ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 5 » Հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն /Քաղաքագետը ներկայացրել է ակնկալիքները Փաշինյան—Պուտին հանդիպումից/
14:53
Հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն /Քաղաքագետը ներկայացրել է ակնկալիքները Փաշինյան—Պուտին հանդիպումից/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8—ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա կարեւորում է այն համատեքստում, որ այսօր հայ—ռուսական հարաբերություններում առկա են մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն քննարկման եւ հստակեցման։ «Արմենպրեսի» հետ զրույցում Նարեկ Մինասյանն ընդգծել է, որ այցը կարեւորվում է նաեւ սեպտեմբերի 1—ին Ադրբեջանի նախագահի՝ Սոչի կատարած այցելության համատեքստում։ «Ռուս—ադրբեջանական հարաբերություններում, թերեւս, տեսանելի է որոշակի դինամիկա, եւ այս համատեքստում բավականին կարեւոր է նաեւ վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա որոշակի հավասարակշռության վերականգնման նպատակով»,–ասել է քաղաքագետը։
Նա հայ—ռուսական օրակարգի կարեւոր հարցերից է համարում նաեւ ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը։ Նրա գնահատմամբ՝ այս հարցը պետք է քննարկումների առարկա դառնա։ «Խնդիրը բավականին կարեւոր է թե՛ ՀԱՊԿ—ի, թե՛ Հայաստանի համար, որը նախագահում է այդ կառույցում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ վերջին շրջանում շահարկումների առարկա էր դարձել այն հարցը, որ Ադրբեջանը հնարավոր է դառնա ՀԱՊԿ—ի անդամ, սակայն, ինչպես տեսանք, Սոչիում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շրջանակներում ՀԱՊԿ—ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ որեւէ հայտարարություն չեղավ։ Ըստ էության, սա հաստատում է այն հանգամանքը, որ դա տեղեկատվական խայծ էր, որը տարածվեց ադրբեջանցի պատգամավորների կողմից, իսկ հետո ադրբեջանական տարբեր քարոզչական շրջանակներ դա շահարկումների առարկա դարձրին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում, եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հստակեցվեց իրողությունը, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ անդամի եւ դիտորդի համար նախատեսված չափորոշիչներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը նաեւ վետո կկիրառի նման հնարավորության դեպքում»,–մանրամասնել է Նարեկ Մինասյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահը կրկին հիշեցրեց ՌԴ—ից 5 միլիարդ դոլարի զենք գնելու մասին՝ քաղաքագետն ընդգծել է, որ հատկանշական էր այն հանգամանքը, որ հանդիպման ընթացքում երկու կողմն էլ բավականին շահագրգռված էին ցույց տալ այն հաջողության պատմությունը, որ ունեն երկկողմ հարաբերություններում։ «Ամրագրվում էին տարբեր ոլորտներում առկա ձեռքբերումները, թե ինչ հաջողություններ է ունեցել ռուսական բիզնեսն Ադրբեջանում, Ադրբեջանի հետ հարաբերությունները որքան են ամրապնդվել։ Ադրբեջանն էլ իր հերթին ցանկանում է ընդգծել իր կարեւորությունը որպես ռուսական զենքի գնորդ։ Եվ շրջանառվեց այն թեզը, որ Ադրբեջանն այս տարիներին Ռուսաստանից գնել է 5 միլիարդ դոլարի զենք։ Հատկանշական է այն հանգամանքը, որ այս հայտարարությունը տարբեր կայքերում շրջանառության մեջ դրվեց որպես նոր գործարքի մասին հայտարարություն, սակայն իրականում այդ հայտարարության մեջ նոր գործարքի մասին ոչինչ չկար, ընդամենը ասվել է, որ երկկողմ ռազմական գործարքների ծավալները հասել են ընդհուպ մինչեւ 5 միլիարդ դոլարի։ Խոսքը տարբեր տարիների ընթացքում իրականացված գործարքների մասին է, որի ընթացքում փուլ առ փուլ Ադրբեջանին ռազմական տեխնիկա է մատակարարվել, ինչն անարձագանք չի մնացել հայկական կողմից։ Սակայն այս պահին որեւէ նոր շոշափելի պայմանագրի մասին գոնե հրապարակային մակարդակում հայտնի չէ։ Չեմ բացառում, որ լինեն կուլիսային բանակցություններ, ինչը ժամանակի ընթացքում հայտնի կդառնա»,–նշել է Մինասյանը։
Նա անդրադարձել է նաեւ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, որը նրա նախորդ հայտարարության համեմատ ավելի մեղմ էր։ Նարեկ Մինասյանն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը պայմանավորված է Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցով։ «Այսինքն, այս հայտարարությունը Փաշինյանի այցին ընդառաջ որոշակի կառուցողական ֆոնի ձեւավորման խնդիր է հետապնդում։ Բնականաբար, տվյալ համատեքստում կարեւոր են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի օգտագործած ձեւակերպումներն այն մասին, որ իրենց հետաքրքիր է լսել հայկական կողմի մոտեցումներն առաջիկա զարգացումների մասին։ Այսինքն, ըստ էության, կա մոտեցումների որոշակի հստակեցման եւ մի շարք հարցերի հետ կապված անորոշության եւ մտահոգությունների փարատման խնդիր։ Որպես դաշնակիցներ՝ Փաշինյանը եւ Պուտինը, բնականաբար, ունեն անկեղծ խոսակցության կարիք տարբեր զգայուն հարցերի շուրջ։ Եվ միայն դրա արդյունքում հնարավոր է գալ որոշակի հայտարարի, օրակարգի, գերակայությունների հստակեցման, ինչը հնարավորություն կտա խորացնելու հայ—ռուսական հարաբերությունները»,–ընդգծել է քաղաքագետը։
Նարեկ Մինասյանը հավելել է՝ գաղտնիք չէ, եւ տարբեր մակարդակներում հնչել են հայտարարություններ այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո ռուսական կողմը դեռ չունի Հայաստանում տեղի ունեցող գործընթացների լիարժեք ընկալում։ Այժմ հասունացել է այն պահը, երբ երկու կողմերը պետք է հստակեցնեն օրակարգը։
Փաշինյան—Պուտին առաջիկա հանդիպման հիմնական նպատակը քաղաքագետը համարում է անկեղծ երկխոսության հաստատումը. «Այցն աշխատանքային է, հետեւաբար ակնկալել ինչ—որ տնտեսական եւ այլ բնույթի պայմանագրերի կնքում, պետք չէ։ Աշխատանքային այցերի հիմնական նպատակը թիրախային հարցերի քննարկումն է, թիրախային խնդիրների բարձրաձայնումը։ Կարծում եմ, որ այս այցի ընթացքում հայկական կողմը իր մոտ առկա մտահոգությունները կբարձրաձայնի, նույնը կանի նաեւ ռուսական կողմը, ինչը հնարավոր է անել երկխոսության միջոցով ընդհանուր հայտարարի գալու եղանակով»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024