ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Աշխատանքային խումբը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի քանի առաջարկներ, ամփոփել նախորդ նիստերում քննարկված առաջարկների վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները։
Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներ Լենա Նազարյանը եւ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել են, որ իրենց համար եւս ընդունելի է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի՝ Ազգային ժողովի, Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ—ի սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները կարող են ներկայացնել նաեւ իրենց առաջարկած կառավարության կառուցվածքը եւ կազմը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԿԸՀ—ն ստացված նյութերը պետք է տեղադրի կայքում՝ ներկայացվելուց հետո՝ մինչեւ հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները հիմնականում համընկնում էին, ուստի եւ ձեռք բերվեց փոխհամաձայնություն։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկել փոփոխություն, համաձայն որի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար կգործի 2022 թվականից ուժի մեջ մտնող դրույթը եւ կանանց թիվն օրենսդիր մարմնում կլինի 33 տոկոս, իսկ հաջորդ ընտրություններին, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին եւ տղամարդ օրենսդիրների հարաբերակցությունը խորհրդարանում կլինի 40/60 տոկոս։
Աշխատանքային խումբը համախոհությամբ եւ փոքր—ինչ փոփոխված ընդունել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջարկը, որով առաջարկվում է իջեցնել ԱԺ ընտրագրավի չափը։ Գործող օրենսդրությամբ այն 10 մլն դրամ է։ Քննարկման արդյունքում ընդունելի է համարվել ՀՀ ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ իջեցնել ընտրագրավը 7,5 մլն դրամի։
Քննարկվել է նաեւ «Ժառանգության» մեկ այլ առաջարկ, որով նախատեսվում է արգելել համայնքի ղեկավարների՝ անընդմեջ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը։
Քանի որ այս առաջարկը վերաբերում էր ՏԻՄ—երին, եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները չէին կարող հայտնել իրենց կուսակցությունների տեսակետները, որոշվեց դրան անդրադառնալ հետագա քննարկումների ժամանակ։
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը անհրաժեշտության դեպքում կկայանա հուլիսի 31—ին։ Իսկ մինչ այդ ՀՀ ԱԺ խմբակցությունները կամփոփեն իրենց կողմից ընդունելի առաջարկները եւ դրանք կներկայացնեն ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին։
|