ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 16:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 8 » Ելքը ԼՂԻՄ–ը Խորհրդային Հայաստանին միացնելն է /Արցախի մտավորականության նամակը ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին եւ գլխավոր քարտուղարին/
15:46
Ելքը ԼՂԻՄ–ը Խորհրդային Հայաստանին միացնելն է /Արցախի մտավորականության նամակը ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին եւ գլխավոր քարտուղարին/

Լրանում է արցախյան շարժման 30—րդ տարեդարձը. պատմական մի իրադարձություն, որի մասին գրվել է, ու դեռ շատ կխոսվի։ Հետադարձ հայացք ձգելով եւ հիշողություններով վերադառնալով 1988—ի փետրվարյան այն պատմական օրվան, երբ Արցախի ժողովրդի պահանջով կայացավ ԼՂՀ մարզխորհրդի նստաշրջանը, ավելի է արժեւորվում ԽՍՀՄ իշխանություններին ուղղված՝ Արցախի մտավորականության նամակի նշանակությունը։ Ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներում ծնվեց այն։ Նամակի մանրամասներին զրույցի ժամանակ անդրադարձավ նախաձեռնող խմբի անդամ, Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։

Ըստ իմ զրուցակցի՝ ղարաբաղյան շարժումն՝ իր բարձրակետին մոտեցավ, երբ մտավորականների մի խումբ Արցախը Հայաստանին միացնելու խնդրանքով նամակ հղեց Մոսկվա։ Նամակը տեղ հասցրին շարժման ակտիվ գործիչներ Համլետ Գրիգորյանը եւ Նիկոլայ Ավագիմյանը։ «Մի երկու—երեք շաբաթ հետո պատվիրակների մեր խումբը մեկնեց Մոսկվա՝ նամակի ետեւից,–ասում է Վ. Հակոբյանը։–Նամակը պատրաստել ենք Հրաչյա Բեգլարյանը եւ ես, հետո ընդհանուր հավաքում, իհարկե, կատարել ենք մի շարք կարեւոր խմբագրումներ։ Դա ժամանակին դիտվեց որպես խիզախում։ Արցախի հասարակական կազմակերպությունները՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միությունները, այս գործում առավել ակտիվություն էին դրսեւորում։ Նամակի ստեղծման եւ մոսկովյան պատվիրակություն ստեղծելու գործի նախաձեռնությունը, բնականաբար, գրողները վերցրել էին իրենց ձեռքը։ Երբ նամակը Մոսկվա ուղարկվելուց առաջ հասել էր ԼՂ կրթության բաժնի ղեկավար, պատգամավոր Վ. Հայրապետյանին, նա ստորագրել էր նամակի տակ եւ ասել. «Դե, էլ ինչու ենք հեռու գնում, էնա մի սեսիա անենք, պրծավ—գնաց, էլի»։
Վ. Հակոբյանը խոստովանում է, որ այդ մասին հայրենասեր շատ ընկերներից էլ էին լսել՝ եւ դրանից առաջ, եւ դրանից հետո, մանավանդ՝ Մոսկվայում, «Ուկրաինա» հյուրանոցում, ուր տեղավորված էր արցախյան պատվիրակությունը։ Հիշարժան են Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, անվանի պատմաբան ու հին գարդմանցի Հր. Եպիսկոպոսյանի հորդորները. «Տղերք, հենց հասնեք Ստեփանակերտ, սեսիա արեք, ճիշտը դա է»։ «Մենք անընդհատ հեռախոսային կապի մեջ էինք Արցախի հետ։ Արկադի Մանուչարովի մեքենայում տեղադրված հեռախոսը հնարավորություն էր տալիս, որ Մոսկվայում գտնվող պատվիրակներս լսափողի մեջ լսեինք Ստեփանակերտի հրապարակում հավաքված ժողովրդի ձայնը՝ «Ար—ցախ, Հա—յաս—տան, Մի—ա—ցում,–հիշում է զրուցակիցս։– Ինչպես ասում են, դաս էինք առել նախորդ՝ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ պատրաստված նամակի ընթացքից, եւ մեր նամակի տակ մարզի գրեթե բոլոր պատասխանատու աշխատողները, բացի մի քանի հոգուց (այսպես ասած՝ խոշորագույնները), դրել էին իրենց ստորագրությունը։ Դա ժողովրդին ոգեւորելու, կազմակերպված ձեւով ոտքի հանելու գործում մեծ դեր խաղաց։ Նամակը մենք բազմացրել եւ ուղարկել ենք շրջանները։ Հետագայում Նորագյուղի հիմնադիր, մարզխորհրդի պատգամավոր Արշավիր Գալստյանը, օրինակ, պատմում էր, թե գյուղի հասարակությունը ինչպիսի խանդավառությամբ էր ընդունել նամակը, որի տակ միաբանված իրենց ստորագրությունն էին դրել թեÕ՛նշանավոր գրողներն ու մշակույթի գործիչները, թե՛ քաղաքական գործիչներն ու հերոսները, թե՛ պատգամավորները, տարբեր ոլորտների աչքի ընկած դեմքերը։ Այսինքն՝ դա հավատ էր ներշնչում։ «Ժողովրդի հետ է ղեկավարությունը, միաբանություն կա, ուրեմն՝ գործը գլուխ կգա, ուրեմն՝ կհաղթենք»։ Նամակը շրջաններ ուղարկելուց հետո շատ չէր անցել, երբ նրա օրինակներից մեկը ձեռքին, գրողների միություն եկավ Վաչե Սարուխանյանը եւ Իգոր Մուրադյանի քաջալերանքի խոսքերը հաղորդեց մտավորականներիս։ Այն մեծ ազդեցություն էր ունեցել մարդկանց վրա»։
Ստորեւ առաջին անգամ հրապարակվում է Կրեմլին հղված պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ Արցախի մտավորականության նամակը։


Մոսկվա, Կրեմլ
ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյին, կենտկոմի գլխավոր քարտուղար ընկեր Մ. Ս. Գորբաչովին
 

«Թանկագին Միխայիլ Սերգեեւիչ,
Հայտնում ենք Ձեզ, որ Ադրբեջանում վաղուց արդեն տարվում է հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ադրբեջանական ճանաչելու կուրսը։ Այդ կուրսը ղեկավարում է պատմաբան, ակադեմիկոս Զիյա Բունիաթովը, որին հետեւում են Ադրբեջանի բոլոր պատմաբաններն ու մտավորականությունը։ Ընդհանրապես, ինքը՝ Զիյա Բունիաթովը, պատմական աղբյուրներից օգտվում է այնպես, ինչպես հարմար է իր համար՝ շրջանցելով հայ ժողովրդի մասին անգամ համաշխարհային պատմագիտության ճշմարիտ փաստերը։ Նրա համար սովորական երեւույթ է տեղական հայերին եկվորներ անվանելն ու նրանց մշակույթը սեփականացնելը...
Մեկ անգամ չէ, որ հայ եւ ռուս նշանավոր պատմաբանները դատապարտել են Զ. Բունիաթովի այդ վարմունքը։ Սակայն նա համառորեն շարունակում է այդ կուրսը՝ աղվանական ճանաչել հայ միջնադարյան պատմիչներ Մովսես Կաղանկատվացուն, Մխիթար Գոշին, Կիրակոս Գանձակեցուն, բանաստեղծ Դավթակ Քերթողին եւ ուրիշների։ Այդ կարգով նա աղվանական է համարում նաեւ հայ ժողովրդի դարերի ընթացքում թողած նյութական հարուստ մշակույթը, հատկապես՝ Ադրբեջանի կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վանքերն ու խաչքարերը։ Գիտական փո՞րձ է սա։ Ամենեւին՝ ոչ։ Նրա նպատակը մեկն է՝ վերջնականապես կտրել Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց ազգային պատկանելությունից՝ մայր ժողովրդի հետ միանալու, նրա տարիների երազանքը խանգարելու համար, Լեռնային Ղարաբաղը առանց հայերի երկրամաս դարձնելու համար։
ԼՂԻՄ—ում ապրող հայերի, նրանց ստեղծած նյութական եւ հոգեւոր հարուստ մշակույթի անտեսումը, նրանց ազգային արժանապատվությունը վիրավորելու փաստերը Ադրբեջանում մի շարք գիտնականների կողմից ստացել է սովորական բնույթ։ Թերթերը, լրագրերը, ռադիոն, հեռուստացույցը, պետական հրատարակչությունները, կինոէկրանները նման պղտոր մտքերն ուղղակի հեղեղում են ամենուր, աղավաղելով փաստերը։ Նման օրինակներով լեցուն պատմական ուսումնասիություն է Զիյա Բունիաթովի խմբագրությամբ լույս տեսած Ֆարիդա Մամեդովայի «Կովկասյան Աղվանքի քաղաքական պատմությունն ու պատմական աշխարհագրությունը» (Բաքու, 1986թ.) դոկտորական դիսերտացիան, որի դեմ էլ իրավացիորեն բողոքել է ՀՍՍՀ ԳԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը։ Այդ առթիվ ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Նիկոլաեւիչ Սախարովի նամակը, որը տպագրվել է «Գրական թերթի» 1987 թվականի օգոստոսի 14—ի համարում, չափազանց զուսպ, գիտականորեն հիմնավորված, միանգամայն ճշմարիտ, միեւնույն ժամանակ գիտնականի ծանրակշիռ խոսք է։ Էլ ով, եթե ոչ ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտն ու նրա պատմաբանները չպետք է լուծեն նման վեճերը, պարզեն ճշմարտությունը։
Վերջերս Զ. Բունիաթովը Բաքվում տպագրվող «Ադաբիաթ վա ինջասանաթ» թերթում (1988թ., հունվարի 15) տպագրել է պատասխան հոդված, որը ամբողջովին ներծծված է պանիսլամիզմի թույնով եւ հնչում է որպես հերյուրանք Ալբերտ Մուշեղյանի, Ա.Ն. Սախարովի, այդ վիճաբանության հետ բոլորովին կապ չունեցող Ս. Միկոյանի, ակադեմիկոս—տնտեսագետ Ա.Գ. Աղանբեկյանի, ամենից առաջ հայ ժողովրդի եւ նրա ղարաբաղյան հատվածի՝ պատմական Արցախի հայերի հասցեին։ Ակադեմիկոսը չի խնայել մինչեւ անգամ հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին, որի կենսագրությունը դեռեւս 5—րդ դարում գրել է իր աշակերտ Կորյունը։ Ցավալին ու վիրավորականը այն է, որ Զ. Բունիաթովը առաջնորդվում է թուրքական հետադիմական աղբյուրներով եւ ռեակցիոն գաղափարախոսությամբ ջուր է լցնում թուրք պատմաբանների ջրաղացին։
Զ. Բունիաթովը իր հոդվածում խորհուրդ է տալիս Ս.Ա. Միկոյանին կարդալ իր հոր՝ Ա.Ի. Միկոյանի գրածը Լեռնային Ղարաբաղի մասին։ Իսկ ինչո՞ւ ինքն իր պարտքը չի համարում պրպտել ու կարդալ «Պրավդա» թերթի 1920թ. դեկտեմբերի 4—ի համարում Սերգո Օրջոնիկիձեի ստորագրությամբ հաղորդումը, որ «Ադրբեջանը արդեն երեկ հայտարարել է Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Լեռնային Ղարաբաղի հանձնումը հօգուտ Սովետական Հայաստանի»։
Պանթուրքիստական մոլուցքը նրան հասցրել է այն բանին, որ նա այսօր էլ փորձում է պաշտպանության տակ առնել Հայրենական պատերազմի տարիներին հիտլերյան ֆաշիզմի հետ դաշնակցած եւ մինչեւ այսօր էլ ԽՍՀՄ—ի դեմ թշնամական կուրս վարող, ՆԱՏՕ—ի մոլի անդամը հանդիսացող ռեակցիոն Թուրքիային։ Իսկ ֆրանսիական կոմկուսի Կենտկոմի օրգան «Յումանիտե» թերթում ակադեմիկոս Աղանբեկյանի հանդիպումն ու ելույթը որակում է որպես զրույց դաշնակցականների հետ։ Եվ մի՞թե սա սեպ չէ, որ օգտագործվում է ժողովուրդների բարեկամությունը խարխլելու համար։
Իսկ Զիյա Բունիաթովը ի՞նչ կապ ունի ակադեմիկոս Ա.Գ. Աղանբեկյանի հարցազրույցի հետ ընդհանրապես։ Այստեղ հարկավոր է բացել փակագծերը։ Զ. Բունիաթովը լավ գիտե, որ երբ ֆրանսիական կոմկուսի գլխավոր քարտուղար Ժորժ Մարշեն պահանջել է մարդու իրավունքները ոտնահարելու համար Թուրքիային հեռացնել եվրոպական խորհրդից, թուրքական թերթերը սկսել են աղմկել, թե «ֆրանսիական կոմունիստները ռուսներից էլ վատ են»։ Զ. Բունիաթովը շարունակում է թուրքական թերթերի աղմուկը, ֆրանսիական կոմունիստական կուսակցության օրգան «Յումանիտե» թերթի հաղորդումը որակելով որպես դաշնակցականների ավագանու գործ։
Պանիսլամիզմի երդվյալ պրոպագանդիստ Զիյա Բունիաթովի եւ նրա նմանների պատճառով է այսօր Ադրբեջանի հայերի համար ստեղծված ճգնաժամային վիճակը։ Այդ ամենի մասին լավագույն վկայություն են տալիս Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանի հայրենի հայկական գյուղում՝ Չարդախլվում վերջերս տեղի ունեցած չարաբաստիկ դեպքերը։ Այդ վերաբերմունքը գալիս է տարիների հեռվից։ Վաղուց արդեն Բաքվում փակ են բոլոր հայկական դպրոցները, հայկական թատրոնը, մանկավարժական ինստիտուտի հայկական մասնաճյուղը, Ադրբեջանի գրողների միության հայկական սեկցիան։ Իսկ Լեռնային Ղարաբաղում փակել են գրական—գեղարվեստական—հասարակական «Կայծ», «Գրոհ» ամսագրերը եւ «Երիտասարդ բոլշեւիկ» թերթը։ Նախասովետական Շուշիում լույս էր տեսնում 21 անուն թերթ եւ ամսագիր՝ 18—ը հայերեն, 2—ը ռուսերեն, 1—ը ադրբեջաներեն։ Վաղուց չկան 18 հայկական եւ 2 ռուսական պարբերականները։ Ադրբեջանի շատ շրջաններում դատարկվել են հայկական գյուղերը։ Մարզի մտավորականների համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ նրանք ստիպված են լինում հեռանալ ծննդավայրից։ Ի դեպ, բացառված չէ, որ այս նամակից հետո կաշխատեն այդպես վարվել եւ մեզ հետ։ Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում, դժվար է ասել. մի բան պարզ է, այսօր Ադրբեջանի մտավորականության մի զգալի մասը օգտվում է Թուրքիայից ստացած ռեակցիոն գրականությունից, որտեղ իշխում է հակասովետական, հակառուսական եւ հակահայկական պրոպագանդան։ Դրա պակասը լրացնում են Զիյա Բունիաթովները։
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Լենինի հավատարիմ զինակից, հայազգի պրոֆեսիոնալ հեղափոխական, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիմնադրած «Բակինսկի ռաբոչի» թերթը այսօր դիտավորյալ կերպով Հայաստանին նվիրված համարներում Հայկական ԽՍՀ գերբից քերել—հանել է սովետների երկրի խորհրդանիշը հանդիսացող աստղն ու հայ ժողովրդի մայր սարը՝ Մասիսը։ Այն, ինչ տարիներ շարունակ երազում են հայոց բիբլիական սարը գողացած թուրքերը։ Եվ պատահական չէ, որ այդ նույն թերթը տարիներ առաջ տպագրեց Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Ռասուլ Ռզայի «Բաբեկ» ստեղծագործությունը, ուր ուղղակի հայերի ոչնչացման կոչ էր արվում։ Այսպես ուր ենք գնում, պարզ չէ մեզ համար։
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը թե՛ տնտեսապես եւ թե՛ կուլտուրապես կտրված է ազգային արմատներից։ Իսկ Դուք Ձեր ելույթներից մեկում իրավացիորեն նշել եք, որ առանց պատմական արմատների ժողովուրդ չկա, առանց արմատի ծառը չորանում, մեռնում է։ Այս էլ որերորդ անգամ կացին է բարձրացվում անարդարացիորեն մասնատված մեր ժողովրդի արմատների վրա։ Եվ մի՞թե չկա փրկության ելք. կա, Միխայիլ Սերգեեւիչ, ելքը պատմական Հայաստանի ավանդական մի մասը կազմող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելն է։

Լեռնային Ղարաբաղի մտավորականների անունից՝
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ — ԽՍՀՄ գրողների եւ ԽՍՀՄ ժուռնալիստների միությունների անդամ, Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի անդամ, ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ մարզսովետի դեպուտատ, ԽՄԿԿ անդամ։
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ — ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՀԽՍՀ գրողների միության Ստեփան Զորյանի անվան գրական մրցանակի դափնեկիր, Ադրբեջանի կուլտուրայի վաստակավոր աշխատող, «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի բաժնի վարիչ, ԽՄԿԿ անդամ։
ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ — ԽՍՀՄ գրողների եւ ԽՍՀՄ ժուռնալիստների միությունների անդամ, Ադրբեջանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի բաժնի վարիչ, ԽՄԿԿ անդամ։
ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ — ԽՍՀՄ գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան, խաղաղության պաշտպանության ԼՂ մարզային կոմիտեի նախագահ, ԽՄԿԿ անդամ։
ՎԻԳԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ — ԼՂԻՄ ժողկրթության մարզային բաժնի վարիչ, ԼՂԻՄ մարզգործկոմի խորհրդի անդամ։
ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆՑ — ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, Ադրբեջանի կոմպոզիտորների միության ԼՂԻՄ բաժանմունքի նախագահ, հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիրեկտոր, ԽՄԿԿ անդամ։
ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ — Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստուհի։
ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ — Գրող, Ասկերանի շրջանի կուսշրջկոմի օրգան «Կարմիր դրոշ» թերթի խմբագիր, Ադրբեջանի կոմկուսի Ասկերանի շրջկոմի բյուրոյի անդամ, ԽՄԿԿ անդամ։
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ — ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, քանդակագործ, Ադրբեջանի նկարիչների միության ԼՂԻՄ մարզային բաժանմունքի նախագահ։
ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ — Ադր. ԽՍՀ վաստակավոր արտիստուհի։
ԻՍԱՀԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ — ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ադրբեջանի կուլտուրայի վաստակավոր աշխատող, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական թատրոնի գրական մասի վարիչ։
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ — ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ադրբեջանի կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի հրահանգիչ։
ԼԵՆՈՐ ՂԱԶԻՅԱՆ — Կուլտուրայի մարզային վարչության պետ, ԼՂԻՄ մարզգործկոմի խորհրդի անդամ։
ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆ — Երաժիշտ, Ստեփանակերտի արվեստի մանկական դպրոցի դիրեկտոր, ԽՄԿԿ անդամ։
ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ — ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ադրբեջանի ռադիոհաղորդումների եւ հեռուստատեսության ԼՂԻՄ մարզային կոմիտեի գլխավոր խմբագիր։
ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ — ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
ԼԵՈՆԻԴ ԶԱԽԱՐՅԱՆ — Ադրբեջանի գեղարվեստի ֆոնդի Ստեփանակերտի մասնաճյուղի ղեկավար, ԽՄԿԿ անդամ։
ԱՌՆՈԼԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ — Նկարիչ։
ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆ — Նկարիչ, ԽՄԿԿ անդամ։
ԳՈՒՐԳԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ — Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԽՄԿԿ անդամ։
ԲԵՆԻԿ ՕՎՉՅԱՆ — Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստ։
ՆԻԿՈԼԱՅ ԱՎԱԳԻՄՅԱՆ — Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԽՄԿԿ անդամ։
10 փետրվարի, 1988թ.»։

hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024