ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 22:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Արդյունքները տեսանելի են եւ անշրջելի /ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը/
09:07
Արդյունքները տեսանելի են եւ անշրջելի /ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը/

Երեկ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ջեյմս Կլապիսոնը։
Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա մասնավորապես ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում։
Հայաստանի եվրոպական ուղղվածությունը, եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը բնական ընտրության արդյունք են՝ հիմնված մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում են մեր ներքին օրակարգից։ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, իրավունքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ։ Մենք դիտարկում ենք Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը եւ եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման եւ արդյունավետ բարեփոխումների իրականացման կարեւոր գործոն։ Այս հիմնարար եվրոպական արժեքների վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում։
Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են եւ անշրջելի։ Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին՝ ուղղված Հայաստանի սոցիալ—տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը։ Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, որտեղ քաղաքացիներն ազատ են իրականացնելու hավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը, մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի եւ ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար։ Սրանք եւ բազմաթիվ այլ ձեռքբերումներ ավելի քան կարեւոր են մեր ապագայի համար։
Կարեւոր եմ համարում անդրադառնալ նաեւ Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերի, ինչպիսին է անհանդուրժողականությունը։ Ցավոք 21—րդ դարում եւս այս խնդիրն օրակարգային է, երբ թափ են առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսեւորումները։ Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների, մարդկության դեմ հանցագործությունների։ Հայ ժողովուրդն իր վրա է զգացել, թե ինչ ծանր հետեւանքների կարող է հանգեցնել այլատյացությունը՝ դառնալով 20—րդ դարի առաջին ցեղասպանության զոհ։
Անհանդուրժողականության դեմ պայքարում առանձնակի դեր է խաղում միջմշակութային երկխոսությունը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների, կրոնների հարգման, ուստի նաեւ՝ խաղաղ գոյակցման համար։ Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակը պետք է հանդիսանա տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը։ Ամոթալի է, որ մերօրյա աշխարհում նման երեւույթները շարունակում են գոյություն ունենալ եւ որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով։ Լուրջ մտահոգության առիթ է հարեւան Ադրբեջանում քաղաքական էլիտայի հովանավորած այլատյացությունը, թշնամական հռետորաբանությունը, որի հիմնական թիրախը Հայաստանն է եւ այն ամենը, ինչը կապված է հայության հետ։
Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսեւորումներն արմատախիլ անելու հարցում։
Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների տարածող բացառիկ կառույց, կարեւորագույն դեր ունի այս գործում։ Կազմակերպության դերակատարությունը պետք է լինի առավել նպատակային՝ գործադրելով իր տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը։
Այս համատեքստում կարեւորում ենք ԵԽԽՎ—ի շրջանակներում նախաձեռնված «Ոչ ատելությանը» պառլամենտական ալյանսը՝ կարեւոր հարթակ, որը համախմբում է այս չարիքների դեմ պայքար մղելու հանձնառություն ստանձնած խորհրդարանականներին։
Հարգելի գործընկերներ,
Մեր բոլորի պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի։
Կրկին ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք»։
Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ վերահաստատելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է։ Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանն իր անդամակցության օրվանից նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր՝ իրականացնելու ԵԽ անդամակցությամբ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։ Խոսելով Հայաստան—ԵԽ համագործակցության մասին՝ նա նշել է, որ այն վերաբերում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ դատական համակարգին, խոսքի եւ մամուլի ազատությանը, Ընտրական օրենսգրքին, քրեակատարողական հիմնարկներին, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական համախմբմանը, տեղական ինքնակառավարմանը եւ այլ ոլորտներին։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ այս ոլորտներում գրանցվել է էական առաջընթաց, սակայն երկրի եւ ժողովրդավարական հասարակության զարգացումը շարունակական գործընթաց է, եւ Հայաստանը պատրաստ է հետեւողական ջանքեր կիրառել՝ հասնելու առավել շոշափելի արդյունքների։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է այդ գործընթացը, որն ուղղված է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը, արդյունավետ կառավարման խթանմանը։ Նա տեղեկացրել է, որ ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որն արդեն ՀՀ նախագահին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ ԱԺ նախագահի տեղակալը երախտիքի խոսք է հղել Եվրոպայի խորհրդին՝ Վենետիկի հանձնաժողովի միջոցով այս գործընթացին իր աջակցությունը ցուցաբերելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունն ընձեռում է երկրում բարեփոխումներ իրականացնելու բացառիկ հնարավորություն։
Հայաստանի իրավական համակարգի զարգացումների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը։ Նա անդրադարձել է Եվրոպական դատարանի՝ Հայաստանին առնչվող նախադեպային գործերի վերաբերյալ կայացված վճիռներին եւ հանրության ու քաղաքական գործիչների կողմից սահմանադրական բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքին՝ նշելով, որ այն միանշանակ չի ընդունվում, իսկ Եվրոպական դատարանի ընդունած շուրջ 50 վճիռներից շատերն էական նշանակություն են ունեցել Հայաստանի մի շարք օրենքների բարեփոխման համար։ Մասնավորապես՝ բարեփոխվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, մշակվել է նոր քրեական դատավարության օրենսգիրք։ Ալվինա Գյուլումյանը մասնավորապես կարեւորել է քաղաքացիների իրավունքները սահմանափակող դրույթների բարելավումը եւ մարդու իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու իրացումը։
Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում իրավական զարգացման գործընթացներն անընդհատ կատարելագործման փուլում են եւ անմիջականորեն անդրադառնում են փաստաբանների ամենօրյա գործունեության վրա։ Նա ներկայացրել է փաստաբանական գրասենյակների գործունեությունը, հանրային պաշտպանի գրասենյակի մոդելի առանձնահատկությունները, խոսել փաստաբանական դպրոցի հիմնադրման գործընթացից։ Պարոն Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ ոլորտում առկա օրենսդրական բացերին, ներկայացրել առաջարկներ։
ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը խոսել է սահմանադրական բարեփոխումների գործընթացից, ներկայացրել առանցքային նշանակություն ունեցող սկզբունքները։ Նա կարեւորել է իրավական որոշակիության սկզբունքը, օրենքի գերակայությունը, անհրաժեշտ է համարել վերանայել իրավակիրառ պրակտիկան մեր երկրում։ Գեւորգ Դանիելյանն անդրադարձել է նաեւ իրավաստեղծ գործունեության հարցերին, նշել այն բարդությունները, որոնք առաջանում են միջազգային իրավունքի նորմերն ազգային օրենսդրությունում վերարտադրելիս։ Նա մասնավորապես նշել է, որ մեր իրավական համակարգում փոքրաթիվ քաղաքական ուժերը չունեն իրական հնարավորություն՝ ազդելու իրավաստեղծ գործունեության վրա։ Հղում անելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նա տեղեկացրել է, որ այս հարցի վերաբերյալ արմատական բարեփոխումներ են իրականացվելու։ Այսինքն՝ փոքրաթիվ քաղաքական ուժերը կունենան իրական հնարավորություն՝ առանց նախնական քննարկումների օրակարգ մտցնելու օրինագծեր, ինչպես նաեւ՝ կլինեն որոշ օրինագծեր, որոնք ընդունելու համար պարզ մեծամասնությունն այլեւս բավարար չի լինելու։ Գեւորգ Դանիելյանն անհրաժեշտ է համարել նաեւ վերանայել օրենսդրական ակտերի մշակմամբ զբաղվողների շրջանակը. ըստ այդմ՝ նա խորհրդարանին առաջարկում է քննարկել մի տարբերակ, ըստ որի՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իրավունք կվերապահվի անկախ մասնագիտական կենտրոնին, այսպիսով, ըստ նրա՝ կմեղմանա գերատեսչական շահի առկայությունն օրենքներ մշակելիս։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը։ Նա նշել է, որ անդամակցելով միջազգային կազմակերպություններին եւ վավերացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, որոնց կատարումն իրավական համակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է։ Տիկին Խաչատրյանը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները, հաջողությունները, ինչպես նաեւ՝ թերացումները։
«Ինտերպոլի համակարգի չարաշահումը. ավելի խիստ իրավական երաշխիքների անհրաժեշտությունը» ներածական հուշագիրը ներկայացրել է ԵԺԿ անդամ, Գերմանիայի ներկայացուցիչ Բերնդ Ֆաբրիցիուսը։ Թեմայի առնչությամբ ելույթ են ունեցել Ինտերպոլի իրավական հարցերով գրասենյակի տնօրենի օգնական Յարոն Գոթլիբը, «Արդար դատավարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքս Թինսլին եւ Բելգիայի «Բաց երկխոսություն» հիմնադրամում ԵՄ գրասենյակի ղեկավար Աննա Քոջը։
«Դատական կոռուպցիա. Վեհաժողովի որոշումների իրականացման հրատապ անհրաժեշտությունը» վերնագրով բանաձեւի նախագիծը ներկայացրել է ԵԺԿ անդամ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կիմմո Սասին։ Նիստի մասնակիցները հաստատել են քննարկված բանաձեւի եւ առաջարկների նախագծերը։
«Օրենքի գերակայության ամրապնդումը Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում իրավական համակարգի նպատակային բարեփոխման միջոցով» ներածական հուշագիրը քննարկման է ներկայացրել ԵԺԿ անդամ, Գերմանիայի ներկայացուցիչ Բերնդ Ֆաբրիցիուսը։ Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Զդրավկա Քալայջիեւան եւ Ռումինիայում «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության տնօրեն Քրիստինա Գուզեթը։
Քննարկումների արդյունքում խորհրդարանականները մինչեւ հունիսյան նստաշրջան հետաձգել են օրակարգում ընդգրկված բանաձեւի առաջարկի եւ հայցի քննարկումները։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, քննարկվել են հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ հարցեր եւս։
Հանձնաժողովը նիստի աշխատանքը կշարունակի այսօր։ 

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները երեկ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում։  hhpress.am
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 425 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024