ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել /Հայտարարել է ԵՄ—ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն/
15:15
Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել /Հայտարարել է ԵՄ—ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն/

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին մարտի 20—ին Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
«Որեւէ կասկած այս հարցում չկա։ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները։ Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր»,–ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։
Հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն դրական գնահատական է հնչեցրել նաեւ մարտի 20—ին, Եվրախորհրդարանում, որտեղ հաշվետվություն էր ներկայացնում 2012—ին ետխորհրդային 6 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում արձանագրված առաջընթացի ու բացթողումների մասին։ Ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին, եւ լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու եւ կիրարկելու ուղղությամբ։ Երկկողմ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու համար պաշտոնական Բրյուսելն այսօր 15 հանձնարարական տվեց Հայաստանի իշխանություններին, որոնցից մի քանիսն, ի դեպ, առաջին անգամը չեն բարձրաձայնվում։ Առաջին կետով Բրյուսելը կոչ է անում հետամուտ լինել վերջին ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների արձանագրած բացթողումներին ու մտահոգություններին եւ բարեփոխել ընտրական օրենսդրությունը նախագահական ընտրություններից հետո։ Երկրորդ կետով Բրյուսելը վերստին կոչ է անում լիարժեք հետաքննել 2008 թվականի մարտի 1—ին տեղի ունեցած սպանությունները, ինչպես նաեւ ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքները՝ կալանավայրերում իրականացված վատ վերաբերմունքի եւ խախտումների վերաբերյալ։
Առաջնահերթ հանձնարարականների շարքում Եվրամիությունը նաեւ մատնանշում է կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ անցած տարվա ընթացքում սահմանափակ քայլեր են ձեռնարկվել բարձր օղակներում կաշառակերությունը կրճատելու ուղղությամբ։ Տնտեսության ոլորտում Եվրամիությունը հանձնարարում է ավելի մեծ ջանքեր գործադրել մրցակցային միջավայր ստեղծելու եւ հարկահավաքությունը բարելավելու ուղղությամբ, մարդու իրավունքների դաշտում՝ կրկին կոչ անում բարեփոխել դատական եւ իրավապահ համակարգերը, ինչպես նաեւ երաշխավորել անկախությունն ու բազմակարծությունը լրատվական դաշտում։
Ներքաղաքական այս հարցերից բացի Եվրամիությունը նաեւ Ղարաբաղի հակամարտությանն է անդրադառնում՝ հորդորելով արագացնել ջանքերը Ադրբեջանի հետ մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար, ինչպես նաեւ երաշխավորել Եվրամիության ներկայացուցիչների անարգել մուտքը Ղարաբաղ ու շրջակա տարածքներ։ Փաստենք, որ վերջին երկու հանձնարարականները նույնությամբ նշված են նաեւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում, որի իշխանությունները, սակայն, ի տարբերություն Հայաստանի, առայժմ հրապարակավ համաձայնություն չեն տվել Եվրամիության դիվանագետների համար անարգել մուտք ապահովեու առաջարկին։
«Եվրամիության հարեւանության քաղաքականության նոր տարրերից մեկն էլ այն է, որ մենք այժմ ներառում ենք նաեւ այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումը։ Այժմ այն վիճակը չէ, երբ մենք կենտրոնանում էինք մեր երկկողմ հարաբերությունների վրա, իսկ ինչ—որ մեկը առանձին փորձում էր ճանապարհներ գտնել այս հակամարտությունների ու դրանց հետեւանքների վերացման համար»,–պարզաբանեց Ֆյուլեն՝ դիմելով եվրոպացի պատգամավորներին։
Խորհրդարանի իր ելույթում, ինչպես նաեւ դրան հետեւած ասուլիսում ընդարձակման հարցերով հանձնակատարը մի քանի անգամ հիշեցրել է Եվրամիության հայտնի սկզբունքը՝ ավելին ավելիի դիմաց, ինչը նշանակում է, որ Բրյուսելի տված այս հերթական հանձնարարականների կատարումից է նաեւ մեծապես կախված՝ որքան գումար կստանա հաջորդ տարի Հայաստանը ԵՄ—ից եւ ինչպիսին կլինեն երկկողմ հարաբերությունները առաջիկայում։
Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները եւս հաջող են ընթանում, ասել է Շտեֆան Ֆյուլեն՝ Բրյուսելում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։ Նա ուրախությամբ նշել է, որ «Eurobarometer»—ի վերջին հարցման արդյունքում, որ անցկացվել է Արեւելյան եւ Հարավային գործընկերության երկրներում, այդ երկրների բնակիչները մարդու իրավունքներն ու համերաշխությունն անվանել են ԵՄ ամենաներկայացուցչական արժեքները։ Ֆյուլեն դա եվրոպական քաղաքական արդյունք է անվանել։
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ գործընկեր—երկրների հետ համաձայնեցված բարեփոխումների նպատակն իրականում արտացոլում է այդ երկրների խնդիրներն ու հույսերը։ Եվ այստեղ այդ երկրների խորհրդարանների հետ համագործակցությունն առանցքային դեր է խաղում։ Մասնավորապես Վրաստանում մենք դարձանք իշխանության ժողովրդավարական փոխանցումից հետո բարդ գոյակցության ականատեսը։ Սակայն մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ կառուցողական երկխոսություն է ընթանում, իսկ հետընտրական լարվածության մեղմացման համար կարեւոր գործնական քայլեր են արվում»,–ասել է Ֆյուլեն։
Նա նշել է առաջընթացը, որ ձեռք է բերվել Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում։ Բանակցությունները դեռ շարունակվում են Ադրբեջանի հետ։

***
Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաճյուղ բարեփոխումների գործընթացին։ Այդ մասին մարտի 21—ին եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ. առաջընթացի զեկույցի ներկայացմանն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։ «Ես հույս ունեմ, որ այս զեկույցը ձեզ համար լավ գործիք կդառնա եւ կխրախուսի բարեփոխումների ձեւակերպումներ գտնելն ու դրանց հետագա կիրառումը Հայաստանում»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Հրիսթեան։
ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի ազգաբնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ բնակչությունը Եվրամիությունը դիտում է որպես կարեւոր գործընկեր՝ ցանկանալով ԵՄ հետ կապերի հետագա սերտացում։ Հրիսթեան վստահեցրեց, որ Եվրամիությունը շարունակելու է հաստատակամորեն օժանդակել Հայաստանում բարեփոխումների ընթացքին։
hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 433 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024