ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 20 » Գործընկերության նոր ձեւաչափեր /Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Հայաստան—Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ/
12:20
Գործընկերության նոր ձեւաչափեր /Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Հայաստան—Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ/

Երեկ խորհրդարանում մեկնարկել է Եվրամիություն—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15—րդ նիստը՝ ԵՄ—Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.
«Հարգելի համանախագահներ,
Հարգելի գործընկերներ,
Ողջունում եմ ձեզ ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15—րդ նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ։ Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում բազմակողմ ձեւաչափում, որը, ինչպես արդեն նշել եմ, Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության միջեւ համագործակցության ընդլայնման կարեւոր հարթակ է։ Այսօր կրկին հաճելի առիթ ունեմ ողջունելու ձեզ մեկ այլ՝ միջխորհրդարանական համագործակցության երկկողմ ձեւաչափում։
Կուզենայի խորհրդարանական այս ամբիոնից եւս մեկ անգամ նշել, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից, քանի որ ԵՄ—Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ համաեվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է։
Կուզենայի եւս մեկ անգամ հատուկ ընդգծել այս տարիների ընթացքում Եվրոպական միության կառույցների հետ ունեցած սերտ համագործակցությունը, որի արդյունքում մեծ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված էին Հայաստանի սոցիալ—տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը եւ այլն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը այսուհետ նույնպես կշարունակվի։
Տիկնայք եւ պարոնայք,
Այս տարի հայ ժողովուրդը եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը ոգեկոչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պետք է առանձնահատուկ նշեմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձեւով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն։ Երկու օր առաջ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որով հարգանքի տուրք մատուցվեց մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների նահատակների հիշատակին։ Մեր համատեղ փաստաթուղթը կարեւոր ներդրում է ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված քաղաքակիրթ աշխարհի պայքարում։
Կրկին ողջունելով ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15—րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ կառուցողական քննարկումներ եւ արդյունավետ աշխատանք»։
Հանձնաժողովի անդամներին ողջունել են նաեւ համանախագահներ Սամվել Ֆարմանյանը եւ Սաջադ Քարիմը։
Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հանդիպումների նման ձեւաչափն առանձնահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բոլոր խնդիրները բաց եւ անկաշկանդ մթնոլորտում քննարկել։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հարաբերությունները ԵՄ—ի հետ՝ հիմքում ունենալով ընդհանուր արժեհամակարգը եւ բացառիկ այն ճշմարտությունը, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է։ Պարոն Ֆարմանյանը հավաստիացրել է, որ Հայաստանը միջխորհրդարանական ձեւաչափով նման հանդիպումները երբեք չի ծառայեցրել եւ չի ծառայեցնելու ազգամիջյան թշնամանք հրահրելուն եւ հակաադրբեջանական բանաձեւերի ընդունմանը։ Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ բանախոսը կարեւորել է խնդրի խաղաղ կարգավորումը, ինչը, նրա գնահատմամբ, այլընտրանք չունի։ Սամվել Ֆարմանյանը ողջունել է Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Արեւելյան գործընկերության քաղաքականության որոշակի վերանայման արդյունքում գործընկեր երկրների հետ ավելի տարբերակված մոտեցում կիրառելու քայլը։
Ողջունելով ներկաներին՝ ԵՄ—Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմն իր խոսքում հույս է հայտնել, որ նիստի ընթացքում կծավալվի կառուցողական երկխոսություն, եւ քննարկման ենթակա տեքստի նախագիծը դրական արդյունք կունենա։ Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է Եվրոպական միության համար, եւ Եվրոպական խորհրդարանը մտադիր է քաղաքական կապիտալ ներդնել հանուն երկկողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում նաեւ Հայաստանի հետ երկկողմ ձեւաչափով։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ԵՄ—Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին իր ելույթում ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է համագործակցության խորհրդարանական ձեւաչափը եւ երկխոսությունը Եվրոպական միության հետ։ Նշվել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ արժեքավոր է տարածաշրջանային խաղաղության եւ զարգացման հարցում։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը ԵՄ—ի հետ՝ նպատակ հետապնդելով շարունակել ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի բարեփոխումները, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պայքարելով կոռուպցիայի դեմ։ Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց հարաբերությունների նոր իրավական հիմքը ձեւավորելու անհրաժեշտությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի թարմացումը։ Խոսելով շարժունակության ոլորտում համագործակցության հաջորդ փուլից՝ պարոն Նազարյանը կարեւորել է Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու ռեժիմի ապահովումը։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցից՝ փոխնախարարը հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն ամենամյա զեկույց է ընդունել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ, որում կոչ է արվում բոլոր անդամ պետություններին Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին ճանաչել եւ շարունակել նպաստել ցեղասպանության ճանաչմանը։ Փոխնախարարը նաեւ վստահեցրել է, որ Հայաստան—ԵՄ ԽՀՀ—ն կարեւոր դեր ունի երկկողմ հարաբերությունների խորացման գործում։
Թեմայի շրջանակներում Եվրոպական միության անունից խոսել է ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը։ Խոսելով ԵՄ—Հայաստան համագործակցությունից՝ նշվել է, որ այն շարունակվում է գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի հիման վրա, եւ ԵՄ—ն, ցանկանալով այն խորացնել, փորձում է գտնել համատեղ ոլորտներ եւ հետաքրքրություններ։ ԵՄ—ն շարունակելու է համագործակցությունը տնտեսական զարգացման, էներգետիկայի, միգրացիայի, շարժունակության, անվտանգության, բարեխիղճ կառավարման բնագավառներում եւ փորձելու է ավելի հասցեական եւ արդյունավետ դարձնել իր քաղաքականությունը։ Անդրիանո Մարտինսը շեշտել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնարար սկզբունքները, ամենայն հավանականությամբ, կմնան անփոփոխ։ ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրոպական միությունը նախկինի պես Հայաստանի արտաքին առեւտրի խոշորագույն գործընկերն է։ 2014թ. վիճակագրական տվյալներով՝ Եվրոպական միությանն է բաժին ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի կամ Հայաստանից արտահանումների 29 տոկոսը եւ դեպի Հայաստան ներմուծումների 24 տոկոսը։
Սամվել Ֆարմանյանն առաջարկել է հաստատել նիստի օրակարգը եւ 2014 թվականի փետրվարի 5—6—ը Ստրասբուրգում կայացած ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14—րդ նիստի արձանագրությունները։ Առաջարկներն ընդունվել են։
«Քաղաքական զարգացումները եւ ԵՄ—Հայաստան հարաբերությունների հեռանկարները» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացի մեկնարկին եւ փուլերին, կատարված աշխատանքին, ինչպես նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո ԵՄ—ի հետ համագործակցության մակարդակին։ Պարոն Պողոսյանի համոզմամբ՝ կարեւորը քաղաքական զարգացման շրջանակում բարեփոխումների արդյունավետ իրականացումն է։ Խոսելով Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացից՝ նա հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները միտված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը եւ արդարադատության ոլորտի խնդիրների լուծմանը։
«Հայաստանի նկատմամբ ԵՄ առեւտրային քաղաքականության գնահատում. տեսակետների փոխանակում արտոնությունների ընդհանուր համակարգի եւ առաջընթացի ցուցանիշների վերաբերյալ (GSP+), տնտեսական իրավիճակը Հայաստանում, տնտեսական համագործակցության հեռանկարները» զեկույցի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ—ն եւ ԵՄ—ն մի շարք համաձայնագրեր են ստորագրել եւ համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնք նպաստում են նաեւ ՀՀ տնտեսության զարգացմանը։ Պարոն Վարդապետյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ՝ օգտվելով կայուն զարգացման եւ լավ կառավարման խթանման հատուկ մեխանիզմներից՝ ընդհանուր սակագնային արտոնությունների ԵՄ համակարգի շրջանակներում։ Նա կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ լինելով արդեն ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է լրացուցիչ գրավչություն ստանալ եվրոպացի ներդրողների համար։ Պատգամավորը նշել է, որ Հայաստանը եվրոպացի գործընկերներին առաջարկում է գործարարության լիբերալ եւ գրավիչ պայմաններ, նորաստեղծ ազատ տնտեսական գոտիներ, բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվող զանազան տնտեսական գործիքներ, որակյալ, կրթված, տնտեսապես շահավետ աշխատուժ։
Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնման վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ մասնակցելով այդ շրջանակում ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, կայունության, էներգետիկ անվտանգության, մարդկանց միջեւ շփումների հարցերին նվիրված հանդիպումներին։ Տիկին Եսայանը ներկայացրել է տարբեր բնագավառներում ԵՄ—ի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Խորհրդարանականները ներկայացրել են իրենց գնահատականները եւ պատկերացումները թե կատարված եւ թե կատարվելիք քայլերի մասին։
Այսօր խորհրդարանում կշարունակվի հանձնաժողովի նիստի աշխատանքը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024