ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 00:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 19 » Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ այն չի ճանաչվել /Երեւանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումը/
13:48
Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ այն չի ճանաչվել /Երեւանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումը/

Մարտի 18–20—ը Երեւանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5—րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արեւմտյան Հայաստանի եւ կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ եւ պահանջում» խորագրի ներքո։ Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները։
Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական եւ քաղաքական գործիչների։ Մասնակիցների թվում են Թուրքիայից, Լիբանանից, Չինաստանից, Գերմանիայից ժամանած բազմաթիվ լրագրողներ։
Ֆորումի առաջին օրը ելույթ են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Լրագրողների համագործակցություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։
Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ է։ Յուրաքանչյուր հայի ընտանիք ունի պատմություն. ցեղասպանության պատմությունը բոլորին է վերաբերում, եւ հենց այդ պատճառով հարցը արդիական է յուրաքանչյուրի համար։
Նրա խոսքով, այսօր էլ՝ հարյուր տարի անց, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, իսկ ցեղասպանությունը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ճանաչվել եւ դատապարտվել. «Միջազգային պայքար պետք է տանել ընդդեմ ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործության։ Մենք ցեղասպանության մասին խոսում ենք ոչ թե այն պատճառով, որ հաճելի է մեզ, այլ որպես ազգ, որ վերապրել է ցեղասպանությունը, օգնել միջազգային հանրությանը՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում»։
Այսօրվա Թուրքիան շարունակում է ժխտել հարյուր տարի առաջ կատարված հանցագործությունը։ Դա թշնամական քաղաքականություն է։ Թշնամական վերաբերմունքը նա ցուցադրում է միջազգային բոլոր կազմակերպություններում եւ պաշտպանում հակահայկական բոլոր նախաձեռնությունները, որը իրականացնում է Ադրբեջանը։ «Ցեղասպանության պատմությունը չի վերջացել, քանի որ այսօր էլ այդ հանցագործությունը կրկնվում է։ Հենց դա է պատճառը, որ մենք պետք է շարունակենք այդ թեմայով խոսել, քննարկել»,–նշել է Վիգեն Սարգսյանը՝ մեջբերելով Հիտլերի խոսքերը՝ ուղղված իր բանակին, այն մասին, թե ով է հիշում հայերի ցեղասպանությունը։
Խոսելով հայ—թուրքական հարաբերությունների մասին, Վ. Սարգսյանը ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք նախապայմաններ չի դրել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար. «Ցեղասպանության ճանաչման հարցը երբեք չի դրվել նախապայման՝ հարաբերությունների հաստատման համար»։ Նա հիշեցրել է, որ 2009թ. Հայաստանը նախաձեռնեց հայ—թուրքական հարաբերությունների նորմալացման փորձ, որը լայն շրջանակներում հայտնի է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունով։ Իսկ արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը բարձրացրեց եւ նախապայմաններ առաջադրեց, ինչը անընդունելի էր։
Խոսելով համահայկական հռչակագրի մասին, Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հենասյուները, որոնք պետք է իրականություն դառնան. «Հիմնական սյունը հիշողությունն է։ Երբ ասում ենք հիշողություն, ապա հասկանում ենք լայն կոնցեպցիա։ Հիշողություն այն մարդկանց հանդեպ, ովքեր զոհվեցին, վերապրեցին, հիշողություն կորսված գույքի, ունեցվածքի հանդեպ։ Գոհունակության շնորհակալություն այն անհատների, պետությունների հանդեպ, ովքեր օգնեցին հայ ժողովրդին վերապրել։ Հարյուր տարի առաջ մարդու իրավունքների, հումանիտար աջակցության գաղափարը, ընկածին ձեռք մեկնելը դեռեւս գոյություն չուներ այն իմաստով, ինչպես այժմ։ Բայց այդ ժամանակ եղան մարդիկ, ովքեր վտանգեցին իրենց կյանքը հային աջակցելու համար։ Կային միսիոներներ, ովքեր օգնեցին հայ որբերին վերապրել ցեղասպանությունը, ովքեր դարձան մայրեր նրանց համար, օգնեցին, որ պահպանեն հայի ինքնությունը։ Դուք կզարմանաք իմանալով, թե սփյուռքում որքան թերթեր են հրատարակվել, կառուցվել են եկեղեցիներ, դպրոցներ՝ այդ կերպ փրկելով հայի ինքնությունը»։ Ամփոփելով, Վ. Սարգսյանը նշել է, որ 100—րդ տարելիցը նաեւ վերապրումի ժամանակ էր, վերածնունդի հարյուրամյակ էր, քանի որ վիշտն ու հիասթափությունն օգնեցին ոտքի կանգնել, վերագտնել պետականությունը, ստեղծել արվեստի գործեր ու շարունակել ապրել որպես ազգ։
Ի դեպ, Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել աշխարհում, եւ այս պահի դրությամբ ապրիլի 22—24—ին ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար հավատարմագրվել է ավելի քան 500 լրագրող։
Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներին։ Նա նշել է, որ փակ սահմանները, արտաքին գործոնները, 90—ականների տնտեսական կոլապսն իրենց ազդեցությունն ունեցել են երկրի տնտեսության վրա, սակայն Հայաստանում դրանք չեն համարել վերջնագիր եւ փորձել են տարատեսակ ուղիներով ոչ միայն ոտքի կանգնել, այլեւ տարբեր ոլորտներում արձանագրել լուրջ ձեռքբերումներ։
Ասվածի վկայությունները բազմաթիվ են թե արդյունաբերության եւ թե տնտեսության ոլորտում։ Զբոսաշրջության ոլորտում Հայաստանը լուրջ ջանքեր է կատարել, եւ այսօր հյուրանոցներն ու հանգստյան տները բավարար են ընդունելու օտարերկրյա զբոսաշրջիկներին, իսկ սպասարկման որակը չի զիջում միջազգային չափանիշներին։ «Զգայուն արտաքին գործոնները, փակ սահմանները Հայաստանին ստիպում են գտնել առավելագույն ռացիոնալ լուծումներ, գերխնդիր դնել տնտեսության ինովացիոն զարգացումը, գիտելիքահենք քաղաքականությունը»,–ասել է էկոնոմիկայի նախարարը։ Նա ներկայացրել է այն հիմքերը, որոնցից ելնելով արժե Հայաստանում ներդրումներ կատարել։ «Հայաստանը ներդրումներ կատարելու համար ապահով պետություն է։ Բացի այդ, Հայաստանը բազմաթիվ պետությունների եւ տնտեսական միությունների հետ ունի յուրահատուկ պայմաններ։ ԵՏՄ 170—միլիոնանոց շուկայի հետ ունի պարզեցված մուտք։ ԵՄ—ի հետ օգտվում է GSP+ համակարգից։ Հայաստանն օգտվում է Ճապոնիայի, ԱՄՆ—ի, Կանադայի հետ արտոնյալ ներմուծման ռեժիմներից։ Սա՝ զուտ տնտեսական առումով։ Իսկ թե ինչու պետք է այցելել Հայաստան, ապա դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Հայաստանում արեւ կա, Հայաստանում կան հետաքրքրական վայրեր։ Չնայած մեր երկու հարեւանների առկայությանը, այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ապահով է։ Գիշերվա ցանկացած ժամին կարող եք զբոսնել, եւ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնա»,–ասել է Ճշմարիտյանը՝ հավելելով, որ սա ուղղակի ու պարզ հաղորդագրություն է, որը կոնֆերանսի մասնակից լրագրողները պետք է հասցնեն իրենց քաղաքացիներին։
Անկարայից ժամանած թուրք լրագրողի բարձրացրած հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ թուրք ներդրողները ներդրումներ կատարեն Հայաստանում առանց դիվանագիտական կապերի հաստատման, նախարարը պատասխանել է. «Թուրքիայից չեղան ազդակներ ոչ միայն այդ համագործակցության իմաստով, այլեւ որ իրենք պատրաստ են փոխելու իրենց մոտեցումները, նաեւ հռետորական խոսքը։ Չկար ոչ մի ազդակ, որ պատրաստ են սահմանը բացել։ Այո, Հայաստանում թուրքական ապրանք վաճառվում է, բայց Թուրքիայում հնարավոր չէ տեսնել հայկական ապրանքներ։ Այնպես որ, նույն հարցը կարող եմ եւ ես հնչեցնել՝ պատրա՞ստ է Թուրքիան համագործակցել»։ Կ. Ճշմարիտյանը հավելել է, որ Թուրքիան այն երկիրն է, որ չի ճանաչում Հայաստանը որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Եվ թերեւս պետք է սկսել հենց դրանից։
Հրանուշ Հակոբյանը վստահեցրել է, որ համայն հայությունը չի լռելու եւ շարունակելու է իր պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար։ «Այսօր 7 միլիոնից ավելի հայեր ապրում են Հայաստանից դուրս։ Սփյուռքում գործում են 30 հազարից ավելի հայկական կազմակերպություններ, 500—ից ավելի դպրոցներ, 3 կուսակցություններ, որոնք մասնաճյուղեր ունեն 30—ից ավելի երկրներում, եկեղեցական հզոր ցանց, մշակութային ու սպորտային կենտրոններ»,– ասել է Հ. Հակոբյանը։
Նախարարը մեդիաֆորումի մասնակիցներին կոչ է արել ուշադրություն դարձնել ու անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք Հայոց ցեղասպանության հետեւանքն են. «Կխնդրեի ուշադրություն դարձնեք, որ եվրոպական տարածաշրջանում միակ փակ սահմանն ունի Հայաստանը, քանի որ Թուրքիան շրջափակման մեջ է պահում մեր երկիրը՝ հասցնելով միլիարդների վնաս։ Ցեղասպանության հետեւանքները շարունակվում են սփյուռքում, որովհետեւ ցանկացած սփյուռքահայ ֆինանսական ու հոգեկան ահռելի միջոցներ է ծախսում, որպեսզի հասնի արդարության, եւ ով է «հաշվել» այդ տառապանքը։ Մյուսը՝ Թուրքիան ակնհայտորեն կեղծում է իր եւ համաշխարհային պատմությունը, որով պետք է լրջորեն զբաղվել»։
Նրա խոսքով՝ Թուրքիան, անցյալում մնալով անպատիժ, այժմ էլ շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը. «Կցանկանայի, որպեսզի Հայոց ցեղասպանության դասերը ճիշտ ներկայացնեք աշխարհին, որպեսզի ոչ մեկը անպատիժ չմնա։ Վերականգնելի վնասը պետք է վերականգնել, անվերականգնելի վնասը՝ հատուցել։ Այն թուրքերին, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, հարց ուղղեք՝ ի՞նչ եղան 2.5 միլիոն մարդիկ, ովքեր ապրում էին այնտեղ։ Հարցրեք՝ ինչո՞ւ էր Դեր Զորի անապատը պատված մարդկային ոսկորներով։ Ինչո՞ւ աշխարհասփյուռ եղավ ողջ հայ ժողովուրդը, ինչո՞ւ ստեղծվեցին այդքան որբանոցներ ու ծերանոցներ, ինչո՞ւ այդ օրերի դեսպանները սարսափահար նամակներ գրեցին իրենց ղեկավարներին»։
Իր ելույթը նախարարն ավարտել է այն մտքով, որ հայությունը պայքարելու է, որպեսզի աշխարհում այլեւս երբեք չկրկնվեն ցեղասպանությունները։
Աշոտ Ջազոյանը նկատել է, որ Երեւանում են ինչպես բազմիցս Հայաստան այցելած եւ հայ ժողովրդի պատմությանը ծանոթ լրագրողներ, այնպես էլ մարդիկ, ովքեր առաջին անգամ են այցելում։ Ընդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում է 34 երկրի 250 լրագրող։
Արա Սաղաթելյանը ներկաներին ասել է, որ մեդիակոնֆերանսը չէր կարող շրջանցել Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն այն պատճառով, որ այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է 100—րդ տարելիցը, այլ որովհետեւ այսօր էլ աշխարհի տարբեր մասերում կիրառվում են նույն մեթոդները, որն իրականացնում էր Թուրքիան մեկ դար առաջ։ «Փաստ է, որ ցեղասպանությունների կանխարգելման, խտրականության դեմ պայքարում մեծ է լրատվամիջոցների դերը։ Խոսելով ցեղասպանությունների իրականացման մասին՝ պետք է փաստենք, որ ամենամեծ մարտահրավերը անտարբերությունն է, քանզի հայտնի է, որ յուրաքանչյուր հանցագործություն կարող է կրկնվել, քանի դեռ չի դատապարտվել»,– ասել է Արա Սաղաթելյանը՝ հավելելով, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելով՝ Թուրքիան փակ է պահում նաեւ տեղեկատվական սահմանը։ 
«Թուրքիայում անհասանելի են թե՛ հայկական, թե՛ միջազգային բազմաթիվ կայքեր։ Սակայն պատնեշներ կառուցելով չես կարող փոխել իրականությունը։ Պետք է Թուրքիայի հասարակությանը հնարավորություն տալ առերեսվելու պատմությանն ու իրականությանը։ Այսօր Թուրքիան մտացածին տոներ է հորինում, ոչնչացնում արխիվներ։ Թուրքական վերնախավը չի հասկանում, որ հերքելով կամ կասկածի տակ դնելով ցեղասպանությունը, չի կարող իրականությունը փոխել»,–նշել է Ա. Սաղաթելյանը՝ հավելելով, որ հայ—թուրքական սահմանը Եվրոպայի վերջին փակ սահմանն է, եւ միանշանակ է, որ այն պետք է բացվի։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024