ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 12:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 1 » Մղումները ազնիվ են, որովհետեւ բխում են ժողովրդի շահերից /նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է/
10:38
Մղումները ազնիվ են, որովհետեւ բխում են ժողովրդի շահերից /նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է/

Երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցերից մեկին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ ուզում վտանգի ենթարկել մեր երկիրը միայն նրա համար, որ ասեն՝ նայեք, տեսեք ոնց կտրեց, ոնց տվեց, սպանեց։ Ո՞վ չի հասկանում, որ հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է։ Ո՞վ չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել»։ Սակայն նա միաժամանակ նշեց, որ դեմ է կտրուկ քայլերի, «որովհետեւ դրանք հղի են վտանգներով»։ 
«Ես շտապելու եմ դանդաղ»,–իր սկզբունքներն ամփոփեց երկրի ղեկավարը։ Իսկ այդ սկզբունքները մշտապես ընկած են նրա գործունեության առանցքում, սկզբունքներ, որոնք բնութագրական են ոչ միայն Սարգսյան նախագահին, այլեւ Սարգսյան մարդուն։ Հենց դրանցից ելնելով էլ Երեւանում իր նախընտրական հանրահավաքում, որպես նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանը ներկայացրեց առաջնորդի կերպարի իր տեսլականը. «Առաջնորդի ուժը մարդկանց արհամարհելու ունակությամբ չի չափվում։ Առաջնորդի ճշմարտությունն իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտողներին տրորելով չի արտահայտվում։ Առաջնորդի հետեւողականությունը մտրակի հարված չէ, այլ՝ գնացքի երկարատեւ ու անկասելի երթ»։ Իսկ այդ երթին նա մոտենում է ամենայն պատասխանատվությամբ՝ թե իր երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս։
Հավասարակշռված առաջնորդի կերպարը որքան էլ անսովոր է անհանդուրժողականության ավելցուկ ունեցող մեր տարածաշրջանում, այդուհանդերձ, հենց դա է ընդունելի ու հարգված միջազգային հանրության կողմից, որի ակնդետ հայացքի ներքո է կատարվում հատկապես զարգացող երկրների յուրաքանչյուր քայլը։ Սակայն Սերժ Սարգսյանի նպատակը ոչ թե այդ հանրությանը կամ որեւէ երկրի հաճոյանալն է, այլ՝ իր երկրի շարունակական առաջընթաց երաշխավորող պայմանների ապահովումը։ Առավել եւս, որ նա երբեւիցե նման ցանկություն չի էլ ունեցել. «Մենք սեւ—սպիտակի խնդիր չենք լուծում։ Կամ—կամի խնդիր չենք լուծում։ Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա եւ այդ պրոցեսում օգտագործի եւ Մաքսային միության, եւ Եվրասիական միության, եւ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ։ Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք, ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ, ձեզ մոտ ենք գալիս»։ 
Պետության ղեկավարը հավաստիացնում է, որ «չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ»։ 
Դեռեւս երկու տարի առաջ ելույթ ունենալով ԵԽԽՎ—ում, Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս եվրոպացի գործընկերներին հստակ պարզաբանեց, որ կատարվող քայլերը որեւէ մեկի համակրանքը շահելու համար չեն. «Չենք փնտրում նաեւ քաղաքական նպատակներով գովասանքներ միջազգային հանրության կողմից, ոչ էլ փորձում ենք ուրիշներին ապացուցել մեր ճանապարհի անսխալականությունը»։ Ավելին, նախագահի խոսքերով, «մենք չենք փորձում պատսպարվել, այսպես կոչված, «օբյեկտիվ» սահմանափակումների հետեւում՝ լինեն դրանք չլուծված հակամարտություն կամ մեզ հետ հարաբերությունները կարգավորելու անկարող հարեւաններ»։ Իսկ որ այդ հարեւաններից առնվազն մեկն այդ հարցում ոչ միայն անկարող է, այլեւ չի էլ ձգտում թաքցնել դա, Հայաստանի նախագահը նույն միջազգային հանրությանը բազմիցս է ուղղակի եւ անուղղակի, անմիջական հանդիպումների կամ հեռակա ուղերձների միջոցով ներկայացրել, մանավանդ որ այդ հարեւանը՝ Ադրբեջանը, իր ժողովրդին, ցավոք, պատրաստում է պատերազմի. «Մենք, ընդհակառակը, մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարեւորությունը»։ Որպես նախագահ, Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարում է, որ «այո, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը»։ 
Խաղաղությանը պատրաստ լինելը նշանակում է, որ պատերազմ չենք ցանկանում, բայց չի նշանակում պարտվողական տրամադրություն. «Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»։
Մեր վստահության գրավականը մեր հաղթանակներն են եւ դրանց ավանդույթների ներկայիս վճռական շարունակողները՝ հանձին մեր այսօրվա մարտունակ բանակի։ Որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Սերժ Սարգսյանը վստահ է. «Այն, ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք»։ Բայց, խաղաղասիրությամբ հանդերձ, «մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը, որովհետեւ հարեւան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում։ Իրենց բոլոր ձախորդությունները, բոլոր խնդիրները, որ ծագում են, նրանք կապում են հայերի հետ»։
Մեր խաղաղասիրության ակունքը նաեւ ներհասարակական հավասարակշռվածությունն է, ի տարբերություն մեր հարեւան հիշյալ երկրի ու նրա մեծ եղբոր, որի անկայունությանը վերջին օրերին վերստին ականատես է միջազգային հանրությունը։ Ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստում հանրապետության նախագահը նշեց, որ 3—4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է. «Մենք պետք է պատրաստ լինենք դրան»։ Բնականաբար, պետք է պատրաստ լինենք որպես ավելի հզոր բանակ, ավելի զարգացած տնտեսություն, ավելի կայացած քաղաքացիական հասարակություն ունեցող պետություն։ 
Մեր երկրում արձանագրվող առաջընթացի հիմնական դերակատարը եւ խթանող ուժը, ինչպես արդարացիորեն արձանագրում ու գնահատում է երկրի ղեկավարը, Հայաստանի ժողովուրդն է։ Եվ իշխանության առաջնահերթ թիրախը ժողովրդի սոցիալական խնդիրներն են։ Այս ոլորտում ներկայումս ակնհայտորեն թթվածնային քաղց կա։ Թեեւ թթվածինը ոչ թե պակասել է, այլ՝ պահանջարկն է ավելացել, միեւնույն է, այն պետք է բավարարվի։ Այստեղ եւս նախագահն առաջնորդվում է դանդաղ շտապելու սկզբունքով, միաժամանակ, չխուսափելով ընդունել, որ կան հրատապ լուծում պահանջող բազում խնդիրներ, եւ հապաղելն անընդունելի է։ Սակայն հրատապությունը չի նշանակում շտապողականություն, երբ այսրոպեական լուծումը կարող է անխուսափելի վնաս հասցնել հետագային։ Հետեւաբար պետք է նայել ոչ միայն անմիջապես ոտքերի տակ, այլ նաեւ մի քանի քայլ առաջ։ «Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով։ Մենք նոր տնտեսություն ենք կառուցում։ Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը եւ դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար։ Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի։ Չի կարելի հապաղել»,— նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով առկա խնդիրներին ու դրանց լուծման ճանապարհներին՝ հետագա գործողություններն էր ընդհանրացրել երկրի նախագահը։ Չի կարելի հապաղել, որովհետեւ ժամանակը չի սպասում, աշխարհը արագ ընթացքով գնում է հաճախ անկանխատեսելի ու նախկինում չտեսնված փոփոխությունների, որոնցից խուսափել ոչ միայն հնարավոր չէ, այլեւ դրանք հաշվի առնելն անհրաժեշտություն է։ 
Այս պայմաններում պետք է կարողանալ սեփական խնդիրները համադրել համաշխարհային գործընթացներին, սակայն միանշանակ առաջնահերթը համարելով սեփական ժողովրդի, սեփական երկրի, սեփական հասարակության խնդիրների լուծումը, նրանց համար տեսանելի եւ հուսալի հեռանկարի ապահվումը՝ հենվելով վստահելի ներկայի վրա։ Այս առումով, ինչպես արդարացիորեն նկատել է նախագահը, այժմ առավել քան նպաստավոր ժամանակահատված է։ Որքան էլ բնական աղետների, գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման եւ դրանցից ածանցվող որոշակի գնաճի պարագայում սոցիալական հարցերի լուծումն ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում, իսկ հասարակական տրամադրությունների մեջ լարվածության որոշակի աճ ու դժգոհություն է նկատվում, այդուհանդերձ, հետեւում են մնացել ընտրական գործընթացները, որոնք սովորաբար առաջընթացի վրա որոշակի դանդաղեցնող ազդեցություն են ունենում։ Եւ այժմ ավելի ակտիվ, ավելի համարձակ ու ավելի անկաշկանդ գործելու ժամանակային մի փուլի մեջ ենք, որի արդյունավետ օգտագործումն անհրաժեշտություն է։ 
«Այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ եւ հետեւողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու եւ արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու»,— կառավարության անդամների հետ վերոհիշյալ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը։ Ընդ որում, նախագահը հստակ ուրվագծեց այն հարթությունը, որտեղ ոչ միայն ինքը, այլեւ ողջ հասարակությունն է կոնկրետ ու շոշափելի արդյունքներ ակնկալում. «Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ՝ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել։ Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի։ Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ նաեւ պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»։
Վաղը Գյումրիում տեղի է ունենալու Հայաստանի երկրորդ քաղաքի՝ ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք հռչակման պաշտոնական արարողությունը։ Ամիսներ առաջ որպես հանրապետության նախագահի թեկնածու հանդիպելով գյումրեցիների հետ՝ Սերժ Սարգսյանը նրանց դիմեց հետեւյալ խնդրանքով. «Օգնեք ինձ՝ միասին մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսի երկրում արժանի ենք ապրելու ե՛ւ դուք, ե՛ւ մենք»։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս պատասխանատվության, մտահոգության, սիրո եւ հոգատարության մեկնակետն ու վերջնակետը, որտեղ էլ որ լինենք, ինչ միջավայրում էլ լինենք՝ աշխատանքի վայրում, հանգստանալիս, մարտական հերթապահության ժամանակ, թե ծննդյան օր նշելիս։ 
Չնայած երկրի նախագահի պարագայում յուրաքանչյուր օր էլ մարտական հերթապահություն է, որը նա պարտավոր է իրականացնել նույնիսկ իր ծննդյան օրը։ Վաղը նախագահ Սերժ Սարգսյանը դառնում է 59 տարեկան. վաղը եւս նա սովորականի նման զբաղվելու է երկրի խնդիրներով, որոնք գտնվում են սահմանին ու մշակութային օջախում, հրապարակում ու բերքահավաքի դաշտում, մայրաքաղաքում ու երկրի ցանկացած բնակավայրում։ Զբաղվելու է որպես երկրի ղեկավար, որպես առաջնորդ, ում վստահել են։ Սերժ Սարգսյանը գիտի այդ վստահության գինը, որովհետեւ. «Իրենց խնդիրները հասկացող ու շահերը պաշտպանող առաջնորդի կարիք ունեն այն հայաստանցիները, որոնց նամակները ես կարդում եմ մինչեւ ուշ գիշեր… Զավակին բանակ ուղարկած մայրը, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդու ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում։ Նա ունի նման առաջնորդի կարիք։ Գյուղացին, ով վարկ է վերցրել ու կարկտահար բերքը արտում շվարած մնացել է՝ բանկի պարտավորություններն ուսերին։ Նա՛ ունի այդպիսի առաջնորդի կարիք։ Տաքսու վարորդը, ով Աստծո ամեն օր աշխատում է Աստված գիտի քանի ժամ, որ մի քանի հազար դրամ ավել տուն հասցնի։ Նա՛ ունի այդպիսի առաջնորդի կարիք։ Բարձրադիր գյուղում իր առաջնեկի լույս աշխարհ գալուն աղոթքով սպասող մա՛յրն ունի այդպիսի առաջնորդի կարիք։ Սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկ հայուհի՛ն ունի այդպիսի առաջնորդի կարիք։ Երեւանի ծայրամասից նոր գիտելիքի ու ստեղծագործելու համար «Թումո» հասնող հնամաշ կոշիկներով, սակայն աշխարհը գրկելու պատրաստ պատանի՛ն ունի այդպիսի առաջնորդի կարիք։ Անապահով ընտանիքի իր աշակերտի համար իր համեստ միջոցներով գրենական պիտույքներ գնող ուսուցի՛չն ունի այդպիսի առաջնորդի կարիք։ Հայաստանի մեծ քաղաքներում ու փոքր գյուղերում ուսման ծարավ մանչուկները, որ այս պահին երազում են գործարար կամ գիտնական, զորավար կամ դիվանագետ, նկարիչ կամ երգահան, կամ էլ հենց նախագահ դառնալու ապագայի մասին։ Նրա՛նք ունեն առաջնորդի կարիք։ Առաջնորդ, ով կպայքարի հանուն այդ ապագայի։ Որովհետեւ այս մանչուկների երազանքները պետք է պաշտպանել»։
Հանրապետության նախագահը տեսնում է ապագան եւ պատրաստ է մեզ հետ միասին գնալ դեպի այդ ապագան, պատրաստ է առաջնորդել այդ ընթացքը եւ պաշտպանել այն։ Ուրեմն շնորհավորենք նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթենք քաջ առողջություն, հաջողություններ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024