
«Մենք ցանկանում ենք Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի հարաբերությունների մասին իրազեկել մեր հասարակությանը, այդ նպատակով էլ կազմակերպում ենք նման միջոցառումներ՝ ներկայացնելու, թե ինչ է մեր կողմից իրականացվում ՆԱՏՕ—ի դաշինքի հետ»,–երեկ «ՆԱՏՕ—ի շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում ԵՊՀ—ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ. «Ներկայումս Հայաստան—ՆԱՏՕ շրջանակում իրականացվում է 2014—16 թվականների անհատական գորընկերության ծրագիրը, եւ հուսով եմ, որ արդեն հաջորդ տարի կունենանք նոր փաստաթուղթ։ Գործընկերային հարաբերությունների հետագա ընթացքը մանրամասնող քաղաքական երկխոսությունը ծավալվում է երկուստեք այցերի շրջանակում, ամենաբարձր մակարդակներում»։
Գագիկ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանն անվտանգության ասպարեզում իր համամասնական ներդրումն է ունենում միջազգային անվտանգության հարցում. «Հայաստանը միջազգային համակարգի պատասխանատու անդամ է եւ իր ներդրումն է ունենում անվտանգությանն ուղղված ծրագրերում։ 2004 թվականից սկսած մենք մասնակից ենք միջազգային խաղաղապահ գործողություններին։ Հայաստանի զինծառայողները մասնակցել են Կոսովոյում, Աֆղանստանում, Մալիում, Լիբանանում խաղաղապահ գործողությունների։ Դրանց մասնակցելը Հայաստանին հնարավորություն տվեց անվտանգության սպառողից դառնալ նաեւ անվտանգություն ապահովող»։
ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետը հավելեց՝ եթե նախկինում անվտանգության պահպանում ասելով հասկանում էինք ժողովրդի, պետության պահպանություն, ապա այժմ դրա տակ պետք է նկատի ունենալ ավելի լայն կոնցեպտ՝ մարդիկ, շրջակա միջավայր, կիբերանվտանգություն։
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ—ում ԱՄՆ—ի, ՄԵծ Բրիտանիայի, Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանները։
«Այս շաբաթվա ընթացքում մենք մանրակրկիտ քննարկումներ, աշխատաժողովներ ենք ունեցել փորձագետների հետ եւ կարող ենք փաստել՝ «ՆԱՏՕ—ի շաբաթը» հաջողված էր»,–ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Դեսպանի խոսքով՝ փորձագիտական մակարդակով քննարկումներից բացի, հավասարապես կարեւոր է քննարկումները հասարակության լայն շերտերի հետ, այն մարդկանց շրջանում, ովքեր հետաքրքրված են անվտանգության հարցով. «Այս առումով առանձնակի կարեւոր են մարզերում՝ Լոռի, Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, անցկացրած հանդիպումները։ Պետք է մարդկանց իրազեկված պահել կատարվածի, անելիքների, ինչպես նաեւ ՆԱՏՕ—ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի դիրքորոշումներին մասին»։
ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ ՆԱՏՕ—ն ընդունում է՝ կան բազմաթիվ խնդիրներ, գլոբալ մարտահրավերներ, որոնք դաշինքը միայնակ չի կարող կարգավորել։
«Գործընկեր պետությունների փորձառությունը, քաղաքական կամքը մեզ համար առանցքային են։ Մեր այդպիսի գործընկերներից է Հայաստանը, որն ակտիվ անդամ է ՆԱՏՕ—ի «Խաղաղություն հանուն գործընկերության» ծրագրին։ Հայաստանը միակ երկիրն է, որ լինելով ծրագրի մաս՝ նաեւ ՀԱՊԿ անդամ է։ Հայաստանի գործընկերությունը կարեւոր է այն առումով, որ տարբեր օղակների փորձառությունը կարող է գլոբալ մարտահրավերների դիտարկման համատեքստում համադրել»,–հավելեց ԱՄՆ դեսպանը։
|