ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 05:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 22 » Մեր հավատի, համոզմունքների ու վստահության խորհրդանիշը /Հայաստանում տոնական տրամադրությամբ նշվեց Անկախության 24—րդ տարեդարձը/
10:57
Մեր հավատի, համոզմունքների ու վստահության խորհրդանիշը /Հայաստանում տոնական տրամադրությամբ նշվեց Անկախության 24—րդ տարեդարձը/

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24–րդ տարեդարձի առթիվ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն։ Հանրապետության նախագահը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։
Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ—անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով։ Լցրել է ծանր գիշերը լուսացնողի հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմավորողի հավատավոր հաղթանակով։ Լցրել է լուսանցքից լուսանցք։ Լցրել է առաջին տողից մինչեւ այն տողը, որ մենք ենք գրում։
Մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը։ Հիշում է մեր բազմադարյա ճանապարհին ընկածներին եւ տոնում մեր միասնականության հաղթանակի ամեն օրը։
Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաեւ մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։
Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում քսանչորս տարի առաջ՝ այս օրը 1991 թվականի սեպտեմբերի 21—ին մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը։
Եվ ամեն անգամ, երբ օրացուցային տարին բոլորելուն մնում է ուղիղ հարյուր եւ մեկ օր, մենք վերահաստատում ենք մեր այս ուխտը եւ ի լուր աշխարհի հայտարարում՝ մենք այստեղ ենք, մենք անսասան ենք ու հաստատակամ։ Մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը։ Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը։ Մենք՝ եւ ոչ այլ ոք։
Ձայնում ենք մեր հայերենով, որով աղոթել ենք քաղաքակրթության արշալույսին եւ որն այսօր հնչում է աշխարհի ամենաբարձր ամբիոններից։ Հնչում է նաեւ շնորհիվ քսանչորս տարի առաջ մեր ժողովրդի դրսեւորած բացարձակ միասնականության։
Այդ միասնականությունը մեզ ոչ միայն անկախություն պարգեւեց, այլեւ երկուսուկես տասնամյակ շարունակ պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։ Ժամանակի ընձեռած հնարավորությանն ու նրա նետած մարտահրավերներին մեր միանշանակ այդ պատասխանը հաստատություններ կերտեց՝ պետություն, բանակ, շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն։
Սակայն մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է։
Անկախության կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանքը, մեր «Այո»—ն հրաշք գործեց։ Ծնեց անկոտրում այն զինվորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացված հրոսակից բաժանում է ընդամենը հարյուր քայլ։ Այն զինվորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ հարյուր քայլը։ Այն զինվորին, ով արկածախնդիր հարեւանին այդ հարյուր քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Օրացույցի այս օրը խորհուրդ ունի ոչ միայն մեզ համար, այլեւ համայն մարդկության համար։ Զուգադիպություն է, թե ճակատագիր, սակայն հենց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տոնին, Միավորված ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղության զանգը։ Զրնգում է հնչեղ ու բարձր։ Ու ոգեկոչում է բոլորի հիշատակը, ովքեր զոհվել ու զոհվում են պատերազմի նախճիրում։ Զրնգում է՝ ի հիշեցում խաղաղ ապրելու եւ բռնությունից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի։ Զրնգում է՝ պահանջելով հրադադար ու խաղաղություն երեխաների ու տարեցների, կանանց ու տղամարդկանց համար։
Ցավոք, Խաղաղության միջազգային այս օրն անգամ Խաղաղության զանգի հնչյունները հաճախ խլանում են կրակահերթերից ու արկերի պայթյուններից, հրետանային համազարկերից ու հրթիռակոծության թնդյուններից։
Մեր սահմաններին, մեր գյուղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21—ի գիշերը երբեմն, ավաղ, լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով։
Պատերազմի ճիրաններում գալարվում են մեր դռնից համաշխարհային չափանիշներով մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող՝ ցեղասպանության արհավիրքից մազապուրծ մեր պապերին ու տատերին պատսպարած Մերձավոր Արեւելքի ժողովուրդները։ Սեպտեմբերի 21—ին երկուսուկես տասնամյակ առաջ մեր հնչեղ «Այո»—ն այսօր ապաստան ու ջերմություն է դարձել Մերձավոր Արեւելքի ամենակուլ հակամարտություններից տնահալած մեր արյունակիցներին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21—ի գլխավոր խորհուրդը, թերեւս, մեր որոշումների գինն է սերունդների համար ու մեր պատասխանատվությունը՝ գալիքի հանդեպ, այն հետքը, որ մեր գործերն ու անգործությունը ժամանակի խորքից թողնում են մեր տեսակի ճակատագրի վրա։ Թողնում են՝ որպես պսակ կամ որպես խարան։
Սահմանադրական բարեփոխումների այս կարեւոր փուլում ընտրության առջեւ կանգնած մեր հայաստանցիները պիտի ականջալուր լինեն սեպտեմբերի 21—ի հենց այս խորհրդին։ Ինչպիսին էլ լինի քո որոշումը, սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր, որ քո վճռից կախված է ոչ միայն քո, այլեւ զավակներիդ ապագան, ոչ այնքան քո, որքան սերունդներիդ ապահովությունն ու բարեկեցությունը։
Թող ընտրության խաչմերուկում հաստատակամ կամ դեռ տարակուսած մեր հայրենակիցների որոշումը լուսավորեն սեպտեմբերի 21—ի՝ մեր ապագայի խավարը ցրող ճառագայթները։
Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի եւ պատասխանատվության հավասարակշռման վճռորոշ դարպասների առջեւ՝ վստահ եմ, պիտի կարողանանք քաջություն ունենալ ընդառաջ գնալու փոփոխություններին, անսալու ժամանակի հրամայականին ու դուրս գալու նորի հանդեպ վախի ճիրաններից։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար սեպտեմբերի 21—ը նաեւ վերածննդի խորհուրդ ունի։
Այո՛, օրացույցի այս թերթը լեցուն է նաեւ մեր ժողովրդի արյամբ հագեցած տողերով։ Մենք լավ ենք հիշում այդ տողերը։ Եվ հիշելու ենք, քանզի մեր երակներում Վանում, Մուշում, Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում ու Խարբերդում Օսմանյան կայսրության սրով նահատակված մեր հարազատների արյունն է հոսում։ Մերն է նաեւ նրանց պատգամը՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր տեսակի գլխին այլեւս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Մերն է հավատը, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում, որ խելահեղ ու արագընթաց մեր օրերում հայի հարատեւության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։ Մերն է համոզմունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Մերն է վստահությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարեւորագույն խնդիրներում։
Սեպտեմբերի 21—ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է։
Շնորհավո՛ր Անկախության տոնը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։



Բոլոր հայկական տոներից լավագույնը
 

Տոնական ընդունելությանը հրավիրված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
«Հայաստանի փոքրիկ երգիչներե» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ սեպտեմբերի 21—ը յուրաքանչյուր հայի համար ամենանշանակալից օրն է, որովհետեւ հենց այս օրը հայ ժողովուրդը վերջապես հասավ իր նպատակին եւ անկախացավ։ Լրագրողների հետ զրույցում նա փաստեց՝ բնականաբար, եղան նաեւ դժվարություններ, որոնք անխուսափելի էին։
«Ուրախ եմ, որ այդ ամենի հետ մեկտեղ մենք հաղթահարեցինք դժվարություններն ու կանգուն մնացինք։ Իհարկե, դեռ անելիքներ ունենք, սակայն թող բարին մեզ հետ լինի։ Սակայն անկախության առաջին օրերի ոգեւորությունը պահպանվել է մինչ օրս։ Այն, ինչ մենք երազում էինք, իրականացավ, եւ դրանով էլ ապրում ենք։ Անկախությունը բոլորինս է, եւ դա մեր բոլորի երազանք էր։ Դա ամբողջ հայ ժողովրդի երազանքն էր»,–ասաց նա։
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանի համոզմամբ՝ բոլոր հայկական տոներից լավագույնը եւ ամենաբարձրը ՀՀ անկախության տոնն է։ «Յուրաքանչյուր տարի այս օրը ես իմ պատշգամբին եմ կապում ՀՀ պետական դրոշը։ Սակայն այս տարի առավոտյան մի փոքր ուշացրել էի, եւ դիմացի շենքից զանգահարեցին, ասացին՝«Աշոտ, բա չեղավ, բա ո՞ւր է դրոշը»։ Ես հպարտանում եմ, որ մենք հնարավորություն ունենք նշելու այս կարեւորագույն տոնը»,–նշեց նա։
Հայտնի հաղորդավարուհի,  ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Նառա Շլեպչյանը փաստեց, որ անկախության մասին երազել է ողջ հայ ժողովուրդը, ով միահամուռ ջանքերով կարողացավ հասնել այդ բաղձալի օրվան։ «Ես ինքս կանգնած եմ եղել ակունքներում դեռ 1988 թվականից, եւ հատկապես ինձ համար նվիրական, սպասված, հարազատ մի օր է այսօր։ Շնորհավորում եմ մեր ողջ հայ ժողովրդին ու ցանկանում, որ կարողանանք պահպանել, պահել այս օրն ու հպարտանալ»,–հավելեց արվեստագետը։
Հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը համոզված է՝ անկախությունը պահանջում է ամբողջական նվիրվածություն յուրաքանչյուր քաղաքացու կողմից։ «Մի հզոր երկրի նախագահ իր ժողովրդին ասել է. անընդհատ բողոքում եք, որ երկիրը ձեզ համար քիչ բան է արել։ Կարեւորը մտածեք, թե դուք ի՞նչ եք արել ձեր երկրի համար։ Եթե յուրաքանչյուրն առաջնորդվի այս սկզբունքով, այն ժամանակ մենք մեծ առաջընթաց կունենաք»,–նշեց դերասանը։ 
Անկախության գլխավոր ձեռքբերումը ազատամարտի արդյունքում Արցախի անկախությունն էր, մեր երկրի պաշտպանությունը, հզոր ու մարտունակ բանակի ստեղծումը։ Նման համոզմունք հայտնեց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Սակայն, նրա կարծիքով, անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայկական հարցը լիարժեք մտել է միջազգային ասպարեզ եւ ամբողջ մարդասեր մարդկության ուշադրության կենտրոնում է։
«Հայաստանը 24 տարվա անկախացումից հետո ձեռնամուխ է լինում նոր Սահմանադրության մշակման։ Որքանո՞վ է այն պահանջված»,— հարցադրումն ուղղված էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Շնորհավորելով եւ հիշելով Հայաստանի անկախության օրը, միջավայրը եւ հիմքերը՝ նախարարը փաստեց, որ անկախացումից հետո չորս տարվա ընթացքում Հայաստանը չուներ Սահմանադրություն։
«Մեր առաջին Սահմանադրությունն ընդունվեց միայն 1995թ.։ Դրա հետ մեկտեղ՝ աշխարհում ձեւավորվել է չգրված քաղաքագիտական նորմ. գրեթե յուրաքանչյուր երկրում 10—15 տարին մեկ սահմանադրությունները փոփոխվում են։ Հայաստանը եւս այս քաղաքագիտական ճշմարտության եւ կանոնի մեջ է։ 1995թ. մենք ընդունեցինք մեր առաջին Սահմանադրությունը, որպես անկախության խորհրդանիշներից մեկը։ Համաձայնեք, որ այդ տարիներին քչերն էին հասկանում Սահմանադրության նրբություններից, կառավարման համակարգի երանգներից, եւ փաստացի նախագահական կառավարման մոդելը մեզանում կիրառվեց 1995թ.։ Սակայն այն կիրառվեց որպես անկախության խորհրդանիշ հանդիսացող Սահմանադրություն»,–ասաց նախարարը։
Ա. Աշոտյանը հիշեցրեց, որ այնուհետեւ՝ 2005թ., մենք փոխեցինք Սահմանադրությունը, բարելավեցինք այն, որովհետեւ արդեն եվրոպական, միջազգային համայնքի մաս էինք, եւ կար քաղաքական համակարգի բարելավման խնդիր՝ դրված ԵԽ կողմից։ Այսօր՝ 2015թ., կրկին 10 տարի անց, առաջացել է Սահմանադրության փոփոխության ներքին պահանջարկ։ Ու եթե առաջինն անկախության Սահմանադրություն էր, երկրորդը՝ արտաքին ազդեցությունների, միջազգայնացման հետեւանք, ապա երրորդը կդառնա բացառիկ Սահմանադրություն, որ ծնվել է որպես պահանջարկ հենց Հայաստանի ներսում. «Այս սահմանադրական նախագծի վրա կարելի է լիովին գրել «Պատրաստված է Հայաստանում», որովհետեւ նախորդը հիմնականում պատրաստված էր Ստրասբուրգում, իսկ 1995 թվականինը, անկախության սիմվոլ լինելով հանդերձ, հիմնականում ֆրանսիական կառավարման մոդել էր կրում իր հիմքում։ Կարծում եմ, սա վկայությունն է հայ քաղաքացիական հասարակության եւ պետության զարգացման, երբ քաղաքական վերնախավը դնում է սահմանադրական փոփոխությունների խնդիր, որպես օրակարգային հարց։ Որովհետեւ մենք այլեւս կարող ենք ինքներս որոշել, որպես իշխանական ու ընդդիմադիր քաղաքական էլիտա ունեցող պետություն, թե երբ է պահը Սահմանադրությունը բարելավելու»։
«ՎիվաՍել—ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նկատեց, որ անկախության տոնն ամեն տարի նշելով հանդերձ անհրաժեշտ է հիշել, որ պետք է ամեն օր ձգտենք ավելիին, ավելի շատ աշխատենք, որպեսզի ունենանք ավելի ամուր, ավելի ուժեղ պետություն, պետականություն ու անկախություն, որը կկարողանանք փոխանցել հաջորդ սերունդներին։ Այդպես մենք իսկապես նշած կլինենք մեր անկախության տոնը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 438 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024