ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 6 » Համերաշխության, մարդասիրության ճանապարհով /Հայաստանի եւ Մալթայի ինքնիշխան ուխտի միջեւ ստորագրվել է համաձայնագիր/
12:51
Համերաշխության, մարդասիրության ճանապարհով /Հայաստանի եւ Մալթայի ինքնիշխան ուխտի միջեւ ստորագրվել է համաձայնագիր/

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Ս. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը։
Համաձայնագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի ուխտի՝ որպես ապաքաղաքական եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատեւ ավանդույթը բժշկության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում եւ երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձեւավորել համագործակցության ընդհանուր շրջանակ եւ սահմանել ուղենիշներ կողմերի միջեւ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական եւ առողջապահական գործողությունների խթանմանը։
Հայաստանը եւ Մալթայի ինքնիշխան ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաեւ այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ։
Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ԶԼՄ—ների առջեւ հանդես են եկել հայտարարություններով։
«Ձե՛րդ գերազանցություն,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Նախ շնորհակալ եմ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի հյուրը լինելու եւ այս ջերմ ընդունելությունը վայելելու համար։ Ես շատ ոգեշնչված եմ, քանի որ այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ միասին մասնակցեցի «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված հայ ժողովրդի զավակ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը։ Այն մենք համարում ենք երկու քրիստոնյա համայնքների համերաշխության եւս մի հավերժ խորհրդանիշ։
Ինձ համար այս այցը նույնպես մեծ խորհուրդ ունի. այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակը։ Հետադարձ հայացք նետելով այս անցած տարիներին՝ ուրախ եմ, որ մենք այսօր արձանագրելու բան ունենք։ Դեռեւս 1998 թվականին Մալթայի ուխտը դեսպան հավատարմագրեց Հայաստանում, եւ մենք տարիներ առաջ փոխադարձեցինք այդ քայլը։
Մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացեց Մալթայի Ինքնիշխան Մարտական ուխտի մեծ վարպետի՝ 2016 թվականի անդրանիկ այցը Հայաստան՝ նոր որակ հաղորդելով բարեկամական ոգով զարգացող մեր համագործակցությանը։ Եթե հավելենք նաեւ իմ այսօրվա այցը, ապա կարող ենք վստահորեն փաստել, որ բարձր մակարդակի երկխոսության այս դինամիկան պահելու ցանկությունը երկուստեք է, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հարաբերություններում առկա ներուժը։
Րոպեներ առաջ Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի ուխտի միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագիրը նպատակ ունի խթանելու մարդասիրական, առողջապահական բնագավառներում համատեղ գործունեությունը։ Այս համաձայնագիրը համագործակցության ներուժի բացահայտման մի դրսեւորում է, եւ այն երկուստեք պետք է առավելագույնս ծառայեցնենք իր նշանակությանը։
Ինչպես հայտնի է, առաջին քրիստոնյա երկրի եւ քրիստոնյա հնագույն ուխտի միջեւ դեռ միջնադարում ձեւավորվել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերտ առնչություններ՝ հիմնված փոխըմբռնման եւ միմյանց սատարելու ցանկության վրա, որոնք՝ քրիստոնեական նույնակունք արժեհամակարգի հետ միասին դարձել են Հայաստանի եւ Մալթայի Ուխտի միջպետական հարաբերությունների ամուր հիմքը։
Անշուշտ, ամենաբարձր դրվատանքի է արժանի Մալթայի ուխտի ծավալած մարդասիրական գործունեությունն աշխարհում, որից անմասն չէ նաեւ մեր երկիրը։ Շնորհակալ ենք, որ 1988 թվականի երկրաշարժի դժվարին օրերից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ դարձել է մեր երկրի լավագույն բարեկամը։
Այս համատեքստում առանձնակի ուզում եմ կարեւորել այն փաստը, որ Մալթայի ուխտի ասպետների եւ հազարավոր կամավորների կողմից աշխարհի 120 երկրներում, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, իրականացվող մարդասիրական ծրագրերի հիմքում ընկած են համերաշխության, մարդասիրության եւ կարիքի մեջ գտնվողներին օգնելու քրիստոնեական սկզբունքները։
Այս գործունեությունը լիարժեքորեն տեղավորվում է Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական առաքելության ներքո, այն լիարժեքորեն տեղավորվում է հայ ժողովրդի՝ դարերով կոփված հանդուրժողականության եւ համերաշխ համակեցության տեսլականի ներքո։ Մալթայի ուխտը միշտ այնտեղ է, որտեղ օգնությունն ամենապահանջվածն է՝ լինի դա Սիրիայում, Կոնգոյում, Հաիթիում թե Աֆղանստանում։ Հայաստանն էլ, չնայած իր համեստ հնարավորություններին, Սիրիայի համար ամենածանր օրերին, մարդասիրական օգնություն ուղարկեց սիրիացի եղբայր ժողովրդին։
Եվ հենց այս արժեքներն են, որ մեզ միավորում են, հենց այս արժեքների խթանումն է, որ կարող է դիմակայել աշխարհում ծավալվող այլատյացության ու ծայրահեղականության մերօրյա դրսեւորումներին։
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար»,–իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը։
«Շատ ուրախ եմ ընդունել այսօր պաշտոնական այցով ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրան ուղեկցող նախարարական պատվիրակությանը։ Ընդամենը 2 տարի է անցել մեծ վարպետի առաջին անգամ Հայաստան կատարած այցից, որը վառ վկայություն է համատեղ կամքի՝ հզորացնելու արդեն ձեւավորված լավագույն հարաբերությունները եւ ընդլայնելու համագործակցությունը առողջապահության եւ մարդասիրական ոլորտներում։
Այս առիթով, Մալթայի ինքնիշխան ուխտը եւ Հայաստանի Հանրապետությունը կնքել են համագործակցության համաձայնագիր 10 տարի տեւողությամբ։ Խոսքը մի համաձայնագրի մասին է, որը հիմնվում է 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում ձեռքբերված ամուր կապերի վրա եւ որի նպատակը Հայաստանի տարածքում Մալթայի ուխտի կողմից իրականացվող բժշկական եւ սոցիալական գործունեության ամրապնդումն է։
Հայաստանում իրականացվող հիմնական գործունեություններից, որ Մալթայի ուխտը ծավալում է շնորհիվ մեր դեսպան Ժան Միշել Ուղուրլյանի նվիրված աշխատանքի, ցանկանում եմ հիշատակել Զվարթնոցի մանկատունը, որի խնամքի տակ են գտնվել ավելի քան 100 երեխա, Դիլիջանի բուժկենտրոնը, որը զբաղվում է տուբերկուլյոզի բուժմամբ եւ կանխարգելմամբ, լսողության խանգարումներով տառապող երեխաների համար դպրոցական կառույցը եւ Էջմիածնի հիվանդանոցին մեր Ուխտի կողմից տրվող աջակցությունը։
Սյսօրվա հանձնառությունը համապատասխանում է անցյալին, երբ մեր կամավորները միավորվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականներին, ինչպես նաեւ տասնամյակներ անց 1988թ. 25000 զոհ պատճառած երկրաշարժից տուժածներին օժանդակելու նպատակով։ Այդ առիթով Մալթայի Ուխտը աղետի վայր էր ուղարկել բժիշկների եւ փրկարարների ջոկատներ եւ կազմակերպել բազմաթիվ վիրավոր երեխաների տեղափոխությունն արտերկիր, ովքեր կարիք ունեին առավել բարդ վիրահատական միջամտության։
Ամենահին քրիստոնյա ազգի՝ հայերի եւ ամենահին կաթոլիկ կրոնական կառույցներից մեկի՝ Մալթայի ուխտի միջեւ ամուր կապերը ոչ միայն հումանիտար եւ սոցիալական ասպեկտներ են, որոնք, անշուշտ, շարունակում են մնալ գերակայություն, այլեւ ընդգրկում են մեր հնագույն ավանդույթները եւ դժվարին պատմությունները՝ սկսած Միջին Արեւելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունից։
Ես այս իմաստով հիշում եմ, որ Մալթայի ուխտի մասնակցությունը 2015թ. ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված արարողություններին, ինչպես նաեւ դրան նախորդած հիշատակման արարողություններին, որոնց ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ խոսեց հայերի բնաջնջումից՝ որպես քսաներորդ դարի սկզբի առաջին ցեղասպանություն։
Հայաստանի Հանրապետությունը եւ Մալթայի ինքնիշխան ուխտը կապված են այնպիսի թելերով, որոնց ակունքները տանում են դեպի սարսափելի ողբերգություն։ Համոզված եմ, որ այսօրվա այցը նշում է համագործակցության նոր փուլի սկիզբը, որը նաեւ ընդհանուր ջանքերի միջոցով է անցնում, որպեսզի խուսափենք, որ պատմությունը երբեւէ ականատես լինի այլ ողբերգությունների, ինչպես մեկ դար առաջ հայ ժողովրդի կողմից ապրածն էր։
Մալթայի ուխտը կաթոլիկ հաստատություն է՝ չեզոք եւ ապաքաղաքական։ Դիվանագիտական ցանցի միջոցով Մալթայի ուխտը ծառայում է պատերազմի, սովի, հալածանքի եւ աղքատության պատճառով դժվարությունների մեջ ապրող ժողովուրդներին։ Չի հետապնդում կանխորոշված օրակարգեր, այլ միայն իրեն նվիրում է մարդկային տառապանքները թեթեւացնելուն եւ առավել խոցելի մարդկանց պաշտպանելուն ուղղված առաքելությանը»,–ասել է Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն։


Նախագահի հանդիպումը Մալթայի ուխտի մեծ վարպետի տեղապահի հետ
 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանի եւ Երուսաղեմի Ս. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հանդիպում է ունեցել Մալթայի ուխտի մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ։
Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Մալթայի մարտական ուխտում Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար եւ ջերմությամբ հիշել Մալթայի ուխտի մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան, որը նախագահ Սարգսյանը համարել է Հայաստանի եւ Մալթայի ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նշանակալի իրադարձություն։ Այն, հանրապետության նախագահի գնահատմամբ, նոր էջ է բացել բարեկամական ոգով զարգացող երկկողմ համագործակցության առավել խորացման եւ ընդլայնման համար։
Հանրապետության նախագահն ու Մալթայի ուխտի մեծ վարպետի տեղապահը երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի եւ Մալթայի ուխտի միջեւ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ վստահություն են հայտնել, որ երկխոսության նման դինամիկայի շարունակականությունը թույլ կտա ապագայում առավել արդյունավետ օգտագործել այդ ներուժը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Մալթայի ուխտի միջեւ համագործակցությանը՝ բարձր գնահատելով այսօր ստորագրված համագործակցության համաձայնագիրը։
Հանդիպման ավարտին նախագահը գրառում է կատարել Մալթայի Ինքնիշխան Մարտական ուխտի պատվավոր հյուրերի գրքում.
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել հնագույն հոգեւոր ուխտի Հռոմի Վարպետաց առանձնատանը։ Երախտապարտ եմ ցուցաբերված ջերմ, բարեկամական ընդունելության համար։
Մեր կապերը, որ սերում են պատմությունից, լի են փոխադարձ հարգանքի ու միմյանց սատարելու բազմաթիվ դրսեւորումներով։ Վստահ եմ, որ նույն ոգով մենք շարունակելու ենք առավել սերտացնել ու հարստացնել Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի հարաբերությունները՝ ի շահ բոլորիս։
Մալթայի ուխտի ղեկավարությանը, անդամներին եւ հազարավոր կամավորականներին մաղթում եմ ամենայն հաջողություն աշխարհի չորս կողմերում հավատքը պաշտպանելու եւ կարիքավորներին աջակցելու իրենց պատմական առաքելության մեջ»,–գրել է Սերժ Սարգսյանը։
Ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած պատվիրակության, Մալթայի ուխտի մեծ վարպետի տեղապահի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ Հանրապետության նախագահը եւ Մալթայի ուխտի մեծ վարպետի տեղապահը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայերի եւ Մալթայի ուխտի պատմական առնչություններին եւ ձեւավորված բարեկամությանը։


Ի հավելումն
 

Հայաստանի եւ Մալթայի ինքնիշխան ուխտի միջեւ դասական պատկերացմամբ երկկողմ հարաբերություններ ձեւավորված չեն։ Դա պայմանավորված է Մալթայի ուխտի՝ որպես ապաքաղաքական եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով։
Հայաստանի եւ Մալթայի ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1998 թվականի մայիսին։ 1998թ. նոյեմբերին Մալթայի ուխտը միակողմանի հիմունքով դեսպան է հավատարմագրել Հայաստանում։
Մալթայի ուխտի առաջին դեսպանը, որը պաշտոնավարել է մինչեւ 2008թ. հոկտեմբերը, եղել է Անդրե Գուտցվիլլերը։ 2011թ. փետրվարին ՀՀ—ում Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Միշել Ուղուրլյանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
2014թ. մայիսի 14—ին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը իր հավատարմագրերը հանձնել է Մալթայի ուխտի մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին։
2015թ. ապրիլի 12—ին Մալթայի ուխտի մեծ վարպետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի սրբազան քահանայապետի մատուցած պատարագին։
2015թ. ապրիլի 22–24—ը Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել է Մալթայի ուխտի պաշտոնական պատվիրակություն, որը գլխավորել է ուխտի կառավարական խորհրդի անդամ Ֆրա Ժան—Լուի Մենգին։
2016թ. հոկտեմբերի 22–26—ը կայացել է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի այցը Հայաստան, որը նպատակ ուներ ընդլայնել եւ խորացնել ՀՀ եւ Մալթայի ուխտի միջեւ հարաբերությունները։ Դա նրա առաջին այցն էր Հայաստան։

***
Մալթայի պաշտոնական անվանումն է    Երուսաղեմի Սբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական հիվանդախնամ ուխտ։ Ճանաչված է որպես միջազգային իրավունքի ածանցյալ սուբյեկտ, որպես կրոնական հաստատություն, կանոնականորեն (կրոնական մասով) ենթարկվում է Սուրբ Աթոռին։ Սահմանադրական միապետություն է, որի ղեկավարն է արքայազն եւ մեծ վարպետը։ Նստավայրը՝ Հռոմի Վիա Կոնդոտի փողոցում տեղակայված Վարպետաց պալատը։ Պաշտոնական լեզուն իտալերենն է։
Այսօր Մալթայի ուխտը գլխավորապես ծավալում է մարդասիրական գործունեություն՝ ուղղված աշխարհում աղքատության նվազեցմանը, համաճարակների վերացմանը, որի համար փրկարարների ու բժիշկների ջոկատներ է կենտրոնացնում զինված հակամարտությունների եւ համաճարակային գոտիներում։ Մալթայի ուխտը մարդասիրական եւ բժշկական առաքելություններ է իրականացնում 120—ից ավելի երկրներում։
Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական բժշկական հիմնադրամներ են գործում աշխարհի 47 երկրներում։
Այսօր Մալթայի ուխտն ունի 13.500 անդամ եւ 80.000 մշտական կամավորական, որոնք մարդասիրական—բժշկական առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում։ 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024