ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 28 » Բանակցային գործընթացին այլընտրանք չկա /Իր իսկ սխալի համար Թուրքիան քննադատում է ուրիշներին/
13:45
Բանակցային գործընթացին այլընտրանք չկա /Իր իսկ սխալի համար Թուրքիան քննադատում է ուրիշներին/

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ։ Նախարար Նալբանդյանը ողջունել է բելգիացի գործընկերոջ այցը Երեւան՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռեյնդերսը շեշտել է, որ Բելգիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ հնարավոր նոր ոլորտներում համագործակցության ծավալումը։
Էդվարդ Նալբանդյանը Դիդիե Ռեյնդերսին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները եւ ոգեկոչման խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը կարեւորել է միջազգային հանրության միասնական ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման գործում, եւ շնորհակալություն հայտնել արտգործնախարար Ռեյնդերսին՝ մարտ ամսին ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը Բելգիայի կողմից համահեղինակելու համար։ Հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ երկու երկրների ակտիվ ջանքերը՝ նախարարները պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեռ 1998թ. Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել հայ—բելգիական երկկողմ օրակարգի հարցերին, կարեւորել քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական կապերի ընդարձակումը, համագործակցության համար նոր ոլորտների բացահայտումը, խորհրդարանական, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Էդվարդ Նալբանդյանը եւ Դիդիե Ռեյնդերսը մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Բելգիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ։ Փոխվարչապետ Ռեյնդերսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է մասնակցելու մայիսին Բրյուսելում կայանալիք ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարին նվիրված ԵԽ նախարարական կոմիտեի 125—րդ նստաշրջանին։
Նախարարները քննարկել են Հայաստան — Եվրոպական միություն համագործակցությունը, այդ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումները, հարաբերությունների իրավական նոր հենքի մշակման շուրջ ընթացող գործընթացը։
Երկուստեք կարեւորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացումը, այդ առումով արժեւորվել այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի անցկացումը։
Անդրադարձ է արվել միջազգային հրատապ հարցերի, մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամին, մերձավորարեւելյան զարգացումներին։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Հայաստանի եւ Բելգիայի ԱԳ նախարարները նաեւ համատեղ ասուլիսում ամփոփել են բանակցությունների արդյունքները եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Հայաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում խոսել են երկկողմ հարաբերությունների, Եվրախորհրդի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին։ «Քննարկման թեմաներից էր նաեւ բելգիական նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը։ Հայաստանը 2013թ. նախագահում էր Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, եւ երբ համեմատում ենք մեր առաջնայնությունները, ապա դրանք շատ մոտ են, եթե չասենք, որ շատ հարցերում համընկնում են։ Մենք ողջունում ենք Եվրախորհրդում Բելգիայի բավական հաջող նախագահությունը, որը արդեն եզրափակիչ փուլ է մտնում։ Մայիսի 19—ին կկայանա նախարարական հանդիպումը, եւ ես հաստատեցի դրան իմ մասնակցությունը»,–նշել է Էդ. Նալբանդյանը։
Երկկողմ ձեւաչափով քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։ Նշվել է, որ առեւտրատնտեսական փոխանակումների ծավալը 2014թ. կազմել է մոտ 150 մլն ԱՄՆ դոլար, այս ցուցանիշը նվազել է 2013թ. համեմատ, երբ այն կազմում էր՝ 200 մլն ԱՄՆ դոլարից ավելի։ «Իհարկե, մենք ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ պետք է համատեղ ջանքերով նոր ծրագրեր մշակենք՝ առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար։ Դրա հնարավորությունները կան, բազմաթիվ բիզնես ֆորումներ են անցկացվել, առեւտրական պալատն է գործում, որը բավական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,– ասել է ՀՀ արտգործնախարարը։
Դիդիե Ռեյնդերսի խոսքով, Հայաստանն ու Բելգիան պետք է զարգացնեն համագործակցությունը ադամանդագործության, բժշկության, շինարարության ոլորտներում, աշխատեն փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ՝ հույս կապելով նաեւ սփյուռքի ներուժի հետ։ 
Բանակցությունների ժամանակ նաեւ կարեւոր տեղ է հատկացվել Հայաստան–ԵՄ համագործակցությանը, հատկապես՝ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական շրջանում։
Լրագրողներին հետաքրքրել է այն, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ինչ սպասելիքներ ունի Հայաստանը արեւելյան գործընկերությունից եւ ի՞նչ ակնկալիքներ ունի Ռիգայի գագաթնաժողովից։
«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը եւ Եվրամիությունը ընդունել էին համատեղ հայտարարություն, որտեղ ընդգծված է, որ Հայաստանը եւ Եվրամիությունը ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, բոլոր հնարավոր բնագավառներում եւ ձեւաչափերով՝ նկատի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում։ Դա մենք վերահաստատեցինք այս տարվա հունվար ամսին՝ Հայաստան—Եվրամիություն խորհրդի նիստի ընթացքում, եւ կարծում եմ, որ պետք է հաստատենք նաեւ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ»,–պատասխանել է Էդվարդ Նալբանդյանը։
Դիդիե Ռեյնդերսը ցանկանում է, որ Ռիգայում առաջիկայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ յուրաքանչյուր մասնակից երկիր իր ներուժի եւ արդեն ունեցած հաջողությունների հիման վրա կարողանա ավելի առաջ գնալ։
«Պետք է տարբեր գործընկերների հետ աշխատել։ Այն փաստը, որ Եվրամիության հետ պայմանագիր ենք կնքել, չի նշանակում, որ այլ հարեւանների հետ չենք կարող ունենալ համաձայնագրեր, օրինակ՝ Ռուսաստանի կամ ասիական երկրների։ Պետք է միասին նախաձեռնենք տարբեր միջոցառումներ, որպեսզի երկկողմանի համագործակցությունը կարողանանք առաջ տանել»,– ասել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։
Պատասխանելով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից արված հայտարարություններին Թուրքիայի արձագանքի վերաբերյալ լրագրողի հարցին, Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ Թուրքիայի արձագանքը ավելի շուտ հակաարձագանք է, որովհետեւ Թուրքիան վերջին շրջանում քննադատում է բոլորին, քննադատում է Հռոմի պապին, 28 երկիր ներկայացնող Եվրախորհրդարանին, Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, այլ երկրների։ «Կարծում եմ՝ ավելի հեշտ կլինի Թուրքիային այսօր մեկ հայտարարություն անել՝ քննադատելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը նրա համար, որ միջազգային հանրությունը խոսում է լեզվով, որը հասկանալի չէ Անկարային։ Բայց եթե ամբողջ աշխարհը խոսում է մեկ լեզվով, եւ դու չես հասկանում, ուրեմն պետք է անդրադառնաս եւ գլխի ընկնես՝ միգուցե սխալը հենց քո մեջ է»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Դիդիե Ռեյնդերսի խոսքով, Բելգիան առիթ ունեցել է իր ձայնը բարձրացնել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին, դիմել է Թուրքիայի իշխանություններին, որպեսզի այս խնդրի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գան։ «Եթե Բելգիան Եվրոպայի խորհրդի շրջանակներում օգնում է լավ հարաբերություներ զարգացնել Թուրքիայի, այլ հարեւանների, օրինակ՝ Ադրբեջանի հետ, կարծում եմ, պետք է անել ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար»,–ասել է նա։
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 29—ին Փարիզում նախատեսված է իր հանդիպումը եռանախագահների հետ. «Բանակցային գործընթացը շարունակվում է, բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի»։
Բելգիայի արտաքին գործերի նախարարը այս հարցում համամիտ է իր պաշտոնակցին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծմանն աջակցելու առքելությունը դրված է Մինսկի խմբի վրա, եւ հակամարտության ռազմական լուծումը բացառված է։ Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միայն քաղաքական բանակցությունների ձեւաչափով»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024