ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 13:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 22 » Պետական պարգեւներ՝ նվիրումի համար /Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության տոնի առթիվ պարգեւատրել է տարբեր ոլորտների արժանավորների/
10:57
Պետական պարգեւներ՝ նվիրումի համար /Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության տոնի առթիվ պարգեւատրել է տարբեր ոլորտների արժանավորների/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24—րդ տարեդարձի կապակցությամբ՝ գիտության, կրթության, սպորտի, արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաեւ այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ։
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգեւները։ Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ. «Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24—րդ տարեդարձի եւ մեր երկրի բարձր կոչումներին ու պարգեւներին արժանանալու կապակցությամբ։
Պետական պարգեւներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարեւոր տոների կապակցությամբ։ Անկախության տոնը նվիրական է եւ լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները։
Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել եւ խրախուսել արժանավորներին։ Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից։
Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ։ Այս պարգեւները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի եւ ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են։ Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, եւ պարգեւները գտնելու են մյուս արժանավորներին։
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետեւողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով եւ ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը։
Այստեղ առկա ջերմությունը պետք է նոր լիցքեր հաղորդի բոլորիս, որպեսզի նոր ուժով լծվենք աշխատանքի։ Այդ լիցքերը մենք պարտավոր ենք ոչ միայն կրել, այլեւ փոխանցել մեր ընտանիքներին, հարազատներին եւ բարեկամներին, որպեսզի դրանով տոգորվի մեր ողջ հասարակությունը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու առթիվ։ Մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։
Շնորհակալություն»։


Հաճելի է գնահատվելը
 

Անկախության տարեդարձի առթիվ պարգեւատրվածները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում պարգեւին։
«Եթե 24 տարի առաջ մենք առիթ ունեինք ընտրելու անկախությունը, «այո» կամ «ոչ» ասելու անկախությանը, ապա այսօր ես շատ ուրախ եմ, որ իմ զավակներն այդ հնարավորությունն անգամ չունեն, որովհետեւ անկախությունը փաստ է եւ բացարձակ արժեք է,–ՀՀ նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումն ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը։–Շատ հուզիչ էր այն պահը, երբ մեր հերոս տղաներին հետմահու շնորհվում էին պարգեւներ. սա վկայում է այն մասին, որ անկախությունն այլեւս փաստ է, գոյություն ունի եւ մեր հայրենիքի համար ապագա է։ Համոզված եմ, որ թեկուզ դժվարություններով ու փորձություններով այն «այո»—ն, որ ասացինք 24 տարի առաջ, այսօր տվել է իր պտուղները, եւ մենք տեսնում ենք այն զարգացումը, ինչն այսօր ապրում է մեր հայրենիքը»։
Նա հիշեցրեց նաեւ, որ 24 տարի առաջ, երբ հայ ժողովուրդն «այո» ասաց իր անկախությանը, այն ժամանակ հետխորհրդային հանրապետություններից եւ ոչ մեկը չէր ինքնորոշվել։
«Խորհրդային Հանրապետություններն «այո» ասացին անկախությանն այն ժամանակ, երբ փաստացի արդեն փլուզվել էր Սովետական Միությունը, երբ այլընտրանք չունեին, ուրեմն մեր կամքը շատ հաստատակամ էր, եւ մենք պետք է տեր կանգնենք այդ որոշմանը»,–նշեց Ամիրյանը։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2–րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված հունահռոմեական ոճի ըմշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, շնորհավորելով ողջ հայ ազգին Անկախության օրվա առթիվ, նշեց՝ հպարտ է, որ հայ է։ Նա արդեն երրորդ պարգեւն է ստանում ՀՀ նախագահից. «Ես արդեն ունեի Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին եւ երրորդ աստիճանի մեդալներ։ Այսօր ստացա նաեւ երկրորդ աստիճանի մեդալը»։
Նրա խոսքով, աշխարհի չեմպիոն դառնալը դժվար է, իսկ շատ ավելի դժվար է այդ կոչումը պահելը, քանի որ «մեկ տարի շարունակ բոլոր հակառակորդներդ մարզվում են, պատրաստվում»։
Աշխարհի կրկնակի չեմպիոնի խոսքով՝ իր համար շատ հուզիչ է, երբ օտար երկրում հնչում է անկախ Հայաստանի հիմնը. «Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ եւ իմ հայրենիքին ծառայում եմ սպորտում լուրջ հաջողություններ գրանցելով»։
Երգչուհի Էռնա Յուզբաշյանը, ով երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պարգեւն անակնկալ էր իր համար. «Իհարկե՛, հաճելի է նախագահի կողմից ընդունել այս պարգեւը։ Ամեն ինչ լավ է իր ժամանակին։ Եթե այս պարգեւը տարիներ առաջ ստանայի, այլ զգացումներ կունենայի. ջահել էի, աշխատում էի, ակտիվ էի, բայց հիմա մի տեսակ ուրիշ վիճակ է, շատ հուզիչ է»։
«Շնորհակալ եմ առաջին հերթին ժողովրդի վերաբերմունքից, որը վերջիվերջո նկատեցին նաեւ բարձրաստիճան ղեկավարները։ Ժողովրդի եւ երկրի ղեկավարների միասնության, միաբանության արդյունքում ես այսօր ստացա այս պարգեւը»,–նշեց թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ժողովրդական արտիստի պատվավոր կոչման արժանացած դերասան Միքայել Պողոսյանը։ Դերասանի խոսքով, երբ գործդ ըստ արժանվույն գնահատվում է, դա ավելի պարտավորեցնող է։ Իսկ պարգեւը ստանալն Անկախության օրը այն դարձնում է էլ ավելի կարեւոր եւ հուզիչ։
Ծառայողական պարտականությունները կատարելիս մատուցած նշանակալի ծառայությունների համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1—ին աստիճանի մեդալով պարգեւատրված զորամասի հրամանատար, գեներալ—մայոր Վարդան Ավետիսյանը եւս ոգեւորված էր։
«Զինվորականի համար նման պարգեւը պատիվ է, փառք, պատասխանատվություն եւ պարտավորվածություն»,–ասաց նա։
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը, ով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2—րդ աստիճանի մեդալով, ասաց. «Միշտ պատրաստակամ եմ ծառայել հայ ժողովրդին»։
Պատասխանելով հարցին, թե դժվար չէ՞ անընդհատ շփվել բողոքող քաղաքացիների հետ, Երեւանի փոխոստիկանապետը նշեց. «Ինչքան էլ դժվար լինի, ամեն դեպքում նրանք մեր քաղաքացիներն են։ Իրավախախտներն էլ մեր քաղաքացիներն են, դրա համար մենք մեր քաղաքացիների նկատմամբ պետք է էլ ավելի նրբանկատ լինենք, հետագայում էլ ավելի շատ ծառայություններ մատուցենք մեր քաղաքացիներին»։
Արվեստի վաստակավոր գործչի կոչում ստացավ օպերատոր Սուրեն Մուրադյանը։ Նա ասաց, որ տասնյակ տարիներ եղել է տեսախցիկի հակառակ կողմում ու հիմա դա գնահատվում է. «Ինձ երբեմն հարցնում են, որ նորից ծնվեիր, ի՞նչ կլինեիր։ Ասում եմ՝ էլի օպերատոր կլինեի։ Շատ հետաքրքիր բաներ եմ ֆիքսել իմ տեսախցիկով։ 150 բեմադրություն ունեմ նկարած։ 10 ռեժիսորի «դարձրել եմ» արվեստի վաստակավոր գործիչ, հիմա էլ ես եմ ստացել»։
Հարցին՝ հասցրե՞լ է արդեն ֆիքսել իր լավագույն կադրը, Մուրադյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ արդեն արել եմ իմ ամենալավ կադրը, էլի քիչ է»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
 

 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 350 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024