ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 14 » Ֆրանսիան կոչ է անում սահմանի լարվածությունը թուլացնել /Եվ սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպման համաձայնությանը/
21:50
Ֆրանսիան կոչ է անում սահմանի լարվածությունը թուլացնել /Եվ սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպման համաձայնությանը/

ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանությունում Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առիթով «Հայ—ֆրանսիական հարաբերություններ», «Եվրամիությունը եւ տարածաշրջանը» թեմաների շրջանակներում լրագրողները հանդիպեցին ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ։ «Բաստիլի գրավումը կարեւոր էր ոչ միայն Ֆրանսիայի համար։ Բաստիլի խորհրդանիշն ավելի ընդգծված է, քան բուն իրողությունը»,–ասաց դեսպանը։
Այնուհետեւ անդրադարձավ լրագրողներին հուզող հարցերին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նշեց, որ կարգավորման հիմքը կարեւորագույն փաստաթուղթ հանդիսացող «Մադրիդյան սկզբունքներն» են եւ դրա պահպանումը, հատկապես դրա կետերից մեկը՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ ուժի սպառնալիքից. «Հենց այս պատճառով ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչեր է անում հարգելու «Մադրիդյան սկզբունքները»։ Սա առաջին կարեւոր նախապայմանը կարելի է համարել ցանկացած բանակցային գործընթացի համար։ Եվ հենց այս կետի նշանակության կարեւորության տեսանկյունից է, որ Ֆրանսիան՝ որպես համանախագահող երկիր, կոչ է արել ձեռնպահ մնալ լարվածության շիկացումից սահմանին»։ Դիտարկմանն ի պատասխան, որ հայտարարությունները կոնկրետ ուղղված չեն Ադրբեջանին, թեեւ վերջին շրջանում գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, դեսպանը հիշեցրեց դիվանագիտությունն ու դիվանագիտական լեզուն՝ հավելելով, որ դիվանագիտական լեզուն մի փոքր այլ է եւ տարբերվում է լրագրողականից. «Դիվանագիտությունն իր կանոններն ունի, եւ հենց դրանց պահպանմամբ են բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարծիք հայտնում։ Սահմանված են խաղի կանոնները, որոնք ընդունվել են բոլոր երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ—ի կողմից։ Դիվանագիտության կանոնները մամուլի կանոնները չեն»։
Ռենոյի խոսքով, Ֆրանսիան ակնկալում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ արած առաջարկությունը շարունակություն կունենա։ Նա հայտարարեց, որ երբ կողմերը պատրաստակամություն հայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր կողմից արած առաջարկի իրականացման անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծի։ Դեսպանը նաեւ ընդգծեց, որ Ֆրանսուա Օլանդն օգտվելով առիթից, որ լրացել է հրադադարի պայմանագրի ստորագրման քսանամյակը եւ այն, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկն է, հայտարարեց, որ հարկ կա արագացնելու բանակցային գործընթացը, որի վերջնանպատակը պետք է լինի կայուն եւ հուսալի խաղաղության հաստատումը։ Ֆրանսիայի նախագահի տվյալ առաջարկությունը խրախուսվել է շատ երկրների եւ կազմակերպությունների կողմից։ «Ֆրանսիայի նախագահի գաղափարը ֆորմալ ձեւով ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների կողմից»,–ընդգծեց Անրի Ռենոն։
Դեսպանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած խաղաղության վեց կետերի վերաբերյալ հարցին չպատասխանեց՝ հավելելով, որ մեկնաբանությունների համար պետք է դիմել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին։
Ֆրանսիական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիան զենք է վաճառելու Ադրբեջանին։ Այս դիտարկմանն ի պատասխան դեսպանն ասաց. «Ֆրանսիան չի կարող զենք կամ սպառազինություն վաճառել Ադրբեջանին։ Չունեմ նման տեղեկատվություն, իսկ պատճառն այն է, որ Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինքնին պարզ իրողություն է ու չէր էլ կարող հակառակը լինել, որ չհարգեր, չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ—ի, ԵԱՀԿ—ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»։


Ֆրանսիան կաջակցի
 

Անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին՝ Անրի Ռենոն հույս հայտնեց, որ ճանաչումն ավելի ընդգրկուն կլինի։
«Հենց այս տրամադրվածությանը հավատարիմ մնալով՝ Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ցանկություն է հայտնել անձամբ Հայաստանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման, հիշատակման արարողություններին։ Այս համատեքստում գոհունակությամբ եմ արտահայտվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոչին՝ ուղղված հարեւան երկրի իր գործընկերոջը»,–ասաց նա։
Ա. Ռենոյի խոսքով, Ֆրանսիան ցանկանում է, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակում հայ—թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում գրանցվի առաջընթաց, որոշակի դինամիկա։ Նա նշեց, որ Ֆրանսիան պատրաստակամ է սատարելու Հայաստանի բոլոր ջանքերը՝ այդ հարցում առաջընթաց գրանցելու համար։
Որպես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կողմնակից՝ Ֆրանսիան կաջակցի Շվեյցարիային՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով վճռի բողոքարկման ընթացքում։ Աջակցելով Շվեյցարիային՝ հույս ունի, որ ՄԻԵԴ—ի դրական որոշումը վճռորոշ քայլ կհանդիսանա, որպեսզի Ֆրանսիայում եւս ընդունվի ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրենքը։


ԵՄ—ն ԵՏՄ—ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը  չի «մոռանում»
 

ԵՄ—ն Հայաստանի հարցում պահպանու՞մ է հետաքրքրություն եւ արդյոք չի վախենում տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունների արդյունքում, եթե չսկսվի Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց, «դուրս մնալ» Հարավային Կովկասից։
«ՀՀ»—ի հարցին ի պատասխան դեսպանն ասաց. «Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ունի այնքանով, որքանով դա թույլ կտա Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը եւ համահունչ կլինի Վիլնյուսում ԵՄ—ՀՀ համատեղ ընդունած հռչակագրին»։ Նա հիշեցրեց, որ ԵՄ—ի՝ ՀՀ—ի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն ավելի ֆորմալ իր արտահայտությունը ստացավ անցյալ տարի նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ԵՄ—ՀՀ հռչակագրի ընդունման տեքստով. «Այդ ընդունված տեքստին համահունչ՝ շարունակում են գործընթացները Հայաստան—ԵՄ մակարդակով՝ չմոռանալով Հայաստանի կայացրած որոշումը եւ ցանկությունն անդամակցել ԵՏՄ—ին»։
Դեսպանը նաեւ հավելեց, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության անդամ երկիր է եւ ստացել է բացառիկ հնարավորություն օգտվելու ոչ միայն եվրոպական փորձագետների խորհուրդներից, այլ նաեւ ստանալու ֆինանսական օժանդակություն։
ԼՂՀ ճանաչման գործընթացի մեկնարկի վերաբերյալ դեսպանն ասաց. «Երեւի թե այս պահին չեմ ընկնի նման մեկնաբանությունների գիրկը, քանի որ որքանով ես գիտեմ՝ ԼՂՀ—ն դեռեւս ընդունված չէ եւ ոչ մի պետության կողմից, այդ թվում նաեւ ՄԱԿ—ը դեռեւս չի հայտարարել, որ ճանաչում է ԼՂՀ—ն որպես անկախ պետություն»։


Աշնանը Երեւանում  իր դռները կբացի  ֆրանսիական «Carrefour»—ը
 

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստան—Ֆրանսիա բիզնես ոլորտում եղած հարաբերություններից։
Այս տարվա աշնանը Հայաստանում դռները կբացի առաջին «Carrefour» սուպերմարկետը։ Դիվանագետը հիշեցրեց, որ նախագահ Ֆրանսուա Օլանդի ՀՀ այցի ընթացքում տարաբնույթ համաձայնագրեր էին ստորագրվել, այդ թվում՝ միջկառավարական պայմանագրեր։ Ստորագրվել էին նաեւ ձեռնարկությունների մակարդակով համաձայնագրեր։
«Ընդամենը երկու օր առաջ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ շատ կարեւոր միջոցառում՝ ֆրանսիացի գործարարների մասնակցությամբ։ Հայ—ֆրանսիական բիզնես ակումբը հոգաբարձուների խորհրդի նիստ անցկացրեց, որի ընթացքում Քրիստիան դը Նալը, ով «Carrefour» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում, ընտրվեց հայ—ֆրանսիական բիզնես ակումբի նախագահ»,–նշեց Անրի Ռենոն։ Դեսպանը հավելեց, որ դրա նպատակը ոչ միայն հայ—ֆրանսիական տնտեսական կապերն ամրացնելն է, այլեւ այնպես անելը, որ տնտեսական հարաբերությունները կարողանան հասնել այն մակարդակին, որում գտնվում են երկու երկրների քաղաքական հարաբերությունները։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024