ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 08:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 4 » ՀԱԷԿ—ին լուրջ արդիականացում է սպասվում /Անվտանգ շահագործման հարցերին նվիրված միջազգային համաժողով/
11:24
ՀԱԷԿ—ին լուրջ արդիականացում է սպասվում /Անվտանգ շահագործման հարցերին նվիրված միջազգային համաժողով/

Հայաստանում երեկ կայացավ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական համաժողովը՝ ատոմակայանին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգման վերաբերյալ։ Համաժողովին մասնակցեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԱՄՆ—ի, ՀԱԷԿ—ում ԵՄ օժանդակության ծրագրի, Ռուսաստանի եւ Չեխիայի ներկայացուցիչներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է ընտրված ձեւաչափը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ—ի) համակարգման ներքո գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների քննարկման, դասակարգման, ֆինանսավորման գործընթացների կազմակերպման նպատակով։ «Մասնակից բոլոր երկրները՝ ԱՄՆ—ն, ՌԴ—ն, ԵՄ—ն, Չեխիան, Սլովակիան մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում։ Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռեւս անելիքներ կան։ Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ—ին եւ մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձեւաչափով շարունակական դարձնելու համար, մինչեւ 2026թ. էներգաբլոկի կանգառը»,–նշեց Ե. Զախարյանը։
Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ ՀԱԷԿ—ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական այս խորհրդակցություններն իրականացվում են ԱԷՄԳ—ի համակարգմամբ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ։ Առաջին խորհրդակցությունը կայացել է Վիեննայում 2005թ. դեկտեմբերին, իսկ 5—րդ խորհրդակցությունը՝ Հայաստանում 2011թ. հոկտեմբերին։ Վերջին խորհրդակցությունից հետո ընկած ժամանակահատվածում ՀԱԷԿ—ը շարունակել է անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ կատարել, որոնց ընթացքում ներդրվել են 14 մեծածավալ միջոցառումներ։ Դրանցից 5 կարեւորագույններն առանձնացրեց նախարարը։ Առաջինը ԱԷՄԳ ծրագրի շրջանակներում ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի անվտանգության հետ կապված համակարգերի եւ սարքավորումների սեյսմիկ ատեստավորումն է, այնուհետեւ՝ միջուկային վառելիքի վերաբեռնավորման մեքենայի արդիականացումը։ Երրորդը կառավարման վահանակի տարածքի բնակելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների նախագծի ներդրումն է, չորրորդը՝ վթարային կանգի վահանակի եւ հետվթարային դիտարկման համակարգի տեղադրումը։ Հինգերորդը Բոհունիցեի ԱԷԿ—ից ապամոնտաժված լիամասշտաբ վարժասարքի մոնտաժումն է։ 5—րդ խորհրդակցությունից հետո ընկած ժամանակահատվածում թիվ 2 էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության վերագնահատման ծրագրի շրջանակներում իրականացվել է 2 նախագիծ։ Իսկ 2013թ. ապրիլից կազմակերպվել է ԱԷՄԳ առաքելություն՝ ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման անվտանգ երկարացման հնարավորության գնահատականի վերաբերյալ։
Երվանդ Զախարյանը նկատեց, որ երբ 2013թ. արդեն պարզ դարձավ, որ ֆինանսական խնդիրներով պայմանավորված, Հայաստանը դեռեւս չի կարողանում իրականացնել նոր էնեգաբլոկի կառուցման ծրագիրը, որոշում ընդունվեց գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգել 10 տարով։ ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին հավանություն տվեց Հայկական ԱԷԿ—ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին։ Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի եւ ԱԷՄԳ—ի կողմից սահմանված են անվտանգության նվազագույն չափանիշները, որոնք կատարելը պարտադիր է, որպեսզի ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացվի։ Այս նպատակով ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գործող էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրում ներառելու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը մեկ անգամ եւս իր խնդրանքը ուղղեց մասնակից դոնոր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին՝ մինչեւ էներգաբլոկի կանգառը՝ 2026 թվականը հետամուտ լինելու այս ձեւաչափի շրջանակներում դեռեւս չարված մյուս միջոցառումներն իրագործելուն։
Համաժողովի մասնակից ԱԷՄԳ—ի ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը տպավորված էր խորհրդակցությանը մասնակիցների ներկայացուցչական կազմով։ Նա շնորհակալություն հայտնեց մասնակից բոլոր պետություններին՝ օժանդակության համար, քանզի «Հայաստանի ԱԷԿ—ի արդիականացման համար լուրջ ֆինանսավորման կարիք կարող է առաջանալ։ Դրա համար հարկավոր է մասնակից պետությունների օժանդակությունը։ Նախորդ համաժողովի ժամանակ ընդգծվեց այն փաստը, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող խորհրդակցությունները լավ գործիք են անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների համակարգման եւ ճշգրիտ տեղեկատվության տարածման համար»։
Մ. Լիպարը ընդգծեց, որ ԱԷՄԳ—ն այս գործին մեծ կարեւորություն է տալիս, եւ 2012թ. ԱԷՄԳ—ի գլխավոր տնօրենը Հայաստանում է եղել։ Դեռ 2011թ. Վիեննայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ մի քանի կարեւոր արձանագրումներ արվեցին։ Օրինակ, մեկն այն է, որ, ըստ Մ. Լիպարի, շեշտը դրվել է հայկական ատոմային կայանի անվտանգ շահագործումն ապահովելուն միտված միջոցառումների վրա։ Նաեւ՝ որ 2010թ. անվտանգության լուրջ միջոցառումներ են արվել ՀԱԷԿ—ում։ Լրացուցիչ ֆինանսավորման կարիք կլինի, քանի որ ՀԱԷԿ—ին լուրջ արդիականացում է սպասվում։ «Մասնակիցները նշեցին, որ անվտանգության առումով լուրջ քայլեր են ձեռնարկվել ՀԱԷԿ—ում, բայց լրացուցիչ օժանդակություն է պետք»,—ասաց Մ. Լիպարը։ ԱԷՄԳ—ն այդ ժամանակ կապվել է «ՕՍԱՐՏ» խմբի հետ (անվտանգ շահագործման վերահսկողության տեսչական թիմն է)։ 2013թ. հունիսին 2—րդ «ՕՍԱՐՏ» առաքելությունը այցելեց Հայաստան, եւ դա տեղի ունեցավ ԱԷՄԳ—ի կողմից Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործման տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում։ Եվ հենց այդ «ՕՍԱՐՏ»—ի առաքելության աշխատանքի հիմնական արդյունքները եւ տեխնիկական համագործակցության ծրագրի դրույթներն էլ երեկ խորհրդակցության ժամանակ պետք է ներկայացներ ԱԷՄԳ—ի ներկայացուցիչը։
ՀԱԷԿ—ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված տեխնիկական համաժողովը այսօր կշարունակի աշխատանքները։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024