ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 15 » ԵԱՏՄ—ն մեծ հնարավորություններ է առաջարկում /Անհրաժեշտ է միայն հասկանալ դրանք եւ ճիշտ օգտվել դրանցից/
09:30
ԵԱՏՄ—ն մեծ հնարավորություններ է առաջարկում /Անհրաժեշտ է միայն հասկանալ դրանք եւ ճիշտ օգտվել դրանցից/

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը մեծ հեռանկարներ է բացում թե երկրի տնտեսության եւ թե գործարար միջավայրի զարգացման ու արտահանման ծավալների աճի համար։ 
Այդուհանդերձ, ինչպես ցանկացած նոր միջազգային կառույցի անդամակցության դեպքում, առաջանում են նաեւ խնդիրներ, որոնք լուծելու նպատակով անցկացվել են բազմաթիվ քննարկումներ ու պարզաբանումներ։ Հայաստանի գործարար միջավայրի հետ անմիջապես շփվելու նպատակով մեր երկիր են այցելել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝ հանդիպելով իշխանության եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ, քննարկումների ընթացքում արձանագրելով խնդիրներն ու տալով պարզաբանումներ։
Ինչպես երեկ կայացած ասուլիսում նշեց ՀՀ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացրել է իր իրավասությունների տակ գտնվող ոլորտը, առաջիկա ծրագրերը, ձեռքբերումներն ու խնդիրները. դրանց թվում են՝ միության նոր մաքսային օրենսգրքի մշակումը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ձեւավորելու իր կարծիքը այս հարցում, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունները, հարկային հայեցակարգային մոտեցումները եւ այլն։ Քննարկումները, ըստ պաշտոնյայի, բավականին ծավալուն էին ու բազմակողմանի, դրանք շարունակական են լինելու։ 
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առեւտրի քաղաքականության մասին ասուլիսի ընթացքում խոսեց հանձնաժողովի անդամ—նախարար Անդրեյ Սլեպնյովը։ Նա հիշեցրեց, որ մայիսի 8—ին Եվրասիական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարները որոշում կայացրեցին մայիսի 29—ին վարչապետների մակարդակով Վիետնամի Հանրապետության հետ ազատ առեւտրի պայմանագիր կնքելու մասին։ Ներկայումս ավարտվում է ներպետական հայեցակարգերի մշակումը։ Պաշտոնյան շեշտեց, որ դա ազատ առեւտրի մասին առաջին համաձայնագիրն է, որ կնքելու է միությունը երրորդ երկրի հետ, այն համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին՝ ընդգրկելով գրեթե բոլոր առեւտրային ուղղվածությունները։
«Հայաստանյան մեր գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համաձայնագրի կնքման հետ առաջացող հեռանկարները եւ հնարավորությունները թե՛ գյուղատնտեսության, թե՛ արդյունաբերության ոլորտների եւ թե՛ համատեղ ներդրումների համար։ Պլանավորել ենք կոնկրետ քայլեր՝ այն իրական բովանդակությամբ հագեցնելու նպատակով։ Այսօր Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունը ծայրահեղ փոքր է՝ տարեկան 60 հազար ԱՄՆ դոլարի չափ, ինչը կարելի է համարել զրոյական մակարդակ։ Մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ բացի այն, որ ինքը՝ Վիետնամը, խոշոր ասիական երկիր է, նաեւ համաձայնագիրն ընկալում ենք որպես ասիական—խաղաղօվկիանոսյան տարածաշրջան մուտք գործելու հնարավորություն։ Մեզ մեծ աշխատանք է սպասում՝ համաձայնագրի մեխանիզմը լիովին օգտագործելու եւ միության անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից դեպի Վիետնամ արտահանման խոշոր ծավալներ ապահովելու համար»,–ասաց Ա. Սլեպնյովը։
Նա ընդգծեց, որ համաձայնագրի կնքումից հետո այն պետք է վավերացվի խորհրդարաններում։ Սակայն արդեն իսկ կա պայմանավորվածություն, որ հունիսին՝ չսպասելով վավերացմանը, նախապատրաստվելու է լիարժեք շնորհանդես բիզնեսի ներկայացուցիչների եւ ԶԼՄ—ների համար, որպեսզի հասանելի լեզվով ու մանրամասն ներկայացվեն նոր համաձայնագրի հնարավորությունները։
«Մենք համաձայնագրով իրացրել ենք մեր ունեցած արտահանման հայցը՝ բոլոր ապրանքատեսակների գծով, բացի մի քանի առանձին կետերից։ Նաեւ պրակտիկ գործարքներ ու ծրագրեր ենք տեսնում ԵԱՏՄ անդամ երկրներից արտահանված ապրանքները Վիետնամի միջոցով դեպի Ասիա—խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ողջ շուկա հանելու առումով, ինչը լիովին նոր հնարավորություններ է բացում։ Այս շուկաներում հայկական ապրանքների ունեցած հեռանկարների վերաբերյալ պետք է մանրակրկիտ քննարկումներ անցկացնել, պարզելու, թե որ ապրանքատեսակից ինչպիսի արդյունք ենք սպասում։ Նաեւ հայ արտադրողները կոոպերացիոն նախագծերի մեջ են ներառվելու»,–ասաց նա։
Հանձնաժողովի կոլեգիայի անդամ—նախարարը ներկայացրեց, որ հայ գործընկերների հետ քննարկվել է նաեւ ԵԱՏՄ—ի ու Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի հարցը։ Չինաստանը միության անդամ բոլոր երկրների համար խոշոր գործընկեր է, եւ խիստ կարեւոր է ընդհանուր մոտեցում ձեւավորելն այս համաձայնագրի առումով՝ առավելագույնս համատեղելու ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ շրջանակներում, եւ չինական նախաձեռնությունները՝ «Նոր մետաքսյա ճանապարհի» շրջանակներում։ Հեռանկարային նպատակ է նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը, սակայն դա երկար ժամանակ կպահանջի՝ ավելի, քան 10 տարի։
«Հայաստանի համար երրորդ եւ կարեւորագույն թեման այն էր, որ մենք քննարկեցինք Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի հեռանկարները։ Սա, ըստ էության, բոլորովին նոր թեմա է։ Իրանյան կողմը վերջերս էր հանդես եկել համապատասխան նախաձեռնությամբ եւ գերատեսչական մակարդակով աջակցության էր արժանացել միության անդամ բոլոր երկրների կողմից։ Պլանավորում ենք մոտ ժամանակներս անցնել համատեղ հետազոտության եւ դրան հաջորդող բանակցությունների հետ կապված ֆորմալ լուծումների պատրաստմանը։ Արդեն պայմանավորվել ենք մոտ ժամանակներս իրականացնել ծրագրեր հայաստանյան բիզնեսի հետ՝ նման բանակցությունների դիրեկտիվների ու մոտեցումների ձեւավորման հարցում, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ցամաքային սահման ու առեւտրի մեծ փորձ ունի Իրանի հետ»,– հավելեց Ա. Սլեպնյովը։


Տեխնիկական բոլոր խնդիրները ժամանակավոր են
 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախարար Վլադիմիր Գոշինը ներկայացրեց ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մշակման աշխատանքները, որ պատրաստվել էին նախորդ տարվա ընթացքում եւ ներկայումս համաձայնեցվում են անդամ երկրների հետ։ Բոլոր երկրներում պետական մարմինների եւ բիզնեսի ներկայացուցիչների համար արդեն անցկացվել են սեմիներներ, Հայաստանում դրանք ավարտվում են։ Երկրները փաստաթուղթն ուսումնասիրում են նախորդ տարվա դեկտեմբերից, արդեն ներկայացրել են դիտարկումներ ու առաջարկություններ։
«Հույս ունենք, որ մեր քննարկումներից հետո կստանանք նաեւ հայկական կողմի առաջարկները, եւ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի փաստաթղթի վերջնական մշակմանը։ Փաստաթղթի մշակման ընթացքում դրված հիմնական նպատակներն էին առավելագույնս կրճատել ոչ արտադրական ծախսերը, այսինքն՝ առավելագույնս նվազեցնել եւ բիզնեսի, եւ պետության ծախսերը արտաքին առեւտրի բոլոր գործառույթների իրականացման ընթացքում։ Փորձագիտական խումբը երկուշաբթի կվերսկսի իր աշխատանքը՝ ուսումնասիրելով բոլոր դիտողությունները, եւ մոտ ժամանակներս՝ երկու ամսվա ընթացքում, մենք փաստաթղթի նախագիծը կուղարկենք ստորագրման»,– ասաց պաշտոնյան։
Նա հիշեցրեց, որ Մաքսային օրենսգիրքն ընդունվում է միջազգային համաձայնագրի տեսքով, միությունում խորհրդարանի ձեւավորում առայժմ չի պլանավորվում։ Բոլոր օրենսդրական ակտերն ընդունվում են միջազգային համաձայնագրերի տեսքով, որոնք հետագայում վավերացվում են խորհրդարաններում։
ԵՏՄ անդամ երկրներում հարկավորման քաղաքականությունը ներկայացնելով՝ ԵԱՏՀ կոլեգիայի անդամ—նախարար Տիմուր Սուլեյմանովը շեշտեց, որ իրենք բազմիցս են լսել ու հրաշալի տեղյակ են այն խնդիրների մասին, որոնց հետ բախվեց Հայաստանի բիզնեսը՝ կապված ԱԱՀ—ի վերադարձման մեխանիզմի եւ այլ հարկային ընթացակարգերի հետ։ Հայ գործարարների հետ քննարկումների արդյունքում կոնկրետ օրինակներ ու խնդիրներ են առաջադրվել, որոնք լուծում են պահանջում. քննարկումը կշարունակվի նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունում։
«ԱԱՀ—ի վերադարձման խնդրի հետ մենք բախվել ենք նաեւ այն ժամանակ, երբ Մաքսային միության շրջանակներում գործում էր միայն երեք պետություն։ Նախկինում սահմանին գտնվող մաքսային մարմինների կողմից իրականացվում էր լիարժեք մաքսային ձեւակերպում. մաքսային մարմնի նշումը հաստատում էր, որ տվյալ ապրանքը արտահանվել է տվյալ երկրից եւ արտահանման համար նախատեսված զրոյական ԱԱՀ—ից օգտվելու իրավունքն էլ հաստատվում էր հենց այդ նշումով։ Այսօր, երբ մաքսային մարմինները գործընթացից բացառվել են, արտահանողը կարող է օգտվել արտոնությունից միայն արտահանման երկրում գտնվող ու գործող ներկայացուցչի՝ կոնտրագենտի միջոցով, ով տվյալ գործարքին կողմ է»,–ասաց մասնագետը։
Նա շեշտեց, որ եթե Ռուսաստանում գործող գործարարը ապրանք է արտահանում Հայաստան, ապա, որպեսզի նա օգտվի զրոյական ԱԱՀ—ի արտոնությունից, Հայաստանում գտնվող կոնտրագենտն ինքը պետք է հաստատի, որ այդ ապրանքը իրոք լքել է Ռուսաստանի սահմանը։ Հայաստանի համար, որն անցում է կատարել սույն ընթացակարգին 2015թ. հունվարի 1—ից, այն նորություն է։ Այդ իսկ պատճառով, ըստ Տ.Սուլեյմանովի, շատ հաճախ ռուս արտադրողի մոտ մտահոգություններ են առաջանում, թե որքանով գործարքի հայկական կողմի ներկայացուցիչը ինքը կվճարի ԱԱՀ—ն, համապատասխան հայտարարություն կներկայացնի հարկային մարմին, կստանա արտահանման մասին նշում եւ կփոխանցի այն իր ռուս գործընկերոջը։
«Արդյունքում, սեփական ռիսկերը նվազեցնելու համար արտահանողներն ուղղակի ԱԱՀ—ն վճարում են գործող տոկոսադրույքով՝ չօգտվելով հարկատեսակի վերադարձման այն արտոնությունից, որը օրենսդրությունը սահմանել է։ Դա վատ է եւ սխալ, դա նվազեցնում է արտահանողի ապրանքների մրցունակությունը, որովհետեւ վճարելով ԱԱՀ—ն՝ նա իր ապրանքն ավելի թանկ է վաճառում։ Անհրաժեշտ են բացատրական աշխատանքներ, դա որոշ ժամանակ կպահանջի, քանի որ անդամ երկրների կոնտրագենտներն ու հարկային մարմինները պետք է սովորեն միմյանց։ Սա սկզբնական փուլն է։ Հետագայում գործընթացը պետք է առավելագույնս ավտոմատացնենք, քանի որ ԱԱՀ—ի վերադարձման համակարգը խիստ կարեւոր է»,–բացատրեց նա։
Հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանն իր հերթին նշեց, որ ԱԱՀ—ի վերադարձման խնդիրը խիստ արդիական է, այն բազմիցս քննարկվել է թե՛ հայ արտահանողների եւ թե՛ Հայաստան ներմուծողների հետ։ Հաշվի առնելով, որ անդամներից Հայաստանը միակ երկիրն է, որ ԵԱՏՄ—ի հետ չունի ցամաքային սահման, քննարկվում են լուծումներ՝ մեխանիզմն ավելի պարզեցնելու ուղղությամբ։
ԵԱՏՄ—ն հնարավորությունների միություն է, եւ դրանցից օգտվելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինել տեղեկացված, իմանալ, թե ինչ օգուտներ է հնարավոր քաղել, եւ ինչ ճանապարհներով կարելի է դրանց հասնել։ Նման կարծիք հայտնեց ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանը։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները գործարարների ու պետական պաշտոնյաների հետ շատ օգտակար են։
«Խիստ դրական եմ գնահատում մեր գործընկերների պատրաստակամությունը՝ առաջին իսկ մեր ցանկության դեպքում այցելելու Հայաստան այսպիսի մեծ խմբով։ Մենք հնարավորություն ստացանք տեղում ներկայացնել բոլոր այն խնդիրները, որ ունեցել են Հայաստանի գործարար միջավայրի ներկայացուցիչները։ Բոլորս գիտենք, որ ընթացակարգեր են փոխվել, որոնք հանգեցրել են տեխնիկական խնդիրների։ Դրանք միանշանակ ժամանակավոր բնույթ են կրում, սակայն որքան այդ ժամանակը կարճ տեւի, այնքան կշահի մեր տնտեսությունը»,–ասաց նա։
Ա. Նռանյանը հիշեցրեց՝ ԵԱՏՄ—ն ինքնուրույն, առանձին միություն չէ առանձին երկրներով։ Այն կոչված է նպաստելու երկրների տնտեսական խնդիրների լուծմանը, եւ յուրաքանչյուր երկրի գործարար միջավայրն իր խնդրով պետք է դիմի տվյալ երկրի կառավարությանը, որն էլ կդիմի ԵԱՏՄ—ին՝ խնդիրների լուծման համար։ Խնդիրները կարող են լինել եւ միության ընդհանուր շուկայում, եւ երրորդ երկրների հետ հարաբերություններում. «ԵԱՏՀ—ն ու կոլեգիայի անդամները սպասում են ակտիվություն բիզնես դաշտից, փորձագիտական շրջանակներից եւ այլն։ Բացի Վիետնամից, այլ երկրներ եւս ցանկանում են աշխատել միության հետ՝ Եգիպտոսը, Իրանը, Չինաստանը։ Կոչ եմ անում բիզնես միջավայրի այն ներկայացուցիչներին, ովքեր ավելի լավ են տիրապետում այդ երկրներում առկա խնդիրներին, ներկայացնել դրանք ՀՀ կառավարությանը, որպեսզի դրանց մասին տեղյակ լինի նաեւ ԵԱՏՄ–ն։ Ի վերջո, բանակցությունների ընթացքում հանձնաժողովը ներկայանում է որպես անդամ երկրների շահերը ներկայացնող կառույց։ Որքան շատ խնդիր ներկայացնի Հայաստանը, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կլուծվեն ԵԱՏՄ շրջանակներում»։
Նա նշեց, որ հանձնաժողովի շրջանակներում ստեղծված է գործարար համայնքի հետ համագործակցության հարթակ՝ բիզնես—երկխոսության տեսքով։ Նախկինում հարթակում ներկայացված էին միայն Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի գործարարները, սակայն մայիսին նրանց կմիանա նաեւ Հայաստանի գործարար համայնքը։ Դա արդյունավետ հարթակ է, որի հետ ուղղակի աշխատելով հանձնաժողովը կարող է լսել գործարարների խնդիրները եւ դրանց լուծումն օրակարգային դարձնել։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 439 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024