ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 02:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 3 » Մարդակենտրոն համակարգը՝ առաջնահերթություն / Նշվել է ՀՀ դատախազության ստեղծման 100—ամյակը եւ Դատախազության աշխատողի օրը/
11:12
Մարդակենտրոն համակարգը՝ առաջնահերթություն / Նշվել է ՀՀ դատախազության ստեղծման 100—ամյակը եւ Դատախազության աշխատողի օրը/

Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100—ամյակին եւ Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհավորեց դատախազության գործող եւ պաշտոնաթող բոլոր աշխատողներին տոնական օրվա առթիվ եւ նշեց. «Որեւէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում։ Կարելի է պատկերացնել, թե 100 տարի առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում հիմնվում էր դատախազությունը, ինչ էր կատարվում մեր հայրենիքում, երբ գործում էին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանցավոր զինված խմբեր, ովքեր մեր երկրի տարածքում տարատեսակ հանցավոր գործունեություն էին ծավալում, հիմնականում՝ ավազակային գործունեություն։ Բայց կարծում եմ՝ տոնական այս օրը մենք պետք է նաեւ որոշակի շեշտադրումներ անենք դատախազության 100—ամյա գործունեության կապակցությամբ։ Սովորաբար ընդունված է, որ տոնական օրերին խոսում են միայն ձեռքբերումներից, նվաճումներից, հաջողություններից, անբասիր ծառայություններից եւ գլխավոր դատախազն իր ելույթում այդ ամենի մասին իրավացիորեն խոսեց։ Բայց ես ուզում եմ մենք հատկապես այսօր ընդգծենք, որ հարյուր տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ եւ վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930—ական թվականների հայտնի իրադարձություններից, որոնք մարդկանց գիտակցության եւ պատմության մեջ մնացել են որպես 37 թվական, շարունակած ՀՀ անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներից, որոնք նույնպես տեղի են ունեցել խորհրդային տարիներին։ Ցավոք, անկախության վերականգնումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ որ տոնական բառապաշարով եւ տոնական տրամադրությամբ են հագեցած եղել։ Ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում իհարկե եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր, որոշումներ եւ բոլորս այդ մասին գիտենք։ Բայց ես սա չեմ ասում՝ մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար։ Ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը եւ ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմինների համար՝ դատախազության համար նույնպես բացվել է նոր էջ, որը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի Հանրապետության համար, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես իրավապահ, պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար։ Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետեւյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որեւէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն, եւ սա դատախազության կարեւորագույն գործառույթներից մեկն է։ Կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների կարեւորագույն պահանջն արդարության պահանջն է, եւ արդարության պահանջն ի կատար ածելու, իրագործելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել։ Ըստ էության, դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարեւոր խաչմերուկն է, եւ շատ կարեւոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին, իրավունքին, տրամաբանությանը համապատասխան։ Եվ ուրեմն, նոր Հայաստանում դատախազության կարեւորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, օրինական այն առումով, որ նա չպետք է հաշվի առնի, թե ով է օրինականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա։ Այս վերաբերմունքը, այս հարաբերությունը որեւէ կապ չպետք է ունենա քաղաքական որեւէ կոնյուկտուրայի, քաղաքական որեւէ ենթատեքստի հետ։ Նոր Հայաստանում կարեւորագույն գործառույթ է կոռուպցիայի դեմ պայքարը, որում նույնպես իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային։ Բացարձակապես կապ պետք է չունենա ով է կոռուպցիոները՝ գործող պաշտոնյա, նախկին պաշտոնյա, թե որեւէ այլ սուբյեկտ։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, եւ այս սկզբունքն ապահովող կարեւորագույն մարմիններից մեկը, եթե չասենք առանցքային մարմինը, ՀՀ դատախազությունն է։ Կարեւորագույն գործառույթ է նաեւ պետական շահերի պաշտպանությունը, եւ ես ակնկալում եմ, որ Հայաստանի դատախազությունը սզկբունքային դիրքորոշում կունենա եւ սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պաշտպանության ոլորտում։
Տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի՛ հյուրեր,
Դատախազության գործող եւ պաշտոնաթող աշխատողներ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել դատախազության 100—ամյակի եւ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։ Ուզում եմ հույս հայտնել, որ սրանից հետո ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ ՀՀ քաղաքացիներ սա կհամարեն նաեւ իրենց տոնը, եւ ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ թվով քաղաքացիներից ՀՀ դատախազությունը կստանա շնորհավորանքի, բարեմաղթանքի, շնորհակալության անկեղծ խոսքեր։
Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ, իրավական ու երջանիկ Հայաստանում»։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր ելույթում նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազության տեսադաշտում առաջնային է մնում կոռուպցիայի եւ անդրազգային հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաեւ մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունն այսօր հստակ արտահայտում է լրջագույն, արդիական եւ գործունակ բարեփոխումների ենթարկվող, մարդակենտրոն արժեհամակարգով առաջնորդվող իրավապահ համակարգ ունենալու սպասելիքները, որոնք արդարացնելուն այլընտրանք չկա։
«Գիտակցելով մեր ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաեւ նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսեւորումներ, միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա եւ լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ։
Մենք հպարտանում ենք այն դատախազներով, որոնք ընկալում են այս ազդակները, եւ որոնց համար հանրությանը եւ օրենքին ծառայելը, «անձնական եւ մասնագիտական պատիվ» հասկացությունը, իր գործին նվիրվածությունը, պետական մտածողությունը միայն խոսքեր չեն»,–նշեց Դավթյանը։
Նա կարեւորեց հասարակության վստահությունն ունենալը եւ այդ զգայուն ռեսուրսի պահպանմանը զգուշությամբ ու բարեխղճությամբ վերաբերվելը, քանի որ ցանկացած սայթաքում կարող է փլուզել տարիներով, հաճախ դժվարությամբ ձեռք բերված ու վաստակած այդ վստահությունը։
ՀՀ գլխավոր դատախազը նաեւ անհրաժեշտ համարեց մեծ ուշադրություն դարձնել այն կառույցների գործունեությանը, որոնք նոր սերունդ են կրթում եւ դաստիարակում։
«Մեր աշխատանքի լավագույն արդյունքներից մեկը պետք է լինի այն, որ հանցավորության մասին հանրային տարածում ստացած ցանկացած հաղորդում այնքան սեղմ ժամկետներում ուսումնասիրվի եւ հանրայնացվի, որպեսզի մեր անաչառության ու արհեստավարժության վերաբերյալ որեւէ կասկած չառաջանա։ Ուստի ավելի լայն ենք բացելու մեր դռները քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների առջեւ՝ շեշտը դնելով առողջ, ներդաշնակ գործակցության վրա»,–ընդգծեց Դավթյանը։
Ըստ Արթուր Դավթյանի՝ դատախազության աշխատանքի արդյունքում հասարակությունը պետք է դառնա միմյանց հանդեպ առավել հանդուրժող, սակայն միանշանակ լինի անհանդուրժող՝ խորթ, վնասակար ու հանցածին երեւույթների հանդեպ։
«Ես վստահ եմ՝ կատարվող օրենսդրական, ինչպես նաեւ մեր շարունակական բարեփոխումների արդյունքները թույլ կտան առավել բարձրացնել դատախազության հանդեպ բնակչության վստահության չափաքանակը, մեզ ավելի կմոտեցնեն նվիրական այն նպատակին, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ ապրի ու արարի անվտանգության զգացումով՝ միաժամանակ վստահ լինելով, որ երբեւէ հանիրավի չի հետապնդվի»,–եզրափակեց Դավթյանը։
Ի դեպ, նախօրեին շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100—ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ։
Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը։

Դիտումներ: 319 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024