ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 4 » Ով որ ուղղությամբ է տանելու Հայաստանը /Ինչպես են քաղաքական ուժերը պատկերացնում մեր երկրի արտաքին հարաբերությունների օրակարգը/
09:41
Ով որ ուղղությամբ է տանելու Հայաստանը /Ինչպես են քաղաքական ուժերը պատկերացնում մեր երկրի արտաքին հարաբերությունների օրակարգը/

Տնտեսություն զարգացնելու համար նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը խոսում են արտաքին շուկաներ դուրս գալու անհրաժեշտությունից՝ մեխանիզմներ գրեթե չառաջարկելով (թեեւ նախընտրական շրջաններում սա օրինաչափ է)։ Ասում են՝ պետք է, անհրաժեշտ է, կարեւոր է, ժամանակն է եւ այլն։ Ընդհանրապես, հզոր տնտեսություն ունեցող երկրները հաճախ տնտեսությամբ են քաղաքականություն թելադրում։ Հայաստանը, ցավոք, առայժմ դրա հնարավորությունը չունի, եւ մենք արտաքին շուկաներ դուրս գալու համար մանր ու մեծ քաղաքական խնդիրներ պետք է կարողանանք լուծել։ Այլ կերպ՝ արտաքին կապերի հարցերը կարգավորել։ Եվ յուրաքանչյուր ընտրական փուլում հարց է ծագում՝ հերթական կառավարությունը «կամ, կամ»—ի՞, թե՞ «եւ, եւ»—ի քաղաքականությունն է առաջ տանելու։ Փորձենք հասկանալ քաղաքական ուժերի ծրագրերը այս առումով։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը գծում է սահմանները. ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ—ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ—ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ—ում եւ ԵԱՏՄ—ում, նաեւ՝ նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում։ Այնուհետեւ հավելում է. «Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ։ Իրական նպատակներն ու տեսլականը դրսեւորվում են գործերով, կայացրած որոշումներով։ Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսանկյունից։ Մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ»։ Ու խոստանում է՝ շարունակելու են աշխատել հավասարակշռված եւ վարելու են Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը արտաքին կապերի մասով խոսում է միայն ՌԴ հետ հարաբերությունների մասին։ «Մենք գտնում ենք,—ասվում է նախընտրական ծրագրում,—որ պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին եւ կարգավիճակին։ Նույնը կարելի է ասել ռուսական 102—րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի եւ կարգավիճակի մասին»։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության համոզմամբ, Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի եւ պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա։ Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվել բացառապես ազգային շահով։ Կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որեւէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման։ ՀՅԴ—ն էլ անդրադարձել է Վրաստանի հետ հարաբերություններին. դրանք պետք է կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության եւ ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի քայլերը արտաքին քաղաքականության բնագավառում միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն եւ նոր շունչ հաղորդելուն։ Մասնավորապես՝ ապահովելու են հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը։ Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում զարգացնելու են փոխշահավետ համագործակցություն եւ խորացնելու են երկկողմ հարաբերությունները։ Ապահովելու են սահմանակից երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը՝ անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից։ ԱՄՆ—ի հետ զարգացնելու են բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում։ Քայլեր են ձեռնարկելու Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ, ԵՄ անդամ եւ եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման եւ պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ։ Հասնելու են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը։ «Իմ քայլ»—ը վստահեցնում է, որ լինելու են նախաձեռնող Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ խաղաղօվկիանյան այլ երկրների հետ կապերի ամրապնդման եւ նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ։ Նպաստելու ենք Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությանը եւ շահերի պաշտպանությանը։ Շարունակելու են պատմականորեն ձեւավորված բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը Կանադայի, Արգենտինայի եւ ամերիկյան մայրցամաքի այլ երկրների հետ։ Նպաստելու են աֆրիկյան պետությունների հետ համագործակցության զարգացմանը։ Նպաստելու են նաեւ ՆԱՏՕ—ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը։ Ջանքեր են գործադրելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում 2018—2020թթ. Հայաստանի նախագահության լավագույնս իրականացման եւ հետագայում կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավվածության առավել խորացման ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններին։ Քաղաքական այս ուժը նշում է, որ Հայաստանի անմիջական հարեւան Ադրբեջանի հետ վատթար հարաբերությունները շարունակելու են պայմանավորված մնալ ղարաբաղյան հակամարտության շրջանակներում վերջինիս ռազմաշունչ դիրքորոշմամբ եւ պետական հովանավորչությամբ հայատյացության սերմանման դատապարտելի մակարդակով։ Միայն ադրբեջանական կողմից ներկայիս դիրքորոշման փոփոխումը, Արցախի ժողովրդի անվտանգությանն ուղղված սպառնալիքի վերացումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իրական եւ անկեղծ կամքի դրսեւորումը կարող են միջավայր ստեղծել երկու երկրների միջեւ շփումներ հաստատելուն ուղղված քայլերի մեկնարկի համար։ Իսկ Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ—թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտարարումն է, ինչը հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակները որպես նախապայման չօգտագործելու դեպքում։
«Մենք նաեւ գիտակցում ենք, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կախված է ոչ միայն անվտանգության համակարգերի կատարելության աստիճանից, այլեւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կիրառումից։ Հետեւաբար առաջադեմ եւ կայացած ժողովրդավարական երկիր կառուցելու մեր մղումը այն հիմնական գործոնն է, որը ոչ միայն նպաստելու է Հայաստանի քաղաքացիների երջանկության ապահովմանը, այլեւ Հայաստանի՝ որպես համաշխարհային դերակատարի դերի մեծացմանը»,—իբրեւ ամփոփում նշում է «Իմ քայլը»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտաքին աշխարհում մեր ազգային շահերի պատշաճ ապահովման համար առաջնային է համարում փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ—ի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների հետ՝ հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրամաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջեւ առկա հակասություններից։ ԵՄ հետ գործակցության մասով համոզված է, որ ՀՀ—ի եւ ԵՄ—ի միջեւ կա բավականին մեծ չօգտագործված ներուժ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձեւավորում Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ։
ԵԱՏՄ—ի մասով նախընտրական ծրագրում նշված է. «ԼՀԿ—ն, 2017թ. լինելով «Ելք» դաշինքի հիմնադիր անդամ, նրա ծրագրում արձանագրել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ—ին եղել է մեկ գիշերում կայացրած քաղաքական սխալ որոշում։ Մեր կուսակցության համար հիմք է հանդիսացել գլխավորապես այն հանգամանքը, որ 2013—ին ԵԱՏՄ—ին անդամակցության որոշումը չի եղել Հայաստանի ինքնաբավ արտաքին քաղաքականության դրսեւորում եւ, ըստ էության, եղել է պարտադրված երկընտրանքի հետեւանք՝ ընտրություն կատարել Եվրոպական ասոցացման համաձայնագրի կամ ԵԱՏՄ անդամակցության միջեւ»։ Եվ հիմա, նոր իրավիճակի արդյունքում, հնարավոր է դարձել ոչ միայն ԵԱՏՄ, այլեւ ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ԵԽ եւ այլ միջազգային կառույցներում հանդես գալ Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականությամբ։ ԼՀԿ—ն հանդես է գալիս իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու դիրքերից ու համարել ու համարում է, որ անթույլատրելի է Հայաստանի եվրասիական զարգացումը միակն ու անփոխարինելին համարելը։
Ըստ քաղաքական այս ուժի, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության դաշտը ԱՄՆ—ի հետ՝ ինչպես տնտեսական եւ մշակութային, այնպես էլ քաղաքական ասպարեզում։ ԱՄՆ—Ռուսաստան տարաձայնությունների ազդեցության նվազեցումը եւ մեր պետության շահերի առաջ մղումը պետք է լինեն գերակա։ ԱՄՆ—ի հետ հարաբերությունների քաղաքական օրակարգը պետք է ընդգրկի ավելի լայն շրջանակ՝ ներառելով տնտեսական ներդրումային ողջ ներուժը։ Պետք է նաեւ ձեռնարկել բոլոր միջոցները ամրապնդելու համար համապարփակ եւ գործընկերային սերտ ու անքակտելի հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ՝ հիմնված փոխվստահության ու գործընկերության շարունակական ամրապնդման եւ զարգացման վրա բոլոր ոլորտներում։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ծրագրային հիմնադրույթներում նշում է, թե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման եւ հայաստանակենտրոն քաղաքականության վրա։ Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային—պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների եւ միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային եւ բարիդիրցիական հարաբերությունների վրա։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը վստահ է, որ Հայաստանը պետք է հատուկ, բարիդրացիական եւ ռազմավարական հարաբերություններ կառուցի Իրանի ու Վրաստանի հետ, հատկապես էներգակիրների ներկրման ու վերամշակման եւ արտաքին առեւտրի ոլորտներում։ Այդ հարաբերությունները պետք է առավելագույնս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների ու ազդեցությունների ոլորտից։ Այդ հարաբերությունների հիմնաքարը պետք է դիտարկել Հայաստանը՝ որպես Սեւ ծովը Պարսից ծոցին կապող առեւտրի տարանցիկ ուղի։ ԱՄՆ—ի, Ռուսաստանի, ԵՄ—ի, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը ինքնիշխան, արժանապատիվ, հավասարակշռված ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է։
«Մենք» կուսակցությունների դաշինքը նախընտրական ծրագրում մեծ բաժին ունի արտաքին հատվածին վերաբերող։ Քաղաքական այս ուժը համարում է, որ ԵԱՏՄ—ն Հայաստանի համար անարդյունավետ կառույց է։ ԵԱՏՄ–ին անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր, պետք է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները եւ Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում տանել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն։ «ԵԱՏՄ անդամակցության այս ընթացքն էլ ապացուցել է, որ ԵԱՏՄ—ն ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս անդամ պետությունների համար անարդյունավետ միավոր է, քանզի հնարավորություններ ստեղծելու փոխարեն խոչընդոտներ եւ սահմանափակումներ է առաջացնում, մասնավորապես՝ երկրի անվտանգության, զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով փոխշահավետության հիմքով այլ ուժային կենտրոնների, պետությունների եւ կազմակերպությունների հետ հարաբերություններում»։
Բացի այդ, ըստ «Մենքի», ԵԱՏՄ–ին անդամակցության տարիների ընթացքում վատթարացել են Հայաստանի ցուցանիշները մի շարք բնագավառներում, այդ թվում՝ Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ, էականորեն նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. եթե 2014թ. Հայաստանի ՀՆԱ—ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016թ., ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, ընդամենը 10,7 միլիարդ։ Նվազել են նաեւ Հայաստանի արտաքին պահուստները. եթե 2014թ. դրանք միջինը կազմում էին 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից։ ԵԱՏՄ անդամակցությունը չավելացրեց նաեւ անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։ ԵԱՏՄ անդամ—պետություններից Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մատակարարվող զենքի քանակով առաջատարն է՝ Ադրբեջանն իր սպառազինության 80%—ը ձեռք է բերում ՌԴ—ից, երկրորդ տեղում ԵԱՏՄ անդամ Բելառուսն է։
«Մենքը» ասում է, թե պետք է վերանայել նաեւ ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերը, առավել խորը եւ կայուն զարգացնել հայ—ամերիկյան հարաբերությունները։ Պետք է խորացնել եւ ընդլայնել ՆԱՏՕ—ի հետ հարաբերությունները, Իրան—Հայաստան ռազմավարական հարաբերությունները, Վրաստանի հետ հարաբերությունները։
«Մենքի» կարծիքով, տարածաշրջանում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի խնդիրներն ու վեճերը խաղաղ բանակցություններով, իր ինքնիշխանության եւ ազգային շահերի պաշտպանության ու միջազգային իրավունքին համահունչ լուծելու սկզբունքներով։ Խաղաղություն պետք է ապահովվի ու պահպանվի նախեւառաջ քաղաքական մեթոդներով եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուժի պարտադրանքով, երբ նախահարձակ ոտնձգություն է իրականացվում, եւ քաղաքական միջոցներն այլեւս սպառված են։ Հայաստան—Թուրքիա պետական սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթակա չեն որեւէ նախապայմանի, իսկ հայ—թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում։
«Օրինաց երկիր» կուսակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում ռազմավարական գործակցության զարգացում, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ տարածքում ռազմավարական ծրագրերի իրականացում է ուզում։ ՀԱՊԿ—ում եւ ԵԱՏՄ—ում ՀՀ դիրքերի հետեւողական ամրապնդում, ՀՀ—ում հայ—ռուսական համատեղ ռազմական եւ երկակի նշանակության արդյունաբերական ձեռնարկությունների գործարկում։ Կարեւորում է նաեւ ԱՄՆ—ի եւ ԵՄ—ի հետ գործընկերության առաջընթացը, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ «Մեկ գոտի մեկ ուղի» նախագծի տարածաշրջանային ծրագրերում ներգրավումը, Իրանի եւ Վրաստանի հետ համակողմանի հարաբերություններ եւ տարածաշրջանային զարգացման շրջանակներում շարունակական համագործակցությունը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
«Սասնա ծռեր» կուսակցության կարծիքով՝ ժամանակն է ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու ԱՄՆ—ի եւ Իրանի հետ, որակապես նոր մակարդակի հասցնելու հարաբերությունները Եվրոպական միության, Վրաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, ինչպես նաեւ այս ամենի համատեքստում վերանայելու Ռուսաստանի հետ հարաբերությունների ձեւաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է հայ—ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացմանը եւ խորացմանը։ ԲՀԿ—ն շարունակելու է գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին։ «Զուգահեռաբար շարունակելու ենք կառուցողական մասնակցություն ունենալ Եվրաինտեգրման գործընթացներին»,—ասված է այս կուսակցության նախընտրական ծրագրում։ ԲՀԿ—ն հանդես է գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման։
Մինչդեռ քաղաքական մեր ուժերը խոսում են աշխարհի այս ու այն բեւեռի հետ հարաբերություններ կառուցելու կամ չկառուցելու մասին, խոստումներ են տալիս, Հայաստանը դեռ տարածաշրջանային շատ խնդիրներ ունի լուծելու. հենց տարածաշրջանային շատ ծրագրերից, հատկապես՝ էներգետիկ, դուրս է մնացել՝ հասկանալի պատճառներով։ Քանի որ աշխարհի էներգետիկ շուկայում այսօր քաղաքական շատ խնդիրներ են լուծվում ու նոր խնդիրներ առաջադրվում, իսկ Հայաստանը էներգետիկ շուկայից անմասն չէ, որոշ դեպքերում էլ պինդ ոտատեղ ունի (այս պահին՝ ատոմային էներգետիկայում), ցանկացանք հասկանալ, թե ինչ ծրագրեր ունեն քաղաքական այն ուժերը, որոնք հավակնում են հայտնվելու մեր երկրի խորհրդարանում, ինչպես են նրանք տեսնում Հայաստանի էներգետիկ ապագան եւ, ըստ այդմ, ուր են տանելու մեր երկիրը։ Բայց այս մասին՝ հաջորդիվ։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024