ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 11:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 1 » Պետք է դառնալ տարածաշրջանային գործոն /Որ ոչ միայն կմոտեցնի, այլեւ կնստեցնի միջազգային օրակարգի սեղանի շուրջ/
09:54
Պետք է դառնալ տարածաշրջանային գործոն /Որ ոչ միայն կմոտեցնի, այլեւ կնստեցնի միջազգային օրակարգի սեղանի շուրջ/

Մեր տարածաշրջանը, որն աշխարհագրական (եւ աշխարհաքաղաքական) ժամանակակից ձեւակերպմամբ Հարավային Կովկաս է համարվում, երկար ժամանակ է, ինչ գտնվում է անդորրի մեջ, սակայն համարել, որ աշխարհի խաղաղ անկյուններից մեկն է, ճիշտ չի լինի։ Այսօրվա անդորրն ընդունված է համարել հարաբերական, առավել եւս, որ հայ—ադրբեջանական (ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում) հակամարտությունը դեռ տաք է մնում Ադրբեջանի սադրանքների մշտառկա պայմաններում, իսկ ռուս—վրացական համակարտությունը թեեւ սառած վիճակում է, բայց կարող է տաքանալ՝ միջազգային վայրիվերումների հետ պայմանավորված։
Քաղաքա—տնտեսական եւ այլաբնույթ վերլուծություններում միասնական Կովկասը վաղուց են երկու մասի բաժանված ներկայացնում, Հյուսիսային Կովկաս, որը Ռուսաստանի Դաշնության տարածքում է (Չեչնիա, Ինգուշիա, Օսիա ու այլ ինքնավար հանրապետություններ), եւ Հարավային Կովկաս, որտեղ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն են։ Այս երկու դեպքերում գործածվում են նաեւ Անդրկովկաս եւ Այսրկովկաս անվանումները։
Սակայն իրականում Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մեջ բնականորեն եւ պատմականորեն առկա է աշխարհին ի սկզբանե հայտնի մեկ այլ տարածաշրջան՝ Հայկական լեռնաշխարհը, որի մի հատվածն է այսօր Հարավային Կովկաս ասվածը։ Այս պատմաքաղաքական եւ աշխարհագրական տեղեկատվության իմաստն այն է, որ մենք՝ հայերս, եղել ենք, կանք ու պիտի մնանք մեր հայրենիք—բնօրրանում, այսօրվա ձեւակերպմամբ՝ մեր աշխարհագրական տարածքում, եւ պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի Հայաստանը վերստին կարողանա կարեւոր պետություն դառնալ համաշխարհային այս խաչմերուկում, որտեղ հաճախ են նախաձեռնվում աշխարհի վերաբաժանումները, որպեսզի այդ վերաբաժանումները հանգեցնեն Մերձավոր Արեւելք—Հայկական լեռնաշխարհ—Կովկաս եռատարածաշրջանային իրողության վերականգնմանը։
Այսօր էլ խոսում են նման աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին գտնվելու մասին, ինչը մեզ պետք է ավելի զգաստացնի։ Արեւմուտք/ԵՄ—ԱՄՆ եւ ՌԴ/ԱՊՀ գերդիմակայությունը պարբերաբար նոր փուլերով է միջազգային ասպարեզ մտնում, ինչն այսօր ակնհայտորեն դիտարկում ենք ոչ միայն այս կամ այն տարածաշրջանում պետական շահերի բախմամբ, այլեւ՝ փոխադարձ արգելանքների, պատժամիջոցների առաջադրմամբ։
Հարավային Կովկասը միշտ էլ եղել ու մնում է վերոնշյալ համաշխարհային երկու բեւեռների, ինչպես նաեւ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանի շահերի կենտրոնում եւ ռազմավարական օրակարգում։ Բացի այդ, հետզհետե խորանում են ամերիկա—ռուսական եւ ամերիկա—չինական քաղաքա—տնտեսական առճակատումները։
Թեեւ օրերս Արեւմուտքը՝ Ուկրաինայի Եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Դմիտրի Կուլեբայի խոսքով, հայտարարել է, որ ԱՊՀ—ն «անհաջողակների ակումբ» է, որը ոչ մի բանի ընդունակ չէ, այնուամենայնիվ, դա միանշանակ չէ, իսկ երկկողմ հակամարտությունը առավելապես տեղափոխվել է ԵՄ—ԵԱՏՄ ճակատ։
Արեւմուտքի բերանով խոսող ուկրաինացի պաշտոնյան նշել է. «ԱՊՀ—ն անհաջողակների ակումբ է։ Եվ մենք պետք է ձգտենք հաջողակների ակումբին։ ԱՊՀ—ն մարդկանց ակումբ է, որոնք չկարողացան քաղաքակիրթ ձեւով բաժանվել, եւ ԱՊՀ—ն այլեւս փակ պատմություն է»։
Բայց ինչպես վերը նշվեց, ԵՄ—ԵԱՏՄ հակամարտությունը հետզհետե ավելի է խորանում, ինչը ԱՊՀ—ի վերաբերյալ ասվածը ժամանակի առումով կարելի է անցած համարել։ Ի վերջո ԱՊՀ—ն ստեղծվեց ԽՍՀՄ—ի կազմաքանդումից հետո, որպեսզի հետխորհրդային շրջանում պահպանի Մոսկվայի ազդեցությունը նախկին խորհրդային երկրների վրա, եւ ազդեցիկ գործեց որոշակի ժամանակահատվածում։ Մինչդեռ Ոկրաինան, Վրաստանը, Ադրբեջանն ու ԱՊՀ չմտած մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետություններ ստեղծեցին ՎՈՒԱՄ—ը, որը իրականում գործեց միայն միջազգայի ասպարեզում ԱՊՀ—ի դեմ քայլեր անելով։ 
Ցավոք, ՎՈՒԱՄ—ի գործը այսօր էլ շարունակում են Ուկրաինան ու Վրաստանը՝ աջակցելով Ադրբեջանին։ Մեր երկրի ԱԳՆ—ն օրերս հայտարարել է, որ սեպտեմբերի 8—ին Արցախի Հանրապետությունում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների եւ հանրության հերթական նվաճումը ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։ Նշվել է, որ «անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի էր, որը ոչ միայն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների, այլեւ, առհասարակ, ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսեւորումը դարձավ»։
Բայց, ըստ ՀՀ ԱԳՆ—ի հայտարարության, տարակուսանք են առաջացնում Ուկրաինայի ու Վրաստանի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ—ն նշել էր, թե Լեռնային Ղարաբաղ այցելողները պետք է ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին. «Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք կորոշեն այցելել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Ցխինվալիի օկուպացված տարածքներ, ինչպես նաեւ դրանց հարակից տարածքներ, պետք է առաջնորդվեն Ադրբեջանի ու Վրաստանի օրենքներով։ Կիեւը եւ Թբիլիսին չեն ճանաչել Արցախի ՏԻՄ ընտրությունները եւ «պաշտպանում են Ադրբեջանի, ինչպեսեւ Ուկրաինայի ու Վրաստանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»։
Ինչեւէ, այս հակասությունների մեջ, հենց այս օրերին էլ նորովի են սրվել ռուս—ամերիկյան հարաբերությունները։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «շնորհակալություն» է հայտնել ԱՄՆ—ին՝ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար վիզա ստանալու հնարավորության համար։ «Ես ուրախ եմ, որ մենք Նյու Յորքում հանդիպելու հնարավորություն ունենք։ Ուրախ եմ, որ ի վերջո ես վիզա ստացա Միացյալ Նահանգներից՝ ի տարբերություն իմ պատվիրակության։ Քաղաքավարի Վաշինգտոնը դա արեց»,–նշել է ռուս նախարարը՝ «Աստանայի ձեւաչափով» նախարարների հանդիպման բացման ժամանակ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել է, որ ՌԴ պատվիրակության մի քանի անդամներին ԱՄՆ—ի կողմից վիզաներ չտրամադրելը Սերգեյ Լավրովն «ամոթ» է անվանել ու կոշտ վերաբերմունքի արժանացրել։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անընդունելի է համարել այս իրավիճակը՝ համարելով, որ այն պետք է արժանանա համարժեք կոշտ արձագանքի պաշտոնական Մոսկվայի կողմից։ Շեշտել է, որ ՄԱԿ—ը եւս պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա։
Այս ամենը մեզ մտահոգում է ոչ միայն համաշխարհային ընդհանուր վայրիվերումների տեսանկյունից, այլեւ այն, որ ռուս—ամերիկյան հակասությունները այսպես թե այնպես ազդում են մեր տարածաշրջանի վրա։ Սրան հավելենք, որ ամերիկա—իրանյան հակամարտությունը եւս առնչվում է Հայաստանի քաղաքատնտեսական շահերին։
Սա, փաստորեն, նորից հետին դիրքեր մղեց Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակի կազմավորումը, որ կգործի ի հակակշիռ Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա եռյակի։ Իսկ մենք լավ ենք հասկանում, որ նոր եռյակը կարեւոր դիրք կապահովի Հայաստանի համար ոչ միայն տարածաշրջանում, այլեւ համաշխարհային տնտեսական կարեւոր ծրագրերի իրականացման համար, որոնք հատվում են Եվրապա—Ասիա խաչմերուկում։
Սա նաեւ ռազմաքաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակի առկայությունը ոչ միայն չեզոքացնում է Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա եռյակը՝ հնարավորություն տալով Սեւ ծովով անցնել դեպի Եվրոպա, այլեւ չեզոքացնում է Իրան—Ադրբեջան—Ռուսաստան կապուղին, քանի որ Իրանի կապը Ռուսաստանի հետ կարգավորվում է նաեւ նոր ձեւավորվող եռյակի միջոցով։
Մնում է դիտարկել, թե Հայաստանն ինչքան ռազմաքաղաքական ու տնտեսական շահեր է ունենում այս փոփոխություններից, ինչը դժվար չէ նկատել անգամ անզեն աչքով։
Սա կարեւոր է նաեւ մեր ամենաառաջնային խնդրի լուծման տեսանկյունից՝ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման, ինչը արդեն միջազգային օրակարգում է եւ նշյալ փոփոխությունների դեպքում հաստատ նպաստավոր լուծումների կարժանանա։ 
Այս հիմնահարցը միայն թվացյալ երկու կողմ ունի՝ հայկական եւ ադրբեջանական, իրականում այստեղ առնչվում են ոչ միայն տարածաշրջանի երկրների, հատկապես Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի շահերը, այլեւ գերտերությունների։ Մերթ ընդ մերթ այստեղ առաջ են քաշվում նաեւ այլ շահեր, որի ընթացքում փորձում են ստեղծել քրիստոնեություն—մահմեդականություն հակասություններ։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ այդ խմբի անդամ երկրների շահերի մասին ծավալվելու կարիք չկա այս պահին, դրանք ներկայացվում են համաշխարհային անցուդարձի համապատկերում, պարզապես շեշտենք, որ Բաքուն ամեն բան անում է, որպեսզի ՄԽ համանախագահների եռյակում փոփոխություն լինի հօգուտ Թուրքիայի, որը, ըստ ադրբեջանական կողմի, պետք է փոխարինի Ֆրանսիային, քանի որ պաշտոնական Փարիզը հայանպաստ քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում։
Իսկ այն, որ պաշտոնական Անկարան ակնհայտ հակահայ եւ ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, անգամ հայ—թուրքական երկկողմ հարաբերությունները վերածեց եռակողմ հայ—թուրք—ադրբեջանականի, իհարկե Բաքվին չի հուզում։ Բայց մեզ հաստատ հուզում է, առավել եւս, որ այս օրերին թուրքական կողմը Արցախի խնդրին անդրադառնալիս վերստին հայտարարել է, որ իր տրամադրության տակ եղած ժամանակակից զենքերից կօգտվի նաեւ Ադրբեջանը։
Բաքուն ու Անկարան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ժամանակին աջակցում էին նաեւ ահաբեկիչներ տրամադրելով՝ հույս ունենալով, որ Սիրիայի ու Իրաքի անկումից հետո հերթը Հայաստանին ու Իրանին կհասնի։ Ահա այս ընթացքում ադրբեջանական կողմը իր տարածքում տեղ է տրամադրել մեզ բարեկամ նշյալ արաբական երկրներից փախած ԻՊ ահաբեկիչներին, որոնք եւս կարող են մասնակցել արցախյան պատերազմի վերսկսմանը։ Ժամանակին՝ 1990—1994թթ. արցախյան պատերազմի ընթացքում, ադրբեջանական կողմից մեր դեմ կռվում էին նաեւ թուրքական «գորշ գայլերը», արաբական ծայրահեղ վահաբական—իսլամականները, աֆղանցի մոջահեդները, չեչեն գրոհայինները եւ այլք...
Այս սեպտեմբերի 24—ին մեկ այլ ուղղությունից ահազանգ հնչեց. խոսքը վերոհիշյալ քրիստոնեություն—մահմեդականություն հակամարտության սրման մասին է։ Ադրբեջանի ԱԳՆ—ն տարածեց Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ—Ուսայմինի հայտարարությունը, որով պաշտոնական Երեւանին կոչ է արվել «անհապաղ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին եւս խոսք է եղել, որտեղ ամբողջովին արտահայտվել է ադրբեջանամետ դիրքորոշում կարգավորման գործընթացի մասով։ Եվ պաշտոնական Երեւանին հորդորվում է «հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անհապաղ եւ առանց վերապահումների հեռանալ ադրբեջանական հողերից»։
Այսքանից հետո զարմանալի վերջաբան ունի այդ հայտարարությունը, որում նշվել է, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 
Ո՞ր խաղաղ կարգավորմանը։ Այն, որ ի վերուստ հայապատկան հողերը պետք է վերստին հայտնվեն ադրբեջանական զավթիչների հսկողության տա՞կ։ Այնպիսի, որ Հայկական լեռնաշխարհն այսօր էլ շարունակի «վերացած» մնալ աշխարհի քարտեզից եւ անատոլիական սինաբանությո՞ւնը մնա որպես իրականություն։ Թե՞ այնպիսի, որ այլ երկրների թվում նաեւ Հայաստանը վերջնականապես վերածվի համաթուրքական տարածքի, որն էլ հետագայում համաիսլամական պետության մաս կազմի...
ԻՀԿ—ն վաղուց է թուրք—ադրբեջանական սադրանքներին տուրք տալիս՝ չնկատելով, որ Անկարան ոչ թե իսլամական համընդհանուր շահեր է հետապնդում, այլ համաթուրքական նպատակների համար կեղծ համադրություն է առաջ քաշել համաիսլամականության հետ՝ Իրանի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի եւ տարածաշրջանային այլ երկրների հետ պայքարի մեջ մտնելով՝ տարածաշրջանի միանձնյա գերտերություն դառնալու նպատակով։ Եվ ԻՀԿ—ն մի քանի անգամ «ջիհադ» է հայտարարել՝ Արցախը Ադրբեջանին նորից բռնակցելու համար, թեպետ մեզ բարեկամ Իրանի, Սիրիայի, Լիբանանի եւ այլ իսլամական երկրների ջանքերով քանիցս կասեցվել են նման որոշումները։
Այստեղ մի պետություն էլ կա՝ Պակիստանը, որը ցայսօր չի ճանաչել անկախացած Հայաստանը՝ համարելով, իբր հայերը զավթել են Ադրբեջանի 20 տոկոսը, պաշտոնական Իսլամաբադը տարիներ առաջ պակիստանաադրբեջանական մի հանդիպման էլ հայտարարել է, թե պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներում։ Արդյո՞ք սա նման չէ համաթուրքական կարգախոսին, թե թուրքը, ադրբեջանցին, թուրքմենը, ղազախը, ուզբեկն ու ղրղըզը մեկ ազգ են՝ վեց երկրներում... 
Վերջաբանի փոխարեն որպես ահազանգ եւ հայության համախմբման կոչ՝ կրկնենք վերոնշյալը աշխարհի վերաբաժանման մասին, որպեսզի աշխարհի հերթական վերաբաժանումը հանգեցնի Մերձավոր Արեւելք—Հայկական լեռնաշխարհ—Կովկաս եռատարածաշրջանային իրողության վերականգնմանը՝ Հայաստանը պետք է կարողանա հանդես գալ որպես տարածաշրջանային գործոն՝ միջազգային գերտերությունների հետ փոխգործակցության համապատկերում։

 

 


Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024