ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 20 » Մերժողականությունը ծնում է նորանոր ոճիրներ /Մեդիա համաժողովի մասնակիցները այցելել են Մայր Աթոռ եւ Ծիծեռնակաբերդ/
12:20
Մերժողականությունը ծնում է նորանոր ոճիրներ /Մեդիա համաժողովի մասնակիցները այցելել են Մայր Աթոռ եւ Ծիծեռնակաբերդ/

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Արարատի ստորոտին» խորագիրը կրող միջազգային մեդիա համաժողովի մասնակիցներին։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած լրագրողներին՝ Վեհափառ հայրապետը վստահությամբ նշել է, որ համաժողովն առիթ կտա յուրաքանչյուրին՝ անդրադարձ կատարելու 20—րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճրին՝ Հայոց ցեղասպանությանը։ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ շնորհիվ Եղեռնի տարիներին լրատվամիջոցների աշխատանքի՝ Թուրքիայում իրագործվող ցեղասպանությունը լայն արձագանք գտավ միջազգային հանրության մոտ, նաեւ մեծ աջակցություն ապահովվեց ցեղասպանությունը վերապրած հայորդիների համար։ Այս առիթով Հայոց հայրապետն իր գնահատանքն է հայտնել բոլոր այն զանգվածային լրատվամիջոցներին, որոնք այսօր էլ հետեւողական լուսաբանություններով իրենց ձայնն են բարձրացնում հանուն ոճրագործություններից, ահաբեկչություններից եւ ցեղասպանություններից զերծ արդար, խաղաղ եւ բարօր աշխարհի։
Խոսելով տարբեր երկրների եւ ժողովուրդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ աշխարհն ի վերջո կդատապարտի այդ իրողությունը, քանի որ Մեծ եղեռնի նկատմամբ անտարբերությունը կամ մերժողականությունը ծնում է նորանոր այդպիսի ոճիրներ։
Իր խոսքում Վեհափառ հայրապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով ապրիլի 23—ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը եւ սեպտեմբերի 27—ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնության արարողությանը։ Այս կապակցությամբ Հայոց հայրապետը տեղեկացրել է, որ Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22—24—ի արարողություններին կմասնակցեն տարբեր եկեղեցիների, միջեկեղեցական եւ էկումենիկ կառույցների, տարբեր կրոնների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ եւ 38 պատվիրակություններ։
Նորին սրբությունը շեշտել է նաեւ, որ այս համախմբումն առիթ կլինի կրոնական գործիչների համար վերստին դատապարտելու նման ոճրագործությունների կրկնությունը մարդկային կյանքում։
Հանդիպման ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ցեղասպանության տարիներին Հայ եկեղեցու կրած կորուստներին, սրբադասման արարողության մանրամասներին, Թուրքիայում Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության ներկայիս վիճակին եւ եկեղեցապատկան կալվածքների վերադարձման խնդրին։
«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի համար ոչ միայն հուշ եւ ոգեկոչում է, այլեւ ազգային անվտանգության խնդիր։ Հայոց ցեղասպանության հարցը ժողովրդի պատմության մի մասն է, այն յուրաքանչյուր հայի գենի մեջ է։ Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հարյուրերորդ տարելիցին թանգարան—ինստիտուտի աշխատանքների մասին՝ Դեմոյանն ասել է, որ ապրիլին կրկնակի մեծ տարածքով ներկայացվելու է ավելի քան 80 հազար ցուցանմուշ, որոնք Հայոց ցեղասպանության նահատակների լուռ վկաներն են։
Ի պատասխան Ղազախստանից ժամանած լրագրողի հարցի, թե արդյոք հայկական կողմն ունի վիճակագրական տվյալներ ցեղասպանության զոհերի մասին, Դեմոյանը նշել է, որ որեւիցե ցեղասպանություն, արհավիրք կամ պատերազմ կոնկրետ թիվ չունի, զոհերի թիվը հիմնականում կլորացվում է, եւ երբեմն մոռացության է տրվում մարդու գործոնը։ Սակայն Հայոց ցեղասպանության զոհերի վիճակագրության առումով Հայաստանի կառավարությունը հենվում է հայկական եւ թուրքական արխիվների այդ ժամանակվա մարդահամարի արդյունքների վրա։
«Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում պահվում են Թալեաթ փաշայի գաղտնի նյութերը եւ այն քարտեզը, որտեղ Թալեաթը գրում է, որ արդեն ութ հարյուր հազար հայեր են սպանվել Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Քարտեզն արվել է 1916 թվականին։ Միաժամանակ Թալեաթը գրում է, որ այն բնակավայրերում, որտեղ հայերի թիվը գերազանցում է հինգ տոկոսը, պետք է իրականացնել էթնիկ բնաջնջում։ Մինչեւ 1923 թվականը եւս 180 հազար հայեր սպանվել են քեմալականների ներխուժման արդյունքում»,–ասել է Դեմոյանը՝ հավելելով, որ թանգարանում կան բազմաթիվ տվյալներ, փաստեր, լուսանկարներ, նաեւ արտասահմանցի դիվանագետների եւ միսիոներների վկայություններ մարդկության դեմ կատարված հանցագործության վերաբերյալ։
Դեմոյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ավելի քան հիսուն երկրում կցուցադրվեն թանգարանի ցուցանմուշները։ Ի պատասխան թուրքական ժխտողականության մասին հարցի՝ նա նկատել է, որ երբեմն թուրքական «պատասխաններն» ավելի շատ են նպաստում միջազգային ճանաչմանը։ Նա օրինակ է բերել Դանիայի թագավորական գրադարանում երեք տարի առաջ բացված ցուցահանդեսը, որտեղ այցելել էր Դանիայում Թուրքիայի դեսպանը եւ բացատրություն պահանջել ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ։ Դրանից հետո դանիական երեք հարյուր լրատվամիջոց անդրադարձել էր Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդեսին՝ նշելով, թե թուրք դեսպանն ինչ իրավունք ունի հրամաններ արձակել իրենց երկրում։ Ի պատասխան՝ թուրք դեսպանն ասել էր, որ Թուրքիան նույնպես կնախաձեռնի նմանատիպ ցուցահանդես «Այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» խորագրով։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ է այդ ցուցահանդեսը բացվելու, եւ մեզ շատ է հետաքրքրում, թե թուրքական կողմն ինչպիսի փաստեր ունի, որոնք կարող են ժխտել ցեղասպանությունը։ Արդեն անցել է երեք տարի, եւ թուրքական կողմը դեռեւս լռում է ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ»,–նշեց Դեմոյանը։
Ավելի ուշ մեդիա համաժողովի մասնակիցները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակին եւ հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 351 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024