ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 21:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 12 » Գաղտնալսում. ո՞ւմ է այն ձեռնտու /Պարզաբանումներ են ներկայացրել ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը/
13:16
Գաղտնալսում. ո՞ւմ է այն ձեռնտու /Պարզաբանումներ են ներկայացրել ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը/

Երեկ սոցիալական ցանցերում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1—ի գործի ու դրանում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ միացմամբ անդրադարձել է այդ ձայնագրությանը։
«Իմ նախնական գնահատմամբ՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում։ Ո՞վ է արել, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։ Արդյոք օրենքով իրավունք ունեցե՞լ է գաղտնալսում իրականացնել։ Ե՞րբ է տեղի ունեցել, ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը։
Դեռեւս օգոստոսի 17—ի հանրահավաքին ես հայտարարել եմ, որ Մարտի 1—ի գործն ընդհանուր առմամբ բացահայտված է, եւ բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»,–հայտարարել է Փաշինյանը։
Անդրադառնալով ձայնագրությունում առկա այն հատվածին, որում, ըստ ձայնագրության, Վանեցյանն ասում է, թե Փաշինյանը հանձնարարել է «փակել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ վարչապետը նշել է, որ մշտապես ասել է ու կշարունակի ասել, որ եթե նախաքննության շահերից բխում է կալանավորել տվյալ անձին, ապա նա կհանձնարարի կալանավորել՝ անգամ, եթե տվյալ անձն իր բարեկամն է։ «Սա է տեղի ունեցածը։ Նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն»,–հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում կարեւոր չէ, թե ինչ ազգանուն ունի այն անձը, ում պետք է կալանավորել։
«Ոմանք ուզում են խուսափել պատասխանատվությունից։ Ես դա թույլ չեմ տա՝ անկախ նրանից՝ կլինեմ վարչապետի կարգավիճակում, թե ոչ»,–հայտարարել է նա։
Վարչապետի ուղիղ եթերից որոշ ժամանակ անց մամուլի ասուլիս են հրավիրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով։
Արթուր Վանեցյանը հաստատել է, որ համացանցում տարածված հեռախոսազրույցի ձայնագրության խոսակցության մասնակիցները ինքն ու ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն են։ Նա ընդգծել է, որ շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ հատուկ քննչական ծառայության պետի խոսակցությունը. «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, եւ կպարզվի ձայնագրման աղբյուրը, թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը»։
Անդրադառնալով ձայնագրված խոսակցությանը՝ Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ խոսակցությունը եղել է դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու օրը։ «Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք ինչի մասին է, մանրամասների մեջ չեմ մտնի, պարզապես ուզում եմ ասել, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոսով համոզված լինել, որ այդ գործում որեւէ թերացում չկա։ Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է։ Դա եղել է զուտ իրավաբանական քննարկում»,–մանրամասնել է Վանեցյանը։
«ԱԱԾ—ն եւ ՀՔԾ—ն վերջին շրջանում ստանձնել են երկրում անօրինականությունն արմատախիլ անելու դերը։ Մեր կողմից արված աշխատանքները շատ դրական են ընդունվում հասարակության կողմից։ Հրապարակված ձայնագրության հիմնական նպատակն այն է, որ թուլացնեն մեզ՝ ԱԱԾ—ին ու ՀՔԾ—ին, որ այն գործը, որ սկսել ենք, թողնենք կիսատ։ Սակայն մենք ունենք կամք ու վճռականություն այն հասցնելու ավարտին»,–հայտարարել է նա։ Ա. Վանեցյանը նաեւ նկատել է, որ «հեռախոսազրույցի մեջ կարող էին լինել որոշ անճշտություններ, որովհետեւ երբեւիցե չէինք կարող ենթադրել, որ այն կարող է ձայնագրվի ու հրապարակվի»։
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահ է՝ համացանցում գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումն իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ է, որը չի հաջողվի։
«Վարչապետը բազմիցս նշել է, որ երբեւէ արգելք չի լինելու այս կամ այն անձի նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչը եւ կիրառվել է Խաչատուրովի դեպքում։ Կարծիք եմ հայտնել, որ այս գործում կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»,–նկատել է նա։
Ինչ վերաբերում է Մարտի 1—ի քրեական գործին, ապա նա նշել է, որ գործով բավականին առաջընթաց կա, որը խիստ անհանգստացնում է որոշ շրջանակների եւ ուժերի, ինչի դրսեւորումն էլ հենց այդ գաղտնալսումը հրապարակելն է։ ՀՔԾ պետը ասել է, որ հարկադրված է որոշ բացահայտումներ անել՝ պատկերն ավելի հստակ լինելու համար։ Մասնավորապես նա նշել է, որ օլիգարխների կողմից ֆինանսավորվել են բազմաթիվ զինծառայողներ, որոնք փետրվարի 23—ից մինչեւ մարտի կեսերը իրականացրել են խաղաղ ցույցերը կանխելու գործողություններ։ Նա ցույց է տվել ՀՔԾ քննիչի կողմից առգրավված մատյանը, որտեղ հատ առ հատ նշված են այն զինծառայողները, ովքեր գումարներ են ստացել, նշված են նաեւ գումարների չափերը, իսկ այդ անունների դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները։ Սա վկայում է, որ բանակը մասնակցել է մարտի 1—ի իրադարձություններին։
ՀՔԾ պետը հաստատել է, որ այդ օրերին օլիգարխների թիկնապահներին զրահաբաճկոններ են բաժանել։ Նա նշել է, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է։ Սասուն Խաչատրյանը եւս մեկ ուշագրավ բացահայտում է արել։ Նա շեշտել է, որ մարտի 1—ի զոհերից ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, կան հստակ ապացույցներ։
«Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Մեր տարբերակն այն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է»,–ասել է Սասուն Խաչատրյանը։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու հատուկ քննչական ծառայությունը քննում են առավել աղմկոտ գործերը եւ գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց եւ խմբերի հետ։
«Այդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածք, որի մասին առաջիկայում կխոսենք։ Նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին կխոսենք։ Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք եւ կհրապարակենք, թե ով ինչ ունի եւ ինչպես է ձեռք բերել։ Օրինակ, թե ինչպես է նա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում։ Մենք ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ»,–ասել է նա։
ՀՀ ԱԱԾ տնօրենը նաեւ հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն։ Նա նշել է, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ։ «Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, գործը հարուցվել է փողերի լվացման հիմքով,–ընդգծել է ԱԱԾ տնօրենը՝ շեշտելով, որ խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է։–Ու այն մարդիկ, որ ասում էին՝ որտեղ են Սաշիկի 50 տոկոսները, ես ասեմ՝ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահված են։ Ու, հավատացեք, առաջիկայում ամբողջը կհրապարակվի։ Միլիարդավոր դոլարներ այս երկրից գողացված են։ Մեկը հանկարծ չմտածի, թե այս ամեն ինչով փորձել են սենսացիա անել, թե Արթուր Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին լիկվիդացնենք, վերջացնենք։ Մեր բոլոր գործերը կավարտենք, եւ այդ օրը մեր ոտքով կգնանք ու մեծ հաճույքով կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»։
ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024