ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 11:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 23 » Հայաստանի անկախությունը սրբազան է ու անքննարկելի /Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ/
16:46
Հայաստանի անկախությունը սրբազան է ու անքննարկելի /Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23—րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելության, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
«Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։
23 տարի առաջ՝ այս օրը բոլորս միասին ընտրություն կատարեցինք հօգուտ անկախ հայկական պետականության, հօգուտ քաղաքական ազատությունների եւ ժողովրդավարության։
Մենք բարձրաձայն հայտարարեցինք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր իսկ կողմից հռչակված արժեքներն ու նպատակները կյանքի կոչելու համար։ Եվ մեր ժողովուրդը ոչ միայն խոսքով կամ քվեաթերթիկով, այլեւ գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղավ՝ նաեւ կյանքի գնով ապացուցեց, որ ինքը տերն է իր պատասխանատվության, տերն է իր հռչակած արժեքների եւ նպատակների։
Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլեւ հայության բոլոր հատվածների համար։ Հայաստանի Հանրապետությունը կայացավ որպես պետություն, Արցախի հետ ուս ուսի հակառակորդին պարտադրեց արժանապատիվ զինադադար, բարձրացրեց երկրաշարժից ու պատերազմից խոնարհված իր գյուղերն ու քաղաքները, ոտքի կանգնեց սովի ու խավարի միջից՝ ուղղելով իր մեջքը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ մեր տարածաշրջանում չի եղել լարվածություն կամ բարդ քաղաքական իրավիճակ։ Մենք ինչ—որ տեղ նույնիսկ ընտելացել ենք նման պայմաններում ապրելուն։ Ցավոք, միշտ չէ, որ լարվածության թուլացումը մեզնից է կախված։ Բայց մենք անում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը մեղմելու եւ բնականոն հուն մտցնելու համար։
Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները։ Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ համայն հայության միասնական կեցվածքը։
Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների փայլուն ծառայությունը սահմանագծում։ Փա՛ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կյանքի գնով։ Փա՛ռք մեր հերոսներին։
Ու թող ոչ ոք հույս չդնի մեր միասնականության հնարավոր խարխլման վրա ու մութ անկյունում նենգ դավեր հյուսի։ Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը եւ քաղաքական ազատ մրցակցությունն ու բանավեճը շփոթի միասնականության կորստի հետ։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ եթե դժվարանում են հասկանալ թե դա ինչ է, ապա դա ամենեւին էլ մեր խնդիրը չէ։ Մեր արժեքներն այլ են. ժողովրդավարություն, քաղաքական ազատություններ, խաղաղություն եւ մարդասիրություն, նաեւ հարգանք բոլոր ժողովուրդների, այդ թվում եւ՝ ադրբեջանցի ժողովրդի հանդեպ։
Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման, քաղաքացիական հասարակության ուժեղացման, իշխանության հետեւողական բալանսավորման եւ իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ։ Մենք ձեւավորում ենք որակապես նոր հասարակություն։ Մենք դա չենք անում, որպեսզի օտարները գան եւ մեզ բարձր կամ ցածր գնահատական տան։ Մենք դա անում ենք, քանզի համոզված ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է։ Մեր աշխարհայացքի հիմքում մարդն է, նրա շահերը, իրավունքները եւ բարեկեցությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջեւ, ինչու չէ՝ նաեւ մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ։ Պիտի անկեղծ լինենք։ Մեզնից ոչ ոք մարգարե չէ, եւ մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել։ Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք։ Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում։ Մեր ապրանքների առջեւ բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից։
Այս առթիվ ես ուզում եմ նաեւ պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրեւ Հայաստանի քաղաքական անկախության կորուստ։ Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել են։ Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը։ Նման պնդումներն անհիմն են։ Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որեւէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում։ Սա ավելի քան բնական երեւույթ է։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, ապա այն սրբազան է ու անքննարկելի։ Եվ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ՝ Եվրասիական միության եւ նրա անդամ պետությունների, Եվրամիության եւ նրա անդամ պետությունների, ԱՄՆ—ի, Չինաստանի, հարեւան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ մյուս բոլոր երկրների հետ։ Հայաստանը կա եւ այսուհետ եւս լինելու է պետությունների միջազգային ընտանիքի ակտիվ ու պատասխանատու անդամը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության եւ անկախ պետականության համար։ Մենք իբրեւ ազգ եւ պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը՝ ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին։ Շարունակում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում։ Մեր ընտրությունը աշխարհում հարգում են բոլորը, բացառությամբ մեկ պետության, որը չի հարգում նույնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը։ Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, եւ սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ։ Հայաստանի Հանրապետությունն այն ամուր հիմքն է, որի վրա բարձրանում եւ մարմին է առնում ողջ հայության դարավոր երազանքը։
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024