ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 19:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » Հայաստանը՝ յուրօրինակ կամուրջ /Համագործակցությունը ԵՄ—ի հետ կշարունակվի/
12:06
Հայաստանը՝ յուրօրինակ կամուրջ /Համագործակցությունը ԵՄ—ի հետ կշարունակվի/

Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած կուսակցության հանրապետական խորհրդի նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցը եւ ընդունվել է հայտարարություն, որով ՄՄ—ին միանալու որոշումը որակվում է որպես միանգամայն ճիշտ։ Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խոր եւ համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային—պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ եւ վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում»։
Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ մաքսային միությանը միանալը ամենեւին էլ չի խոչընդոտում մյուս երկրների եւ միությունների հետ համագործակցությանը. «Եթե Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը ասոցացման պայմանագրի շրջանակներում եւ յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ եւ մաքսային միության եւ ապագա Եվրասիական միության անդամ երկրների միջեւ»։

Ճանապարհային  քարտեզ դեռ չկա

Երեկ կազմակերպվել էր «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. Հայաստանի ընտրությունը» թեմայով Երեւան—Մոսկվա տեսակամուրջը, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի՝ մաքսային միությանը միանալու թեման։
«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ոչ մի ճանապարհային քարտեզ էլ չկա, եւ թե երբ այն կլինի՝ հայտնի չէ»,–հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Պովոլժիեի հարցերով հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը։
«Կարող եմ միայն հույս հայտնել, որ նման ճանապարհային քարտեզ, այնուամենայնիվ, կհայտնվի, եւ որ մաքսային միության հետագա աշխատանքներում շեշտն ավելի շատ կդրվի տնտեսության վրա, քան քաղաքականության, եւ խոսք չի գնա միությանն այնպիսի երկրների անդամակցելու մասին, որոնք, մեղմ ասած, հեռու են Մաքսային միության նորմերից»,–նշել է նա։
«Հայաստանի՝ մաքսային միություն մտնելու մասին որոշումը ինչպես դրական, այնպես էլ բացասական զգացմունքներ է արթնացնում, միաժամանակ հարցն իմաստավորելու անհրաժեշտություն կա՝ երկրի քաղաքական—տնտեսական դրությունը հաշվի առնելով»,–հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։
«Բացի այն հարցից, թե ինչ կտա Հայաստանին ՄՄ—ին անդամակցելը, հարկավոր է պատասխանել նաեւ, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի՝ մաքսային միություն մտնելու քարտեզը՝ հաշվի առնելով արդեն մատնանշված որոշ սահմանափակումները, ի՞նչ քաղաքականություն կտարվի տրանսպորտային միջանցքի տեսանկյունից՝ հաշվի առնելով դրա բացակայությունը, ի՞նչ քաղաքականություն կտարվի էներգետիկայի ոլորտում»,–նշել է Ա. Մարկարովը՝ ընդգծելով, որ կա նաեւ այլ խնդիր, որին, իր խոսքով, բավարար ուշադրություն չի դարձվել. Հայաստանի հետագա համագործակցությունն այն կառույցների հետ, որոնց հետ փորձում էր ինտեգրման գործընթաց սկսել։
«Ռուսաստանը երբեք դեմ չի եղել Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ համագործակցությանը եւ նշում էր, որ ոչինչ չի խանգարում համատեղել այդ համագործակցությունը մաքսային միության հետ։ Կային մարդիկ, որ ասում էին «կամ—կամ», սակայն գտնվեց խելացի մարդ, ով ասաց՝ ոչ, կարելի է զուգահեռ իրականացնել ինտեգրացիոն գործընթացները»,–ասել է Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։
Նա համոզված է, որ աբխազական երկաթգիծը անպայման կբացվի, եւ Հայաստանը կձերբազատվի այն իրավիճակից, երբ նրան շրջապատում են թշնամի կամ ոչ բարյացակամ երկրները. «Մաքսային Միությանը անդամակցելը Հայաստանի ազգային—պետական շահերից է բխում, եւ միակ ճիշտ ընտրությունն էր Հայաստանի համար։ Այս որոշումը կամրապնդի Հայաստանի դիրքերը եւ հեղինակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։
Բացի այդ, ըստ նախկին դեսպանի, մաքսային միության անդամակցությունը կհանգեցնի Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ստեղծմանը, գյուղատնտեսական ոլորտի բարեփոխումներին։
Իր հերթին, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանը միշտ էլ ցանկանում է իրականացնել «եւ—եւ»—ի սկզբունքը, Հայաստանը համագործակցում է Իրանի եւ ԱՄՆ—ի հետ։ «Մենք համագործակցել ենք Սահակաշվիլիի Վրաստանի եւ Ռուսաստանի հետ՝ հենց պատերազմից հետո, ինչը բավականին բարդ էր»,–ասել է Ա. Իսկանդարյանը։
Նրա խոսքերով, Հայաստանը շարունակելու է համագործակցել թե Ռուսաստանի հետ, թե Եվրոպայի, Չինաստանի կամ այլ երկրների հետ։ «Այն, ինչ մենք արել ենք ԵՄ—ի ուղղությամբ այս տարիների ընթացքում, չի կորչի»,–հավելել է Իսկանդարյանը։
Նաեւ նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության առումով շատ կարեւոր է, իսկ Հայաստանը Ռուսաստանին անհրաժեշտ է՝ Հարավային Կովկասում դիրքերը ամրապնդելու եւ պահպանելու համար։
Նրա խոսքերով, մաքսային միության այլ անդամների՝ ՌԴ—ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Հայաստանը ընդհանուր սահման չունի, բացի այդ, վերոնշյալ երկրներից ՌԴ—ն եւ Ղազախստանը նավթ եւ գազ արտահանող երկրներ են, իսկ Հայաստանը էներգակիրներ է ներկրում։

Մաքսային միությանը միանալը  ռազմաքաղաքական ճիշտ որոշում է 

Հայաստանն այս պահին այնքան մրցունակ տնտեսություն չունի եվրոպական շուկայում հայտնվելու համար։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ—ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը։ «Բացի տնտեսականից, մաքսային միությանը միանալը նաեւ ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական որոշում էր, որը բխում էր բացառապես Հայաստանի շահերից»,–ասել է նա՝ ընդգծելով, որ այդ որոշումը մեկ օրում չի կայացվել։
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ եթե մենք այս պահին ռազմաքաղաքական սխալ թույլ տանք, պատմությունը մեզ չի ների, ուստի մաքսային միությանը միանալու որոշումը ռազմաքաղաքական ճիշտ որոշում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրն անվտանգության խնդիր ունի։ «Մաքսային միությունը ոչ միայն մեր անվտանգությունն է ապահովում, այլեւ տնտեսական համագործակցության բլոկ է ստեղծում, որին մենք որակական չափանիշներով ավելի մոտ ենք»,–ասել է նա։
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանը կշարունակի համագործակցությունը նաեւ Եվրոպայի հետ։ Նրա խոսքով՝ եվրոպական շատ արժեքներ կան, որ կարելի է օրինակ վերցնել, սակայն դրանք կարելի է վերցնել նույնիսկ առանց ասոցացման համաձայնագրի ստորագրման։
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, մաքսային միությանը միանալու որոշում կայացնելով՝ Հայաստանը ձեռք մեկնեց Ռուսաստանում ապրող եւ աշխատող երկու միլիոն հայերի։ «Ես ողջունում եմ այդ որոշումը, քանի որ այն բխում է մեր ազգի շահերից։ Մեր երկիրը կարող է ծաղկել միայն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու եւ դրանք խորացնելու ճանապարհով»,–նշել է նա։
Եղիազարյանի խոսքով՝ թե՛ ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումներով Հայաստանի համար առավել շահավետ է մաքսային միությանը միանալը։ Նա նշել է, որ հայկական ապրանքներն այս պահին մրցունակ կարող են լինել միայն ռուսական շուկայում։ «Մեր արդյունաբերական արտադրանքը, գյուղատնտեսական մթերքներն այսօր հիմնականում սպառվում են ռուսական շուկայում, ուստի մենք պետք է գիտակցենք, որ մեծ քայլերով առաջ գնալու մեր ճանապարհը Ռուսաստանի հետ է»,–ասել է Գուրգեն Եղիազարյանը՝ մեր երկրի անվտանգության հարցում գլխավոր երաշխավորը համարելով Ռուսաստանին։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, թեեւ կարծում է, որ մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ճիշտ է, բայց կարծում է, որ կարելի էր նաեւ այլ կերպ վարվել։
«Ավելի լավ կլիներ՝ Հայաստանը երկու ուղղությամբ էլ ակտիվ համագործակցություն ծավալեր եւ խորացներ հարաբերությունները թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի հետ»,–ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ուժեղ տնտեսություն՝  ուժեղ արտաքին  քաղաքականություն

«Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հանրության շրջանում առաջ է բերել կարծիքների բախում, տարբեր մոտեցումներ, եւ բնական է, որ ամեն մեկը փորձում է իր մոտեցումները հիմնավորել»,–երեկ լրագրողներին ասել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ըստ նրա՝ մաքսային միությանն անդամակցելը ուղղակիորեն կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ խորհրդային տարիներին ունեցել է միեւնույն տնտեսական տարածքը, արդյունաբերատնտեսական մշակույթը, բացի այդ, երկու երկրների գործարանները նույն տեխնոլոգիաներով են աշխատել։ «Երբ այսօր խնդիր է դրվում խորացնել, զարգացնել ինտեգրացիոն կապերը, դա նշանակում է, որ մեր տնտեսավարող սուբյեկտները ավելի ազատ կարող են իրենց ռուս գործընկերների հետ տնտեսական կապերը վերականգնել եւ առավել արդյունավետ դարձնել իրենց տնտեսական գործառույթները»,–ասել է Վ. Սաֆարյանը։
Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան անփոխարինելի է, հատկապես պատրաստի ապրանքերի իրացման առումով։
Այդուհանդերձ, ըստ նրա, մաքսային միությանն անդամակցումը որեւէ կերպ չի ենթադրում Եվրոպայի հետ հարաբերությունների կամ համագործակցության սառեցում։ Եվրոպայի հետ առեւտուրը կշարունակվի, քանի որ եվրոպացիները այն ապրանքատեսակների կարիքն ունեն, որոնք այսօր արտահանվում են Հայաստանից։

Լ. Ա.
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 395 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024