֆիկացման հետ կապված հարցերը։
Ոլորտում պետական աջակցության ուղղություններ են հիմնական միջոցների թարմացումը, ֆինանսավորման եւ շուկաների մատչելիության ապահովումը, արտահանման կարողությունների զարգացումը, հարկային եւ մաքսային հատուկ ռեժիմների կիրարկումը, հետազոտությունների եւ մշակումների խթանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման աշխատանքների կազմակերպումը։
Ակնագործության եւ ոսկերչության ոլորտը մեր տնտեսության ավանդական ոլորտներից է՝ արտահանման մեջ էական մասնաբաժնով։ Այսուհանդերձ, ոլորտը վերջին տարիներին արձանագրել է նշանակալի անկում՝ պայմանավորված հիմնականում նախաճգնաժամային փուլում դրամի կտրուկ արժեւորմամբ եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ պահանջարկի անկմամբ, իսկ, մասնավորապես, ադամանդագործության խնդիրները կապված են Ռուսաստանից հումքի մատակարարման հետ։ Պետությունը մի շարք կարեւոր նախաձեռնություններ է արել ոլորտում։ Մասնավորապես, ՀՀ—ն միացել է Քիմբերլի գործընթացին, սահմանվել է բարենպաստ մաքսային եւ հարկային ռեժիմ։ Որպես Քիմբերլի գործընթացի անդամ երկիր՝ ՀՀ—ում 2003թ. հունվարի 1—ից ալմաստի հումքի առքուվաճառքն իրականացվում է միայն Քիմբերլի գործընթացի անդամ երկրների հետ եւ ալմաստի հումքի ցանկացած բեռ, անկախ այն բանից՝ ներմուծվում է, թե արտահանվում, պետք է ուղեկցվի արտահանող երկրի կողմից տրամադրված Քիմբերլի հավաստագրով։
Ոլորտում պետական աջակցության ուղղություններից է միջպետական համաձայնությունների ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը, հատուկ մաքսային եւ հարկային ռեժիմների ապահովումը, սփյուռքից եւ այլ աղբյուրներից ներդրումների ներգրավումը։
Շինանյութերի արտադրության ոլորտի արտադրանքից արտահանվում են հիմնականում քարերն ու այլ ոչ մետաղական հանքահումքային արտադրանքը։ Մինչեւ 2008թ. էական արտահանում էր արձանագրվում ցեմենտի ոլորտում (2008թ. 38.3 մլն. ԱՄՆ դոլար), որը, սակայն, դադարեցվել է 2009թ.—ից՝ պայմանավորված Վրաստանում նոր գործարանի կառուցմամբ եւ Հայաստանում էներգակիրների թանկացմամբ։ Ոլորտի հիմնական խնդիրներն են տրանսպորտային ծախսերը եւ տարածաշրջանային պահանջարկի սահմանափակությունը։
Ոլորտի աջակցության հիմնական ուղղություններն են շուկաների մատչելիության ապահովումը եւ արտահանման կարողությունների զարգացումը։
Պետությունը վստահեցնում է, որ կշարունակի աջակցել այն տնտեսավարողներին, որոնք դրա կարիքն իսկապես կունենան, ու որոնց ներդրումային ծրագրերը աշխատատեղերի խնդիր կլուծեն։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 587 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024