ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 15 » Ներկայացուցչական ժողովրդավարության նոր փուլ /Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը/
09:24
Ներկայացուցչական ժողովրդավարության նոր փուլ /Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը/

Երեկ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Նա Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդարանում ներկայացված լինելու համար։
Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, նորընտիր պատգամավորները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել պետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար։
Նիստը վարողն այնուհետու տեղեկացրել է, որ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Պատգամավորների ընդհանուր թիվը 132 է։ Ըստ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ այս խորհրդարանում գործելու է 3 խմբակցություն։ Նշվել է, որ ԱԺ ընտրության արդյունքում մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ստեղծած խմբակցությունը համարվում է կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր։
Այնուհետեւ Կնյազ Հասանովը ներկայացրել է նորընտիր պատգամավորներին եւ առաջին նստաշրջանի օրակարգը։
Խորհրդարանը քննարկել է «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվել է 72 կողմ, 1 դեմ ձայներով։ Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում կլինեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հինգ, իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մեկական պատգամավորներ։ «Իմ քայլը» խմբակցությունից հաշվիչ հանձնաժողովում կաշխատեն Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը եւ Մարիա Կարապետյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Աննա Կոստանյանը։
Կնյազ Հասանովը տեղեկացել է, որ ԱԺ 7—րդ գումարման առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի առաջին նիստում հանձնախմբի նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, քարտուղար՝ պատգամավոր Արփինե Դավոյանը։
Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության կողմից առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ապա ներկայացրել թեկնածուի կենսագրությունը եւ գործունեությունը։ Բանախոսի կարծիքով՝ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությունը հավասարապես ընդունելի է թե՛ իշխող մեծամասնության եւ թե՛ ընդդիմադիր խմբակցությունների համար։ Խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իր դավանած արժեքներով եւ անձնային հատկանիշներով՝ Արարատ Միրզոյանն անկասկած ջանք չի խնայի իշխանություն—ընդդիմություն երկխոսության, տարատեսակ քաղաքական հակասությունների հարթման եւ փոխզիջումների փնտրտուքի համար։ Նա կոչ է արել պատգամավորներին քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածության օգտին։
ՀՀ ԱԺ պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի թեկնածուին ուղղված հարցադրումներում անդրադարձել են Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված քայլերին, նրա վերահսկողական գործառույթների ուժեղացմանը, հաշվետվողականության դերի բարձրացմանը, խորհրդարանական լսումների նշանակությանը, ԱԺ խմբակցությունների իրավունքներին եւ այլն։
Արարատ Միրզոյանը, կարեւորելով խորհրդարանական լսումների նշանակությունը, ընդգծել է, որ բոլոր խմբակցությունները եւ պատգամավորները հնարավոր ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի լսումների միջոցով խորհրդարանը հետայսու դառնա հանրային քննարկումների հարթակ, որտեղ հնարավորություն կլինի ձեռք բերել լայն հասարակական հավանություն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։
ԱԺ նախագահի թեկնածուի խոսքով՝ ջանքեր պետք է գործադրվեն խորհրդարանի դերի բարձրացման ուղղությամբ։ «Տրամաբանական է՝ ԱԺ մեծամասնությունը կառավարության քաղաքական հենարանն է խորհրդարանում, եւ բնական կլինի, որ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասն աջակցություն ստանա այս մարմնում, բայց պիտի խորհրդարանն ինքը հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, աշխատի կառավարության հետ՝ ոչ թե ինքնանպատակ հակադրվելով կառավարությանը, այլ համատեղ աշխատելով մեր հասարակության եւ երկրի համար առավել լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»,–ընդգծել է Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահի թեկնածուն բոլոր խնդիրները քննարկելու պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ ընտրվելու դեպքում լինելու է ԱԺ բոլոր պատգամավորների եւ այս պետական մարմնի նախագահը։
ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանի գործունեությանը, անձնային եւ մասնագիտական որակներին անդրադարձել են ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը, Շիրակ Թորոսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մխիթար Հայրապետյանը եւ Էդմոն Մարուքյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է խորհրդարանական խմբակցությունների իրավունքներին՝ նշելով, որ այս առումով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը եւ Սահմանադրությունը վերանայման կարիք ունեն։ Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը միաձայն որոշել է կողմ քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը։
Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հնչած ելույթներին, երախտագիտություն է հայտնել գործընկերներին վստահության եւ ջերմ խոսքերի համար։
Հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա  ժամը 13։30—14։30—ին ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում։
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքում միաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը։ Քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավոր, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ՝ 0։
ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ցուցաբերած բարձր վստահության համար՝ նշելով, որ այն չափազանց պարտավորեցնող է։ «Պաշտոնավարմանս ընթացքում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը»,–ասել է նա։
Այնուհետեւ խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրությանը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ ՀՀ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ Խորհրդարանի նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար խմբակցության կողմից ներկայացրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։ Խմբակցության քարտուղարը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը՝ ընդգծելով, որ Ալեն Սիմոնյանը ծավալել է քաղաքացիական, հասարակական եւ քաղաքական գործունեություն, երբեք չի կաշկանդվել՝ հայտնելու իր դիրքորոշումները, մշտապես եղել է սկզբունքային, պայքարել հանուն արդարության։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու եւ վստահության համար եւ նշել, որ անհրաժեշտ է ձեւավորել այնպիսի խորհրդարան, որ քաղաքացիների համար ընկալելի լինի, որ այս բարձր վստահություն ստացած խորհրդարանն այսուհետ ներկայացնում է իրենց՝ ՀՀ քաղաքացիներին։
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներ են ունեցել պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը, որոնք բարձր են գնահատել Ալեն Սիմոնյանի մարդկային եւ մասնագիտական որակները, հորդորել կողմ քվեարկել նրա թեկնածությանը։ Հովիկ Աղազարյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանը հայտնի է որպես կայացած անհատ թե քաղաքական, թե հանրային կյանքում։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցն այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար խմբակցության կողմից առաջադրել է Լենա Նազարյանի թեկնածությունը։ Ներկայացնելով նրա կենսագրությունը՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ թեկնածուն առանձնանում է մարդկային բարձր արժանիքներով, անաչառությամբ։ Խմբակցության քարտուղարի խոսքով՝ Լենա Նազարյանի համար քաղաքացին եւ անհատը բարձրագույն արժեքներ են։ Բանախոսը բարձր է գնահատել նաեւ նրա դերակատարումը ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանում։
Լենա Նազարյանը խոսել է ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականից եւ նշել հետագա անելիքները, որի նպատակը ժողովրդի ակնկալիքների իրագործումն է Ազգային ժողովում։
Թեկնածուն ընդգծել է, որ խմբակցությունը գործելու է այնպես, որպեսզի չընդհատվի հանրության հետ Ազգային ժողովի կապը։ Նա մասնավորապես անդրադարձել է խմբակցության պատգամավորների՝ փորձի պակասի վերաբերյալ կարծիքներին եւ նշել, որ դրա փոխարեն կա անանցանելի թվացող խոչընդոտների հաղթահարման, սեփական ուժերին ապավինելով եւ փոխօգնությամբ գործելու, չհանձնվելու փորձ։
Լենա Նազարյանի թեկնածության կապակցությամբ ելույթներ են ունեցել պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը։ Նրանք խոսել են թեկնածուի մարդկային եւ մասնագիտական որակներից, դրական գնահատել նրա թեկնածության առաջադրումը։
ՀՀ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ներկայացվել է երկու թեկնածություն։
Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, ընդգծել նրա մարդկային եւ մասնագիտական բարձր որակները, ներկայացրել կենսագրական տվյալները։ Ըստ նրա՝ Վահե Էնֆիաջյանն ի զորու է առաջ տանելու ընդդիմության խնդիրները եւ կայացնելու այդ ինստիտուտը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն շնորհավորել է նորընտիր խորհրդարանին եւ մաղթել արգասաբեր աշխատանք։ Նա շնորհակալություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ իր թեկնածությունն ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոնում առաջադրելու համար։
Թեկնածուն խոսել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում աշխատանքի իր պատկերացումների մասին՝ ընդգծելով, որ լինելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում։ «Մեր խորհրդարանը պետք է դառնա արդյունավետ երկխոսությունների եւ առողջ բանավեճերի հարթակ, որտեղ բարձրացված խնդիրների վերջնական հանգուցալուծումը պետք է բխի ժողովրդի եւ պետության շահերից»,–շեշտել է ԱԺ փոխնախագահի թեկնածուն։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Պատգամավորը ներկայացրել է թեկնածուի գործունեությունը, նրա անցած ուղին՝ նշելով, որ նա մշտապես հանդես է եկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ։ Նրա խոսքով՝ Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրումը լեգիտիմ է եւ հիմնավոր։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ ընդգծելով, որ այն պարտավորեցնող է։ Թեկնածուի խոսքով՝ իր ընդդիմախոսությունը երբեւէ չի ծառայել եւ չի կարող ծառայել որեւէ մեկի նեղ անձնային շահերին, այլ ծառայել եւ ծառայելու է մեր պետության զարգացմանը եւ առաջընթացին։
Ելույթներում ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Արման Բաբաջանյանը, Գեւորգ Գորգիսյանը խոսել են ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների ունակություններից, անցած ուղուց, առավելություններից, ինչպես նաեւ մարդկային որակներից եւ մասնագիտական կարողություններից։

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի այսօր, ժամը 10։00—ին։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024