Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հունվարի 14—ին, ժամը 10։00—ին։
«Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100—րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաեւ Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32—րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը, ժամը 10։00—ին, Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9—ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի hունվարի 14—ի երկուշաբթի օրը, ժամը 10։00»,–անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9–ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասորի եւ քուրդ ազգային փոքրամասնությունների 1—ական ներկայացուցիչ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով անցած կուսակցություններից եւ դաշինքներից ստացել է ինքնաբացարկի 20 դիմում, որից 18—ը՝ «Իմ քայլը» դաշինքից եւ 2—ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Ի դեպ, այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կկայանա Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։
|